Կրթություն Սոցիալական

Չեմպիոններ ու մեդալակիրներ պատրաստող մարզիչների դրամական խրախուսման չափերը

Կենտրոնում օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյան / Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մարզիկները միայն սեփական ուժերով չէ, որ հայտնվում են միջազգային մրցումների պատվո հարթակներին։ Այդ հարցում մեծ ներդրում ունեն նաև մարզիչները։ «Ամփոփ Մեդիան» անդրադարձել է արդեն, թե ինչպես է գործում առաջատար մարզիկներին դրամական խրախուսման միջոցներ տրամադրելու համակարգը Հայաստանում։

Մարզիկներին բարձունքների հասցրած մարզիչները հիմնականում մնում են ստվերում։ Նրանց մասին որպես կանոն հիշում են, երբ մարզիկների ելույթները չեն արդարացնում սպասելիքները։ Մինչդեռ մարզիչները տարիներ շարունակ մարզիկների հետ հավասար աշխատանք են տանում՝ նրանց մրցումների պատրաստելով։ Հաճախ մեկ մարզիչն ունենում է մեկից ավելի սան։ Մարզաշխարհում ընդունված է, որ ցանկացած հաղթանակ որքան մարզիկինն է, նույնքան էլ մարզչինն է։

Հայաստանում մարզական բարձր արդյունքներ գրանցելու համար տարբեր տեսակի վճարներ են ստանում ոչ միայն տարբեր տարիքային հավաքականների մարզիկները, այլև մարզիչները, մարզիկների անձնական մարզիչները, հավաքականների բժիշկները։ Այդ վճարումները կարգավորվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև կառավարության մի շարք որոշումների հիման վրա։

Սկսենք անվանական թոշակից

Անվանական թոշակ տրամադրվում է այն մարզիչներին (անձնական և հավաքական թիմերի), որոնց սաները օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի ՀՀ հավաքականների (ներառյալ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի (ԱԱ), Եվրոպայի առաջնություններում (ԵԱ) և շախմատային օլիմպիադաներում ցուցաբերել են բարձր արդյունքներ:

Հավաքականների մարզիչների թոշակները զիջում են մարզիկների թոշակներին, սակայն, ինչպես երևում է, մարզիչները նույն գումարն են ստանում անկախ այն հանգամանքից, թե իրենց թիմի մարզիկը, որ տեղն է գրավել։ Թոշակների չափերը տարբերվում են միայն կախված հավաքականների տարիքային խմբերից։

Պատկերից կարելի է նկատել, որ մարզիչներին տրվող թոշակները զգալիորեն զիջում են մարզիկներին տրվող թոշակներից։ Օրինակ, անձնական մարզիչների անվանական թոշակները կրկնակի զիջում են իրենց սանին վճարվող թոշակից։

Եթե օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար մարզիկը ստանում է ամսական 1 մլն դրամ, ապա նրան այդ հաջողությանը հասնելու ճանապարհին մարզած մարզիչը ստանում է 500 հազար դրամ։ Մարզիկներին տրվող վճարների վերաբերյալ «Ամփոփ Մեդիայի» ավելի վաղ հրապարակած նյութում առկա պատկերների հետ համադրելով՝ կարող եք համեմատել մարզչիներին և մարզիկներին տրվող վճարները։

Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է ամեն տարվա հունվարի 1-ից:

Անձնական մարզիչներին անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ 1 տարով:

Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:

Հավաքականների գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ 2 տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար: Անվանական թոշակը տրվում է վերջին ձեռքբերմանը հաջորդող 2 տարվա համար:

Հավաքականների մարզիչների համար սահմանված անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի թոշակի 75%-ի չափով հավելում՝ նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար: Անձնական մարզչի թոշակին ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար՝ անձնական մարզչի թոշակի 75%-ի չափով հավելում:

Ամսական պատվովճար

Ամսական պատվովճար են ստանում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի՝ ՀՀ հավաքականների այն գլխավոր և ավագ մարզիչները, որոնց թիմերի անդամները մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում, ԱԱ-երում կամ ԵԱ-ներում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ): Վարձատրությունը հատկացվում է ամեն տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։

Դրամական մրցանակ

Դրամական մրցանակ շնորհվում է օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերում ընդգրկված մարզաձևերի (նաև ՕԽ-ում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան ՕԽ-ում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներ ունեցող հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, հավաքականների 2-րդ մարզիչներին և բժիշկներին։

Ամենամեծ դրամական մրցանակը շնորհվում է օլիմպիական խաղերում 1-ին տեղը գրաված մարզիկների գլխավոր (ավագ) մարզիչներին և անձնական մարզիչներին՝ 12,5 մլն դրամ։ Երկրորդ և երրորդ տեղը գրաված մարզիկների մարզիչներին շնորհվում է համապատասխանաբար 10 մլն և 7,5 մլն դրամ մրցանակ։

10 մլն և 7,5 մլն դրամ մրցանակ են ստնում նաև շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-ին և 2-րդ տեղերը գրաված մարզիկների ավագ և անձնական մարզիչները։ Երրորդ տեղը գրաված մարզիկի մարզչի համար սահմանված է 5մլն դրամի չափով մրցանակ։ Մյուս մրցույթներում հաջողության հասած սաներ ունեցող մարզիչներին տրամադրվող մրցանակների չափերը ներկայացված են այստեղ։

Դրամական մրցանակները մարզիկներին, հավաքականների մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին տրվում են մարզիկի ցուցաբերած յուրաքանչյուր արդյունքի համար:

Կա նաև լրավճար

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ու տարածքային կառավարման մարմինների համակարգի, ՀՀ պետական բյուջեից աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների և միությունների մանկապատանեկան մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներում, ՀՀ հավաքականներում ՕԽ-երում, ԱԱ-երում և ԵԱ-ներում բարձր արդյունքների հասած մարզիկների անձնական մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում են ամսական լրավճարներ 15000-50000 դրամի չափաբաժնով։ Գումարի չափը կրկին կախված է մարզիկի գրաված տեղից և միջազգային մրցաշարից։

Կազմակերպությունների (բացառությամբ մանկապատանեկան մարզադպրոցների) մարզիչ-մանկավարժի ԽՍՀՄ կամ ՀՀ վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում դրույքաչափի համար տրվում է 15000 դրամ լրավճար։ Սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի և գրոսմայստերի մարզական կոչում ունեցող մարզիչ-մանկավարժին տրվում է 3000 դրամ լրավճար։

Այն մարզիչները, որոնց սաները մրցանակային տեղեր են զբաղեցրել օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի միջազգային մրցաշարերում, լրավճարներ են ստանում կառավարության՝ 2015 թ․ հուլիսի 6-ի N 798-Ն որոշմամբ սահմանված գործակիցներով։

Հեղինակ՝ Քրիստինա Խաչատրյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի

#Sport

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/02/2023