Գարնան սկիզբն է, եղանակը թույլ է տալիս բացօթյա մարզումներ անցկացնել։ Հայաստանի հաշմանդամային սպորտի առաջատարներից Ստաս Նազարյանը, ով զբաղվում է սայլակավազքով (ամառային մարզաձև) և լեռնադահուկային սպորտով, այս տարի՝ մարտի կեսերին, առաջին անգամ սայլակավազքի իր պարապմունքը կազմակերպել է ոչ թե տանը՝ սպորտային սայլակը սարքի վրա հարմարեցնելով, այլ Հրազդանի կիրճում։ Պատրաստվում է 2,5 կմ քշել դեպի Դավթաշենի կամուրջ և վերադառնալ։ Այս մարզմանը սայլակը պատրաստել նրան օգնում է 17-ամյա դուստրը՝ Անին։ Նրան հաճախ օգնում են նաև որդիները և կինը։
«Եթե մրցումներ ունեմ, օրը 2-3 մարզում եմ անում։ Եթե մրցումներ չկան, զուտ մարզավիճակը պահպանելու համար՝ մեկ մարզում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ մեկ մարզումը կարող է տևել 1 -1,5 ժամ։
Մարզական կարիերա
Բոլորովին վերջերս Իրանում կայացած միջազգային մրցաշարում Նազարյանը 2 ոսկե մեդալ է նվաճել՝ ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մարզաձևերում։ Ոգևորությամբ նշում է, որ իր հետ մասնակցել են նաև պատերազմի մասնակիցներ։
«Ես և ևս 3 մարզիկ, որոնցից 2-ը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են»,- ասում է նա։
Նազարյանը սպորտում է 1994 թվականից։ Այս տարիներին նաև երկու բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարերում։ Վեց անգամ էլ մասնակցել է ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերին։ Հիմա պատրաստվում է սայլակավազքի աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է 2024 թ․ Փարիզի պարալիմպիկ խաղերի համար։
Միայն անվանական թոշակ և դրամական մրցանակ
Նազարյանը, ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, բարձր մոտիվացիա ունի։ Սակայն խոստովանում է, որ խրախուսական լրացուցիչ քայլերը, օրինակ, դրամական պարգևները, չէին խանգարի։
ՀՀ-ն հաշմանդամություն ունեցող մարզիկների համար ևս նախատեսում է դրամական խրախուսում, բայց, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող մարզիկների, պատկերն այնքան էլ ոգևորիչ չէ։ «Ամփոփ Մեդիան» ներկարացրել է բարձր արդյունքներ ունեցող մարզիկների ու մարզիչների պարգևատրումների կարգը՝ դրամական մրցանակ, անվանական թոշակ, ամսական պատվովճար, գումար 10 լավագույն մարզիկների թվում հայտնվողներին և նպաստ Փարիզ 2024-ին պատրաստվելու համար։
Մինչդեռ հաշմանդամություն ունեցող մարզիկներն ստանում են միայն դրամական մրցանակ և անվանական թոշակ։ Թոշակի դեպքում տարբերություն չկա հաշմանդամություն ունեցող և չունեցող մարզիկների միջև։ Օրինակ, հաշմանդամություն ունեցող մարզիկին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար նախատեսված է նույնքան թոշակ, որքան հաշմանդամություն չունեցող մարզիկի համար՝ 600 հազար դրամ։
Այլ է իրավիճակը դրամական մրցանակի պարագայում։ Եթե օլիմպիական չեմպիոնը ստանում է 25 մլն դրամ, ապա պարալիմպիկ խաղերի ոսկեմեդալակրին տրվում է 5 մլն դրամ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը նշում է, որ պետության կողմից սահմանված վճարներն ստանալու համար անհրաժեշտ է գրանցել համապատասխան արդյունքներ։
«Չունեն իրենք այդ արդյունքները։ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների հաղթող-մրցանակակիր չեն դարձել։ Իսկ մնացած առումներով, որոնցով հավասար չեն, մենք համահավասարեցման ենք գնում, և հիմա կառավարության որոշման փոփոխությամբ՝ այդ ամենը կլինի։ Ամեն ինչ ունենալու են, և ամբողջովին լինելու է նույն կարգը, ինչ սովորական մարզիկների համար»,- ասում է նա։
Ըստ Գիլոյանի՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի դռները նույնպես փակ չեն հաշմանդամություն ունեցող մարզիկների համար։ Այս հարցում ևս նշում է, որ պետք է արդյունք գրանցել։
«Եթե այդպիսի արդյունք ունենան, այո՛, կարող են հավակնել լավագույն տասնյակում տեղ ունենալուն։ Մենք նույնիսկ պարալիմպիկ խաղերի վարկանիշ չենք վաստակել երբևէ, միշտ մասնակցել ենք թույլտվությամբ (խմբ․ սպիտակ քարտով)»,- ասում է նա։
Մարզումային ոչ բարենպաստ պայմաններ
Հրազդանի կիրճում բացօթյա մարզումը կարող է բավական հաճելի լինել։ Ինչպես Ստասն է ասում, մի փոքր զով եղանակը նույնիսկ նպաստում է, որ ավելի ակտիվ մարզվես, բայց մի խնդիր կա․ ասֆալտի վրա մարզվելը նպատակահարմար չէ․ մարզագույքը կարող է վնասվել, իսկ այն թանկ արժե՝ մոտ 8 հազար դոլար։ Այսպիսի գույք Հայաստանում չի վաճառվում։ Այնուհանդերձ, Ստասը ստիպված է Հրազդանի կիրճում մարզվել կամ էլ արտերկրում, որովհետև ՀՀ-ում աթլետիկայի վազքուղիներ չկան։
«Ասֆալտի վրա ենք պարապում գույք փչացնելով, ու եթե ինչ-որ միջոցներ գտնում ենք՝ այլ երկրներում։ Օրինակ, 2-3 տարի է՝ Լեհաստանում ենք պարապում։ Այնտեղ շատ լավ դաշտ կա, ու պայմաններն էլ վատը չեն»,- ասում է նա։
Ենթակառուցվածքների հետ կապված սա միակ խնդիրը չէ։ ՀՀ-ում գործող մարզական կազմակերպությունները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամների համար։ Գիլոյանը չի թաքցում, որ պետությունն այստեղ անելիք ունի։
«Այն, ինչ նոր ենք կառուցում, անպայման նկատի ենք ունենում նաև ներառական մարզիկներին։ Հիմա էլ նոր կառույց կլինի, շուտով դրա մասին կհայտարարվի։ Ադապտիվ սպորտի կենտրոն ենք բացելու, որտեղ երիտասարդները՝ հաշմանդամություն ունեցող, կներգրավվեն և կդառնան պրոֆեսիոնալ մարզիկներ», – նշում է փոխնախարարը։
Հասարակության վերաբերմունքը հաշմանդամային սպորտի նկատմամբ
ԶԼՄ-ների վերաբերմունքից ևս հաշմանդամային սպորտի ներկայացուցիչները դժգոհություններ ունեն։ Նազարյանն անտարբերություն է զգում։
«Շատ-շատ քիչ են լուսաբանում, և հասարակությունը գրեթե տեղեկացված չի լինում»,- ասում է նա։
Ստեղծված իրավիճակի գլխավոր գործոններից մեկը հասարակական վերաբերմունքն է։ Նազարյանն ուրախ է, որ իրեն ու ընկերներին մարզվելիս տեսնելիս մարդիկ հաճախ են մոտենում ու ոգևորում, բայց միևնույն ժամանակ չի կարող չնկատել, որ դա նույն վերաբերմունքը չէ, ինչ հաշմանդամություն չունեցող մարզիկների պարագայում։
«Ոչ թե որպես սպորտ են նայում, այլ մի քիչ խղճահարությամբ, որ դե՝ մեկը ոտք չունի, մեկը ձեռք չունի, մի քիչ ոգևորենք», – նշում է նա։
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի քարտուղար Վարդուհի Արամյանի խոսքով՝ ֆեդերացիան հաշմանդամային սպորտին վերաբերող տեղեկատվություն տարածելով, փորձում է ազդեցություն ունենալ հասարակության վերաբերմունքի վրա։ Իրավիճակի փոփոխության փորձում են հասնել թրեյնինգների, միջազգային համագործակցությունների և համատեղ ծրագրերի միջոցով, նաև մասնակցում են օրենսդրական բարեփոխումներին վերաբերող գործընթացներին։
«Տարիների ընթացքում հասարակության վերաբերմունքը, բնականաբար, փոփոխվում է և փոփոխվում է դրական միտումով։ Դրան նպաստում են շատ տարբեր գործոններ ու իրողություններ։ Օրինակ, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց հանդեպ հասարակության մեջ կա հարգանք ու ակնածանք։ Կամ աուտիստիկ սպեկտրի խնդիրներով երեխաների թիվը հիմա շատ մեծ է դպրոցներում, նրանք գնահատվում են մասնագետների կողմից, նրանց հետ աշխատանքներ են տարվում, շատ մասնագետներ վերապատրաստվում են, ու այս ամենը նպաստում է խնդիրն ավելի լավ ճանաչելուն և վերաբերմունքի փոփոխությանը»,- նշում է Արամյանը։
Հասարակության վերաբերմունքի հնարավոր պատճառներից մեկը
Ամեն դեպքում հասարակությունն ընդհանրապես ու մարզասերները մասնավորապես կարող են հիմնավորումներ ունենալ, թե ինչու են նախընտրում հաշմանդամություն չունեցողների մրցումները։ Պատճառաբանություն կարող է լինել, օրինակ, դիտարժանությունը։
Այսպես, 2020 թ․ Տոկիոյում կայացած ամառային օլիմպիական խաղերի ծրագրում եղել է 46 մարզաձև։ Մասնակցել է ընդհանուր առմամբ 11420 մարզիկ։ ՀՀ-ն ներկայացված է եղել 17 հոգով։ Մինչդեռ Տոկիոյի պարալիմպիկ խաղերում մարզաձևերի քանակն ավելի քան երկու անգամ քիչ է եղել՝ 22, մասնակիցների քանակը՝ ավելի քան 2.5 անգամ քիչ՝ 4393, իսկ ՀՀ-ն ունեցել է ընդամենը մեկ ներկայացուցիչ։
Ձմեռային խաղերի պարագայում պարալիմպիկ սպորտի թվերը կրկին զիջում են։ 2022 թ․ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում եղել է 15 մարզաձև։ Մեդալների համար մրցել է 2834 մարզիկ։ ՀՀ-ի ներկայացուցիչներն ընդամենը վեցն են եղել։ 2022 թ․ Պեկինի ձմեռային պարալիմպիկ խաղերի ծրագիրն ունեցել է 6 մարզաձև, պայքարի մեջ մտել է 558 մարզիկ, իսկ ՀՀ-ն մասնակից չի ունեցել։
Հաշմանդամային սպորտը Հայաստանին պետք է
Թեև հաշմանդամային սպորտը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել, Գիլոյանը շեշտում է, որ հաշմանդամային սպորտը պետությանը պետք է։
«Շատ է պետք, անպայման։ Մենք այսօր այնքան հաշմանդամներ ունենք, որ պարտավոր ենք նրանց առողջության մասին մտածել, նրանց զբաղվածության մասին մտածել, մասսայական սպորտի մեջ ներգրավված լինելու մասին մտածել։ Եվ երբ ունենանք նման կառույցներ, օրինակ, ադապտիվ սպորտի կենտրոն և մարզադահլիճները սկսենք հարմարեցնել ադապտիվ սպորտին, կարող ենք ասել, որ հնարավոր է զարգացնել հաշմանդամային սպորտը ինչպես պետք է»,- նշում է նա։
Մինչ պետությունն իրականություն կդարձնի այս խոսքերը, Ստաս Նազարյանն ու ընկերները ջանք չեն խնայում ոլորտում իրենց ներդրումն ունենալ։ Պատերազմից հետո ստեղծել են Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա։ 44-օրյա պատերազմի մասնակից շուրջ 20-30 տղաների ընդգրկել են սպորտում։ 3-4 հոգի արդեն միջազգային մրցումների են մասնակցել։
«Փորձում ենք մի խումբ տղաների առօրյան բազմազան դարձնել, թեթևացնել նրանց սպորտի միջոցով՝ ինչ-որ տեղ թեթևացնելով նաև պետության գործը»,- ասում է Ստասը։
Հեղինակ՝ Քրիստինա Խաչատրյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները՝ հեղինակի և Ստաս Նազարյանի անձնական արխիվից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/03/2023