«Հարսանիք», «Մեռնիմ կյանքիդ», «Հորքուրի գանձ»․․․ շարքը կարելի է երկար շարունակել, իսկ կատարումները լսելիս անմիջապես հասկանալ՝ «Hayat Project»-ն է՝ գյումրեցի երաժիշտներով և միջավայրին հատուկ ստեղծագործական հումորով։
Գյումրիում գործող «Hayat Music Hall» երաժշտական սրահ-ռեստորանն առիթ դարձավ համանուն «Hayat Project»-ի ստեղծմանը։ Գյումրեցի 7 երաժիշտներ, պրոդյուսեր Վահե Կիրակոսյանի առաջարկությամբ, միավորվեցին երաժշտական խումբ հիմնելու գաղափարի շուրջ։ Նպատակը մեկն էր՝ «լինել սիրված ու լսելի»։ Ստեղծագործական ճանապարհը ցույց տվեց՝ գյումրեցի խումբը ոգևորությամբ ընդունվում է ոչ միայն «հայրաքաղաքում» ( խմբ․ այսպես են կոչում Գյումրին խմբի անդամները), այլև Երևանում և մարզերում։
2020 թ․-ի օգոստոսի 13-ին խմբի յութուբյան ալիքում հրապարակվեց առաջին ստեղծագործությունը՝ «ՀԱՅԱԹի երգը», որի դիտումները վաղուց գերազանցել են մեկ միլիոնը։ Ինչպես պատմում են խմբի երաժիշտները՝ «դիտումներից հասկանում էինք, որ այնքան էլ վատ իրավիճակում չենք»։ Հետո նրանք եռապատիկ անգամ ավել դիտումներով երգեր կունենան։
Իսկ «Hayat Project»-ի ստեղծման հիմքում կար ևս մեկ կարևոր դրդապատճառ․ Գյումրին դարձնել գլխավոր տուրիստական ուղղություններից մեկը։ Եվ, կարծես, նրանց դա հաջողվելու է։ Ամեն շաբաթ տասնյակ երևանցիներ մեկնում են Գյումրի՝ հատուկ «Hayat Project»-ի խմբի համերգն ունկնդրելու։ Նրանց մեծ մասը՝ գիշերակացով, ինչը ենթադրում է, որ բացի համերգից, քաղաքի այցելուները կլորիկ գումար կթողնեն նաև հյուրանոցներում, սննդի կետերում և մշակութային կենտրոններում։
Այսպես արեց նաև «Ամփոփ Մեդիայի» թղթակից Մարիամ Գրիգորյանը, ում հաջողվեց համերգից առաջ զրուցել բենդի անդամների հետ։
Եվ ահա, «Ampop Podcast»-ում «Hayat Project»-ի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը, ստեղնաշարային գործիքների երաժիշտ Արթուր Եղիազարյանը, երգիչներ Նարե Հովհաննիսյանն ու Հովհաննես Սերոբյանը պատմում են, թե ինչպես ստեղծվեց բենդը, ինչու են ստեղծագործում գյումրվա բարբառով, ինչպես նաև այլ ուշագրավ մանրամասներ։ Զրույցը համեմված է նրանց համերգից դրվագներով։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Լուսանկարները՝ «Hayat Project»-ի արխիվից
#podcast #ամփոփփոդքասթ
Լսեք նաև
- Կարապի լճի դաշնակահարը
- Հեղափոխությունից ոգեշնչված ավստրալահայ ընտանիքի հայրենադարձ պատմությունը
- Երևանի մնջախաղի թատրոնը չի սահմանափակվում ունեցած ձեռքբերումներով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/05/2022