Ջորջ Ֆլոյդի սպանությունը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ձերբակալության ժամանակ ոստիկանության կողմից 46-ամյա անզեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բողոքի ցույցերը չեն դադարում ամբողջ երկրում: Այս միջադեպը բորբոքել է դարերի խորքից եկող ռասիստական տրամադրությունները և ոստիկանության հաճախ հանդիպող սարսափելի վերաբերմունքը աֆրոամերիկացնիների հանդեպ: Եվ այս ամենը տեղի է ունենում համավարակի ընթացքում, որից հատկապես տուժում են աֆրոամերիկացիները:
Մայիսի 25-ին Ֆլոյդը, որը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով վերջերս էր կորցրել աշխատանքը որպես ռեստորանի անվտանգության աշխատակից, շնչահեղձ եղավ ոստիկանի ծնկի տակ մի քանի րոպե գետնին սեղմված մնալուց։ Ոստիկանը՝ Դերեկ Շովինը, անտեսեց Ֆլոյդի հորդորներն ու անցորդների աղաչանքները՝ ծունկը հեռացնել Ֆլոյդի պարանոցից:
Անցորդներից մեկի կողմից նկարահանված տեսանյութը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում: Տեսանյությում երևում է, որ Ֆլոյդը լուռ է և անշարժ մինչև այն պահը, երբ ոստիկանը հեռացրեց ոտքը Ֆլոյդի պարանոցից: Շովինի դեմ հարուցված քրեական գործի համաձայն՝ ներկա գտնվող ոստիկաններից մեկը մինչև ծունկը հեռացնելը ստուգեց Ֆլոյդի զարկերակը: Ավելի ուշ հիվանդանոցում արձանագրվեց Ֆլոյդի մահը:
Շովինը և մյուս երեք իրավապահները հեռացվեցին աշխատանքից երեքշաբթի օրը, իսկ ուրբաթ Շովինը ձերբակալվեց և նրան մեղադրանք առաջադրվեց երրորդ աստիճանի սպանության և անզգուշությամբ կատարած սպանության հոդվածներով:
Միջադեպը խռովությունների մեծ ալիք բարձրացրեց ամբողջ երկրում, և հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոցներ` Մինեապոլիսում և Ամերիկայի տարբեր քաղաքներում: Ցույցերի մեծ մասը խաղաղ էին, սակայն որոշ դեպքերում դրանք ուղեկցվում էին բռնություններով՝ ոստիկանության հետ բախումներ, շինությունների հրդեհում, կողոպուտ:
Բողոքի ակցիաները հիմնականում ուղղված էին ոստիկանության դեմ, սակայն դրանք հասունացել էին 2020 թ․ իրադարձությունների համատեքստում, որոնց հետևանքով առավել տուժել են աֆրոամերիկացիները: Կորոնավիրուսային ճգնաժամից անհամեմատ շատ տուժել են աֆրոամերիկացիները և Լատինական Ամերիկայի ներկայացուցիչները, որոնք հիվանդացել և մահացել են Covide-19-ից ավելի շատ, քան սպիտակամորթերը: Տնտեսական սահմանափակումներից ամենատուժածը ևս աֆրոամերիկացիներն են։ Նրանցից շատերը մնացել են առանց աշխատանքի, և առաջիկայում քիչ հավանական է, որ նրանք ֆինանսական կայունություն ձեռք կբերեն:
Այս ամենին հավելենք նաև խորագրերի այն շարքը, որոնք վերաբերում են կյանքից վերջին շաբաթների ընթացքում՝ սպիտակամորթերի կամ ոստիկանության բռնությունների հետևանքով զրկված աֆրոամերիկացիներին․ Բրեոննա Թեյլոր, Ահմաուդ Արբերի և վերջինը՝ Ֆլոյդ։ Մինչ ամերիկացիները լարված հետևում էին այս ողբերգական խորագրերին, մի սպիտակամորթ կնոջ տեսանյութ տարածվեց, որտեղ նա ձևացնում է, թե մի աֆրոամերիկացի տղամարդ, որը Նյու Յորքի կենտրոնական այգում թռչուններ է ուսումնասիրում, սպառնում է իրեն, քանի որ իր շունը կապված չի եղել: Սա խոսում է այն մասին, որ բացի երկրում տիրող խռովություններից, համակարգային բնույթ ունեցող ռասիզմը կարող է աֆրոամերիկացիների համար պոտենցիալ վտանգ ներկայացնել անգամ աննշան թվացող իրավիճակներում:
Ֆլոյդի և մյուսների մահվան դեպքերին հաջորդած ցույցերը նոր զարգացումներ չեն ԱՄՆ-ում. Թրայվոն Մարտինի, Մայքլ Բրաունի, Սանդրա Բլենդի մահերը և բազում այլ դեպքեր հանգեցրել են հասարակական խռովությունների վերջին տարիներին: Ֆլոյդի ճակատագրական ձերբակալությունից չորս տարի առաջ Ֆիլանդո Քասթիլը սպանվեց Մինեսոտայի արվարձաններից մեկի կանգառում: Պարանոցը սեղմած ոստիկանին Ֆլոյդն ասում է․ «Շունչս կտրվում է»՝ կրկնելով Էրիկ Գարների խոսքերը, ով մահացավ 2014 թվականին՝ Նյու Յորքում ոստիկանական բաժանմունքում՝ շնչահեղձ լինելով պարանոցի խեղդող հնարքից:
Կարծես նախկինում էլ նման ճգնաժամի ականատես եղած լինենք, և այն իրոք եղել է: Եվ մինչ այժմ շատ բան չի փոխվել:
Ֆլոյդը մահացավ երկուշաբթի օրը, Շովինին մեղադրանք առաջադրվեց հաջորդ ուրբաթ
Ըստ CBS Մինեսոտա-ի՝ Ֆլոյդը մեծացել է Հյուսթոնում և տեղափոխվել է Մինեապոլիս 2014 թվականին աշխատանք գտնելու նպատակով: Նա աշխատել է խանութում՝ որպես պահակ, հետագայում աշխատել է որպես բեռնատարի վարորդ և անվտանգության աշխատակից: Նա ուներ 6 տարեկան աղջիկ, որը մայրիկի հետ ապրում է Հյուսթոնում: Մահվանից շաբաթներ առաջ նա զրկվել էր աշխատանքից՝ տնտեսական սահմանափակումների պատճառով:
Vox-ից Քեթրին Քիմը մայիսի 25-ին ներկայացրեց տեղի ունեցածի հանգամանքները՝ Ֆլոյդի մահը, որը տեսանկարահանվել է:
Չնայած տեսանյութում չի երևում ձերբակալման պահը, Մինեապոլիսի ոստիկանությունը մանրամասնել է, որ նրանք կանչ են ստացել այն մասին, որ մի տղամարդ փորձում է օգտագործել 20 ԱՄՆ դոլարին համարժեք կեղծ թղթադրամ՝ ըստ «Սթար Թրիբուն»-ի:
Հայտարարության մեջ ոստիկանական ծառայությունը հայտնում է, որ սպաները ժամանել են դեպքի վայր Ֆլոյդին որոնելու: Նա համապատասխանել է կասկածյալի նկարագրին՝ մեքենայի մեջ նստած և, կարծես, ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք նաև ասել են, որ Ֆլոյդը ֆիզիկապես դիմադրել է ոստիկանությանը և, կարծես, «եղել է ոչ ադեկվատ հուզական վիճակում», այդ իսկ պատճառով նրանք շտապօգնություն են կանչել:
Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումն ըստ երևույթին չունի որևէ արդարացում։ Գերատեսչությունն արգելում է այն մեխանիզմը, որով Ֆլոյդին պառկեցրել են գետնին, ինչպես ասում է Մինեապոլիսի քաղաքապետ Յակոբ Ֆրեյը:
Այս դեպքի մեջ ներգրավված չորս սպաներն ազատվեցին աշխատանքից երեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, իսկ հաջորդ օրը քաղաքապետ Ֆրեյը պահանջեց, որ Շովինը նեկայանա՝ տեղեկացնելու առաջադրված մեղադրանքի մասին: Իրավապահ մարմինները հավաստիացնում են, որ իրենք քննում են Ֆլոյդի մահը նույնքան արագ, նույնքան մանրակրկիտ և համապարփակ, որքան պահանջում է օրենքը: Նրանք խնդրում են հասարկությանը լինել համբերատար: Ուրբաթ օրը Շովինը ձերբակալվեց և մեղադրանք առաջադրվեց երրորդ աստիճանի սպանության և անզգուշությամբ կատարած սպանության հոդվածներով: Արդարադատության գերատեսչությունը հայտարարեց, որ նրանք ևս կուսումնասիրեն Ֆլոյդի մահը: Շովինի կինը դիմել է ապահարզանի համար և Շովինի համար սահմանվել է 500 000 ԱՄՆ դոլարի գրավ:
Ֆլոյդի մահվան շուրջ արձագանքը զանգվածային էր
Ֆլոյդի մահվան վերաբերյալ հասարակության արձագանքը շատ բուռն էր ու զանգվածային:
Քաղաքական գործիչները, հայտնի մարդիկ, մարզիկներ և բազմաթիվ այլ հասարակական գործիչներ բարձրաձայնեցին տեղի ունեցածի մասին: Նախկին նախագահ Բարաք Օբաման բավական ծավալուն հայտարարություն տարածեց՝ կոչ անելով աշխատել աֆրոամերիկացիների հետ կապված խնդիրների «նոր նորմերի»-ի ուղղությամբ: «Սա չպետք է սովորական բան լինի Ամերիկայում 2020 թվականին», – գրել է նա:
Նա նաև երկար գրառում հրապարակեց Medium-ում հետագա անելիքների հետ կապված:
Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը իրավիճակը որակեց «ազգային ճգնաժամ» և նրա կարծիքով՝անհրաժեշտ է, որ «իշխանությունը բոլորին սեղանի շուրջ համախմբի՝ միջոցներ ձեռնարկելու համակարգային ռասիզմը արմատախիլ անելու համար»:
Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Ֆլոյդի ընտանիքին և ասել, որ խոսել է նրանց հետ:
Ցուցարարները և ոստիկանությունը բախվել են նաև Բրուքլինում՝ ուրբաթ երեկոյան և հանգստյան օրերին: Մեքենաները հրկիզվել են, դիմապակիները կոտրվել, վնասվել են ինչպես ցուցարարները, այնպես էլ ոստիկանությունը: Ըստ ABC 7-ի՝ միայն ուրբաթ օրը գրանցվել է ավելի քան 200 ձերբակալություն: Համացանցում են հայտնվել որոշ մտահոգիչ տեսանյութեր, օրինակ, թե ինչպես է սպաներից մեկը հրում գցում կնոջը, կամ ինչպես են ոստիկանական մեքենայի դռնով հարվածում ցուցարարին:
Կալիֆորնիայում, Սան Խոսեում, Մայամիում, Չիկագոյում, Դալլասում և տասնյակ այլ քաղաքներում բողոքի ցույցեր և ձերբակալություններ են տեղի ունենում: Ցուցարարների բազմությունը հավաքվել է նաև Սպիտակ տան առջև: Ոստիկաններն ու նույնիսկ որոշ ցուցարարներ թիրախավորել են ցույցերը լուսաբանող լրագրողներին:
«Եկեք պարզ խոսենք. Մինեապոլիսում իրավիճակն այլևս որևէ կերպ չի առնչվում Ջորջ Ֆլոյդի սպանության հետ», – ասաց Ուոլցը՝ շաբաթ օրը:
Նախագահ Թրամփը ևս չի նպաստում իրավիճակի բարելավմանը: Հինգշաբթի օրը Թրամփը Թվիթերում գրառում է կատարել՝ ակնհայտորեն սպառնալով ցուցարարներին. «Երբ սկսվում է կողոպուտ, սկսվում են նաև կրակոցներ», օգտագործելով նույն խոսելաոճը, որը կիրառվել է սեգրեգացիոնիստ (ռասայական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող) իրավապահ մարմինների կողմից սևամորթների իրավունքների համար պայքարի ժամանակաշրջանում: Նույն գրառման մեջ նախագահը ցուցարարներին անվանել է «բռնարարներ»: Twitter-ը նախազգուշացում է տեղադրել գրառման տակ՝ նշելով, որ գրառումը քաջալերում է բռնությունը՝ բորբոքելով հակամարտություն նախագահի և սոցիալական մեդիայի միջև:
Թրամփը հետագայում ևս մեկ անգամ անդրադարձավ իր այդ գրառմանը՝ զգուշացնելով, որ թալանը կարող է կրակոցների առիթ դառնալ, որովհետև դրանք ավելի են լարում իրավիճակը երկրում:
Հանգստյան օրերին նախագահն առցանց դիմեց ցուցարարներին՝ արտահայտելով իր կարծիքը այն մասին, որ նրանց ուղղորդում են հակաֆաշիստները և «ծայրահեղական ձախերը», իսկ CNN-ին մեղադրեց բռնությունները քաջալերելու մեջ՝ ցույցերը լուսաբանելու նպատակով: Նա նաև գովասանքի խոսքեր ուղղեց գաղտնի ծառայությանը իրեն Սպիտակ տան բողոքի ցույցերից պաշտպանելու համար և խոստացավ, որ շաբաթ երեկոն պետք է լինի «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր Սպիտակ տանը» երեկո։
Նա մեղադրեց ցուցարարներին «ԱՆՏԻՖԱ»-ի (ձախակողմյան հակաֆաշիստական շարժման) մեջ և նահանգապետերի հետ երկուշաբթի օրը կայացած զրույցում նրանց անվանեց ահաբեկիչներ՝ պահանջելով կիրառել «պատժամիջոցներ», քանի որ երկիրն ընկալվում է որպես «թույլ»:
Սա այլևս ցույցերի մասին չէ, այլ թե ինչի մասին են ցույցերը:
Քննարկումների թիրախը պետք է ոչ թե ցուցարարների մարտավարությունը լինի՝ ով է ներգրավված, ով՝ ոչ, այլ, թե ինչ կերպ են վերաբերվում աֆրոամերիկացիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ինչպես Vox-ից Դիլան Սքոթն է ասում, թեման ոչ թե բռնի ցույցերն են, այլ ոստիկանության բռնությունները.
«Իհարկե, բողոքի ցույցերը վերաբերում են Ջորջ Ֆլոյդի մահվանը: Իշխանությունները վախենում են բռնությամբ ուղեկցվող բողոքի ցույցերից և ցանկացած գույքի ոչնչացում կամ մարմնական վնասվածք, անհանգստացնող է, բայց նրանց մտահոգությունները փաստորեն ցույց են տալիս այն խորը անհավասարությունները, որոնց դեմ ընդվզում են ցուցարարները: Պետությունը օրինական բռնություն կիրառելու մենաշնորհ ունի, և այն հաճախ ուղղվում է երիտասարդ աֆրոամերիկացիների դեմ, ինչպիսիք են Ջորջ Ֆլոյդը, Բրեոննա Թեյլորը, Էրիկ Գարները, Մայքլ Բրաունը, Թամիր Ռայսը… ցանկը շարունակելի է: Երբ նրանք մահանում են, ոստիկանության ներկայացուցիչները շատ հաճախ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ օրենքով պաշտպանված են: Եթե Ջորջ Ֆլոյդին սպանողները բանտարկվեն իրենց գործողությունների համար, ապա դա հաստատված նորմերի բացառություն կլինի»։
Ինչպես Սքոթն է ասում, կան բազում տվյալներ, որոնք ապացուցում են, թե ինչպես են աֆրոամերիկացիները թիրախավորվում և արժանանում վատ վերաբերմունքի ուժային կառույցների կողմից: Ոստիկանության կողմից աֆրոամերիկացիների սպանության հավանականությունը 1-ը 1000-ի է: Աֆրոամերիկացիները ոստիկանության կողմից բերման են ենթարկվում երկու անգամ ավելի շատ, քան սպիտակամորթերը, և նրանց հանդեպ ավելի հաճախ է հետախուզում հայտարարվում: Երբ նրանց սպանում են, ավելի քիչ հավանական է, որ դրանք կբացահայտվեն: Նրանց ավելի շատ են բանտարկում, և նրանց պատժի կրման ժամկետները շատ ավելի երկար են:
Աֆրոամերիկացիների դեպքում սրանք պարզապես տվյալներ չեն, այլ նրանց իրական առօրյան է:
Ռասայական խտրականությունները միայն արդարադատության համակարգում չեն: Անհավասարություններ գոյություն ունեն կյանքի տարբեր ասպեկտներում: Եկեք ուղղակի նայենք կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին. հիվանդությամբ վարակվում և մահանում են մեծամասամբ աֆրոամերիկացիները, և դեպքերը շատ են հատկապես այն շրջաններում, որտեղ ապրում են փոքրամասնությունները: Այդպես է Մինեսոտայում, որտեղ ապրում էր Ֆլոյդը: Աֆրոամերիկացի կանայք պահանջված աշխատողներ են․ նրանք վտանգում են իրենց՝ հաճախ ցածր աշխատավարձով աշխատանք կատարելով և չունենալով բժշկական ապահովագրություն:
Աֆրոամերիկացիները և իսպանախոսներն ավելի շատ են զրկվում աշխատանքից կամ ժամանակավոր չեն աշխատում համավարակի պատճառով: Հենց այդպես էլ եղավ Ֆլոյդի հետ:
Ֆլոյդի մահվանը հաջորդած բողոքի ակցիաների շուրջ լուրերի տարափում շատ հեշտությամբ կարելի է կորցնել իրական խնդիրը. ամերիկյան հասարակության մեջ սերմացած դարավոր ռասիզմը շարունակում է ահռելի վնասներ հասցնել: Եվ դրա հետևանքներից մեծ մասամբ տուժում են աֆրոամերիկացիները:
Հեղինակ՝ Էմիլի Սթյուարտ [Emily Stewart], Vox.com
Հայերեն թարգմանությունը՝ «Ամփոփ Մեդիայի»
Բնօրինակն այստեղ՝ Vox.com
Կարդացեք նաև
- Զենքն ԱՄՆ-ում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/06/2020