2022թ․ փետրվարից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը պատճառ է դարձել, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայից Հայաստան մարդկանց ներհոսքը մեծանա։ Նրանց թվում են ինչպես Ուկրաինայի քաղաքացիներ, այնպես էլ նախորդ երեք տասնամյակներում Հայաստանից Ուկրաինա տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ։
Նրանց մի մասը, ապրելով Ուկրաինայում, պահպանել է ՀՀ քաղաքացիությունը, մի մասն էլ ունի երկքաղաքացիություն։ Բայց անկախ քաղաքացիությունից և ազգությունից՝ պատերազմական գոտուց փախչող այս մարդիկ հայտնվել են Հայաստանում, որտեղ մնալով և ապաստան հայցելով՝ ակնկալում են պետության աջակցությունը։
Անհետաձգելի աջակցության կարիք հարկավոր է հատկապես նրանց, ովքեր ունեն քրոնիկ առողջական խնդիրներ և բժշկական միջամտության կարիք։
Հայաստանում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում (անվճար) օգտվել առողջության առաջնային պահպանման ծառայություններից։
«Ամփոփ Մեդիան» նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակել էր «Պանդխտության ճանապարհին․ պատերազմից փախած ուկրաինացի կանանց պատմությունները» խորագրով մուլտիմեդիան։ Այս անգամ զրուցել ենք Ուկրաինայից տեղահանվածների և նրանց Հայաստանում աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու՝ որքանով է Հայաստանը՝ որպես պետություն, կատարում ստանձնած պարտավորությունները։
Իրավիճակ
Միայն անցած տարվա ընթացքում՝ 2022-ին, Հայաստանից ապաստան հայցած մարդկանց ուղիղ կեսը՝ 484 անձ, ըստ Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղծառայության տվյալների, եղել են Ուկրաինայից։
Աիդա Ստեփանչուկը նրանցից մեկն է։
Աիդան Հայաստան է եկել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, երբ ժողովրդական լեզվով ասած՝ պարզ է դարձել, որ «խմորը դեռ շատ ջուր է տանելու», իսկ իր ինքնազգացությունը չդադարող սթրեսներից օր օրի վատանում էր։ Մոր ու կրտսեր որդու հետ Վանաձոր տեղափոխվելուց անմիջապես հետո Աիդան պարզել է, որ դեղամիջոցը, որն օրվա ընթացքում երկու անգամ պարտադիր պետք է ընդունի, Հայաստանի դեղատներում բացակայում է։
«Ես տառապում եմ էպիլեպսիայով․ ավելի քան 15 տարի է, ինչ ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, խմում եմ «Ֆինլեպսին ռետարդ»։ Առանց այդ դեղի ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ կկատարվի հետս։ Որ եկա Հայաստան, դեղատներում այդ դեղն արդեն չկար։ Ինձ բացատրեցին, որ այն ներմուծվում էր Լեհաստանից, բայց պատերազմի պատճառով լոգիստիկ խնդիրներ են առաջացել ու դեղը որոշ ժամանակ է արդեն, որ չեն կարողանում ներմուծել»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում պատմում է Աիդան։
Մինչև նշված դեղը նորից կհայտնվեր Հայաստանի դեղատներում, այն ձեռք էր բերվում ու Աիդային հասցվում Վրաստանից՝ ընկերների օգնությամբ։
Աիդան, ով ունի և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի քաղաքացիություն, հետաքրքրվել էր, որ, որպես ՀՀ քաղաքացի և հաշմանդամության կարգ ունեցող մարդ, կարող է պոլիկլինիկայից անվճար ստանալ դեղը։ Պահանջվող ընթացակարգն անցնելուց՝ պոլիկլինիկայում գրանցվելուց հետո, Աիդան դիմել է տեղամասային բժշկին՝ «Ֆինլեպսին ռետարդ» ստանալու համար, բայց ի զարմանս իրեն՝ պոլիկլինիկայում մերժել են նրան՝ հիմնավորելով, որ նշված դեղն ընդգրկված չէ առողջապահության նախարարության կողմից անվճար տրամադրվող դեղորայքի ցանկում։
ՀՀ կառավարության՝ 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման 2-րդ հավելվածի համաձայն՝ մի շարք հիվանդությունների՝ այդ թվում էպիլեպսիայի դեպքում, շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել են այն դեղերը, որոնք կոնկրետ հիվանդությունների դեպքում շահառուներին տրամադրվում են անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ։ Այդ ցանկում «Ֆինլեպսին ռետարդ»-ն ընդգրկված չէ։
«Ինձ այնտեղ ասացին, որ անվճար կկարողանան տրամադրել միայն ցանկում ընդգրկված դեղերն ու առաջարկեցին փոխարինող դեղը փորձել, բայց հրաժարվեցի։ Մի քանի անգամ փորձել եմ այլ դեղեր, բայց վատ էի զգում ինձ, դրա համար էլ չցանկացա ռիսկի դիմել»,- ասում է Ստեփանչուկը։
Նպատակահարմար գտնելով ռիսկային քայլերի չդիմելը՝ Աիդան կրկին սկսել է «Ֆինլեպսին ռետարդ» փնտրել Հայաստանի՝ մասնավորապես Վանաձորի դեղատներում։ Անկեղծանում է՝ չնայած դեղը նախկինի համեմատ 2-3 անգամ թանկացել էր, բայց ուրախությունն աննկարագրելի մեծ էր, քանի որ դեղատների փեղկերին նորից հնարավոր էր գտնել դեղը, առանց որի իր ոչ մի օր չի պատկերացնում։
Խոցելի խմբում ներառված լինելը երկքաղաքացիություն ունեցող Աիդային չի օգնել նաև այն ժամանակ, երբ պետք էր գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգիաֆիա /ՄՌՏ/ անել։
«Ուկրաինայում այդ հետազոտությունը պարբերաբար անցնում էի․ հերթականը պիտի անցնեի, երբ պատերազմը սկսվեց։ Եկանք Հայաստան ու որոշեցի այստեղ անցնել, բայց պոլիկլինիկայում, որտեղ գրանցված էի, ասացին, որ նախ՝ պետք է հերթագրվեմ, երկրորդն էլ՝ անվճար չեմ կարող անցնել, քանի որ հիվանդության թոշակս ձևակերպված է, ու ստանում եմ Ուկրաինայում»,- մանրամասնում է Աիդան։
Անվճար ու արտահերթ ՄՌՏ անցնելու փորձերը ձախողվելուց հետո Աիդան դիմել է մասնավոր կլինիկա․ այս դեպքում ևս օգնության են հասել ընկերները՝ ֆինանսական բեռը վերցնելով իրենց վրա։
Հետազոտությունն անվճար անցնելու պարտադիր պայմաններից մեկն էլ, ինչպես «Ամփոփ Մեդիային» հայտնել են Առողջապահության նախարարությունից, բժշկի ուղեգիրն է, որում հիմնավորվում է, թե ինչու է անհրաժեշտ տվյալ հետազոտությունը։
«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման մասին» կարգում նաև սահմանված է, թե որ դեպքում է դա արվում արտահերթ․
«Հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Իսկ նման որոշում կայացնում է հանձնաժողովը, որում ներգրավված են լինում անհրաժեշտ մասնագետներ»։
Հայաստանում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք պետական պատվերի շրջանակում առաջնային մակարդակում բուժօգնություն ստանում են այն բժշկական հաստատության բժշկի մոտ, որին ընտրել և ում մոտ սահմանված կարգով գրանցվել են։
Բայց «Ամփոփ Մեդիայի» զրուցակիցների պատմությունները հիմք են հանդիսանում եզրակացնելու, որ անգամ գրանցումը ժամանակատար ու բժշկական աջակցության կարիք ունեցողների համար ոչ այնքան պարզ գործընթաց է։
Այսպիսի իրավիճակում է հայտնվել «Ամփոփ Մեդիայի» մյուս զրուցակիցը՝ 2022թ․ հոկտեմբերից Ուկրաինայի Խարկով քաղաքից Երևան տեղափոխված Ջուլիետա Շվեցովան, ով չի կարողանում գրանցվել պոլիկլինիկայում։
«Մեր սոցքարտերով ներկայացել ենք մոտակա պոլիկլինիկա, դիմումը լրացրել, որ ինձ, ամուսնուս ու երեք երեխաներիս գրանցեն, բայց մինչև հիմա որևէ տեղաշարժ չկա։ Երբ զանգել եմ, որ հարցնեմ՝ գրանցված ենք արդեն, թե չէ, ծառայություններից կարող ենք արդյոք օգտվել, պատասխանել են՝ ձեր թղթերն ուղարկել ենք նախարարություն․ դեռ պատասխան չկա, պետք է սպասեք»,- պատմում է Ուկրաինայի քաղաքացի Ջուլիետան։
Ապաստան հայցողի վկայականը տրամադրվում է 3 ամիս ժամկետով: Եթե այդ ընթացքում ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն ծառայությունը որոշում չի կայացնում, ապա վկայականի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 3 ամսով։
Նկատենք, որ ապաստան հայցողը հանդիսանում է պոտենցիալ շահառու այնքան ժամանակ, քանի դեռ չունի համապատասխան փաստաթուղթը՝ վկայականը։ Վերջինս, ըստ սահմանված կարգի, տրվում է Միգրացիոն ծառայություն դիմում ներկայացնելուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության փախստականներին ծառայություններ մատուցող սոցիալական ծառայությունների թիմի լիդեր Տատյանա Դաշյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ապաստան հայցողի վկայականով մարդիկ ներկայացել են պոլիկլինիկա, բայց այնտեղ հրաժարվել են անվճար սպասարկել։
«Շատ պոլիկլինիկաներում տեղյակ չեն, որ այդ մարդիկ, օրենքով սահմանված կարգով, անվճար պետք է սպասարկվեն։ Մերժում ստանալու դեպքում երբ մեզ դիմում են, մեր սոցիալական աշխատողներից մեկի ուղեկցությամբ գնում են, որից հետո այդ մարդկանց անվճար սպասարկում են։ Իրազեկման կարիք կա»,- ասում է Դաշյանը։
Օրենքից չբխող, բայց խիստ անհրաժեշտ միջամտությունների իրականացման ու դեղորայքի ձեռքբերման հարցում ապաստան հայցողներին, ինչպես նաև արդեն փախստականի կարգավիճակ ստացածներին հնարավորության սահմանում օգնում են նաև Հայաստանում ուկրաինական համայնքի կողմից ստեղծված «Դոպոմոգա»-ն, ինչպես նաև 2022-ին Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտների կողմից ստեղծված «Էտոս»-ը։
Այս կազմակերպությունները Տելեգրամում ստեղծել են հատուկ հաշիվներ, որտեղ մեկ տարուց ավելի արտակարգ ռեժիմով կազմակերպում են հանգանակություններ և տեղեկացնում, թե ինչի կարիք ունեն Հայաստանում ապրող ուկրաինացի տեղահանվածները։ Շատ հաճախ կազմակերպվող դրամահավաքները կազմակերպվում են կոնկրետ մարդկանց համար դեղորայքի կամ վճարով բժշկական ծառայությունների նպատակով։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
Գործընթացին խոչընդոտող հանգամանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Ամփոփ Մեդիան» դիմել էր Երևանի քաղաքապետարան։
Լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը, հղում անելով ՀՀ կառավարության 318-Ն որոշման 1-ին հավելվածին, ապաստան հայցողներին սահմանված կարգով բուժօգնության տրամադրումը համարել է պարտադիր ու խոստացել հետևողական լինել, որպեսզի որևէ շահառուի՝ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չոտնահարվի։
«Թեժ գծով մենք չենք ստացել որևէ ահազանգ այն մասին, որ հրաժարվում են իրենց անվճար սպասարկել, բայց առհասարակ նման դեպքերը բացառելու համար ևս մեկ անգամ հիշեցման կարգով մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներին կուղարկենք Կառավարության 318-Ն որոշումը, որով կարգավորվում են ապաստան հայցողների իրավունքները ևս»,- «Ամփոփ Մեդիային» ասաց Տարոն Գևորգյանը։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածները «մնացել են օդում»․․․
Եթե ապաստան հայցողի ու փախստականի կարգավիճակ ունեցողների համար Հայաստանում հնարավորինս ձեռնտու իրավակարգավորումներ են գործում, ապա նախկինում մեր երկրի քաղաքացի հանդիսացածների՝ ասել է թե՝ հայրենադարձների համար հրապուրիչ ոչինչ չկա։
«Առաքելություն Հայաստան»-ի ներկայացուցիչ Տատյանա Դաշյանը փաստում է, որ նրանց թիվը բավականին մեծ է․ իրենց դիմողները շատ են, բայց ոչնչով օգնել չեն կարողանում․ իրենց շահառուն չեն հանդիսանում։
«Ամփոփ Մեդիան» Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից փորձել է պարզել, թե առողջապահական խնդիրների դեպքում վերջիններիս աջակցելու համար պետությունն ինչ է անում։ Մեր գրավոր հարցման պատասխանի մեջ փաստացի ամրագրվել է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մեր հայրենակիցներն առողջապահական ծառայություններից օգտվել կարող են վճարովի հիմունքներով։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Անիմացիան՝ Կարինե Դարբինյանի
Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine
Սույն հրապարակումը պատրաստվել է Online journalism, in-depth նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից: Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն BMZ-ի տեսակետներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 16/04/2023