2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններից հետո արցախցին կորցրեց իր խաղաղությունը․ այդ օրերին ամենուր մարդիկ էին՝ տագնապած, հոգնած, լացակումած, անորոշ ու ագրեսիվ շարժումներով։
Երբ Ստեփանակերտում սկսեցին լսվել ավտոմատի կրակոցները, մարդիկ մեկական պայուսակով, որոշները՝ անգամ տոպրակներով, որոնց մեջ երեխաների համար առաջին անհրաժեշտության մի քանի շոր էր խցկած, գլխակորույս շտապում էին դեպի Ասկերանի օդանավակայան։ Նրանք մտածում էին, թե այնտեղ իրենց երեխաների կյանքին վտանգ չի սպառնա և կփրկվեն ադրբեջանցիների վայրագություններից։
Մենք նույնպես այդ մարդկանցից էինք, որ խնայած վառելիքի վերջին պաշարով շարժվեցինք դեպի օդանավակայան՝ նախ փրկվելու ակնկալիքով և ապա հարազատներին գտնելու մեծ հույսով։
Օդանավակայանում հանդիպեցինք պապիս և հորեղբորս ընտանիքին, ովքեր սեպտեմբերի 19-ին Առաջաձորից մյուս գյուղացիների հետ տարհանվել էին։ Նախորդ գիշերը նրանք թաքնվել էին տան մոտ գտնվող ձորակում, մտածելով, որ ավելի պաշտպանված կլինեն ադրբեջանական ռմբակոծություններից ու անօդաչուներից։
Սեպտեմբերի 19-20-ի պատերազմը ճակատագրական եղավ բոլորիս համար․ ստեղծված անելանելի վիճակը և լուրը, որ կա՛մ ապրում ենք ադրբեջանական անձնագրով, կա՛մ 3 օրվա մեջ պետք է լքենք Արցախը, աննկարագրելի խուճապ էր առաջացրել։
Հիշում եմ՝ սեպտեմբերի 21-ն էր, օդանավակայանի ճանապարհին բազմաթիվ մարդիկ՝ այդ թվում կանայք ու երեխաներ, բարձրացել էին բենզինի պահեստավորված բակերի վրա և շշերով բենզին էին հանում։
Օդանավակայանի ճանապարհին բազմաթիվ մարդիկ՝ այդ թվում կանայք ու երեխաներ, բարձրացել էին բենզինի պահեստավորված բակերի վրա և շշերով բենզին էին հանում։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12։00-ին իմ ընտանիքը ևս, գիտակցելով ստեղծված վիճակի անելանելիությունը, ստիպված եղավ կայացնել Արցախը լքելու ծանր որոշումը։ Բաց թողելով տան դռները և վերցնելով մի քանի կտոր շոր, տաք ծածկոց, մեկ տուշոնկա, երկու բուռ մակարոն, ջուր ու գյուղից մնացած ալյուրը՝ ճամփա ընկանք։
Չգիտեմ անգամ՝ ինչպես նկարագրեմ այդ օրվա զգացողությունները։ Մեկ ժամ տևեց մինչև Ազատամարտիկների 52 հասցեից հասանք Եղբայրական գերեզմանոցի մոտ։
Ճանապարհին լսեցինք բենզինի պահեստի պայթյունի բոթը։ Առանց այդ էլ դժոխային իրականությունն է՛լ ավելի դժոխային դարձավ։
Մարդիկ սկզբում չէին պատկերացնում աղետի չափը, շատերը չէին կարողանում նաև կապ հաստատել տարածքում գտնվող հարազատների հետ։ Մյուսները մտածում էին րոպե առաջ Հակարիի կամուրջն անցնելու և փրկվելու մասին։
Այդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, մեզ Ստեփանակերտից դուրս գալ չհաջողվեց․ ոչ առաջ էինք կարողանում շարժվել, ոչ էլ՝ հետ։
Երեկոյան կողմ միայն պայթյունի մասին պաշտոնապես հայտարարվեց։ Բայց հիվանդանոցի բժիշկների մի մասն արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից, որոշներն էլ, լսելով պայթյունի մասին, ոտքով վերադառնում էին, որ հասնեն հիվանդանոց։
Ուշ ժամ էր, սկսեց անձրևել։
Մեր մեքենայի կողքին «Урал» էր կանգնած՝ մեջը երեխաներ ու տարեցներ։ Բոլորը թրջվել էին, ամբողջությամբ ջուր էին․․․ Մեղքի և անկարողության զգացումը խեղդում էր․ առանց տանիք մնացած հայրենակիցներ, հարյուրավոր վառվածներ, զոհվածներ, անտեր մնացած Եղբայրական գերեզմանոց․․․ ու պանդխտության մատնված 120 000 կյանքեր։
Սեպտեմբերի 26-ին մեքենաները սկսեցին կամաց-կամաց առաջ գնալ․ մեկ ժամում 1 կիլոմետր հազիվ էինք առաջ գնում։ Օրվա երկրորդ կեսին, երբ Շուշին անցանք, ադրբեջանական ոստիկանական մեքենա երևաց․ մի հոգի նստած էր ղեկին, մյուսը քայլում էր դիմացից։ Վերջինս դանդաղ քայլելով մեքենաների մոտով՝ առանց դադարի լայն ու կեղծ ժպիտով բարձր արտաբերում էր․․․ Բարի ճանապարհ։
Մենք բոլորս լուռ էինք ու գլուխներս կախ։
Սեպտեմբերի 26-ն էր։ Մի քանի տասնյակ հազար մարդ դեռ ճանապարհին էր։ Մոտ 20 շտապօգնության մեքենաներ այդ օրը մեծ արագությամբ Երևանից Ստեփանակերտ էին գնում։ Մենք դեռ չէինք պատկերացնում պայթյունի ծավալն ու հետևանքները։
Օրեր անց միայն և շաբաթներ շարունակ սկսում ենք զոհերի շրջանում լսել ծանոթ անուններ, նրանց շարքերում՝ բարեկամներ, հարազատներ, ընկերներ։
Սեպտեմբերի 19-ից գրեթե ոչինչ չէինք կերել։ Որոշեցինք կրակ վառել տաքանալու համար, քանի որ վառելիք խնայելու համար մեքենայի շարժիչն անջատել էինք։ Կրակի վրա եփեցինք ճանապարհի համար վերցրած երկու բուռ մակարոնը։ Հոտը տարածվեց․ մեր կողքի մեքենաներից մարդիկ էին մոտենում, որոշները հոտ քաշում, հեռանում, որոշները՝ հրավերն ընդունում ու ճաշակում վերջին ճաշն Արցախի տարածքում․․․
Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 7-ն անց, հասանք Հակարիի կամրջին, որտեղ Ադրբեջանն անօրինական անցակետ էր տեղադրել։ Մի ադրբեջանցի ստուգեց մեքենան, հարցրեց քանի հոգի ենք, քանի տղա ու քանի աղջիկ ու նշան արեց, որ առաջ անցնենք։
Մեքենան առաջ շարժվեց, և Արցախը մնաց հետևում․․․
Թախծոտ հանգստություն իջավ, իսկ ես չկարողացա նույնիսկ հետ նայել․․․
Հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան
Լուսանկարները՝ հեղինակի
Պատասխանատու խմբագիր՝ Լիլիթ Պողոսյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/11/2024