Իրավունք Քաղաքական

Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը ռազմավարություն է մշակում

Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը մշակել են ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագիծ, որի գլխավոր նպատակն է ապահովել պատշաճ արձագանք ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։

Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն մշակելու գաղափարը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանինն է, ով 2022թ․-ի մարտին այն ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Դրական արձագանք ստանալուց հետո կողմերը սկսել են համատեղ աշխատանքային փաստաթուղթ մշակել:

«Ապատեղեկատվությունը շատ ավելի ընդարձակ տարածում ունի, քան պարզապես մեդիա դաշտն է, ուստի ընդգրկուն մոտեցումներ ձևակերպելու կարիք կա», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը։

Ըստ նրա, ապատեղեկատվությունը սպառնում է բոլոր ոլորտներին՝ անվտանգությունից, տնտեսական զարգացումից, հանրային համերաշխությունից մինչև կրթություն, մշակույթ։ Այսինքն, չկա մի ոլորտ, որտեղ այն չունենա իր բացասական հետևանքները։

«Հաշվի առնելով պատերազմը, հետպատերազմական իրավիճակը, քաղաքական լարված իրադրությունը և ընդհանրապես չլուծված բազմաթիվ խնդիրները՝ կարող ենք ասել, որ ապատեղեկատվության ռիսկերը բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում», – ասում է ԻԱԿ նախագահը։

Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության նախագիծն առաջին անգամ ԶԼՄ-ների և քաղհասարակության ներկայացուցիչներին է ներկայացվել հուլիսի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկում-հանդիպմանը:

Նախագծի համակարգողներն ասում են, որ առաջին քննարկումից հետո հասարակական և լրագրողական կազմակերպություններից մոտ 70 առաջարկ են ստացել, որոնք համակարգել և ներկայացրել են վարչապետի աշխատակազմին:

Անբավարար ինֆորմացիան կարող է հանգեցնել ապատեղեկատվության

Դոյդոյանն այն համոզմունքին է, որ մշակված փաստաթուղթը ցանկությունների շարան չէ, և այն ընդունելուց հետո պետք է հաջորդի շատ կոնկրետ գործողությունների ծրագիր:

«Ծրագիրը պետք է լինի շատ հստակ, կոնկրետ գործող անձանցով, ռեսուրսներով, որովհետև առանց հստակ միջոցների և անհրաժեշտ գործող անձանց հնարավոր չի լինի այն կյանքի կոչել: Հստակ պետք է նկարագրվի՝ ինչ գործողություն է կատարվելու, ով է պատասխանատու իրականացման համար, ինչ ժամկետում է իրականացվելու, ինչ միջոցներով, և ինչ արդյունք է լինելու»,- ասում է Դոյդոյանը:

Դոյդոյանն ընդգծում է, որ երբեմն ինֆորմացիայի պակասը հանգեցնում է ապատեղեկատվության տարածմանը։ Նա անբավարար է որակում սահմանային լարվածությունների ժամանակ պետական գերատեսչությունների` հանրությանը տրամադրած ինֆորմացիան՝ հիշեցնելով ռազմավարությունում առանձին ենթաուղղությունը` պրոակտիվ հրապարակայնության զարգացումը։ Եվ քանի դեռ դա չի իրակնացվում, ինֆորմացիայի հանրայնացումն ու տարածումը լինում է ցաքուցրիվ, առանց համակարգվելու:

Սահմանային խնդիրներն առաջնահերթ են

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի խոսքով` վերջերս Կառավարությունից ստացել են նախագծի վերաբերյալ կարծիքներ, որոնք այժմ ամփոփման փուլում են։ Նախագիծը վերջնական տեսքի բերվելուց հետո կրկին կդրվի հանրային քննարկման:

Չնայած ռազմավարությունը գրված է, բայց գործողությունների պլանը դեռևս պատրաստ չէ: Պաշտոնյան ասում է` ըստ քաղհասարակության ներկայացուցիչների հետ իրենց ձեռք բերած պայմանավորվածության՝ ռազմավարության հաստատումից հետո անցնելու են գործողությունների պլանի մշակմանը:

Դիտարկմանը, որ մեդիատիրույթում կա մտահոգություն, թե այդ փաստաթուղթը կարող է դառնալ հերթականը, Ծառուկյանն անկեղծացավ` նման մտահոգություն ունի նաև ինքը:

«Որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի, պետք է հետևողական աշխատանք, որը մենք, անշուշտ, դրսևորելու ենք, իհարկե, ամեն ինչ կախված է ընդհանուր միջավայրից, որովհետև եթե կան այլ առաջնահերթ խնդիրներ, չենք կարող առաջին պլան բերել ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությունը և ամբողջ ուժերը կենտրոնացնել դրա վրա», – ընդգծում է Ծառուկյանը:

Սեպտեմբերյան սահմանային լարվածության օրերին Ծառուկյանը մեկ դեպք հիշեց, երբ ֆեյք լուրը հանրության շրջանում խուճապ էր առաջացրել. Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի բնակչությանը տարհանելու մասին լուր էր տարածվել: Ըստ նրա` այդ ժամանակ էլ համապատասխան պաշտոնատար անձինք օպերատիվ կերպով հերքեցին կեղծ լուրը, ինչը արվել էր ՊՈԱԿ-ի միջնորդությամբ:

Ծառուկյանն ընդգծում է` որքան էլ փորձ արվի սահմանամերձ համայնքի բնակչին ապատեղեկատվությունից պաշտպանել, եթե վերջինիս տան ուղղությամբ արկեր են պայթում, իրեն դա է մտահոգելու, ոչ թե կեղծ լուրերը:

ՀՌԿԿ-Հայաստանը Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից հարցում է իրականացրել է 1,499 բնակչի շրջանում և ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել նաև ապատեղեկատվությանը:

Հարցվածների 61%-ը լրատվամիջոցներում առկա ապատեղեկատվությունը երկրի համար շատ խնդրահարույց է համարել, իսկ 21%-ը՝ որոշ չափով խնդրահարույց։ Հարցվածների 85%-ը համոզմունք է հայտնել, որ կառավարությունը պետք է ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկի (տես ինֆոգրաֆիկները

Շահառու են ոչ միայն պաշտոնյաները, այլև` ԶԼՄ-ներն ու հասարակությունը

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ռազմավարությունը կյանքի կոչելու իրատեսականությունը գնահատելու համար մի քանի կարևոր հանգամանք է առանձնացնում: Առաջինն այն է, որ ռազմավարություն ասվածում պետք է ներգրավված լինեն ինչպես պետական կառույցներ, այնպես էլ ԶԼՄ-ներն ու հանրության տարբեր ներկայացուցիչներ:

«Սա բազմաշահառու նախագիծ է։ Եթե մենք լինեինք տոտալիտար երկիր, երևի թե ամեն ինչ կախված կլիներ միայն պաշտոնյաներից, բայց քանի որ այդպիսին չենք ու չենք էլ ձգտում դրան, շատ կարևոր է, որ բոլոր հետաքրքրված կողմերն ինչ-որ չափով ներգրավված լինեն պրոցեսում»,- ընդծում է փորձագետը:

Նա առանձնացնում է ներքաղաքական գերլարվածությունը, որը խոչընդոտներ է ստեղծում այս հարցում, կա նաև ընդհանուր պետական համակարգի մոտիվացվածության պակաս: Մարտիրոսյանը կարևորում է մշտական վերանայումների անհրաժեշտությունը, քանի որ իրավիճակն անընդհատ փոխվում է, և թղթի վրա գրվածը կարող է այսօր աշխատել, վաղը չաշխատել, եթե ճկուն ու դինամիկ համակարգ չձևավորվի:

«Եթե նույնիսկ շատ ստաբիլ երկրում ապրեինք, տեղեկատվական ոլորտն աշխարհում շատ արագ է փոխվում: Օրինակ, 2-3 տարի առաջ Տիկտոկը համարվում էր որպես դպրոցականների հարթակ, բայց այժմ Հայաստանում, առնվազն պետության տեսանկյունից, ամենավտանգավորն է դիտարկվում, եթե այսքան սոցցանցերից միայն դա արգելափակվեց», – հիշեցնում է փորձագետը:

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան  
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/11/2022