Միջազգային

Ֆեյսբուքը կողմ է, որ Դուք ունենաք գաղտնիքներ, բայց ոչ Ֆեյսբուքից

Կազմակերպությունը խստացրել է իր տվյալների արտաքին օգտագործման քաղաքականությունը, բայց միևնույն ժամանակ ընդարձակել տվյալների հավաքագրման իր սեփական պրակտիկան

Ֆեյսբուքը, որը փետրվարի 4-ին նշեց իր 15-ամյակը, անցած ամբողջ տարին ձեր «աչքերին թոզ էր փչում» անձնական տվյալներն ուրիշներից պաշտպանելու իր խոստումներով ու ներողություններով։

Ընկերությունը վստահեցնում է, որ որպես այդպիսին, չի վաճառում ձեր անձնական տվյալները գովազդային ընկերություններին, և որ դուք ինքներդ կարող եք որոշել, թե ինչ տվյալներով եք կիսվում այլ հավելվածներում: Ֆեյսբուքը շարունակում է վճարել և գովազդել իրեն՝ հավաստիացնելով, որ իր «սնդուկում» ձեր տվյալների ավելացումը (պատկերացրեք!) ձեր իսկ հսկողության տակ է: Բայց Ֆեյսբուքի գործունեությունը անգամ հիմա էլ թափանցիկ չէ: Պարզ չէ, թե ինչպես է այն հավաքագրում ձեր տվյալները և դանդաղ քայլեր  ձեռնարկում ավելին «ճանկելու» համար:

Ընկերությունը գիտի շատ ավելին, քան կարգավիճակների թարմացումներն են: Համացանցի միջոցով այն հետևում է մարդկանց, երբ նրանք օգտվում են այլ ընկերությունների կայքերից և հավելվածներից: Օգտագործում է IP հասցեները, որպեսզի թիրախային գովազդներ ուղարկի այն մարդկանց,  որոնք անջատել են իրենց հեռախոսների գեոլոկացիան: Ընկերությունում Անդրոիդ (Android) սարքերի օգտատերերի զանգերի և նամակների պատմության հավաքագրման դեպք էր գրանցվել: Այն նաև կուտակել էր այն մարդկանց դեմքի տվյալները, որոնք երբեք բիոմետրիկ նույնականացման համաձայնություն չէին տվել։ Իսկ հենց վերջերս ընկերությունը բռնվեց 13-ամյա երեխաների հեռախոսային գործունեությունը գաղտնի հետևելու համար: Փետրվարի 7-ին Գերմանիայի հակամենաշնորհային կանոնակարգը կհայտարարի եռամյա հետազոտության արդյունքները, ըստ որոնց պարզ կլինի, թե արդյո՞ք ընկերությունն ապօրինի է օգտագործել իր շուկայական ուժը՝ ստիպելով մարդկանց ինքնակամ կիսվել իրենց տվյալներով:

Եվ զարմանալի չէ, որ Ֆեյսբուքն ինքն է ցանկանում գաղտնիության վերաբերյալ տարբեր քննարկումներ կազմակերպել։ Անցած տարվա Սենատի հանձնաժողովի նիստում տված վկայությունում և «Ուոլ Սթրիթ» ամսագրի (Wall Street Journal) անցած ամսվա ակնարկում, Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը շեշտեց, որ ընկերության կողմից օգտատերերի տվյալների վաճառք տեղի չի ունեցել։ (Ի պատասխան այս պատմությունը մեկնաբանելու կոչին, Ֆեյսբուքն անդրադարձավ իր բիզնես մոդելի և այդ ակնարկի հետ կապված հարցերին)։ Սակայն, երբ խոսվում է գաղտնիության պայմանների մասին, այս հայտարարությունն իմաստային տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս։ Ֆեյսբուքն իսկապես վաճառում է իր հաճախորդներին այն տվյալները, թե ինչի վրա եք դուք ուշադրություն դարձնում, և ըստ այդմ առաջարկում է ձեզ այն գովազդները, որոնք կհավանեք՝ ենթադրելով ձեր առցանց վարքագծից։ Ինչքան քիչ տվյալներ է ընկերությունը վաճառում, ելնելով գաղտնիությունից կամ մեկ այլ բանից, այնքան ավելի շատ գումար կարող է պահանջել աշխարհով մեկ իր 2,7 միլիարդ օգտատերերից այդ տվյալներն օգտագործելու համար։

Ընթացիկ ծրագրով նախատեսվում է, որ Ֆեյսբուքը իրեն պատկանող այլ հավելվածների (Instagram, WhatsApp, Facebook Messenger) հաղորդագրութուն ուղարկելու ֆունկցիան կմիավորի մեկի մեջ, որպեսզի մարդիկ կարողանան ընտրություն կատարել, թե որ մեսենջերով են ուզում վարել իրենց նամակագրությունը: Ֆեյսբուքը նշում է, որ դա հնարավորություն կտա կոդավորել հաղորդագրություններն այնպես, որ միայն ուղարկողն ու ստացողը կարողանան տեսնել դրանք։ Միայն թե նա չի նշում, որ հնարավոր դարձնելով տարբեր հաշիվների միջոցով հաղորդակցվելը, կարող է ավելի հեշտությամբ բացահայտել, թե ով ով է. օրինակ՝ WhatsApp-ում նշված մի հեռախոսահամար և անանուն Instagram-յան մի էջ համապատասխանում են մեկ իրական ֆեյսբուքյան օգտատիրոջ հաշվին։ Հաստատելով օգտատերերի նույն ինքնությունը՝ այն կուժեղացնի Ֆեյսբուքի գովազդային բիզնեսը, հատկապես օգնելով թիրախ դարձնել այն մարդկանց, ովքեր սկսում են օգտագործել Ֆեյսբուքն ավելի քիչ և Instagram-ն՝ ավելի շատ։ Այն կարող է բացասական արդյունք ունենալ. օգտատերերը կշարունակեն տեսնել անվանական հավելվածներ, միաժամանակ Ֆեյսբուքը կարող է, օրինակ, խորհուրդ տալ ծնողներին հետևել իրենց «ծպտված» երեխաների անանուն Instagram-յան հաշիվներին։

«Դեռահասներին գաղտնալսելը հետազոտություն չէ, և երբեք չպետք է նման բան թույլ տալ»:

Հունվարի 30-ին, խոսելով ներդրումներից եկած շահույթի մասին, Ցուկերբերգը չժխտեց հավելվածների օպերացիոն գործընթացների միաձուլման կոմերցիոն շահութաբերությունը։ Նա ուղղակի ասաց. «Այստեղ ուշադրությունն այնքան էլ կենտրոնացած չէ»։

Ֆեյսբուքը հաճախակի է շահարկում անվտանգությունն ու գաղտնիությունը՝ արդարացնելով այն փոփոխությունները, որոնք ընկերությանն այլ ճանապարհներով շահույթ ստանալու հնարավարություն են տալիս։ Անցած տարի, Ցուկերբերգը ասել էր Կոնգրեսին, որ իր թիմը համացանցով մեկ պետք է հետևի ոչ-օգտատերերին՝ (nonusers) անվտանգության կասկածելի նպատակներից ելնելով և միայն հետո ընդունեց, որ նաև օգտագործում է այդ տվյալները նրանց ֆեյսբուքյան գովազդի թիրախ դարձնելու համար։ Վերջերս ընկերությունն ազատվեց այն գործիքներից, որոնք արտաքին ծրագրավորողներին թույլ էին տալիս իր օգտատերերի բազայից ավտոմատ հավաքել հրապարակային ինֆորմացիան։ Չնայած այն կարող է կանգնեցնել տվյալներից ապօրինի օգտվողներին, բայց այն նաև խոչընդոտում է հետազոտողներին և լրագրողներին ուսումնասիրել քարոզչության ազդեցությունը համացանցում։ Հունվարին Ֆեյսբուքի կատարած փոփոխությունների արդյունքում՝ քաղաքական գովազդների տվյալների բազան, որը բացահայտել էին “ProPublica”-ի հետաքննող լրագրողները, դարձավ ոչ կիրառելի: Այժմ ինֆորմացիայի միակ աղբյուրը Ֆեյսբուքի սեփական արխիվն է։

Երբ ընկերությունը վերանայում և փոփոխում է իր սեփական գաղտնիության կանոնները, դա կարող է հակասություն առաջացնել մյուսների գաղտնիության կանոնների հետ։ Հունվարի 29-ին Ֆեյսբուքը խոստովանեց, որ վճարել է դեռահասներին՝ նրանց հեռախոսների գործունեությանը հետևելու համար։ Ծնողների համաձայնությունը ձեռք էր բերվել օնլայն ձևաթղթում դրոշակ դնելու տեսքով։ Դեռահասների հեռախոսների միջոցով Ֆեյսբուքը հնարավորություն ստացավ տեսնելու, թե ինչ են խոսել նրանք ընկերների հետ՝ առանց այլ կողմերի իմացության։ Apple ընկերությունն արգելափակեց այդ հետազոտական հավելվածը, քանի որ այն հակասում էր հեռախոս արտադրողների վարած քաղաքականությանը։ Ֆեյսբուքն ընդունեց, որ խախտում է Apple-ի կանոնները, բայց չընդունեց, որ հավելվածը ինչ-որ ծածուկ բան է անում։ Գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը (Sheryl Sandberg) Բլումբերգ հեռուստաալիքով (Bloomberg Television) ասաց, որ ընկերությունը ստացել է բոլորի համաձայնությունը, և որ «կարևորն այն է, որ մարդիկ գիտեն, թե ինչպես է նրանց ինֆորմացիան օգտագործվում»։

Մի բացառությամբ՝ նրանք չեն կարող դա իմանալ։ Ֆեյսբուքն իր հետազոտական հավելվածից օգտվողներին հրահանգավորեց, թե ինչպես պետք է ընկերությանը «ամբողջական մուտքի հնարավորություն» տան։ Ահա թե ինչ է դա նշանակում, և ինչը հատկապես չնշվեց հրահանգավորման մեջ. Ֆեյսբուքը կարող էր տեսնել հեռախոսներից և հեռախոսներին ուղարկված բոլոր տվյալները Wi-Fi-ի կամ բջջային ցանցերի միջոցով, ասում է Guardian Mobile Firewall-ի գլխավոր տնօրեն Ուիլ Սթրաֆաքը (Will Strafach), որն ուսումնասիրել է Ֆեյսբուքի աշխատանքի տեխնիկական կողմերը։ Ըստ նրա՝ հետազոտական հավելվածը հիմնականում աշխատում էր որպես միացման կոճակ: Այսինքն, երբ դեռահասը բացում է հավելվածը, Ֆեյսբուքը իր սերվերների միջոցով լիարժեք վերահսկողություն է ստանում: «Եթե դա ինձ հունից չհաներ, ես մեծ ակնածանքով կխոսեի այն մասին, թե ինչ լավ են նրանք դա մտածել»,- նշում է Սթրաֆաքը։ «Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչ են նրանք արդեն հասցրել հավաքել»։

Միջադեպը նոր հարցադրումների ալիք առաջ բերեց ԱՄՆ-ի օրենսդիրների շրջանում, որոնք սկսեցին հասկանալ, որ գաղտնիության հետ կապված ստուգումները պետք է տարածվեն նաև Ֆեյսբուքի հավաքած տվյալների վրա։ «Դեռահասներին գաղտնալսելը հետազոտություն չէ, և երբեք չպետք է նման բան թույլ տալ»,-ասում է Քոնեքթիքութի (Connecticut) սենատոր Ռիչարդ Բլումենթալը (Richard Blumenthal)՝ պալատում Սպառողների պաշտպանության ենթահանձնախմբի ամենից բարձրաստիճան դեմոկրատը։ Այս ամենի հետ մեկտեղ, «ստոր պահվածքի» հետևանքով ոչ մի օրենք չի խախտվել։ Եվրոպան այս հարցում մեկ քայլ առաջ է. նախորդ տարի ընդունված «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի» համաձայն՝ Ֆեյսբուքը պարտավորվում է ավելի պարզ ներկայացնել, թե ինչ տվյալներ է հավաքում և ինչու են օգտատերերը սեղմում OK կոճակը, երբ ուզում են ստանալ այդ հավաքված տվյալները։ Իռլանդիայի իշխանություններն արդեն իսկ 7 հետաքննություն են սկսել Ֆեյսբուքի վարած մարտավարության առնչությամբ։ Եթե ընկերությունը օրինախախտում թույլ տա, այն կարող է տուգանվել առավելագույնը իր համաշխարհային շահույթի 4%-ի չափով։

Իհարկե, դժվար է պատկերացնել որևէ կարգավորող մեխանիզմ, որը կգանձի բավականաչափ մեծ տուգանք՝ այս տվյալների ծարավ ընկերության բիզնես-մոդելը խարխլելու համար, որը նախորդ տարի ունեցել է 21.7 միլիարդ դոլարի շահույթ։ Եվ քանի դեռ Ֆեյսբուքը չի ցանկանում սահմանափակել տվյալների հավաքագրումը, մենք բոլորս քիչ հնարավորություն կունենանք ընտրելու, թե ինչով կիսվել։

 

Հեղինակ՝ Սառա Ֆրայեր, Բլումբերգ

Հայերեն թարգմանությունը` Անի Գանջալյան և Մերի Գևորգյան

Բլումբերգում հրապարակվել է Փետրվարի 7, 2019 թ.

Բնօրինակն այստեղ` Bloomberg.com

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/02/2019