Հե´յ, եվրո: Մի պահ թվում էր կործանումդ անխուսափելի է: 2012թ. պարտքերի ճգնաժամի ընթացքում, երբ Հունաստանում պայթունավտանգ իրավիճակ էր, Իսպանիայի բանկերը ճոճ էին գալի, իսկ գերմանացիները հարցնում էին, թե ինչո՞ւ պետք է իրենք հաշիվը փակեն, տեղի էին ունենում լուրջ ցնցումներ: Միասնական եվրոպական արժո՞ւյթ: Հիշեցրե՛ք, խնդրում եմ, ըստ էության ի՞նչ ընդհանուր բան ունեն եվրոպացիները: Փլուզումից հազիվ խուսափած Հունաստանն ու եվրոն կիսող երկրների դեռևս տեղում դոփող տնտեսական աճը պարբերաբար հիշեցնում են, թե որքան խնդիրներ է այն առաջացնում: Բնականաբար հարց է ծագում՝ կարո՞ղ է արդյոք աշխարհի ամենահավակնոտ ֆինանսական փորձառությունը գոյատևել:
Իրավիճակ
Մեծ Բրիտանիան ուժեղ հարված հասցրեց Եվրոպական Միությանը, երբ հունիսի 23-ի հանրաքվեով քվեարկեց այս միավորումից դուրս գալու օգտին: Սա, հավանաբար, լրացուցիչ խնդիրներ կստեղծի եվրոյի հետագա կայունության և ԵՄ մյուս 27 անդամ-պետությունների համար: Բրիտանացի քվեարկողների անակնկալ որոշումից հետո եվրոն ստեղծման պահից ի վեր առավելագույն արժեզրկված դիրքում է հայտնվել: 2015թ. հուլիսին Հունաստանն անսաց եվրոգոտու առաջնորդների` 5-ամյա ժամկետով երրորդ ֆինանսական աջակցություն ստանալու և միասնական արժույթի մաս մնալու պահանջներին: Ամիսներ շարունակ ուժգնացող անհամաձայնությունը և Գերմանիայի ավելի խիստ մոտեցում ցուցաբերելու վճռականությունը հանգեցրել էին անվստահության մթնոլորտի, թե հնարավոր է որևէ լուծում գտնել: Սակայն հունական բանկերից կանխիկացված գումարների հաշվետվությունները կառավարությանը ստիպեցին վարկատուներին լռեցնել, փակել արժեթղթերի շուկան և պարտադրել կապիտալի վերահսկում: Հունական անախորժություններից զատ, Ֆրանսիան ու Իտալիան էլ իրենց հերթին ստիպեցին ԵՄ-ը՝ մեղմել կանոնները և ազատ գործելու ավելի շատ հնարավորություն տալ, որպեսզի ծախսերն ավելացնելու միջոցով հնարավոր լինի օգնել այս երկրներում անկում ապրող տնտեսությանը: Եվրոգոտում գործազրկությունը վերջին 3 տարիների ընթացքում հասել է գրեթե 12%-ի, որի 1/5-րդը երիտասարդներ են, ովքեր ի վիճակի չեն աշխատանք գտնել: Խթանելու նպատակով, Եվրոպական կենտրոնական բանկն իր տեսակի մեջ առաջին խոշոր բանկն էր, որ կիրառեց բացասական տոկոսադրույքներ՝ 2014թ. հունիսին առանցքային տոկոսադրույքը սահմանելով զրոյից ցածր: Այս ժգնաճամը մեծ աղմուկ հանեց ողջ մայրցամաքով ի աջակցություն ԵՄ դեմ բողոքող կուսակցությունների:
Աղբյուր՝ EUROPEAN COMMISSION FORECASTS AS OF MAY, 2016
Պատմական ակնարկ
ԵՄ նախնական մոդելը ստեղծվեց 1958թ., քանի որ մայրցամաքի առաջնորդները սպառնում էին կրկին պատերազմ սկսել: Եվրոն ծնունդ առավ դրանից 41 տարի անց, երբ 11 երկրներից բաղկացած միությունը հրաժարվեց ֆրանկից, մարկից և լիրայից և իր տոկոսադրույքների վերահսկողությունը հանձնեց մի նոր կենտրոնական բանկի: Միասնական արժույթի սանդղակը ավելի հասանելի դարձրեց համաշխարհային շուկաները և ապահովեց փոխարժեքի կայունություն: Դա, այնուամենայնիվ, չպարտադրեց միասնական ֆինանսական կարգուկանոն. քաղաքական գործիչները տապալեցին բանկային կանոնակարգին և պետական ծախսերին միտված միասնական մոտեցումը` խուսափելու համար պետական ինքնիշխանությունը կորցնելուց: Իսկ որոշ կանոններ էլ անտեսվեցին: Ճգնաժամը, որը ծնկի բերեց եվրոյին, վրա հասավ 2009թ-ին` համաշխարհային վայրիվերումների ընթացքում, երբ Հունաստանը ընդունեց, որ իր բյուջեյի դեֆիցիտը կանխատեսվածից 2 անգամ ավել է լինելու: Ներդրողները սկսեցին ինքնարժեքից ցածր գներով վաճառել ամենից շատ պարտքեր ունեցող պետությունների ակտիվները և կտրուկ աճող ակտիվներ փոխառել: Միասնական եվրոն անհնար դարձրեց համեմատաբար թույլ տնտեսությունների արժույթների արժեզրկումը`սահմանափակելով վերականգնման ընտրանքները: Քաղաքական գործիչները շտապեցին ֆինանսական օժանդակություն տրամադրել Հունաստանին, Պորտուգալիային և Կիպրոսին, ինչպես նաև փրկել Իսպանիայի բանկերին: Խուճապը եվրոյի կործանման շուրջ մտավախությունների տեղիք տվեց, քանի որ փոքր բանկերն ակնհայտ դարձրին միասնական արժույթի խոցելիությունը: Կրքերը հանդարտվեցին 2012թ. հուլիսին, երբ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին խոստացավ անել «հնարավոր ամեն բան»՝ պահպանելու միասնական արժույթը:
Փաստարկ
Եվրոգոտու ղեկավարները պնդում են, որ միասնական արժույթն այժմ ավելի ուժեղ է դիմակայելու այնպիսի ցնցումների, ինչպիսին ԵՄ կազմից Բրիտանիայի պոտենցիալ ելքն է: Ըստ նրանց, եթե նույնիսկ Հունաստանը հրաժարվեր եվրոյից, միևնույնն է արժույթը կգոյատևեր: Նոր համակարգերն ակտիվացվել էին այն պահից, երբ պարտաքային ճգնաժամը կենտրոնացվել էր բանկային վերահսկողության տակ և կառուցվում էր արգելապատնեշներ տագնապած պարտապանների ու հարկատուների միջև: Այս միջոցառումները դեռևս բավարար խորքային չեն: Առավել ամուր միություն ունենալու առաջարկները, այդ թվում՝ պետական բյուջեների ուժեղացված վերահսկողություն և պարտքերի միավորում, չեն իրականացվել, իսկ եվրոյի ոչ կատարյալ լինելը կարող է ևս մեկ ճգնաժամի առիթ դառնալ: Ու թեև այժմ Հունաստանի եվրոյից հրաժարվելը ավելի քիչ համակարգային ռիսկ է ստեղծում, քան 2012թ. էր, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինեն տնտեսական և քաղաքական հետևանքները: Միության կազմում ընդգրկված երկրների միմյանցից տարբերվող ուղիները առաջնային մարտահրավեր են դառնում ԵԿԲ-ի համար: Վերջինս մտահոգված է, որ հավելյալ պատճառները կարող են խաթարել ջանքերը` դանդաղկոտներին ստիպելու կատարել վճարումներ: էքզիստենցիալ կասկածները միասնական արժույթի շուրջ շարունակվում են:
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- QuickTake –ի անդրադարձը ԵՄ-ը լքելու վերաբերյալ Բրիտանիայի հանրաքվեի մասին:
- Բերենբերգը գնահատում է Բրեգզիթից հետո դոմինոյի էֆեկտի հնարավորությունը:
- «Բլումբերգի» կանխատեսումն այն մասին, որ Բրեգզիթի առաջին 100 օրը խոստանում է քաոս, տագնապ և վնասի սահմանափակում:
- «Թելեգրաֆում» և «Էկոնոմիստում» հրապարակված հոդվածներ` ԵՄ համար Բրեգզիթի հետևանքների մասին:
- Bloomberg Intelligence –ը հետևել է, թե ինչ խնդիրներ կան եվրոգոտում, և թե ինչպես դրանք շտկել:
Ամփոփեց Իան Ուիշարթը
Աղբյուր` Bloomberg.com
Հրապարակվել է` 12/07/2016