Էկոլոգիա Տնտեսություն

Արևը ջերմացնում է․․․ նաև տնտեսվարողների դրամապանակը

էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետությունը Հայաստանում

Գործարանի հսկայածավալ տանիքներն օգտագործելու և այնտեղ ինքնավար արևային ֆոտովոլտային էլեկտրակայան տեղադրելու մասին գործարար Դավիթ Կասամանյանը շուրջ 3 տարի մտածում էր։ Գործի անցավ նախորդ տարի, ու այժմ ընկերության տանիքները հեռվից կարելի է նկատել՝ տեղադրված բազմաթիվ վահանակներով։ Ագրովերամշակմամբ զբաղվող ընկերությունը բավականին շատ էլեկտրաէներգիա է ծախսում, և էներգիայի այլընտրանքային աղբյուրը նրանց պետք էր օդ ու ջրի պես։

ՄԱՊ ընկերության արևային կայաններ

Կասամանյանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ էր, ինչ զգացել էին էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր ունենալու հրամայականը, քանի որ ընկերության արտադրության ամբողջ փուլն իրականացվում է էլեկտրաէներգիայի ահռելի ծավալ սպառելով։ Իսկ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար փոփոխվում են՝ անընդհատ։ Ուստի ամեն կերպ դիտարկում էին ծախսը քչացնելու հնարավորությունները։ Ուսումնասիրելով տարբեր երկրների բիզնեսների փորձը, թե ինչ այլընտրանքային աղբյուրներ են նրանք օգտագործում, ի վերջո կենտրոնացել են արևային ֆոտովոլտային կայանների վրա։

Դավիթ Կասամանյան, ՄԱՊ ընկերություն

«Մեր դեպքում արևային կայան ունենալն ամենահավանական ու հարմար տարբերակն է։ Մի ընկեր ունեի, որն արդեն տեղադրել էր նման կայան և շատ գոհ էր։ Շատ հարցուփորձ արեցի, էլի դիմեցի տարբեր ընկերությունների, հետո մի պահ սառեց ցանկությունս։ Ավելի ուշ լավ առաջարկ եղավ. կանաչ, վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող ծրագրեր կային, որոնք աջակցություն էին տրամադրում։ Այդպիսով հետգնման ժամկետները կրճատվում էին, ու արդեն որոշում կայացրեցինք, որ պետք է տեղադրվի»,- պատմում է ՄԱՊ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Կասամանյանը։ Նախագծի իրականացումը շուրջ կես տարի է տևել՝ տեխնիկական առաջադրանք, նախագիծ, պատվեր, կայանի տեղադրում։ 2022-ի մայիսի վերջից արդեն աշխատում է։

550 ԿՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար կայան է, որը նախորդ 4-5 ամիսներին օգտագործելուց հետո համոզվել են, որ իրեն ամբողջությամբ արդարացրել է։

Արևային համակարգի միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի հզորությունը համարում են դրվածքային հզորություն, քանի-որ կախված արևի ինտենսիվությունից, ամպամածության ու մառախլապատության աստիճանից և այլ բնական երևույթներից, տեղադրված արևային համակարգը կարտադրի տարբեր քանակի էլեկտրաէներգիա։

Դավիթ Կասամանյանը վստահ ասում է՝ եթե իրենից խորհուրդ հարցնեն, թե արժե՞ արդյոք բիզնեսում օգտագործել նման տեխնոլոգիաներ ու հնարավորությունները, ապա պատասխանը միանշանակ դրական է։

Ամեն դեպքում, նշում է նա, ի սկզբանե պետք է որոշ բաներ հաշվի առնել ու հիշել, որ չկա 100%-ոց երաշխիք։ Բիզնեսում միշտ էլ կա ռիսկի գործոնը, բայց ոլորտը բիզնեսի համար շատ հետաքրքրական է։

ԱՄՆ էներգետիկ ինֆորմացիոն գործակալության տվյալների համաձայն՝ 2006-2030-ին օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալները կաճեն 44%-ով՝ կապված զարգացող երկրներում օրեցօր մեծացող պահանջարկի, ինչպես նաև՝ էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների ոլորտի զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի հետ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2050-ը համաշխարհային էներգիայի պահանջարկը կմեծանա 1,5 անգամ՝ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը կկրկնապատկվի:

Բացի դրանից՝ կանխատեսվում է, որ մոլորակի բնակչությունը մինչև 2050-ը կաճի ևս 1,7 միլիարդով, ինչը նույնպես կհանգեցնի էներգիայի մեծ պահանջարկի: Այս ամենի արդյունքում կանխատեսվում է, որ էներգակիրների գները գնալով կբարձրանան:

Հայաստանն այլընտրանք կարծես չունի

Հայաստանը բացառություն չէ և պարտավոր է հետևել համաշխարհային այս տենդենցներին, քանի որ մենք հարուստ չենք ածխաջրածինների պաշարներով: Մեր տնտեսական կայուն զարգացման համար նույնպես անհրաժեշտ է էներգիա, որի կարևորությունը գիտենք ոչ թե գիտնականների խոսքերից կամ միջազգային կառույցների զեկույցներից, այլ զգացել ենք մեր մաշկի վրա 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ:

Նշված միտումները դիտարկելով և վերլուծելով էլ՝ դեռևս 6 տարի առաջ գործարար Վարդան Գևորգյանը որոշեց դիվերսիֆիկացնել իր ընկերության սպառած էլեկտրաէներգիայի ծախսերն ու դիտարկել գործարանի տանիքում արևային ֆոտովոլտային կայան տեղադրելու տարբերակը։

Շուկային, պայմաններին, հնարավորություններին, պետության կողմից իրականացվող տարբեր խթանիչ միջոցառումներին ծանոթանալուց հետո «ԳեպոՏանիք» ընկերության հիմնադիր-տնօրենը որոշեց տեղադրել կայանը։


Արևային կայաններ

«Հաշվեցինք, թե ամսական ինչքան ենք ծախսում, և այդ հաշվարկներով այն ժամանակ տեղադրեցինք 42 ԿՎտ հզորությամբ ինքնավար կայան։ Տեղադրման ժամանակ այդքանն ինձ բավարար էր։ Հաշվարկներն արդարացան, քանի որ մեր ընկերության պարագայում ամռանը ծածկում է ողջ պահանջարկը, ձմռանը՝ մի քիչ չի հերիքում. ջեռուցման համար շատ էլեկտրաէներգիա է օգտագործվում։ Չնայած՝ առաջին տարիներին այդ ծախսն էլ էր փակում, քանի որ այդքան շատ գրասենյակային հատված չկար։ Ամեն դեպքում իրեն արդարացրել է։»,- պատմեց Վարդան Գևորգյանը։

«Գեպոտանիք» ընկերությունն իր ինքնավար արևային կայանը տեղադրել է լիզինգային միջոցների ներգրավմամբ: Գևորգյանն ասում է, որ արևային կայանի տեղադրումից հետո տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի ծախսի համար խնայողության հաշվին մարել է լիզինգի տարեկան գումարը։ Հիմա մնացել է 1 տարի՝ լիզինգն ամբողջությամբ մարելու համար, իսկ դրանից հետո կայանն արդեն կդառնա ընկերության սեփականությունը։

Հայաստանում 1ք.մ մակերեսի վրա տարեկան միջինը մոտ 1700 կՎտ/ժ էլեկտրաէներգիա կարող է արտադրվել, ինչը ավելի քան մեկուկես անգամ շատ է եվրոպական միջին ցուցանիշներից (միջինը 1000 կՎտժ):

Հայաստանի տարածքի շուրջ 25%-ն օժտված է արևային էներգիայի բավականին մեծ պոտենցիալով, ինչը չափազանց գրավիչ է դարձնում այս համակարգերի կիրառումը կենսագործունեության տարբեր ասպարեզներում՝ առօրյա կենցաղային խնդիրները լուծելուց սկսած մինչև բիզնես՝ սեփական կարիքները մասամբ կամ ամբողջովին բավարարելու համար։

Ոլորտն արդեն իսկ դարձել է շահավետ արևային ֆոտովոլտային կայաններով էներգիայի արտադրության բիզնես վարելու տեսանկյունից: Հատկապես այն բանից հետո, երբ մեր երկրում ոլորտը հռչակվեց գերակա, ստեղծվեց օրենսդրական և իրավական կարգավորումների մի ամբողջական փաթեթ, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն կիրառել տեխնոլոգիաները:

Արևային քարտեզները հուշում են, թե որքան հարուստ է Հայաստանը արևի էներգիայով

Քարտեզների աղբյուրը՝ Globalsolaratlas.info

Շուկայի ազատականացումը՝ նոր խթան

Վերոնշյալ զարգացումներից հետո, վերջին 2-3 տարիների ընթացքում բուռն զարգացում ապրեց մինչև 500 կՎտ հզորությամբ՝ սեփական կարիքների բավարարման համար կառուցված ինքնավար արևային ֆոտովոլտային կայանների ուղղությունը։

ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն՝ արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրական էներգիայի արտադրության մասնաբաժինը մինչև 2030-ը նախատեսվում է հասցնել 1000 ՄՎտ–ի։

Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզավորված գործունեության ընդլայնմանը զուգահեռ, հանրապետությունում լայն թափ է ստացել վերականգնվող էներգառեսուրսների կիրառմամբ ինքնավար էներգաարտադրությունը: Ինքնավար էներգաարտադրությունը սպառողին հնարավորություն է տալիս առանց գործունեության լիցենզիա ստանալու՝ արտադրելու և սպառելու էլեկտրական էներգիա՝ միաժամանակ ավելցուկն առաքելով բաշխման ցանց՝ հաշվարկային տարվա ընթացքում այն սպառելու կամ, հակառակ պարագայում, համապատասխան փոխհատուցում ստանալու հնարավորությամբ:

2016–2021-ին ինքնավար էներգաարտադրության գործընթացին առնչվող ամբողջական և խթանող կարգավորումների ներդրումից հետո բաշխման ցանցին է միացել շուրջ 9505 ինքնավար էներգաարտադրող՝ շուրջ 188,041 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։

Էլեկտրաէներգիա արտադրող ինքնավար արևային կայանն ազատություն, նաև՝ որոշակի անկախություն է տվել անձեռոցիկների, հիգիենայի ու կենցաղային ապրանքների արտադրությամբ զբաղվող «Սոֆտ Պապիրուս» ընկերությանը։

«Արդեն 3 տարի է, օգտագործում ենք։ 140 Կվ հզորությամբ է մեր կայանը։ Այս ընթացքում համարյա ամբողջությամբ տարվա ծախսը փակում է։ Մոտավորապես 6-6,5 միլիոն դրամի խնայողություն է ապահովում։ Այիսնքն՝ այդքան որ պետք է ծախսեինք էլեկտրաէներգիայի համար, չենք ծախսում։ Համակարգը տեղադրվել է վարկային միջոցներով, վարկն ենք մարում, բայց, ամեն դեպքում, ձեռնտու է»,- ասում է «Սոֆտ Պապիրուս» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանը։

Տիգրան Կարապետյան, «Սոֆտ Պապիրուս» ընկերություն

 

Տարվա մեջ երկու անգամ են հոսանքի գումար մուծում՝ փետրվարին և հունվարին, իսկ մնացած բոլոր ամիսներին կարիքներն ամբողջությամբ հոգում է։ Այդ շրջանում՝ հունվար-փետրվարին, կախված եղանակային պայմաններից, կայանը գրեթե հոսանք չի արտադրում՝ իր հզորության 15-20 տոկոսի չափով է աշխատում։ Այսուհանդերձ, ավելցուկ ունենում են։ Օրինակ՝ այս տարի միայն մայիսին ավելցուկ շուրջ 1,5 մլն դրամի հոսանք են ունեցել։ Ընդ որում, 2022-ին շուկան ազատականացրել են, եթե ավելցուկ հոսանքը կարողանան ավել գնով վաճառել, կարծում են, էլեկտրաէներգեիայի ծախսը զրոյականով կփակեն։

«Եթե նախկինում 25 դրամով էինք վաճառում 1Կվտ/ժամ էլեկտրաէներգիան, ազատ շուկայի պայմաններում 32-33 դրամով գնողներ կան, ուրեմն ավելի լավ կլինի»,- նշում է Կարապետյանը։

2022 թվականի մայիսի 1–ից է մեկնարկել նոր փոփոխությունների փուլը՝ «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» կատարված փոփոխությունների համաձայն։ Նոր կարգավորումը երկու նորույթ բերեց․ նախ՝ ինքնավար էներգաարտադրողներին այն հնարավորություն է տալիս՝ ինքնավար էներգաարտադրության շրջանակում ձևավորել խմբեր և դրանցում ընդգրկել այլ ինքնավար էներգաարտադրողների և սպառողների։ Երկրորդ՝ հոսանք արտադրել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր կետերում և սպառել՝ նույնպես տարբեր կետերում: Միևնույն ժամանակ՝ որոշակի փոփոխություններ են կատարվել նաև ինքնավար կայանների հզորությունների, ՀԷՑ-ի կողմից դրանցում արտադրված էլեկտրաէներգիայի դրական մնացորդների փոխհատուցման գների առումով և այլն։

Մինչև 2022-ի մայիսի 1-ը, «Էներգետիկայի մասին օրենքով», ինքնավար կայանների հզորության առավելագույն շեմը սահմանված էր 500 ԿՎտ։ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի հավելվածով սահմանված էր ինքնավար էներգաարտադրության շրջանակում փոխհոսքերի կարգը։ Մայիսի 1-ից այս օրենքի հավելվածը ճանաչվեց ուժը կորցրած, և դաշտն ամբողջությամբ վերապահվեց «Էներգետիկայի մասին» օրենքի կարգավորմանը, որով ինքնավար կայանների հզորության առավելագույն սահմանաչափ սահմանվեց 150 ԿՎտ՝ յուրաքանչյուր միացման կետի համար։ Այսինքն, եթե տնտեսվարողը տարբեր մարզերում ունի ցանցային բիզնես, յուրաքանչյուր միացման կետում 150 ԿՎտ-ը թույլատրելի է։


Կարդացեք նաև․ Վերականգնվող էներգետիկան Հայաստանի համար անգնահատելի արժեք


Ինքնավար խմբի գաղափարը, ինչպես պարզաբանեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության բաժնի պետ Սևակ Բաբայանը, իր գաղափարախոսությամբ շատ նման է կոլտնտեսության գաղափարին։ Ինքնավար խմբի մեջ մտնում են ինչպես ինքնավար արտադրող, այնպես էլ չարտադրող սպառողները, բայց խմբի հիմնադիրը պետք է լինի արտադրող-սպառող։

«Ինքնավար խմբի համար նախատեսված է 1050 ԿՎտ առավելագույն հզորություն։ Եթե դիտարկում ենք, որ խմբում կա 7 սպառող, ապա, ասենք, 7 անգամ 150ԿՎտ-ի գաղափար է դրված հիմքում։ Իհարկե, այդ 7-ը դոգմա չէ, այլ կարող են լինել 1050-ի տարբեր կոմբինացիաներ, միայն թե խմբի յուրաքանչյուր սպառող չի կարող գերազանցել 150 ԿՎտ-ը»,-ասում է Բաբայանը։

Շատ կարևոր է մի փաստ արձանագրել, մեկնաբանում է նա, որ թե՛ ինքնավար խմբի պարագայում, թե՛ անհատ ինքնավար արտադրողի պարագայում այնպես չէ, որ միանգամից 150ԿՎ հզորություն կարելի է տեղադրել։ Օրենքն ասում է՝ ինքնավար արտադրողի կայանքների հզորությունը պետք է լինի իր սեփական՝ մատակարար-սպառող պայմանագրում ամրագրված հզորությունը, բայց ոչ ավել, քան 150ԿՎտ։ Այսինքն՝ եթե ՀԵՑ համակարգում դուք տեսանելի եք որպես 15ԿՎտ սպառող, ուրեմն դրանից ավել հզորություն չեք կարող տեղադրել։ Եթե մարդը 120ԿՎտ-ի սպառող է, դրանից ավել չի կարող տեղադրել։ Իսկ եթե ենթադրենք, 300ԿՎտ հզորություն է իրեն անհրաժեշտ՝ սեփական կարիքների համար, միևնույն է՝ 150ԿՎտ-ից ավել չի կարող տեղադրել։

«Նույն բաժանորդը նույն բաժանորդային քարտով, եթե սեփականության, կամ օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքով ունի տարածքներ, ենթադրենք՝ տներ և այլն, կարող է օգտվել էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և տարբեր կետերում սպառելու իր իրավունքից։ Ֆիզանձը կամ իրավաբանական անձ լինելը էական չէ։ Ենթադրենք, կա մարդ, ով ունի 4 կամ 5 տուն, որոնցից 3-ում ունի հնարավորություն տեղադրելու նման կայաններ, կարող է իրեն հարմար հասցեում տեղադրել ինքնավար կայան և մնացած բոլոր հասցեներում սպառել։ Հաշվառման մոտեցումները ամբողջությամբ նույնն են»,- պարզաբանեց Սևակ Բաբայանը։

Ամեն դեպքում՝ օրենսդրական դաշտն ու ընդհանուր պայմաններն այս ոլորտում համեմատաբար նպաստավոր են համարվում, ինչի արդյունքում վերջին 5 տարիներին ինքնավար կայանների թիվն ու ընդհանուր հզորությունը էականորեն աճել ու զարգացում է ապրում։ Համենայն դեպ՝ դա են ցույց տալիս ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված պաշտոնական թվերը։

Տեխնիկական նորմերը պետք է հստակեցվեն

Այսպիսով, մայիսի 1-ից ՓՄՁ-ի կողմից ինքնավար կայաններ տեղադրելու պայմաններն ավելի խստացվեցին՝ իջեցվեց առավելագույն հզորության սահմանաչափը, փոփոխություններ եղան դրական մնացորդի դեպքում կիրառվող սակագների մեջ և այլն։ Իհարկե, բոլորն էլ նշում են, որ ինքնավար կայաններն, ինքնին, բիզնեսի համար լավ գործիք են՝ օգնում են տնտեսվարողներին ծախսերը որոշակիորեն նվազեցնել, սակայն նաև կան խնդիրներ, որոնց չի կարելի ուշադրություն չդարձնել։

Ինչպես մատնանշում է «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, էներգետիկ Հովհաննես Կարապետյանը, իրականում 150 Կվտ-ն այնպես չէ, որ քիչ է։ Կան երկրներ, որտեղ ավելի քիչ սահմանաչափեր են կիրառվում։ Սակայն 150 ԿՎտ-ը նաև բավարար չէ անգամ նորմալ միջին ձեռնարկությունների կարիքներն ապահովելու համար։ Այսինքն՝ այն ավելի հարմար է փոքր ձեռնարկություններին։

Հովհաննես Կարապետյան, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ

«Սրանով քայլ արվեց, որ էլեկտրաէներգիայի միջին և բարձր ծախս ունեցող ընկերությունները ուզած-չուզած մտնեն շուկա։ Այսինքն՝ կա՛մ ընտրեն մատակարար, կա՛մ եթե չընտրեն, ստիպված են լինելու օգտվել երաշխավորված մատակարարի առաջարկած ծառայություններից, որն ինքն իրենով ենթադրում է էլեկտրաէներգիայի բավականին բարձր սակագին։ Այսինքն՝ մի կողմից կարծես փորձում ենք նպաստել շուկայի աշխուժացմանը, մյուս կողմից՝ այն տնտեսվարողները, որոնք չեն կարողանա ճիշտ կողմնորոշվել, ստիպված են լինելու օգտվել երաշխավորված մատակարարի ծառայություններից՝ արդեն բավականին թանկ վճարելով»,- ասում է Հովհաննես Կարապետյանը։

Նա նաև նշում է արևային էլեկտրակայանների գործարկման առումով մի քանի տեխնիկական խնդիր։ Հայաստանում, ցավոք, ոլորտը չի կանոնակարգվում տեխնիկական նորմերով։ Դրա հետևանքով այսօր կան տեղադրված կայաններ, որոնք չի կարելի ասել, թե համապատասխանում են տեխնիկական բոլոր նորմերին։ Նման կայանները, բնականաբար, ունենում են խնդիրներ, և այդ խնդիրները տարեցտարի շատանալու են։ Դրա համար Կառավարությունը որոշակի տեխնիկական կանոնակարգ պետք է մշակի և պարտադրի գործող ընկերություններին։

Ամփոփելով, նշենք, որ անգամ փոփոխված՝ ավելի խստացված պայմաններում տնտեսվարողները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել ինքնավար արևային կայանների տեղադրման հարցում։ ՀԾԿՀ-ի տվյալների համաձայն, 2022-ի նոյեմբերի 1-ի դրությամբ, հաստատվել է ևս 621 ինքնավար կայանի տեղադրման տեխնիկական պայման՝ 12,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, այսինքն, դրանք այժմ տեղադրման փուլում են։

Հեղինակներ՝ Գևորգ Ավչյան, Լիլիթ Գալստյան

Ձևավորումը՝ Անուշ Բաղդասարյանի

Նյութի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ampop.am կայքի խմբագրության տեսակետները։

Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Тhis journalistic research is part of the project “Overcoming divisions through exchange and research” by Berlin Journalism School, supported by the German Federal Foreign Office within the program “Strengthening cooperation with civil society in the Eastern Partnership countries”

#CivilSocieteyCooperation

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/12/2022