ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2018թ․գրանցվել է ավելի քան 3000 կնոջ անպտղություն, որոնցից 1205-ը հայտնաբերվել է տվյալ տարում։
Վերջին տասը տարիների ընթացքում կանանց մոտ գրանցված անպտղության թիվը Հայաստանում աճել է 19%-ով։
Սակայն միայն գրանցված անպտղություն ունեցող կանանց թվով Հայաստանում անպտղության առկա վիճակի ամբողջական պատկերը հստակ չէ։
Ավելի վաղ՝ 2014թ․կատարված հարցումների արդյունքներով կանանց անպտղությունը կազմել էր 14.9%, տղամարդկանցը՝ 9,5%։ Հայաստանն իր այս ցուցանիշներով մոտ էր համաշխարհային միջին ցուցանիշին` 15%-ին։
Առաջնային անպտղություն է համարվում, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ՝ 1 տարի կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում: Որպես հիմնական պատճառ նշվում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումը։
Իսկ երկրորդային անպտղությունը դիտվում է այն ժամանակ, երբ զույգը երեխա է ունեցել կամ կինը հղի է եղել, սակայն դրանից հետո 2 տարի շարունակ կինը չի հղիացել՝ կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում: Այս դեպքում, մասնագետները ասում են, որ պատճառները կարող են սեռավարակները կամ աբորտները լինել։
Անդրադառնալով Հայաստանում անպտղության պատճառներին՝ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի աշխատակից Անի Գասպարյանը նշում է երկու պատճառ․ «Մեզ դիմում են փողերի անանցանելիության հետ կապված խնդիրներով, որոնք առաջանում են սեռավարակների պատճառով։ Մյուս պատճառը տղամարդու սերմնահեղուկի որակի ցածր լինելն է», – ասում է Գասպարյանը։
Որպես երրորդ պատճառ նա նշում է տարիքային գործոնը, երբ կնոջ տարիքը մեծ է լինում։ Գինեկոլոգ-մանկաբարձն ասում է, որ հասարակության շրջանում դեռ շարունակում է դոմինանտ լինել այն բարդույթը, թե կնոջ մեղավորությամբ է, որ զույգերը երեխա չեն ունենում։ «Բայց նաև առաջընթաց կա։ Եթե նախկինում տղամարդկանց չէինք կարողանում համոզել հետազոտվել, հիմա շատ ավելի հեշտ է։ Իհարկե կան ամուսիններ, որոնք կտրականապես հրաժարվում են, համոզված են, որ կինն է չբեր, եթե երեխա չեն ունենում։ Նման դեպքերում փորձում ենք որքան հնարավոր է աշխատել տղամարդու հետ»,-ասում է նա։
Անպտղությունը, կախված պատճառներից, տարբեր բուժումներ ունի՝ սկսած դեղորայքային բուժումից մինչև արհեստական և արտամարմնային բեղմնավորում:
Սովորաբար զույգերն ավելի մեծ ակնկալիքներ են ունենում արտամարմնային բեղմնավորման արդյունքներից։ Ըստ Գասպարյանի՝ մարդիկ կարծում են, որ, եթե արտամարմնային բեղմնավորում է կատարվում, ապա անպայման հղիություն է լինելու, մինչդեռ հղիանալու հավանականությունն ընդամենը 35% է։ Սա հասկանալի է, քանի որ զույգերի՝ երեխա ունենալու ցանկությունը մեծ է․
«Մեզ մոտ գալիս են այն պացիենտները, որոնք երկար ժամանակ է այս խնդրով տառապում են, այսինքն՝ նրանց հոգեվիճակը բավական ծանր է։ Այդ կանանց հետ աշխատում է մեր կենտրոնի հոգեբանը։ Հաճախ, երբ կնոջ հոգեվիճակը լավանում է, ինքնուրույն հղիություն է զարգանում»։
Պետական քաղաքականությունը
Դեռևս հունվարի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայությունների» շրջանակներում այս տարի պետական բյուջեից հատկացվել է 210 մլն դրամ: Ըստ ՀՀ կառավարության 2019թ. բյուջետային ուղերձի՝ նախատեսվում է անվճար բուժօգնություն տրամադրել ծրագրի շահառու 150 անպտուղ զույգերի: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերից։
Ըստ նախարարի՝ այդ գումարներն ուղղվում են առաջին հերթին պետպատվերի շրջանակներում հետազոտվողների անպտղության պատճառները պարզելուն, ինչպես նաև անպտուղ զույգերի արհեստական սերմնավորումների և արտամարմնային բեղմնավորումների կատարմանը: Այս դեպքում, սակայն, փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և սերմնաբջջի անհրաժեշտության պարագայում փոխհատուցման ծախսերը կատարում է շահառուն:
Կառավարությունն անպտղության հաղթահարման համար քայլեր է ձեռնարկել 2015-2017թթ․։ Սակայն այս քաղաքականությունն ընդհատվեց, քանի որ ըստ այն ժամանակվա Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ այդ ծրագրին հատկացվող գումարը քիչ էր։ Մեկ երեխայի համար ծախսվում էր 12 մլն դրամ, սակայն «անհնար էր գտնել հասցեագրված այն զույգին, որին անհրաժեշտ էր օգնել»:
2019թ. օգոստոսին նոր կառավարությունը ոչ միայն վերսկսեց ծրագիրը, այլև ընդլայնվեց շահառուների ցանկը։ Նախկինում ծրագրից օգտվում էին միայն սոցիալապես անապահովները, իսկ այժմ՝ օգտվող շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ պատկերում։
Անպտղության հաղթահարման և արտամարմնային բեղմնավորման ոլորտը, չնայած Հայաստանում նոր զարգացող ուղղություն է, սակայն բավականին հաջողություններ է արդեն գրանցել։ Առաջին արտամարմնային բեղմնավորումը կատարվել է հենց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում պրոֆեսոր Գեորգի Օկոևի կողմից, իսկ ներկայումս 6 կլինիկա կա, որոնք զբաղվում են դրանով։
Ըստ Անի Գասպարյանի՝ շատ խնդիրներ հնարավոր է կանխարգելել, եթե զույգերն ավելի գրագետ մոտենան ընտանիքի պլանավորման հարցին․ «Եթե զույգն ուզում է երեխա ունենալ, առաջին հերթին երկուսն էլ պետք է ստուգվեն սեռավարակների կամ այլ խնդիրներ ունենալ-չունենալու համար։ Այսինքն՝ ընդհանուր ստուգումներ պետք է անցնեն գինեկոլոգի և ուռոլոգի մոտ։ Կինը հղիանալուց գոնե երեք ամիս առաջ պետք է ստանա վիտամին B9 կամ ֆոլաթթու, որը պտղի մոտ ներարգանդային զարգացման արատների հավանականությունը քչացնում է։ Գոնե այս նվազագույն գործողությունները զույգը պետք է անի մինչ երեխա ունենալը»։
Գինեկոլոգ-մանկաբարձը կարծում է, որ կրթվածության մակարդակի բարձրացումը դպրոցներից պետք է սկսել։ Մինչդեռ այսօր աղջիկների և կանանց մոտ այն կարծրատիպն է, թե ամոթ է գնալ գինեկոլոգի մոտ, բայց ամոթ չէ տարբեր ֆորումներում գրել-հարցնել իրենց խնդիրների մասին։
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/11/2019