Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը, առաջին անգամ նշվել է առանց Արցախի։ 33 տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:
Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում բնակչության մեծամասնությունը՝ շուրջ 100%-ը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:
Դրանից հետո ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:
2024թ․-ի սեպտեմբերի 2-ին Երևանում կազմակերպված Արցախի անկախության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման ժամանակ բռնազավթված Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն շեշտեց՝ Արցախի հարցը փակված չէ։
«Ազգային բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի պարտականությունն այսօր պետք է լինի Հայաստանում արցախցիների արժանապատիվ կյանքի իրավունքն ապահովելը։ Արցախցիները չպետք է մայր հայրենիքում իրենց օտար զգան, այլ՝ իրենց հայրենիքի լիիրավ քաղաքացիներ»,- իր ելույթում նշեց Աբրահամյանը։
2020-2023թթ․ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 120 հազարից ավել հայրենակիցներ հաստատվել են Հայաստանում կամ մեկնել այլ երկրներ:
**
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանական գործողությունների վերաբերյալ բանաձև
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝ International Association of Genocide Scholars-ը, որը ցեղասպանություններն ուսումնասիրող ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում՝ իր շուրջ 700 ցեղասպանագետներով, քվերարկությամբ ընդունել է բանաձև Արցախում 2023թ․ տեղի ունեցածի վերաբերյալ։
Բանաձևում, մասնավորապես, ամրագրվել է՝
- 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
- 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումն արգելափակման և ռմբակոծման միջոցով, էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
- խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
- հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
Բանաձևի թարգմանությունն ամբողջությամբ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կայքում։ Բնօրինակի հղումը հասանելի է այստեղ։
**
ՀՀ ԱԺ նախագահը հրաժարվում է ընդունել «Արցախի պաշտոնյա» հասկացությունը
«ԼՂՀ նախագահ» եզրույթն ինձ համար այլեւս գոյություն չունի»․ սեպտեմբերի 9-ին մեկնարկած 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստ գումարելու առաջարկին։
«ԼՂ պաշտոնյա այլեւս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանում որեւէ մեկը չունի։ Որպես իրավաբան նույնպես համարում եմ, որ այդ ֆորմատն այլեւս գոյություն չունի»,- ասել է Սիմոնյանը։
Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրել է՝ Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւակերպումներն առկա են ոչ միայն ՀՀ, այլեւ՝ միջազգային փաստաթղթերում։
Խորհրդարանական ընդդիմությունը վկայակոչում է իրավական ակտերը, որոնցով որևէ մեկը իրավասու չէ Արցախի ԱԺ–ն և հանրության կողմից տրված մանդատները լուծարված համարել։
«Անձն իրավասու չէ չեղարկել, դուք էլ պարտավոր եք, որպես տվյալ հանձնաժողովի նախագահ, ձեր գործառույթներով զբաղվել։ Եթե հրաժարվում եք, ասեք, որ մենք էլ համապատասխան ընթացք տանք»,- ասել է Մինասյանը։
**
Մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը՝ արցախցի տաղանդների համար
«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որին դիմել կարող են Արցախում ծնված, այնտեղից տեղահանված և ՀՀ-ում բնակվող մինչև 18տ. (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտները։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակը UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։
Դիմորդները, ովքեր հաջողությամբ կանցնեն մրցութային փուլերը, կստանան հնարավորություն՝ մասնակցելու անվճար մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև արտասահմանյան հանրահայտ արտիստների հետ կունենան վարպետության դասեր, հանդես կգան համերգային ելույթներով:
Բացի այդ, ծրագիրը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն և անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ և համացանցի հասանելիություն։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 25-ը: Դիմելու կարգը, դիմում-հայտը և այլ մանրամասներ ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի՝ www.arvest23.org կայքում:
Ամփոփ Մեդիա
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի, Genocidescholars.org և Shant.am կայքերից
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/09/2024