Դըրբըզեք

Հինչ ա՞ իլալ. Քրեական հետապնդումներ՝ Արցախի երեք համայնքապետերի նկատմամբ

ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի երեք համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումներ է սկսել։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը դատարանի մայիսի 25-ին որոշմամբ կալանավորվել է 2 ամսով, մայիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է 20 օրով, իսկ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քաղաքապետները մեղադրվում են խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի համոզմամբ, Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են։ Ըստ նրա, հետապնդումներն ունեն հստակ քաղաքական ենթատեքստ:

«Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ստեփանյանը:

Քաղաքապետերի պաշտպանությունը ստանձնած «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը նույնպես այս ամենում տեսնում է քաղաքական ենթատեքստ։

Ռուբեն Մելիքյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, համայնքապետերը Արցախից եկել են համայնքին պատկանող մեքենաներով, և համայնքապատկան այդ մեքենաները, որպեսզի կարողանան շահագործել ՀՀ տարածքում, ավագանու որոշում են կայացրել, և այդ որոշմամբ՝ որևէ ֆիզիկական անձի անունով են գրանցել։

«Սրա անունը դրել են խարդախություն, սակայն խարդախություն նշանակում է խաբեություն կամ վստահության չարաշահում», – ասել է Մելիքյանը։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրից կօգտվեն բացառապես այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները՝ այդ թվում անչափահասները, ունեն կամ կստանան ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀ նախարարությունը։

Պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել՝ Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային ստորաբաժանումներում: Անհարժեշտ փաստաթղթերի ցանկը՝ հետևյալ հղմամբ՝ https://fb.watch/sprJ8_1GZP/

Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը կհաստատվի մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։

ՀՀ քաղաքացիություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Մայիսի 29-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ դիմել է` ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից 1437–ին շնորհվել է քաղաքացիություն։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում հայտարարել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փոխնախարարը նշել է նաև, որ այս պահին ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված 96 696 անձ, հաշվառման կանգնել՝ 83 942 անձ։

Ամփոփ Մեդիա

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 31/05/2024