Դըրբըզեք

Դըրբըզեքից ներս. Հինչ ա՞ իլալ մայիսի 13-ից 20-ը

Միասնական սոցիալական ծառայության հաղորդմամբ՝ մայիսի 10-ից սկսվել է ԼՂ բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակի վճարման գործընթացը: Մայիսի 14-ից սկսել են նաև բռնի տեղահանվածների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացները։

Պետբյուջեից 48 մլրդ դրամ ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության համար

ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված անձանց այս տարվա ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս գումարով նշված ժամանակահատվածի համար ամսական 50000 դրամ կամ 10000 դրամ աջակցություն կտրամադրվի շուրջ 106 000 մարդու։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել է

ՀՀ Կառավարությունը մայիսի 16-ին հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։
Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  1. բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  2. անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  3. գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Կարևոր է նշել, որ առաջարկվող բնակարանային ծրագիրն ընդգրկում է հիմնականում գյուղական բնակավայրերը։ Իսկ Երևանի 1-ին և 2-րդ գոտիները դուրս են աջակցությունից։ Ծրագրի մասին մանրամասներն ամբողջությամբ ներկայացված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում՝ https://www.mlsa.am/news/665

Վանդալիզմը շարունակվում է

Մայիսի 13-ին տելեգրամյան ալիքներով տարածվեցին նկարներ, որոնցում երևում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրն ավիրվել է։

Ավիրվել են նաև Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում գտնվող Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի խաչքար-հուշարձանը, Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը, Անատոլի Զինևիչի կիսանդրին և այլն։ Ավիրել են նաև Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը, Մարտակերտի շրջանի Գետավանի հուշարձանը, Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, Ստեփանակերտում քանդել են Ադմիրալ Իսակովի կիսանդրին, Մարշալ Բաղրամյանի հուշարձանը և այլն։ Ներկայացված ցուցակն ամբողջական չէ։ Այս փաստերն արդեն հրապարկվել են MONUMENT WATCH ակադեմիական հարթակում և Հայկական լեռնաշխարհի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի պաշտոնական էջերում։

ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակը (ՊԳԿ) սկսել է ծրագիր, որի նպատակն է աջակցել փախստականներին՝ Հայաստանում հասանելիություն ունենալ գյուղատնտեսական հողերին։

Ծրագիրը, որը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի հունվարին, նպատակ ունի հեշտացնել փախստական ընտանիքների համար հողի հասանելիությունը՝ միաժամանակ խթանելով տեղական գյուղատնտեսական արտադրությունը ներքին սպառման համար:

Ամփոփ Մեդիա

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/05/2024