Դըրբըզեք

Դըրբըզեքից ներս. Հինչ ա՞ իլալ մայիսի 1-ից 12-ը

2024թ․ հունվարից Լեռնային Ղարաբաղից (Արցախ) բռնի տեղահանված անձանց համար մեկնարկած  մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններում շարունակվում է բռնի տեղահանվածների  հաշվառման գործընթացը։ Մայիսի 8-ի դրությամբ ծրագրից օգտվել է շուրջ 780 անձ։

Ծրագրերի մեծ մասն իրականացվել են հետևյալ մասնագիտություններով՝ մատնահարդար, դիմահարդար, վարսահարդար, հրուշակագործ, խոհարար։

Միջոցառման շահառու կարող են դառնալ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք։ ՄՍԾ տարածքային ցանկացած կենտրոնում հաշվառվելուց հետո շահառուները կարող են օգտվել առաջարկվող երեք ծրագրերից մեկից՝

  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,
  • անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո ձեռք բերել աշխատանք,
  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։

2. ԼՂ-ում վտանգված են կրոնական կառույցները ահազանգ

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան զեկույցում (էջ 17) ԱՄՆ կառավարությանը հորդորել է Ադրբեջանին ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության շարունակական և աղաղակող խախտումների համար:

Զեկույցում հեղինակները շեշտել են, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական կառույցների համար։

Հեղինակները նաև ընդգծել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների՝ բազմիցս հնչեցրած մտահոգությունն առ այն, որ Ադրբեջանն առանձնահատուկ թիրախավորում է ԼՂ և հարակից տարածքների հայկական կրոնական ժառանգությունը։

Հեղինակներն իրենց երկրի կառավարությանը կոչ են արել ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Արցախում գտնվող  պաշտամունքի վայրերի և այլ կրոնական ու մշակութային կառույցների վերականգնման, պահպանման ու պաշտպանության համար:

3. Րաֆֆի Քորթոշյան Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին ոչնչացվել է

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով արբանյակային լուսանկար հրապարակելով՝ գրել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է բռնազավթված Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց եւ օծվել 1998 թ. մայիսի 31-ին։Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված ազատամատիկների հիշատակը հավերժացնող Սբ․ Համբարձման եկեղեցին օծվել էր Պարգև Սրբազանի ձեռամբ։

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնությունն էլ դարձյալ արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրել է, որ հողին է հավասարեցված Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին։ MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակի հրապարակած տեղեկությունների համաձայն էլ՝ հիմնովին ավերվել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը և Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը։

4. Բնակարաններ Արցախից բռնի տեղահանված մի շարք ընտանիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղում 6 տուն է կառուցել Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով և միևնույն ժամանակ բազմազավակ ընտանիքների համար։ Հիմնադրամից հայտնել են, որ Արմավիրի մարզի Նալբանդյան և Լեռնագոգ գյուղերում էլ նախատեսվում է, համապատասխանաբար, 8 և 14 տուն կառուցել։ Շահառուները լինելու են ինչպես 2023թ․, այնպես էլ 2020թ․ բռնի տեղահանված արցախցիները, բայց առաջնահերթությունը դարձյալ տրվելու է սոցիալապես անապահով և հինգ ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին։

5. Բնակարանային ապահովության կառավարության ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում՝ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բազային գումարը, որը հատկացվելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամին տուն կառուցելու կամ տուն ձեռք բերելու համար, 3 մլն դրամն է։ Գործակիցը, կախված բնակավայրից, գոտիականությունից և այլ հանգամանքներից, կարող է հասնել մինչև 5 մլն-ի։ Տարեցներին և այն ընտանիքներին, որոնք չեն կարողանա օգտվել ծրագրից, ցանկության դեպքում սոցիալական բնակարան կտրամադրվի, որը, սակայն, իրենց սեփականությունը չի կարող դառնալ։ Ծրագիրը հաստատվելուց հետո առաջնահերթությունը տրվելու է զոհված զինծառայողների և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

6. Սոցիալական աջակցության ծրագիր երեք և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար

IDBank-ը մեկնարկել է սոցիալական աջակցության ծրագիր, որում ներառվել է Արցախից բռնի տեղահանված 150 անչափահաս երեխա՝ 42 բազմազավակ ընտանիքներից։

Մինչև 2024թ․ ավարտը ծրագրի շահառու յուրաքանչյուր երեխայի համար IDBank-ն ամեն ամիս հատկացնելու է 40․000 դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով ընտանիքները հնարավորություն կունենան գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն։

Ծրագրի շահառուները երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, սոցիալապես խիստ անապահով ընտանիքներն են՝ հիմնականում զոհվածների։

Ամփոփ Մեդիա

Այս նյութը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/05/2024