2024թ․ հունիսի 15-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը:
Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով, հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/
Հունիսի 14-ին կայացած կառավարության նիստում հաստատվել էր ծրագրի իրականացման կարգը, ըստ որի՝ միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են․
- հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում),
- հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,
- օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
Ծրագրի շահառու դառնալու համար ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր է։
Աշխատանքային տարիքի շահառուները հնարավոր է դուրս մնան 40+10 հազար ծրագրից
2025թ․ հունվարի 1-ից 40+10 հազար աջակցության ծրագրի շահառուների շրջանակից հնարավոր է դուրս մնան աշխատանքային տարիքի տեղահանվածները:
2025 թվականի հունվարի 1–ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրվող 40+10000 աջակցության ծրագրի շահառուների թիվը հնարավոր է վերանայվի։ Այդ մասին Ազգային ժողովում հունիսի 12-ին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը դադարեցվի աշխատանքային տարիքի անձանց համար, ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներին»,-ասել է փոխվարչապետը։
Ըստ նրա՝ առաջիկա ամիսներին կհստակեցնեն նշված ծրագրում նախատեսվող փոփոխությունները։
Քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրն իրականացվելու է փուլերով, փոխվարչապետի խոսքով, տեղահանվածների մի մասը կշարունակի օգտվել վարձակալության ծրագրից՝ (40 + 10 հազար դրամ աջակցությունից) նաև 2025թ․ հունվարի 1-ից հետո։
Արցախցի աշխատողները կենսաթոշակային խնայողությունները կարող են տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
Արցախից բռնի տեղահանված և ԼՂ կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ-ում՝ հունիսի 11-ին։
«Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձևավորված՝ կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը։
«ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն կատարում են սոցիալական վճարներ, փաստացի համարվում են Հայաստանի կուտակային համակարգի մասնակից:
Դա նշանակում է, որ այդ անձինք այս պահին ունեն երկու կենսաթոշակային հաշիվ՝ երկու առանձին համակարգերում: Կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյուններից: Եվ այս նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը»,- Աժ-ում ասել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը (ելույթն այստեղ)։
Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը։
ՀՀ և Արցախի նախկին ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իրենց հայտարարությամբ խստագույնս դատապարտում են «ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում»։
«Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։
Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝ հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է»,- ասված է հայտարարության տեքստի մեջ։ Ամողջական հայտարարությունը՝ այստեղ:
Ամփոփ Մեդիա
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/06/2024