Հայաստանում տարբեր համայնքներում առանձնացվել են շենքեր, որոնք վերակառուցման աշխատանքներից հետո կտրամադրվեն ԼՂ-ից բռնի տեղահանված 1000-ից ավելի անձանց։
Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Հնարավոր է, որ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով չկարողանան մասնակցել բնակարան ձեռք բերելու և կառուցելու ծրագրին: Այս դեպքում մենք ունենք սոցիալական բնակարանի առանձին բաղադրիչ: Այս պահին շուրջ 7 տարբեր համայնքներում գտնվող շենքեր ենք առանձնացրել։ Նախահաշվարկային գործընթացները կանենք և կսկսենք ակտիվ վերանորոգման, վերակառուցման աշխատանքները, որտեղ կկարողանանք 1000-ից ավելի նմանատիպ կարգավիճակ ունեցող մարդկանց հյուրընկալել՝ որպես սոցիալական բնակարանի շահառու: Դրանից հետո կսկսենք ուսումնասիրությունը, այլ շենքերով կընդլայնենք»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկել է մարզպետարաններին հանձնարարել, որ ներկայացնեն տարիներ շարունակ չզբաղեցված բնակտարածքները, որոնք որպես սոցիալական բնակարաններ հնարավոր է տրամադրել տեղահանված անձանց:
Բնակարանային ապահովության պետական ծրագիրն արդեն իսկ հաստատվել է կառավարության կողմից։ Մինչև հունիսի 15-ը պետք է հաստատվի դիմելու կարգը:
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը՝ բնակարանային պետաջակցության ծրագրից օգտվելու պարտադիր պայման
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար առաջնային պայման է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը։ Քաղաքացիության պայմանը պարտադիր է նաև ընտանիքի անչափահաս անդամների համար։ Երեխաների և անչափահասների համար քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը, սակայն, տարբեր են:
Քաղաքացիության տրամադրման ընթացակարգը ներկայացրել է ՆԳՆ միգրացիայի ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը։
Ըստ Գևորգյանի՝ երեխաների համար ծնողները կարող են ներկայացնել դիմում՝ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացուն անձնագրով փաստաթղթավորվելու համար, որի դեպքում 5 աշխատանքային օրում երեխաները ստանում են ՀՀ քաղաքացու անձնագիր:
Չափահաս անձինք դիմումները պետք է ներկայացնեն անձամբ: Դիմումներն ընդունվում են ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կենտրոնական մասնաշենքում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում գործող տարածքային ստորաբաժանումներում:
ԼՂ-ից բռնի տեղահանվածները սպասարկվում են արտահերթ:
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չափահաս անձինք պետք է ներկայացնեն անձնագիր, ծննդյան վկայական, 6 գունավոր լուսանկար, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև լրացնեն դիմում-հարցաթերթ:
Դիմում-հարցաթերթը լրացնելիս՝ դժվարանալու դեպքում աշխատակիցները կօգնեն այն լրացնել տեղում: Բացի վերը նշված փաստաթղթերից կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը բացառելու նպատակով: Օրինակ՝ ծնողների ամուսնության վկայական, կամ միայնակ մայր հանդիսանալու կամ էլ հայրության ճանաչման վկայական:
«Եթե քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար օրենքով նախատեսված է 90 աշխատանքային օր ժամկետ, ապա ԼՂ-ից բռնատեղահանված անձանց գործերը քննվում են ավելի կարճ ժամկետում՝ 1-2 ամսվա ընթացքում»,- ասել է Գևորգյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն շնորհվելուց հետո քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար: Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, զինապարտ արական սեռի քաղաքացիները անձնագիր կարող են ստանալ զինվորական հաշվառման կանգնելուց հետո:
839 ընտանիք օգտվել է բնակարանային ապահովման ծրագրից
2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 839 ընտանիք:
Այս մասին Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառմանն ուղղվել է 1,6 միլիարդ դրամ՝ 839 շահառու ընտանիքի համար։
Ամփոփ Մեդիա
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/06/2024