Օգոստոսի 1-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝
- արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը
- բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից
- սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Մանրամասները հետևյալ հղմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
AMAA-ը կընդլայնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրի շահառուների շրջանակը
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America, AMAA) կընդլայնի Revive կեցության և կենսապահովման ծրագրով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների՝ շահառուների շրջանակը։
AMAA-ի սոցիալական ծրագրերի ղեկավար Անուշ Թութիկյանի խոսքով, ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։
Ծրագրում ներառվել են Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում ապաստանածները, որոնք եղել են մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը AMAA-ի Լեռնային Ղարաբաղի մասնաճյուղի աշխատակից կամ մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրերից մեկի շահառու։ Ծրագրի կարճաժամկետ բաղադրիչի շրջանակում տրամադրվել է միանվագ աջակցություն՝ միջնաժամկետ առաջնային կարիքների բավարարման նպատակով, ինչպես, օրինակ, հագուստի, սննդի, հիգիենայի պարագաների կամ կենցաղային գույքի, դեղորայքի ձեռքբերում։
Մեկանգամյա օգնությունը գլխավորապես ուղղված է ընկերակցության Լեռնային Ղարաբաղի մասնաճյուղի աշխատակիցներին, որոնք սեպտեմբերի 19-ի տեղահանումից հետո բնակվում են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում և չեն պլանավորում ծրագրի շրջանակում տեղափոխվել և ապրել ծրագրի թիրախային հինգ մարզերից մեկում։
Ծրագրում արդեն ընդգրկված է ավելի քան 80 ընտանիք, որոնց հետ աշխատում են կազմակերպության սոցիալական աշխատողները, որոնք նույնպես ԼՂ-ից բռնի տեղահանվածներ են։
Ըստ Թութիկյանի՝ նախատեսվում է այդ թիվը հասցնել մոտ 100-ի։
Հասարակական կազմակերպությունները՝ բռնի տեղահանված արցախցիների օժանդակության ծրագրերի նախաձեռնող ու մասնակից
Արցախից բռնի տեղահանվածների՝ Մայր հայրենիքում ինտեգրվելու և կյանքի կազմակերպումը հունի մեջ գցելու աշխատանքը կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը գործակցում է նաև Հայաստանում գործունեություն ծավալող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ «Լոֆթ» կենտրոնները ևս ակտիվ ներգրավված են այս աշխատանքում։ Ըստ կենտրոնների ղեկավար Արևիկ Համբարձումյանի՝ ստեղծված իրավիճակում կարևոր է բոլոր ռեսուրսների համախմբումը և այս ծրագրի շրջանակում հենց այդպես էլ արվում է՝ բոլորը պատրաստակամ են օգնելու, աջակցելու և համագործակցելու։
«Լոֆթ» կենտրոնների ղեկավար Արևիկ Համբարձումյանի ներկայացմամբ՝ 6-ամսյա ծրագրի հիմքում 3 հիմնական բաղադրիչ է՝ իրազեկման, սոցիալականացման և աշխատանքի ու կրթության խրախուսման ուղղությունները զարգացնելն ու այս առումով նրանց աջակցելը։ Ծրագրի մեկնարկից հետոէ երկու ամսվա ընթացքում ավելի քան 25 միջոցառում է կազմակերպվել։
Ամփոփ Մեդիա
Լուսանկարները՝ Amaa.org և Yerkir.am կայքերից
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/08/2024