Սոցիալական

Անավարտ հիշողություններ․ բժիշկ Դավիթը փնտրում է պատերազմի օրերին վիրավորված Գոռին

«Բոլորս հավաքված ենք մի վայրում՝ համարյա առաջնագծում։ Լարված ու ուժասպառ ենք։ Ու հանկարծ լսում ենք, թե ինչպես են երկու հրամանատարներ ռադիոկապով խոսում Ֆիզուլիի կողմից դեպի Մարտունի շարժվող ադրբեջանական զինվորական ուժերի հոսքից»։

Բժիշկ Դավիթ Ղազարյանն Արցախյան երկրորդ պատերազմին ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 30-ին, թեպետ զինկոմիսարիատ էր ներկայացել պատերազմը սկսվելու հաջորդ իսկ օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Մեկ տարի է անցել այդ սարսափելի օրերից, սակայն հիշողությունները բժշկին հանգիստ չեն տալիս։ Նա ձեռքերը սեղմելով շարունակում է․

«Արդեն հաշվել են 40 մեքենա ու դեռ շարունակում են հաշվել։ Այդ պահին նայում եմ հյուծված զորքին, զինամթերքին ու հասկանում, որ փրկվելու տարբերակ չի լինելու։ Հենց այդ ժամանակ գրում եմ իմ վերջին խորհուրդները կնոջս ու մոտ ընկերներիցս երկուսին։ Խնդրում եմ տիրություն անել երեխաներիս, իսկ կնոջս՝ չհուսահատվել, ընդունել իրականությունը»,- պատմում է բժիշկ Դավիթը։

Սակայն ինչ-որ պահի զորքը կանգ առավ և այլևս առաջ չշարժվեց։ Հրադադարը ուժի մեջ մտավ։

Դավիթը ռազմաճակատ էր մեկնել մեկ ուրիշ բժշկի հետ։ Ասում է՝ իրավիճակն արդեն ծանր էր։ Գորիսից Արցախ տանող ճանապարհը ձգվում էր արկերի, ռումբերի պայթյունների ներքո։ Նրանք գիտեին, որ գնում են փոխարինելու 2 զոհված բժիշկների։

«Սկզբում անսովոր էր պայթյունների ձայները, բայց գնալով սովորական դարձան։ Այդ ճանապարհին, ու հատկապես Ստեփանակերտում, չէիր կարող վստահ լինել՝ հաջորդ կիլոմետրն անցնելու ես, թե՞ ոչ։ Զուգահեռ՝ մեր ուղեղում անընդատ պտտվում էր այն միտքը, որ գործուղվում ենք մի զորամաս, որտեղ զոհված բժիշկներ կան»։

Բժիշկ Դավիթն ու գործընկերը հասնում են Ստեփանակերտի հոսպիտալ։ Հասկանում են, որ բունկերում քաոս է։ Բուժօգնություն են ցուցաբերում, թեև այդ պահին ամենաքիչը բժշկի կարիք կար․ տղամարդկային ուժ էր հարկավոր՝ մարմինները գրկելու, տեղափոխելու համար։ Անմիջապես սկսում են ճշտել՝ ինչպես պիտի հասնեն Մարտունի 2-ի հոսպիտալ՝ իրենց գործուղման վայրը։

«Հարցնում էինք, թե ինչպես Մարտունի 2 գնալ, այնտեղ մեր կարիքն ունեն։ Պատասխանում են, որ Մարտունու զորամասն այլևս մերը չէ։ Մենք շարունակում ենք պնդել, որ պիտի գնանք՝ օգնության սպասող վիրավորներ կան, ու խնդրում ենք կապ հաստատել որևէ պատասխանատուի հետ։ Զանգում են պատասխանատուին՝ Մայիսին։ Նա գալիս է մեր ետևից՝ վիրավորներ բերելով։ Գրկախառնվում ենք։ Պարզվում է՝ Մայիսն իմ ուսանողն է»,- ժպտում է բժիշկը։

«Հաճախ էինք խոսում Մայիսի հետ պատերազմի ու դրա ավարտի վերաբերյալ։ Արդեն եզրակացնում էինք՝ ինչ է լինելու, բայց վախենում էինք խոստովանել, ու խոստովանել անգամ ինքներս մեզ։ Մայիսին շատ եմ հիշում։ Չհասցրի գոնե մեկ լուսանկար ունենալ հերոսի հետ։ Նոյեմբերի 8-ին զոհվեց»։

Պատերազմը կյանքեր տարավ։ Փոխվեցին զգացողություններն ու պատկերացումները, երբեմն նույնիսկ ռոմանտիզացված պատկերացումները։

«Պատերազմը ռոմանտիզմի կտոր չէ, ինչպես նկարահանվում են ֆիլմերում, գրվում երգերում․ պատերազմի ժամանակ ոչ ոք չի մտածում՝ ինչ է կատարվում ավելի ապահով դիրքերում։ Մտածում ես՝ ինչ անել»,- մի պահ լռում է։ Ասում է՝ կարծես չեմ կարողանում զսպել հույզերս։

«Ծառայողներին մտովի բաժանել էի երկու խմբի՝ մահը հաղթածներ և կենդանի մեռածներ։ Երկու խումբն էլ մտածում է մեկն իր կյանքը փրկելու մասին՝ թեկուզ փախչելու գնով, մյուսը՝ հետագա քայլերի, որպեսզի դիմադրի հաջորդ կրակոցին կամ մի քանի քայլ առաջ գնա»։

Իրականությունն առաջնագծում լրիվ այլ է, ու հենց այնտեղ են իրական հերոսները՝ չխնամված արտաքինով, փոշոտված հագուստով։

Բժիշկն ուզում է գտնել Գոռին․ այն զինվորին, որը նույնիսկ ոտքը կորցնելուց հետո ցանկանում էր առաջնագիծ վերադառնալ։

«Գիտեք, որ տեսնեմ, երևի թե կճանաչեմ։ Մարմնին նշան ուներ։ Անկողնում պառկած բողոքում էր, թե ոնց վերջին նռնակը չշպրտեց։ Անընդհատ հարցնում էր, թե երբ է վերականգնվելու, որ գնա ու ետ վերցնի խրամատը»։

Նոյեմբերի 9-ի մասին չի խոսում․ ոչ թե չի կարողանում, այլ մինչ այս պահն էլ չի գիտակցում՝ ինչպես դա տեղի ունեցավ։ Պատերազմը կարծես ավարտվել է, բայց բժիշկը շարունակում է մտածել՝ վտանգի դեպքում ինչպես է կազմակերպելու իր աշխատանքը։ Ավելացնում է, որ մասնագետների պակաս կա՝ պիտի շատ լինեն տարածքներին, դիրքերին ու դրանց այլընտրանքային ճանապարհներին տիրապետող մարդիկ։

«Եթե քեզ կանչում են որևէ ժամի վիրավոր տեղափոխելու, դու ապահով անցնում ես այդ տարածքով, հասնում գործուղման կետ, 10 րոպե կամ 1 ժամ հետո չես կարող նույն վստահությամբ հետ գնալ այդ ճանապարհով։ Սա պատմում եմ, քանի որ նմանօրինակ դեպք եղել է»։

Երբ խոսքը գնում է հասարակության վերաբերմունքի մասին, կտրուկ պատասխանում է․

«Բոլորս ենք մեղավոր։ Առաջինը ես եմ մեղավոր, որ մասնագիտական օղակում ինձ բավարար չեմ պատրաստել, դուք եք մեղավոր, որ շատ չեք լուսաբանել, մյուսն է մեղավոր, որ բավարար չի կարդացել․․․ Այսինքն՝ բոլորս մեղավոր ենք։ Պետք չէ մեզնից վանել մեղքն ու մյուսներին մեղադրել։ Հիմա ճիշտ ժամանակն է հզորանալու, փոխվելու, բայց դրա համար էլ պիտի ուժ գտնել․ չգիտեմ՝ մենք ունենք դա թե ոչ», – բժիշկ Դավիթի հետ զրույցն ավարտվում է այս մտքով։

Նա ցույց է տալիս պատերազմի օրերին արված լուսանկարները, և ամեն նկար թերթելիս կարոտով հիշում այն տղաներին, ովքեր ամենադժվար պահերին իր կողքին էին, իսկ այժմ չկան։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները՝ հեղինակի և Դավիթ Ղազարյանի անձնական արխիվից

#դասերպատերազմից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/10/2021