Ամուսնության օրը քչերն են պատկերացնում, որ որոշ ժամանակ անց կարող են դատարանում հանդիպել իրենց ընտրյալին՝ արդեն հայցվոր և պատասխանող կարգավիճակում։
Վիճակագրությունը վկայում է, որ տարեցտարի Հայաստանում ամուսնալուծություններն ավելանում են. 2023թ.-ին կնքված ամուսնություններից յուրաքանչյուր երրորդն ավարտվել է ամուսնալուծությամբ. համեմատության համար՝ 2010թ.-ին երկու անգամ քիչ էին ամուսնալուծվում։
Հակառակ պատկերն է ալիմենտի պահանջի հարցում. 2023թ.-ին ալիմենտի պահանջով դատական գործերը մոտ երկու անգամ նվազել են։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամենաշատը ամուսնալուծվում են քսան և ավել տարի համատեղ կյանքով ապրած զույգերը։ Սակայն ամուսնալուծությունների աճի միտում կա նաև երիտասարդ ընտանիքների շրջանում։
«Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցը ներկայացնում է թեմային առնչվող մի շարք հարցերի պատասխաններ՝ այդ թվում, թե ինչով է պայմանավորված ամուսնալուծությունների աճը, ո՞ր մարզերում են ամուսնալուծությունները շատացել, և ի՞նչ նպատակ ունեն կեղծ ամուսնություններն ու ամուսնալուծությունները։
Ի՞նչ է ամուսնության ինստիտուտը ու ինչի՞ համար է պետք
Ամուսնության ինստիտուտն ի սկզբանե ստեղծվել է սոցիալ-տնտեսական կայունության և ժառանգական իրավունքների կարգավորման համար։
Հին ժամանակներում ամուսնությունը եղել է ընտանիքների միջև դաշինքներ ստեղծելու և ժառանգությունը վերահսկելու միջոց։ Օրինակ, Հին Եգիպտոսում ամուսնության շնորհիվ կանայք ձեռք են բերել սեփականություն ունենալու իրավունք։
Միջնադարում եկեղեցին իր վրա է վերցրել ամուսնության հետ կապված գործառույթների կարգավորումը՝ հաստատելով օրենքներ ու ավանդույթներ։
Ժամանակակից աշխարհում ամուսնությունը դարձել է պետական օրենքներով կարգավորվող «իրավական պայմանագիր» և պետության կայացման կարևոր բաղադրիչ. այն նպաստում է հասարակության կայունացմանը, կարգ ու կանոնի պահպանմանը։ Բացի այդ, ամուսնությունն ապահովում է որոշակի տնտեսական կայունություն, քանի որ ամուսնական զույգերը հաճախ ունենում են սեփականություն, ներդնում տնտեսության մեջ և այլն։
Ամուսնության ինստիտուտը կարևոր դեր ունի նաև պետության ժողովրդագրական քաղաքականության մեջ, քանի որ նպաստում է ծնելիության աճին և երեխաների դաստիարակությանը՝ առողջ և կայուն միջավայրում։
Ամուսնալուծություններն աճել են, ալիմենտի պահանջները՝ նվազել
Վերջին 10 տարում` 2013-2023թթ.-ին ամուսնալուծություններն ավելացել են. եթե 2013թ.-ին ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 20%-ը [հեղ․ այդ տարի ամուսնացած և ամուսնալուծված մարդկանց տոկոսային հարաբերակցությունը], ապա 2023թ.-ին այդ թիվը դարձել է 28%, այսինքն ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած ամեն երրորդ զույգը։ Համեմատության համար, 2010թ.-ին ամուսնալուծվում էր ամեն 6-րդ զույգը, այսինքն՝ ցուցանիշը կրկնապատկվել է։
Թեև 2021-2023թթ.-ին ամուսնալուծությունների թիվը գրեթե նույնն է՝ մոտավոր 4500-ական դեպք ամեն տարի, սակայն ամուսնալուծությամբ պայմանավորված դատական գործերի քանակը նվազել է։
2020-2024թթ․ հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում «Դատալեքս» տեղեկատվական համակարգում մուտքագրվել է ընդհանուր 4285 դատական գործ՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման [նաև՝ ալիմենտի չափը փոխելու, ծնողական իրավունքներից զրկելու, երեխայի բնակության վայրը փոխելու, սեփականությունը բաժանելու և այլ] պահանջներով։
4,5 տարիների ընթացքում «Դատալեքս»-ում մուտքագրվել է ընդհանուր 4285 դատական գործ՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման պահանջներով։
Ընդհանուր առմամբ՝ 2020-2023թթ.-ին կա դատական գործերի նվազման միտում.
- ամենաշատը՝ դատական գործեր գրանցվել են 2020 և 2021թթ.-ին՝ համապատասխանաբար 1014 և 1039 հայց,
- ամենաքիչը՝ 2022 և 2023թթ.-ին՝ 922 և 860 հայց։
Հիմնականում հայցվորը կին է, շատ հազվադեպ դեպքերում [մոտ 10%], որ ամուսինն է հայց ներկայացրել՝ ալիմենտի չափը փոխելու կամ կնոջը ծնողական իրավունքներից զրկելու և ալիմենտ բռնագանձելու, ալիմենտ վճարելու պարտականությունից ազատելու, երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով փոխելու, տեսակցություն սահմանելու, շփման կարգը փոխելու և այլ պահանջներով։
Օրինակ, 2024թ.-ի առաջին կիսամյակում արդեն մուտքագրվել է 450 դատական գործ, որի միայն 11%-ի դեպքում պատասխանողը կին է։
Ո՞ր զույգերը և ո՞ր մարզերում են ամենաշատն ամուսնալուծվում
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին հաճախ ամուսնալուծվում են 20 և ավելի տարի ամուսնացած զույգերը. օրինակ, 2018-2022թթ.-ին ամուսնալուծությունների միջինում 25%-ը բաժին է հասնում հենց այս խմբին։ Չնայած սրան՝ 20 և ավելի տարի ամուսնացած զույգերի մոտ ամուսնալուծությունների նվազման միտում կա։ Իսկ աճ նկատվում է 5-9, 10-14 տարի ամուսնացած զույգերի մոտ [10 տարում ամուսնալուծություններն աճել են համապատասխանաբար 4,9% և 6,2%-ով]։
Թեև տոկոսային հարաբերակցությամբ՝ ամենաքիչն ամուսնալուծվում են մինչև մեկ տարի ամուսնացածները [2018-2022թթ.-ին՝ մոտ 5%], սակայն երկարաժամկետ կտրվածքով՝ այս զույգերի դեպքում նույնպես կա աճի միտում։ Մասնավորապես, 10 տարում՝ 2012-2022թթ.-ին դեպքերն աճել են 1,4%-ով։
2020-2022թթ.-ին Երևանում և մարզերում ամուսնալուծությունների և ամուսնությունների դինամիկան նման է. գրեթե բոլոր մարզերում ամուսնալուծությունների թվի աճ կա։
Բնակչության թվով պայմանավորված՝ տոկոսային հարաբերակցությամբ՝ ամուսնալուծությունների ամենաբարձր թիվը Երևանում է, և կա աճի միտում։ Օրինակ, 2020-2022թթ.-ի տվյալներով՝ Երևանում տարեկան միջինը 34%-ն ամուսնալուծվել է: Նշված ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը 6%-ով աճել է։
Մարզերում, տոկոսային հարաբերակցությամբ, ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է՝ 2020-2022թթ.-ին միջինը 27%։
Ամենացածր թիվը, չնայած աճի միտմանը, Գեղարքունիքում է, Լոռիից 2 անգամ ցածր՝ 13%։
Ամուսնալուծությունների աճի միտում կա Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում։ Ամենաշատը Տավուշի մարզում է նկատվում աճի դինամիկան՝ 5,4%։
Իսկ ահա Կոտայքում, Շիրակում և Սյունիքում կա ամուսնալուծությունների նվազման միտում. Կոտայքում, օրինակ, տոկոսային հարաբերակցությամբ՝ ամուսնալուծությունների թիվը 2020-2022թթ.-ին մոտ 9%-ով նվազել է։
Ինչո՞ւ է ամուսնալուծությունների թիվն աճում. մի քանի կարևոր գործոն
Ըստ տարբեր միջազգային հետազոտությունների՝ ամուսնալուծությունների թվի աճը կարելի է բացատրել մի քանի հիմնական գործոններով՝
- Տնտեսականան,
- Սոցիալական նորմերի փոփոխությամբ,
- Կանանց աշխատունակության աճով և տնտեսական անկախությամբ:
Տնտեսական դժվարություններն ու ֆինանսական անապահովությունը կարող են ընտանիքներում խնդիրների առաջացման պատճառ դառնալ։
Օրինակ, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ 2024թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է՝ դառնալով 15.5%, Վիճակագրական կոմիտեի 2023թ.-ի տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության մոտ 24%-ն աղքատ է։
Միջազգային Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը [OECD, Organization for Economic Co-operation and Development] իր զեկույցներում հաճախ նշում է, որ սոցիալական նորմերի փոփոխությունը և կանանց տնտեսական անկախության աճն ազդում են ամուսնությունների և ամուսնալուծությունների վրա. կանանց աշխատունակության և կրթության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս նրանց ավելի անկախ լինել և չկառչել ամուսնական հարաբերություններից:
Համաշխարհային Բանկի ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ կանանց աշխատունակության և տնտեսական հնարավորությունների աճը կարող է բարձրացնել ամուսնալուծությունների մակարդակը՝ հաշվի առնելով, որ տնտեսական անկախությունն ավելացնում է կանանց որոշումների կայացման ազատությունը:
Հետծննդաբերական սթրես, բնավորության անհամատեղելիություն. ինչու՞ են բաժանվում
Փաստաբան Գուրգեն Թորոսյանը, ով նաև զբաղվում է ընտանեկան հարաբերություններին վերաբերող հարցերով, նշում է, որ իր պրակտիկայում ամուսնալուծությունների պատճառները շատ տարբեր են՝ սկսած բնավորության անհամատեղելիությունից, վերջացրած՝ գույքային և սոցիալական հարցերով։
«Ավելի շատ դեպքեր, որ հանդիպել եմ, հետծննդյան սթրեսի իրավիճակում կատարվող դեպքերն են,- ասում է նա, – նաև նոր միջավայրը և նոր կենցաղը, որին համակերպվելը երբեմն դժվար է լինում»։
Փաստաբանը նշում է, որ եթե նախկինում հաճախ ամուսնալուծության պատճառ էր հանդիսանում ընտանիքի մյուս անդամների հետ ապրելը, ապա վերջին տարիներին այդ դեպքերը նվազել են։
Խոսելով ալիմենտի պահանջի [Հեղ. միջինում, սովորաբար, մոտ 30-60 հազար դրամ ամսական ամեն երեխայի համար] և մասնավորապես տղամարդկանց կողմից կանանց դեմ ներկայացվող հայցերի և ալիմենտի պահանջի մասին, փաստաբանն ասում է, որ այս առումով՝ դատական համակարգում «դրական փոփոխություն» կա, քանի որ նախկինում միտում կար, որ, անկախ ամեն ինչից, երեխան մնում էր մոր հետ, բայց հետագայում այս մոտեցումն սկսեց քիչ-քիչ փոխվել.
«Հավասարության սկզբունքն ի հայտ քաշվեց, որ միայն մայրը չէ, որ կարող է երեխա խնամել. նույն սկզբունքով կարող է նաև հայրը, և հաշվի են առնում կարևոր գործոնները, օրինակ, երեխայի՝ հոր հետ կապվածությունը և այլն։ Այս դեպքում, բնականաբար, եթե հոր խնամքին է երեխան, նրա համար մյուս ծնողը նույնպես պետք է մասնակցություն ունենա, և եթե կամավոր չի արվում, գալիս է դատական կարգով բռնագանձման գործընթացը. ես վարույթում ունեմ նման գործ»,- ասում է նա։
Միայն մայրը չէ, որ կարող է երեխա խնամել․․․
Ինչ վերաբերում է ալիմենտի պահանջների գործերի նվազմանը, փաստաբանն ասում է, որ քանի որ օրենքը նախատեսում է ալիմենտի վճարում, հետևաբար, դատարանը հիմնականում բավարարում է այդ հայցերը, և մարդիկ հասկացել են, որ կամավոր, թե հարկադրաբար պետք է վճարեն։ Այս առումով՝ վիճարկվում է միայն ալիմենտի չափը։
Հարցի իրավական կողմը. կեղծ ամուսնություններն ու ամուսնալուծությունները
Իրավունքի տեսանկյունից՝ ամուսնության և ամուսնալուծության ժամանակ կինը և տղամարդը որևէ արտոնություն չունեն։
«Ընտանեկան օրենսգրքի» համաձայն՝ Հայաստանում կանայք կարող են ամուսնանալ 17 տարեկանից, տղամարդիկ՝ 18։
Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում [Հեղ. ՔԿԱԳ, ավել հայտնի՝ որպես ԶԱԳՍ], ինչպես նաև՝ դատական կարգով:
Ամուսիններից մեկի դիմումով՝ ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը կարող է միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար, բացի այդ, կարող է հետաձգել գործի քննությունը՝ ամուսիններին 3 ամիս տրամադրելով հաշտվելու համար։ Բայց եթե կողմերից մեկը պնդում է, որ ցանկանում է ամուսնալուծվել, դատարանն իրականացնում է այդ ցանկությունը։
Եթե կա ամուսնալուծության փոխադարձ համաձայնություն, դատարանը լուծում է ամուսնությունը ամուսնալուծության դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
* Անվավեր ճանաչելու գործընթացը, սովորաբար, ավելի երկար է տևում, այդ իսկ պատճառով նման եղանակով զույգերը չեն բաժանվում։
Oրենքով կեղծ են համարվում այն ամուսնությունները, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են «առանց ընտանիք ստեղծելու մտադրության», պարզ ասած՝ այլ շահեր են հետապնդել։
Նախկինում [Հեղ.«Քրեական օրենսգիրք», հոդված 220.2 այժմ չի գործում] ամուսնության կամ ամուսնալուծության կեղծումը շահադիտական կամ այլ նպատակներով քրեորեն պատժելի էր և պատժվում էր ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով, ուղղիչ աշխատանքով կամ տուգանքով։ Հիմա այդ արարքները քրեաիրավական տեսանկյունից ոչ մի պատասխանատվություն չեն առաջացանում։
Գուրգեն Թորոսյանը նշում է, որ կեղծ կամ ֆիկտիվ ամուսնությունները Հայաստանում շատ են կնքվում օտարերկրյա քաղաքացիների հետ՝ այլ երկիր մեկնելու, վիզա ստանալու և այլ արտոնություններից օգտվելու համար.
«Ամենատարածվածն Ամերիկայի քաղաքացու հետ ամուսնությունն է, որ հեշտությամբ կարողանան գնալ այլ երկիր։ Վերջերս արտոնություններ սահմանվեցին նաև Ուկրաինայի համար, շատ էին դեպքերը, երբ Ուկրաինայի քաղաքացիներին իրենց ընտանքիներով թողնում էին առանց որևէ արգելքի, հեշտացված տարբերակով մուտք գործել Ամերիկա, և այստեղ շատ ֆիկտիվ ամուսնություններ եղան Ուկրաինայի քաղաքացիների հետ՝ զուտ այլ երկիր գնալու պատրվակով»,- ասում է փաստաբանը։
Կեղծ ամուսնալուծությունները, ըստ նրա, նույնպես որոշակի արտոնություններ ունենալու համար են արվում, օրինակ, նպաստ ստանալու, գույքային որոշակի բարելավում ունենալու և այլն.
«Քաղաքացիների մոտ այն կարծիքն է, որ, օրինակ, եթե ամուսինն ունի որևէ պարտավորություն, եթե իրենք ամուսալուծվեն, այդ պարտավորությունը չի լինի»,- ասում է Թորոսյանը։
Երբեմն կեղծ ամուսնալուծություններ լինում են նաև սնանկության վարույթների դեպքում, երբ դիմում են դատարան՝ սնանկ ճանաչվելու համար, նաև ներկայացնում են տեղեկություն ամուսնացած լինելու և կնոջ գույքային վիճակի մասին։ Այդ դեպքում մարդիկ փորձում են խուսափել լրացուցիչ «գլխացավանքներից» և վտանգի տակ չդնել այլ սեփականությունները։
Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ կեղծ ամուսնալուծվում են՝ պետությունից սոցիալական աջակցություն ստանալու նպատակով.
«Պետությունն արտոնություն է տալիս այն անձանց, որոնք միայնակ են խնամում երեխաներին։ Իհարկե, այստեղ լրացուցիչ ուսումնասիրման խնդիր կա՝ համապատասխանո՞ւմ են արդյոք այդ մարդիկ որոշակի սանդղակի, թե՞ ոչ, արտոնություններից օգտվելու համար,- ասում է փաստաբանը։ – Հիմնականում գրանցվում են՝ որպես միայնակ մայր [Հեղ․ տղամարդը չի ճանաչում հայրություն], չեն ամուսնանում. այսինքն՝ ընտանիքն իրականության մեջ գոյություն ունի, բայց իրավաբանական տեսանկյունից՝ ձևակերպում չի ստանում»,- ասում է Թորոսյանը։
Կեղծ ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի տարվում, և դրանք չեն առանձնացվում։ Թորոսյանի խոսքով՝ պատճառն այն է, որ այդ դեպքերը բացահայտ չեն, այսինքն՝ ինչ-որ թաքնված իրավիճակներ են, և դրանց օբյեկտիվ իրականության վերաբերյալ չի կարող վիճակագրություն լինել։
Բացի այդ, փաստաբանն ասում է, որ կեղծ լինելը դժվար ապացուցվող հանգամանք է. պետք է ապացուցել, որ կողմերի կամքն ուղղված չի եղել ամուսնական, ընտանեկան հարաբերությունների հաստատմանը։
«Տարբեր ապացույցների տեսակներով կարելի է որոշակի ձևով հիմնավորել. երբեք իրար հետ չեն բնակվել, համատեղ կենցաղ չեն վարել, երեխաներ չունեն և այլն։ Բայց կամքը, որ ուղղված չի եղել ընտանիք ստեղծելուն, դա կամահայտնության խնդիր է, որն ապացուցելու լուրջ խնդիր կա»,- ասում է փաստաբանը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
Վիզուալ նյութերն ու գրաֆիկները՝ հեղինակի
Կարդացեք նաև
- Ամուսնության և մայրանալու միջին տարիքները աճում են
- Հայաստանում յուրաքանչյուր 10 զույգից 3-ն ամուսնալուծվում է (գրաֆիկներ)
- Ամուսնացողներ և ամուսնալուծվողներ. Ինչո՞ւ են փոխվել ցանկությունները (2018)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/08/2024