Իրավունք

Սև ու սպիտակի մեջ կյանքի գույներ փնտրելով․ Դավիթ Ղահրամանյան՝ 44-օրյա պատերազմի վավերագրողը

Լուսանկարում՝ Կոլյա Նիկողոսյանն է

Ժպտացող հրետանավորի՝ Կոլյա Նիկողոսյանի կադրը, որ տարածվել էր պատերազմի ժամանակ, Արցախի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն է որսացել։ Տպավորվել է այդ դաժանության մեջ ժպտացող կերպարով։

Զինվորը, ցավոք, զոհվել է: Այդ մասին նկարիչը միայն պատերազմից հետո է իմացել և որոշել`44 օրերի մասին պատմող լուսանկարների իր ցուցահանդեսի պաստառին հենց այդ հերոսի նկարը տեղադրել։

Դավիթ Ղահրամանյանը 44-օրյա պատերազմը վավերագրողներից է։ Առաջին օրվանից եղել է Արցախում՝ իր զենքով՝ ֆոտոխցիկով։

Այդ օրերին նրա հիմնական գործը պատերազմի հետևանքներն ու ավերածությունները լուսանկարելն ու Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի միջոցով տարածելն էր, լրատվամիջոցներին հասցնելը։ Եղել են օրեր, երբ լուսանկարել է նաև մարտական գործողություններ։

«Պատերազմի կեսերից հեռախոսս անջատում էի, որ ոչ ոք չկարողանա զանգի, ասի՝ հետ արի, հասկանում էի, որ զինվորների մասին պատմել է պետք»,- նշում է լուսանկարիչը։

44-օրյա պատերազմը վավերագրել է Ստեփանակերտում, Մարտունու շրջանում, Քարին տակում, Շուշիում և այլուր։

Իր տեսածի մասին շատ չի խոսում, ամեն նկարի պատմություն հիշելիս՝ հուզվում, խոսքը կիսատ է թողնում։ Անկեղծանում է՝ չի սիրում նկարների մասին երկար պատմել․ նկարներն իրենք կպատմեն։

Երբ պատերազմական օրերին տանդ կեսը ավիրվել է, սակայն շարունակում ես ապրել, արարել

Պատերազմի աչքերը

Դավիթի նկարներում մարդկային կյանքերն են, ավերածությունները, ռազմական գործողությունները, պատերազմի ժամանակ կյանքը՝ Ստեփանակերտում և ապաստարաններում։

Ինչպես նշում է, իր նկարները պատմում են ապրելու վճռականության մասին։

Դժվար օրերը՝ կիսովի

 

Ասում է, որ այդ օրերին զինվորներն այնպիսի իրավիճակներում էին ժպտում, որ սովորական մարդը չէր կարող։

«Ամեն տեղ, որ եղել եմ, զինվորները ժպտում էին։ Դա էր, որ խավարի մեջ իրենց օգնում էր, իրենք ուժեղ էին այդ օրերին։ Գիտե՞ք այդպիսի մարդ չկա, որ չվախենա, զինվորներն էլ էին վախենում, բայց այդ վախը ես չէի նկատում, ժպիտը չէր թողնում։ Դա էր օգնում, որ կռվեն»,- նշում է նա։

44 օրերի մասին պատմող Դավիթի լուսանկարները կներկայացվեն հանրությանը ապրիլի 8-ին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում։ Ցուցահանդեսն ունի «Պատերազմի աչքեր» խորագիրը։ Այն կազմակերպվել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ։ Ցուցադրվելու են պատերազմի ընթացքում արված մի քանի տասնյակ նկարներ և՛ մարտական գործողություններից, և՛ պատերազմական օրերին բնակչության կյանքից։

Հեղինակը նման մի պատկեր՝ անգույն, հրապարկել է հենց սեպտեմբերի 27-ին իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, թե կրկին գունավորը փոխվեց սև ու սպիտակի։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում բացատրում է, որ պատերազմի ժամանակ մեր հոգեվիճակը, լուսանկարները սև ու սպիտակ են, սակայն դաժանության մեջ գույներ գտնել հնարավոր է։ Ինքը գտել է այդ գույները՝ պայքար, ժպիտ, միասնականություն։ Այդ պատճառով որոշել է, որ ցուցահանդեսին կլինեն հիմնականում գունավոր լուսանկարներ։

«Երբ տեսնում, լսում ես, որ զինվորներն են զոհվում, քաղաքներն ավիրվում, մարդկանց կյանքերը, ճակատագրերն են խորտակվում, գույներ գտնելը դժվար է, բայց հայի տեսակն է․․․(չի կարողանում խոսքը շարունակել)»։

Դժվար է խոսել այն մասին, ինչ ֆիքսել է ֆոտապարատը, բայց հավատացնում է՝ մի օր հաղթանակի իր լուսանկարներն ենք տեսնելու։ Դրա համար պետք է մեջքներս ուղղենք, միավորվենք, ամեն մեկս մեր գործը լավ անենք։

Հեղինակ՝ Անի Ավագյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/04/2021