21-րդ դարի տեխնոլոգիական հեղափոխությունը նպաստել է այլընտրանքային ֆինանսական միջոցների՝ վիրտուալ ակտիվների առաջացմանը, որոնք փոխում են դասական ֆինանսական համակարգերի մենաշնորհը:
Չնայած վիրտուալ ակտիվների լայն տարածմանը՝ դրանք հանրության շրջանում միանշանակ չեն ընկալվում․ մի մասն այն դիտարկում է որպես ֆինանսական նորարարություն և ազատ շուկայի զարգացման հնարավորություն, մինչդեռ մյուսները լուրջ մտահոգություններ ունեն ֆինանսական անկայունության, կիբերխարդախությունների և անօրինական գործարքների աճի վերաբերյալ։
Հայաստանում կրիպտոակտիվներն առաջին անգամ գործարկվել են 2017 թվականին։ Մինչդեռ աշխարհի խոշոր տեխնոլոգիական հսկաները՝ ինչպես, օրինակ, Meta-ն, Google-ը կամ Tesla-ն, դեռ ավելի վաղ էին սկսել հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով և կրիպտոարժույթներով՝ դրանք դիտարկելով որպես ապագայի ֆինանսական նորարարություն։ Այս համատեքստում Հայաստանը նույնպես հայտնվեց համաշխարհային գործընթացների ազդեցության տակ։ Սակայն այստեղ կրիպտոարժույթների ոլորտը գտնվում է կարգավորվող և ոչ կարգավորվող դաշտերի սահմանագծին։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պաշտոնական վիճակագրական տվյալներ, ցավոք, չկան, քանի որ կրիպտոարժույթները գործում են «մոխրագույն գոտում»։
Կրիպտոակտիվներ՝ հնարավորությու՞ն, թե՞ մարտահրավեր
Ըստ «Forbes»-ի՝ կրիպտոակտիվները գրավում են ներդրողների ուշադրությունը ողջ աշխարհում։ Մի շարք առավելությունների կողքին նշվում են նաև խնդիրները։
Կրիպտոարժույթների տարածմանը զուգահեռ աճում են նաև թվային խարդախությունները։ Oրեցօր ավելի ճկուն ու խորամանկ մեթոդներ են կիրառվում՝ օգտագործելով մարդկանց վստահությունը և տեխնոլոգիաների խոցելի կողմերը։ Կիբերհանցագործները հեշտությամբ ներկայանում են որպես մտերիմ ընկեր, հարազատ, երբեմն էլ՝ պետական պաշտոնյա, ապա խարդախության միջոցով հափշտակում մեծ գումարներ։
«Նախորդ տարիների համեմատ՝ 2024 թվականին Հայաստանում համակարգչային հանցագործություններն աճել են 20%-ով։ Աճի հիմնական պատճառներից մեկը կրիպտոարժույթների լայն տարածումն է, որը խարդախներին տալիս է նոր հնարավորություններ», – ասում է ՀՀ ՆԳՆ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։
Ըստ նրա, նախկինում հանցագործները գումար շորթելու համար պահանջում էին բանկային փոխանցումներ կամ կանխիկ գումար, սակայն այսօր նմանատիպ դեպքերի 80-100%-ում նրանք պահանջում են վճարել կրիպտոարժույթներով, քանի որ դրանց հետագծելիությունը բարդ է։
Պատկերացրու՝ ստանում ես նամակ մտերիմ ընկերոջիցդ, որն օգնություն է խնդրում քեզնից։ Ամեն ինչ՝ լուսանկարը, գրելաոճը, ձայնը, լիովին համապատասխան է իրականին։ Ինչի՞ վրա կասկածել։
Ժամանակակից թվային խարդախները այլևս չեն հորինում նոր հնարքներ։ Նրանք օգտագործում են արդեն գոյություն ունեցողը՝ մեր տվյալները, լուսանկարները, ընկերների շրջանակը, առցանց շփումները։ Ստորև ներկայացված անիմացիոն պատմությունը հենց այդպիսի մի դեպքի մասին է․ երբ թվացյալ անմեղ հաղորդագրությունը վերածվում է շղթայական խաբեության, որի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուրը։

Հայաստանում գրանցված խոշորագույն կրիպտոխարդախություններից մեկում կիբերհանցագործները քաղաքացու թվային դրամապանակից հափշտակել են 1.5 միլիոն դոլար։
Գումարի վերադարձման մեխանիզմները և փոխանցումների հետագծելիությունը

Գումարի վերադարձման ինստիտուտն ամբողջ աշխարհում մեծ խնդիր է, քանի որ այստեղ կա ոչ միայն իրավական, այլ նաև տեխնիկական խնդիր։ Նախ և առաջ պետք է պարզել արդյոք տվյալ ֆինանսական միջոցը սառեցման ենթակա է, թե՝ ոչ, որովհետև կան համակարգեր որոնցում առկա կրիպտոբալանսը հնարավոր չէ սառեցնել․ վերջինիս իրականացնելը ենթադրում է հետագայում գումարը տուժողին փոխանցելը, նշում է Հայկ Մկրտչյանը։
«Կրիպտոարժույթների վերականգնման բարդությունը պայմանավորված է դրանց տեխնիկական առանձնահատկություններով, ինչը պահանջում է բազմակողմանի քննություն և միջազգային համագործակցություն», – ասում է մասնագետը։
Հետագծելիություն ապահովել հնարավոր է։
Այնուամենայնիվ, տարածված կարծիքին, որ կրիպտոարժույթներն ամբողջությամբ անանուն են, հնարավոր է որոշակի հետագծելիություն ապահովել։ Կիբերհանցագործությունների բացահայտման դեպքում մասնագետները կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձանց, նույնիսկ եթե նրանք օգտվում են գաղտնիության մեխանիզմներից։
Հայաստանում կրիպտոարժույթների ոլորտը գտնվում է ձևավորման փուլում, սակայն վերջին տարիներին դրանց նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտորեն աճում է։ Կրիպտոակտիվներն առաջին անգամ Հայաստանում գործարկվել են 2017 թվականին։
2024 թվականի մայիսին հանրային քննարկման է ներկայացվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը, որը դեռ շտկման փուլում է։ Այն նպատակ ունի սահմանել կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության և դրանց հետ կապված ծառայությունների մատուցման կարգավորումները։
Ըստ գործադիրի՝ նախագծի հիմնական նպատակը ոլորտում առկա հնարավոր ռիսկերի նվազեցումն է՝ չզսպելով նորարարությունները։ Նշվում է, որ նախագիծը մշակելիս հիմք է ծառայել միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության օրենսդրական մոդելը։
Միևնույն ժամանակ նկատվում է հակասություն կառավարության տարբեր ճյուղերի մոտեցումների միջև։ Օրինակ՝ եթե ԿԲ-ը խիստ սահմանափակումներ է կիրառում, ապա Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները ոլորտը ճանաչում են գերակա։ 2024 թ գարնանը ՎԵԲ3 հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է աշխարհում առաջին «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» կրթական ծրագիրը՝ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Ոլորտի գործիչներն անհանգստանում են, որ կրիպտոակտիվների շուկան կարգավորելու Հայաստանի ջանքերը կարող են հակառակ արդյունքը տալ, եթե կանոնակարգերը չափազանց խիստ լինեն:
«Բիթքոյն Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է․ «Բանկային համակարգը ոլորտին չի սպասարկում։ Պետությունը կարծես թե դիրքորոշում չունի, սակայն ԿԲ-ն, լինելով կոմպետենտ մարմին, միանձնյա որոշում է կայացրել՝ ոլորտը չեզոք պահելու վերաբերյալ։ Մինչդեռ այն աշխարհում ամենաարագ զարգացողներից է՝ միջինը տարեկան 80%»։
Կրիպտոարժույթ․ կոռուպցիոն ռիսկեր
ԿԿՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովի՝ անհատների կրիպտոարժույթները և գործարքները վերահսկելու գործիքներն ու մեխանիզմները սահմանափակ են, սակայն չհայտարարագրելու դեպքում մարդիկ ստիպված են լինելու զարտուղի ճանապարհներ գտնել կրիպտոարժույթն այլ արժույթի վերածելու կամ դրանով գործարքներ կատարելու համար, որն էլ կարող է հասանելի դառնալ և՛ հանձնաժողովին, և՛ իրավապահ մարմիններին։
Կրիպտոարժույթներով կատարվող գործարքներում հնարավոր ռիսկեր են, մասնավորապես, թվային եղանակով կաշառքի ստացումը և հնարավոր յուրացումը՝ հիմք ընդունելով դրամական միջոցների հնարավոր անվերահսկելի շարժը։ Կենտրոնական բանկը (ԿԲ) ևս չի վերահսկում կրիպտոարժույթով կատարվող գործարքները, ուստի հանձնաժողովը չունի այդ գործարքների վերաբերյալ տեղեկություն։ Ստացվում է, որ եթե անհատները չհայտարարագրեն իրենց կրիպտոարժույթները, ԿԿՀ-ն չի կարող ստուգել նրանց կրիպտոունեցվածքը։
Իրական մարդիկ, իրական հաջողություն
Չնայած կարգավորման շուրջ եղած տարակարծություններին ու անվստահությանը, ոլորտը Հայաստանում արդեն արձանագրում է առաջընթաց։ Մասնավոր հատվածում գործարքներ են կատարվում, նախագծեր են զարգանում, իսկ հայկական ծագմամբ թվային ակտիվներն արդեն դուրս են գալիս միջազգային շուկա։
SoftConstruct տեխնոլոգիական հսկայի ստեղծած Fasttoken-ը դարձել է հայկական ծագմամբ առաջին թվային ակտիվը, որը հասանելի է միջազգային հանրությանը հանրային վաճառքի ձևաչափով։ Այս քայլը կարևոր նշաձող է Հայաստանի համար՝ որպես նորարարական հարթակ կրիպտոակտիվների և Web3 տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Ներկայումս, FTN-ի գինը կազմում է $4.42։ Այսպիսով, FTN-ի գինը նախնական հանրային վաճառքի արժեքից աճել է մոտ 10.5 անգամ։
Հայաստանում ակնհայտ է ոլորտի ակտիվացումը․ կրիպտոարժույթների թեման շարունակ հանդիպում է փողոցներում՝ տերմինալների տեսքով, սոցիալական ցանցերում՝ գովազդներով, իսկ տարբեր հարթակներում՝ դասընթացների առաջարկներով։
Ըստ coinatmradar.com կայքի՝ ներկայումս Հայաստանում տեղադրված է շուրջ 25 Bitcoin-ի ինքնասպասարկման կրիպտոտերմինալ, հիմնականում՝ Երևանում։ Բացի այդ, գործում է մի քանի փոխանակման գրասենյակ։ Կրիպտոտերմինալների աշխատանքն ունի պարզ մեխանիզմ․ ընտրում ես նախընտրած կրիպտոարժույթը, սկանավորում QR կոդը՝ նույնականացնելու համար քո էլեկտրոնային դրամապանակը և մուտքագրում կանխիկ գումարը։ Գործարքը այսպիսով ավարտվում է։ Միջնորդավճարը, որպես կանոն, տատանվում է 1-2%-ի սահմաններում։
Քարտեզով նշված տերմինալները ոլորտի ֆիզիկական ներկայության մասին են խոսում, բայց իրական կյանքում կրիպտոն շարժվում է մարդկանցով։ Նրանցից մեկը՝ Ալբերտ Գևորգյանը, որն արդեն ունի սեփական համայնքը Telegram հարթակում և զբաղվում է կրիպտոակտիվների վերլուծությամբ ասում է․
Կրիպտոարժույթները ոչ թե սպառնալիք են, այլ՝ չհասկացված հնարավորություն
Թեև մասնագիտությամբ շուկայագետ է և տարիներ շարունակ աշխատել է ոլորտում, Ալբերտը վերջին տարիներին ամբողջությամբ տեղափոխվել է կրիպտոաշխարհ։ Պատճառը ոչ միայն ֆինանսականն է․
«Կրիպտոն ինձ համար ազատություն է. այստեղ դու ես կառավարում քո ժամանակը։ Ճիշտ է, ոլորտը լարված է, բայց ղեկավարդ դու ես»։
Քանի դեռ մյուսները կասկածով էին մոտենում կրիպտոյի «կտրուկ աճին ու անկմանը», Ալբերտը համբերատար ոլորտն ուսումնասիրել է՝ փորձելով հասկանալ ոչ միայն թվերը, գներն, այլև ամենակարևորը՝ շուկայի հոգեբանությունը։
Ալբերտ Գևորգյանը վարում է սեփական Telegram ալիքը։ Ունի շուրջ 5000 հետևորդ։ Հարթակն օգտագործում է կրիպտոակտիվների մասին վերլուծություններ, խորհուրդներ ու շուկայական դիտարկումներ հրապարակելով՝ նպատակ ունենալով օգնել մյուսներին խուսափել այն սխալներից, որոնց միջով ինքն անցել է։
«Ալիքը դարձավ մի տեղ, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե արագ հարստանալու երազանքով, այլ սովորելու, համբերելու ու աճելու»։
Չնայած այն հանգամանքին, որ կրիպտոարժույթները հաճախ սխալ են ընկալվում հանրության կողմից, իրականում դրանք ներկայացնում են դեռ ամբողջությամբ չբացահայտված տնտեսական հնարավորություններ։ Այո, դրանք վտանգներ են պարունակում, բայց նաև մի նոր դարաշրջան են տնտեսական համակարգում։ Հարցն այն չէ՝ օգտագործե՞լ, թե՞ ոչ, այլ՝ ինչպես օգտագործել խելամիտ ու անվտանգ։
Իսկ վերջում մի քանի խորհուրդ համացանցում ֆինանսական գործարքները գրագետ և անվտանգ կազմակերպելու համար
- Ակտիվացնել երկփուլային նույնականացումը՝ էլ. փոստի, սոցիալական ցանցերի, բանկային հաշիվների և կրիպտոարժույթային հարթակներում գրանցված անհատական հաշիվների համար։
- Օգտագործել երկար և բարդ գաղտնաբառեր, որոնք պարունակում են մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նշաններ։
- Չվստահել որպես բանկի, որևէ միջազգային կամ պետական կառույցի աշխատակից ներկայացած անձանց, ովքեր հեռախոսազանգերի միջոցով տարբեր պատրվակներով փորձում են ստանալ բանկային կամ այլ տվյալներ, որի արդյունքում հնարավոր է դառնալ համակարգչային հափշտակության զոհ։
- Զգուշանալ «երաշխավորված բարձր եկամուտներ առանց ռիսկի» խոստացող գովազդներից և առաջարկներից։
- Չվստահել անհայտ կամ նորաստեղծ հարթակներին (օրինակ՝ կեղծ կրիպտոարժութային բորսաներ)։
- Ստուգել կայքի գրանցման տարեթիվը, սեփականատերերի մասին տեղեկությունը և օգտատերերի կարծիքները:
Հեղինակ՝ Անահիտ Դիվանյան
Աուդիոնյութերը՝ հեղինակի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/06/2025