Աշխարհում, 2021 թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ, գրանցվել է ավելի քան 238 միլիոն COVID-19 հաստատված դեպք, որից շուրջ 4,9 միլիոնը կամ 2%-ը մահվան ելքով։
Հոկտեմբերի 13 -ի դրությամբ, ընդհանուր առմամբ ներարկվել է պատվաստանյութի 6.56 մլրդ դեղաչափ, իսկ ամբողջական պատվաստված բնակչությունը կազմել է երկրագնդի բնակչության գրեթե 43%-ը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ աշխարհում ներկայումս շրջանառվում են կորոնավիրուսի դեմ ներարկվող շուրջ երկու տասնյակ պատվաստանյութեր՝ արտադրված չինական, ռուսական, ամերիկյան, գերմանա-ամերիկյան, բրիտանա-շվեդական, իսրայելական, հնդկական և այլ գիտահետազոտական ընկերությունների կողմից։
Հայաստանում կիրառվող պատվաստանյութերը հինգն են՝
- AstraZeneca – AZD1222 [բրիտանա-շվեդական],
- Sinovac – CoronaVac [չինական],
- Sinopharm – [չինական]
- Gamaleya – Sputnik V [ռուսական]
- Spikevax (Moderna – mRNA-1273) [ամերիկյան]:
Հոկտեմբերի 11-ի դրությամբ դրանցով պատվաստվել է ՀՀ բնակչության գրեթե 12%-ը, որից ամբողջությամբ պատվաստվածները կազմել են շուրջ 6%։ Ներքոնշյալ ինֆոգրաֆիկան ներկայացնում է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ամենաշատ դեղաչափերը կիրառած երկրների ցանկը և նրանց շարքում Հայաստանի զբաղեցրած հորիզոնականը։ Մինչ այժմ աշխարհում ներարկված դեղաչափերի 76%-ը կիրառվել են 15 երկրներում, 24%-ը՝ մնացած ավելի քան 200 երկրներում։
Հաշվի առնելով սույն երկրների ակտիվությունը պատվաստումների գործընթացում՝ «Ամփոփ Մեդիան» փորձել է պարզել մի շարք միտումներ՝ հատկապես, թե տվյալ երկրներում նշված դեղաչափերով բնակչության քանի տոկոսն է լրիվ պատվաստված, ու թե ինչպիսին է պատվաստումների և մահացության ցուցանիշների միջև կապը։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում պատվաստումային գործընթացն առաջինը սկսել են չինացիները՝ 2020թ․ հուլիսի 22-ից, և ներկայումս հաջողել են զրոյացնել մահացության մակարդակն ու նվազագույնի հասցնել օրական վարակակիրների թիվը։ Վերջին օրերին դրանք տատանվում են մինչև մեկ տասնյակի սահմաններում։ Սա այն դեպքում, երբ համավարակի նախնական շրջանում այստեղ մահանում էր վարակվածների 5%-ը: Չինաստանում կիրառվում է սեփական արտադրության 7 և գերմանա-ամերիկյան 1 պատվաստանյութ՝ Pfizer BioNTech-ը։
Գրաֆիկում նշված տվյալները վկայում են, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մեծաքանակ դեղաչափերի կիրառումը ոչ բոլոր երկրներում է լուծել բնակչության ամբողջությամբ պատվաստված լինելու խնդիրը։ Օրինակ՝ բնակչության թվով առաջատար Չինաստանը թեև արդեն իսկ աշխարհում ամենաշատ դեղաչափերը կիրառած երկիրն է, սակայն պատվաստված բնակչության չափաբաժնով (73%) ետ է մնում Իսպանիայից, որն այս շարքում պատվաստվածության ամենաբարձր ցուցանիշն է (79%) գրանցել: Սա պայմանավորված է նաև նշված երկրներում բնակչությունների թվաքանակով։
Մահացության ցուցանիշների նվազումը պատվաստումների ավելացման ֆոնին
Մահացության նվազման միտում է նկատվում ստորև բերված ինֆոգրաֆիկի բոլոր երկրներում, որոնք բնակչության շրջանում պատվաստվածության բարձր ցուցանիշներ ունեն, բացառությամբ Հայաստանի, որտեղ պատվաստվածության ցուցանիշները ցածր են։ Համաճարակի բռնկումից ի վեր՝ այս տարվա հոկտեմբերի 12-ին, Հայաստանում արձանագրվեց օրական ամենաշատ մահերը։
Նշված երկրներում շրջանառվում են․
• Janssen – Ad26.COV 2.5 [բելգիական] • Moderna – mRNA-1273 [ամերիկյան] • Pfizer BioNTech – Comirnaty [գերմանա-ամերիկյան] • AstraZeneca – AZD1222 [բրիտանա-շվեդական] • Novavax – Covavax [հնդկական]
Մանիպուլյատիվ նյութերի շարքում թերևս ամենահաճախ հանդիպող շահարկումները վերաբերվում են Իսրայելին ու նրա հետ համեմատության մեջ դրվող «ազատ» սահմանափակումներով Շվեդիային ու պատվաստումների դեմ ընդդիմացող Ֆրանսիային։
Թեև Շվեդիան համավարակի ողջ ընթացքում առանձնացել է համեմատաբար մեղմ պայքարով՝ խուսափելով խիստ սահմանափակումներից և մեծապես ապավինելով սոցիալական հեռավորության ու հիգիենայի պահպանմանը, այնուամենայնիվ, հանրային հավաքներն ու միջոցառումները՝ համերգները, սպորտային իրադարձությունները, ինչպես նաև հանրային վայրերը՝ բարերն ու ռեստորանները, մշտապես գործել են խիստ սահմանափակումների ներքո: Բացի այդ, այն ամբողջությամբ պատվաստված բնակչության ցուցանիշով եվրոպական առաջատար երկրներից է, որտեղ պատվաստված է 16 և բարձր տարիքի բնակչության 70%-ից ավելին։
Ներկայումս, ըստ երկրի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենի, կառավարությունը ուսումնասիրում է պատվաստման վկայականների հնարավոր օգտագործման հարցը:
Ֆրանսիայում թեպետ մի քանի շաբաթ շարունակ տեղի ունեցան բողոքի բազմամարդ ակցիաներ պատվաստումային պարտադիր նորմերի դեմ, այնուամենայնիվ պատվաստման բարձր ցուցանիշները երկրում վկայում են բնակչության շրջանում կառավարության որոշման հանդեպ դրական դիրքորոշման մասին։
Այս երեք երկրներն էլ բնակչության ամբողջական պատվաստվածության գրեթե նույն ցուցանիշն ունեն՝ 71-75%, և բոլորի դեպքում էլ նկատելի է մահացության զգալի նվազում: Ընդհանուր առմամբ, Իսրայելում մահացության ցուցանիշը ցածր է եղել՝ թե պատվաստումից առաջ, թե առավել ևս հետո, հավանաբար` պայմանավորված նաև սահմանափակումների խիստ ռեժիմով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մահերի բացարձակ թվով (740840 մահ՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ) այն մշտապես գերազանցել է բոլոր երկրներին։ Սակայն այստեղ ևս 56% լրիվ պատվաստվածության ֆոնին նկատելի է մահացության ցուցանիշի զգալի նվազում. նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում մահացության ցուցանիշը նվազել է 19%-ով։
Իսկ կորոնավիրուսի հայրենիքը հանդիսացող Չինաստանում՝ իր 1,4 միլիարդ բնակչությամբ, համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային ավելի քիչ մահ է գրանցվել (4636 մահ), քան շուրջ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում (5675 մահ)։
Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Ինֆոգրաֆիկները` հեղինակի
#COVID19
Կարդացեք նաև
- Ստուգեք Ձեր գիտելիքը. որքանո՞վ եք իրազեկ COVID-19-ի դեմ պատվաստումներից
- Պարտադիր հոգատարություն․ Ո՞ր ոլորտի աշխատողներին է վերաբերում նոր հրամանը
- Անշարժ գույքի շուկան` երեք ճգնաժամի արանքում
- Հիպոտեկային վարկի տոկոսագումարները եկամտահարկի հաշվին․ Ի՞նչ է փոխվում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/10/2021