Միջազգային

Ածխային էներգիա

Աշխարհում ածխածնի արտանետումների ամենամեծ աղբյուրը ածուխն է, որը հզոր ազդեցություն ունի գլոբալ տաքացման գործում: Սա էժան վառելանյութ է ու բավական տարածված։ Ածուխի արտադրած էներգիան ու ջերմությունը օգնել է միլիոնավոր մարդկանց հաղթահարել աղքատությունը Չինաստանում, Հնդկաստանում և այլ զարգացող երկրներում։ Ածուխն ավելի մատչելի է, քան էներգիայի մյուս աղբյուրները, այն ավելի հեշտ է տեղափոխել և պահեստավորել։ Նրա պահանջարկը չի սահմանափակվում միայն տնտեսությամբ․ արևելյան Եվրոպան իր ներքին հարուստ պաշարները համարում է այլընտրանք ռուսական նավթին ու գազին: Ուժեղացել են ածխի օգտագործման սահմանափակմանն ուղղված ջանքերը. 1990-ականներից ի վեր առաջին անգամ ածխի համաշխարհային սպառման աճը դանդաղեց 2014թ․, իսկ 2015-ին 2,6 տոկոսով անկում ապրեց։ Ինչևէ, աշխարհում ջերմության և էլեկտրաէներգիայի 40 տոկոսը շարունակում է արտադրվել ածխի միջոցով։

Իրավիճակ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի բարելավել ածխի արտադրությունը։ 2016թ․ իրականացրած հաջող քարոզարշավի ընթացքում նա խոստացել է սահմանափակումները հանելու միջոցով վերականգնել ածուխի արտադրությունը ԱՄՆ-ում։ Այստեղ ստիպված էին փակել կամ ծախսատար արդիականացում չիրականացնել ածխային էլեկտրակայաններում, քանի որ այս վառելիքի այրումից գրեթե 2 անգամ ավելի ածխածնի երկօքսիդ է արտանետվում, քան բնական գազից և 28 տոկոսով ավելի աղտոտող նյութեր, քան մազութից։ Ածուխի կիրառությունը Միացյալ Նահանգներում 15 տոկոսով նվազեց 2015թ․, և երկիրն այս վառելիքի սպառողների շարքում զիջեց դիրքերը՝ երկրորդ  ամենախոշոր սպառողից դառնալով երրորդը Հնդկաստանից ու Չինաստանից հետո։ Այս, ինչպես նաև Չինաստանում սպառման 3 տոկոս անկումը հիմնականում պայմանավորված էին համաշխարհային անկմամբ։ Հնդկաստանի դեպքում՝ կիրառությունը 3 տոկոսով աճեց։ Ածուխը աշխարհում էներգիայի աղբյուրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը նավթից հետո։ Կա ածուխի բավարար պաշար՝ 2012 թ․ արտադրության տեմպերով 132 տարի օգտագործելու համար։ Հնդկաստանը, Չինաստանն ու Ճապոնիան ամենախոշոր ներկրողներն են։ Ավստրալիան, Ինդոնեզիան, Ռուսաստանն ու Կոլումբիան ամենախոշոր արտահանողներն են։ Գերմանիայի փորձը ցույց է տալիս ածուխից հրաժարվելու իրական վտանգը։ 2011թ․ Ճապոնիայում տեղի ունեցած ֆուկուսիմայի աղետից հետո, իր  ատոմակայաններից 8-ը փակելով, այս երկիրն ավելի շատ սկսեց օգտագործել ածուխը որպես վառելիք, իսկ 2015թ․  սկսեց գործարկել երկու նոր ածխակայան։

Աղբյուր՝ Էներգետիկայի միջազգային գործակալության

Պատմական ակնարկ

Ածխի խնդիրը միշտ էլ վիճահարույց է եղել: 1306թ. Անգլիայի թագավոր Էդուարդ I-ն արգելեց ածխի օգտագործումը Լոնդոնում, քանի որ վերջինիս այրումից թանձր ծուխ էր գոյանում: Դարեր անց, ածուխը արդյունաբերական հեղաշրջման ուղի հարթեց՝ ողողելով Լոնդոնը մառախուղով, ինչը սովորական երևույթ էր մինչև 20-րդ դարի կեսերը: (1905թ. «սմոգ» բառը կիրառության մեջ մտավ լոնդոնաբնակի կողմից): ԱՄՆ-ում ածուխն առաջին անգամ հայտնաբերվել է 1791թ. Վիրջինիա նահանգում` Ռիչմոնդի մերձակայքում: Բալթիմորը ամերիկյան առաջին քաղաքն էր, որը, սկսած 1816թ-ից, օգտագործեց այն փողոցային լուսավորության նպատակով: Այս վառելիքը խթանեց երկրի երկաթուղային համակարգը և դեպի արևմուտք նրա տարածումը: Մինչև 20-րդ դարի սկիզբը ածխի շնորհիվ Հանքագործների միությունը (United Mine Workers) դարձավ ԱՄՆ-ում ամենախոշոր միությունը, որի վեճերը հանքարդյունաբերական ընկերությունների հետ երկրի պատմության մեջ ամենաարյունալիներն են եղել:

Փաստարկ  

Գիտնականների շրջանում կլիմայի փոփոխության վրա ածխի ազդեցության վերաբերյալ լուրջ բանավեճ չկա, չնայած ըստ Թրամփի՝ այս ամբողջ երևույթը «խաբեություն» է: Նա խոստացել է հրաժարվել բնապահպանական այն կանոնակարգերից, որոնք էժանագին բնական գազի հետ միասին, պատճառ են դարձել, որպեսզի վերջին տարիներին հազարավոր մեգավատ հզորության ածխածնային էներգագեներատորներ հանվեն շահագործումից։ Եթե նա հավատարիմ մնա իր խոստմանը, ապա, ըստ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության կառավարման (Energy Information Administration) հաշվարկների, Միացյալ Նահանգներում ածխածնային էլեկտրաէներգիայի  օգտագործումը կաճի 61 տոկոսով: Թրամփը խրախուսում է «մաքուր ածուխ» նորարարական ծրագրերը, իսկ արդյունաբերողները պնդում են, որ այս տեխնոլոգիաները կարող են այրման ժամանակ ավելի քան 90 %-ով կրճատել այրմամբ պայմանավորված ածխածինը: Կա երկու խնդիր՝ «մաքուր ածուխը» փորձարկված չէ և թանկ է: Այնպես որ, բավական մեծ է դիմադրությունը նրանց կողմից, ովքեր պնդում են, որ ավելի լավ է ածուխը գետնի տակ մնա: Ածխային արդյունաբերության ձեռնարկությունների օտարմանն ուղղված շարժումը մեծ թափ է ստանում: Եթե ածխի օգտագործումը կտրուկ նվազի, ապա հստակ չէ, թե ինչը կամ ինչ գնով կփոխարինի նրան:

Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Միջազգային էներգետիկ գործակալության պարբերաբար թարմացվող զեկույցը ածխի համաշխարհային շուկայի մասին:
  • ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության կառավարման ինտերակտիվ աղյուսակը ածխի օգտագործման մասին:
  • Ածխի համաշխարհային ասոցացիան վերլուծում է, թե ինչպես են նախապատմական ժամանակաշրջանի բույսերը ածուխ դառնում:
  • ԱՄՆ-ի բնապահպանական գործակալության ջերմոցային գազերի արտանետումների մասին տվյալները և կրճատման նախագիծը:
  • Heritage հիմնադրամի տեսակետը։
  • Ըստ Nature-ում լույս տեսած հոդվածի՝ Չինաստանում ածխի օգտագործումը հասել է իր գագաթնակետին:

 Հեղինակ՝  Mario Parker

Աղբյուր՝  Բլումբերգ

Թարգմանիչներ` Լիանա Հակոբյան, Կարինե Դարբինյան


Հրապարակվել է` 18/01/2017