Ռոբերտ Մկրտչյանն ամեն առավոտ նույն ճանապարհով գնում է դեպի իր մեղվանոց։ Սա նրա փոքր տնտեսությունն է, որն աճելու մեծ պոտենցիալ ունի։ Ռոբերտը գիտի, որ եթե փեթակների թիվը կրկնապատկի, կկարողանա ոչ միայն ավելացնել եկամուտը, այլ նաև միանալ այն մեծ շղթային, որի մասին այսօր առավել հաճախ է խոսվում մեղրի արտադրության ոլորտում։
Նրա պատմությունը եզակի չէ։ Հայաստանի գրեթե 11 հազար մեղվաբույծների մեծ մասը հենց այսպիսի փոքր տնտեսություններ ունեն։ Նրանք կանգնած են ընտրության առաջ՝ մնալ փոքր ծավալներո՞վ, թե՞ օգտվել նոր հնարավորություններից և քայլ անել դեպի ավելի մեծ արտադրություն, նոր տեխնոլոգիաներ և, հնարավոր է, դեպի արտահանման շուկաներ։
Մեղվաբուծությունը Հայաստանում միշտ համարվել է գյուղական կյանքի կարևոր ճյուղերից մեկը, բայց վերջին տասնամյակներին այն զարգացել է հիմնականում մասնավոր նախաձեռնություններով։ Պետության ուղղակի աջակցություն այս ոլորտում գրեթե չի եղել։
2024-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց երկամյա «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը», որով նախատեսված է զարգացնել hայաստանյան մեղվաբուծության ներուժը։ Այս մասին ոլորտի մասնագետները դեռ տարիներ առաջ են բարձրաձայնել։
Ծրագրի նպատակն է՝ օգնել գյուղական բնակավայրերին կայուն եկամուտներ ձևավորել, սահմանամերձ համայնքների չօգտագործվող բնական կերահանդակների այլընտրանքային օգտագործման լուծումներ գտնել և, ի վերջո, ավելացնել հայկական մեղրի արտադրությունն ու մրցունակությունը։
Ծրագիրը գործում է հանրապետության ամբողջ տարածքում և նախատեսում, որ շահառուները կարող են երկու տարվա ընթացքում ձեռք բերել մինչև 10,000 մեղվաընտանիք՝ պետության կողմից ծախսերի 50%-ի փոխհատուցմամբ։
Միջին հաշվով մեկ մեղվաընտանիքը, փեթակի հետ միասին, գնահատվել է 80 հազար դրամ, որից մինչև 40 հազարը փոխհատուցում է պետությունը։
Այսպիսով, ծրագրի մեկնարկային տարում Հայաստանը պետք է ձեռք բերեր 3000, իսկ հաջորդ տարում՝ ևս 7000 մեղվաընտանիք և արտադրեր լրացուցիչ 300 տոննա մեղր։
Ծրագրից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը, եթե ունեն բարեկարգ վարկային և հարկային պատմություն։ Յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել 10-50 մեղվաընտանիք։ Մեղվաընտանիքները պետք է լինեն տվյալ տարվա սերնդից և ունենան անասնաբուժական փաստաթուղթ։
Սակայն այստեղ էլ կան սահմանափակումներ։ Օրինակ, 15-ից ավելի մեղվաընտանիք գնելու դեպքում պահանջվում է բանկային երաշխիք, ինչը շատերի համար լրացուցիչ խոչընդոտ է։
Չնայած ծրագրի հավակնոտ նպատակներին՝ իրականացման առաջին տարում արդյունքները զգալիորեն պակաս են սպասվածից։ Նախատեսված 10,000-ի փոխարեն մինչ այժմ ձեռք է բերվել շուրջ 2580 մեղվաընտանիք։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանն «Ամփոփ Մեդիա»-ին ասում է, որ դա մասամբ պայմանավորված է սեզոնայնությամբ։
Նրա խոսքով՝ հիմնական հայտերը նախարարություն են ներկայացվել 2025 թվականից, և գործընթացը դեռ շարունակվում է։
«Սա առաջին տարին էր՝ ծրագրի փորձնական փուլը։ Մոտ 150 հայտ ենք ստացել, 115-ը՝ հաստատել։ Ավելի ամբողջական պատկեր կունենանք տարեվերջին», — նշում է Ալեքսանյանը։
Մեղվաբույծների շրջանում ծրագրի վերաբերյալ գնահատկանը դրական է՝ հաշվի առնելով վերջին 30 տարում Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը խթանող պետական ծրագրերի բացակայությունը։
Սակայն մասնագետներն ընդգծում են, որ նման ծրագրերի իրական ազդեցությունը զգացվում է միայն երկարաժամկետ կտրվածքով։ «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր, խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը նշում է, որ կարճաժամկետ կտրվածքով անհնար է ծրագիրը գնահատել դրական կամ բացասական։
Մեղվաբույծ, մեղր և մեղվամթերք արտադրող ու արտահանող «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր Սամվել Միրզախանյանն էլ շեշտում է, որ 80 հազարով թեև չես կարող շատ լավ մեղվաընտանիք ձեռք բերել, բայց ավելի լավ է որոշակի աջակցություն լինի, քան ընդհանրապես չլինի։
«Ավելին, 120 հազարանոց մեղվաընտանիք ձեռք բերելու դեպքում 40 հազար պետական սուբսիդավորումն էական աջակցություն կարող է դառնալ», – հավելում է Միրզախանյանը։
Բայց հարց է առաջանում՝ եթե աջակցությունը վատը չէ, ինչո՞ւ մեղվաբույծները չեն շտապում ծրագրին միանալ։ Պատճառներից մի քանիսն «Ամփոփ Մեդիան» կարողացավ պարզել մեղվապահների հետ զրուցելուց հետո։
Նախ մեղվապահներից շատերը ծրագրից չեն կարող օգտվել խնդրահարույց վարկային պատմություն ունենալու պատճառով։ Բացի այդ, նրանք, ովքեր նախատեսում են գնել 50 մեղվաընտանիք, պետք է ներկայացնեն բանկային երաշխիք կամ այլ գրավ, ինչը ոչ բոլորի համար է հասանելի։ Շատերը պարզապես չունեն այնպիսի գույք կամ ֆինանսական ռեսուրս, որը կարող է ապահովել այդ պարտավորությունը։
«Ես, ցավոք, չեմ կարող օգտվել այդ ծրագրից, քանի որ վարկային պատմությունս թույլ չի տալիս։ Բայց ինձնից հարցնողներին խորհուրդ եմ տալիս, որ օգտվեն»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է մեղվապահ Ռոբերտը։
Մյուս խնդիրը հոգեբանական է․ ոլորտում սովոր են «նախ տեսնել, հետո՝ գործել» տրամաբանությանը։ Շատերը սպասում են, որ ծրագրից օգտվի իրենց ծանոթը կամ հարազատը, համոզվեն, որ ամեն ինչ նորմալ է, որ հայտարարվածն ու իրականացվածը համընկնում են, նոր հետո հայտ ներկայացնեն։
Խոչընդոտ կա նաև իրավաբանական կարգավիճակի հետ կապված։ Ոչ բոլոր մեղվապահներն են ցանկանում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ստանալ։ Թեև այստեղ պետության մոտեցումը հասկանալի է՝ գործունեությունը պետք է լինի իրավական դաշտում, վերահսկելի և թափանցիկ, որոշ մեղվապահներ սա լրացուցիչ բեռ են համարում։
Եվ վերջապես առկա է սեզոնայնության գործոնը։ Մեղվաբույծների մեծ մասը մեղուներ ձեռք է բերում գարնանը՝ խուսափելու ձմեռային անկումներից և բերք ստանալու նույն սեզոնին։ Ահա թե ինչու աշնանը կամ ձմռանը հայտարարված ծրագրերը երբեմն մեծ ակտիվություն չեն ունենում։
«Դեռևս 2021-ին ես առաջարկում էի նման ծրագիր իրականացնել՝ հատկապես սահմանամերձ համայնքներում, որտեղ անասնաբուծությունը հեռանկար չունի, իսկ մեղվաբուծությունը կարող է սոցիալական խնդիրներ լուծել։ Ավելին, հիմա թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մեղուների զանգվածային անկում է արձանագրվում»,- պատմում է «Հաթերք ֆուդի» հիմնադիրը։
Այս համատեքստում մեղուների դերը շատ ավելի մեծ է, քան պարզապես մեղրի արտադրությունը։ Նրանք կենսոլորտի ամբողջ շղթայի առանցքային փոշոտիչներն են։ Արդյունքում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը մեղուների շնորհիվ կարող է աճել 30–40 %-ով, որոշ դեպքերում՝ 50 %-ից էլ ավելի։ Իսկ փոշոտման արդյունքում ստացվող տնտեսական օգուտները միջինում 10–15 անգամ գերազանցում են անմիջապես մեղրից կամ մեղվամթերքից ստացվող եկամուտները։
Պատահական չէ ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հատուկ ուշադրությունը այս ոլորտի նկատմամբ։ Ըստ կազմակերպության կանխատեսումների՝ սննդամթերքի կուլտուրաների 75 %-ն ուղղակիորեն կախված է փոշոտողներից, իսկ փոշոտողների 40 %-ը գտնվում է անհետացման վտանգի տակ՝ լրջագույն մարտահրավեր դառնալով մոլորակի կայուն զարգացման համար։
Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Համաձայն վերլուծությունների, Հայաստանի վայրի բուսականության և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 250 հազար մեղվաընտանիք, մինչդեռ ներկայումս այն հասնում է 186 հազարի, որոնց զգալի մասը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Հայաստանում բավարար չէ ինչպես մեղվաընտանիքների, այնպես էլ մեղվափեթակների քանակը։ Սակայն ոլորտի զարգացման խնդիրը միայն արտադրության ավելացումը չէ։
Մասնագետները սա տեսնում են նաև որպես ռազմավարական հնարավորություն՝ հատկապես սահմանամերձ համայնքների համար, որտեղ տնտեսական ակտիվությունը վերջին տարիներին լրջորեն սահմանափակվել է։
44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ մի շարք գյուղերի վարչական տարածքներում գտնվող հազարավոր հեկտար խոտհարքեր և արոտավայրեր գործնականում չեն օգտագործվում։ Այստեղ խոտհունձ անել կամ կենդանիներ արածեցնել հնարավոր չէ, մինչդեռ այդ տարածքները, որոնք ենթաալպյան և ալպյան մարգագետիններ են, բացառիկ հարուստ են մեղրատու բույսերով և կարող են բնական կերային բազա հանդիսանալ տասնյակ հազարավոր մեղվաընտանիքների համար:
Մասնագետները նշում են, որ մեղուն կարող է մեկ օրվա ընթացքում թռչել 10–15 կմ, ուստի նույնիսկ այն դեպքում, երբ փեթակները տեղակայված լինեն ՀՀ կողմում, նեկտարն ու ծաղկափոշին կարող են հավաքվել նաև հարևան երկրի տարածքներից։ Այսինքն՝ այդ հսկայական մակերեսները, որոնք այլ գյուղատնտեսական նպատակներով օգտագործել հնարավոր չէ, կարող են վերածվել արդյունավետ մեղվաբուծական ռեսուրսի։
Մեղվամթերքի համաշխարհային շուկան նոր հնարավորություններ է բացում
Մեղվաբուծությունը համաշխարհային տնտեսությունում համարվում է եկամտաբեր ու կայուն զարգացող ոլորտ։ Պետական հետևողական աջակցությամբ այն կարող է դառնալ Հայաստանի առավել հեռանկարային գյուղատնտեսական ուղղություններից մեկը։
Վիճակագրությունն էլ բավական խոսուն է։ Եթե 2014-ին Հայաստանի մեղրի արտահանումը կազմել է ընդամենը 4,3 հազար տոննա, ապա 2024-ին այս ցուցանիշը հասել է ավելի քան 80 հազար տոննայի։ Այսինքն, վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունից արտահանված մեղրի քանակությունն աճել է ավելի քան 18.5 անգամ:
«Մեղրը և մեղվամթերքն այն եզակի ապրանքներից են, որ մեր մեղվաբույծները կարող են արտահանել գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ դեպի եվրոպական երկրներ։ Մեր մեղրը շատ մեծ պահանջարկ ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև գաղտնիք չէ՝ հայկական մեղրը որակական բարձր հատկանիշներ ունի»,- նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը։
Այս համատեքստում հետաքրքիր է մեղրի համաշխարհային շուկայի շարժը։
«Global Market Insights»-ի գնահատմամբ՝ 2024-ին մեղրի շուկան աշխարհում հասել է 9,2 մլրդ ԱՄՆ դոլարի, և կանխատեսվում է, որ մինչև 2034 թվականը այն տարեկան միջինում 4,7 տոկոսանոց աճ կարձանագրի՝ 2035թ․-ին հասնելով 14,8 մլրդ ԱՄՆ դոլարի։
Ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության տվյալների՝ 2024-ին համաշխարհային մեղրի արտահանման ծավալը կազմել է 786 հազար տոննա՝ ընդհանուր 2,3 մլրդ դոլար արժողությամբ։ Մեղրի արտահանմամբ զբաղվել է 81 երկիր, ինչը ցույց է տալիս՝ ոլորտը գլոբալ մրցակցային է, բայց միաժամանակ լի է նոր հնարավորություններով այն երկրների համար, որոնք կարողանում են ապահովել բարձր որակ։
Իրավիճակը հայկական մեղվաբուծությունում
Մեղվաբուծության զարգացումը Հայաստանի համար կարող է նաև ռազմավարական նշանակություն ունենալ։ Այն խիստ ընդարձակ արտադրական տարածքներ չի պահանջում, մեղվի համար սահմաններ ու սահմանային արգելքներ չկան, մեր երկիրն իր բնակլիմայական պայմաններով բավականին բարենպաստ է մեղվաբուծության զարգացման համար։ Ուրեմն, ինչո՞ւ չփորձել համաշխարհային շուկայի այս մեծ փեթակից մեր բաժինը վերցնել։
«Հայաստան շատ քիչ մեղր է ներմուծվում ու շատ քիչ էլ արտահանվում է՝ տարեկան շուրջ 100 տոննայի չափ կարող է ներմուծվել, այդքան էլ արտահանվել։ Մեր մեղրի 90 տոկոսը տեղում է արտադրվում, տեղում էլ սպառվում է»,- ասում է «Հաթերք ֆուդի» հիմնադիր Սամվել Միրզախանյանն ու շարունակում, – «բայց մեր գնահատմամբ մի քանի անգամ մեծ պոտենցիալ ունենք մեղր արտադրելու։ Կան բազմաթիվ անտառներ, դաշտեր, սարեր, որտեղ ամռանը մեղվափեթակներ չեն դրվում, բայց կարող են դրվել»։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է կայացած մեղվաբուծական համակարգ, որում ընդգրկված են մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող գրեթե 11 հազար տնտեսվարողներ։ Նրանք տնօրինում են մոտ 190 հազար մեղվաընտանիք` մեծ մասը Սյունիքում և Գեղարքունիքում։ Տարեկան արտադրվող ապրանքային մեղրի քանակությունը տատանվում է 3000- 4000 տոննայի սահմաններում:
Սակայն այս թվերի հետևում կա մեկ կարևոր խնդիր․ միջինում յուրաքանչյուր մեղվանոցում կա ընդամենը 17 մեղվափեթակ։ Այս քանակը խոչընդոտում է մեղվաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, մեղվաբուծությունը որպես կայուն բիզնես զարգացնելու հնարավորությանը։ Համենայնդեպս, այս մասին են վկայում մեղրի ապրանքայնության ցուցանիշները։
Ըստ Միրզախանյանի, մարդիկ մեղվափեթակները չեն շատացնում, քանի որ սպառման խնդիր ունեն, արտահանում չեն կարողանում կազմակերպել, իսկ տեղում այդքանը սպառելն անհնար է թվում։ Միրզախանյանի խոսքով, միակ խնդիրը, որ պետք է լուծել, արտահանումն է, որը կնպաստի ավելի շատ փեթակներ ունենալուն։ Սպառման հարցն էլ մեղրի հիմքով նոր արտադրությամբ ու այդ արտադրանքը շուկա հանելով կլուծվի։
Այստեղ հարկ է նշել, որ էական տարբերություն կա «բարձր» և «ցածր» կարգի մեղրների գների միջև։ Օրինակ՝ ամենաբարձրակարգը համարվող իսլանդական կամ նորզելանդական մեղրի արտահանման միջին գինը մեկ տոննայի համար 2024-ին կազմել է համապատասխանաբար 74 հազար և 23 հազար դոլար, իսկ ավելի ցածր կարգ ունեցող պակիստանականինը՝ անհամեմատ էժան՝ շուրջ 1430 դոլար։
Այստեղ էլ, ըստ հետազոտության, ներկրվող մեղրի զգալի մասը վերամշակվում է ներկրման երկրներում և հետագայում վերաարտահանվում, արդեն որպես տվյալ երկրի արտադրանք, ինչը էականորեն ձևախեղում է մեղրի համաշխարհային շուկայի իրական պատկերը։
Այնուամենայնիվ, միտումն ակնհայտ է․ մեղրը կայուն պահանջարկ ունեցող բարձրարժեք գյուղատնտեսական ապրանք է, և շուկան տարեցտարի աճում է միլիարդավոր դոլարներով։ Այս առումով Հայաստանը, իր բազմազան բուսականությամբ ու մաքուր արտադրական միջավայրով, ունի իրական հնարավորություն՝ դառնալու այս շուկայի տեսանելի խաղացող, եթե մշակվի համապատասխան քաղաքականություն, տրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ ու հնարավորություններ։
Հայաստանում մեղրի իրացման կառուցվածքը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ արտադրված մեղրի շուրջ մեկ հինգերորդը, իսկ որոշ մարզերում՝ մինչև 27–29%-ը չի հասնում շուկա, ինչը հավանաբար պայմանավորված է շուկայի հասանելիության, լոգիստիկ դժվարությունների և իրացման ցանցերի անհավասար զարգացման հետ։
Հայկական հեռանկարներ
Ըստ պետական ծրագրի, մեղվաբուծության առջև ներկայումս ծառացած խնդիրներն են՝
• փոքր մեղվանոցների գերակշռումը,
• մեղրատու մշակաբույսերի և այգիների սահմանափակ և միմյանցից կտրտված տարածքները,
• արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության հետ կապված դժվարությունները:
Այս պայամաններում խոսել լուրջ արտահանումների մասին, մեղմ ասած, միամտություն է։
«Հիմնականում փոքր ու միջին տնտեսություններ են, որոնք ո՛չ արտահանման ծավալներ ունեն, ո՛չ էլ գիտելիք ու հմտություններ»,- նշում է անասնաբուծության վարչության պետը։
Էկոնոմիկայի նախարարությունում ընդգծում են, որ պետական աջակցությունը սահմանափակված չէ միայն միջոցառումների ֆինանսավորմամբ․ հայ արտադրողներին փորձում են ներառել միջազգային ցուցահանդեսների օրակարգում, բարձրացնել տեղեկացվածությունը գործող ծրագրերի մասին, որպեսզի տնտեսվարողները հասկանան՝ ինչից և ինչպես կարող են օգտվել։ Բայց պարզ է՝ միայն դրամաշնորհներով ոլորտում հեղափոխություն անել հնարավոր չէ։
Համակարգային խնդիրներն ավելի խորքային են՝ սկսած տեղեկացվածության բարձրացումից և խորհրդատվությունից, մինչև շուկայավարում, մարքեթինգ, փորձի փոխանակում, ցուցահանդեսներին ու այլ միջոցառումներին պատշաճ մասնակցության և ներկայանալու ապահովում, առաջարկվող արտադրանքի ծավալներ, որակ և այլն։ Ակնհայտ է, որ միայն պետական ծրագրերով բոլոր հարցերի համադարման գտնել հնարավոր չէ։
Այս համատեքստում հետաքրքիր էր լսել «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Տիգրան Սեդրակյանին, ով վերջին հինգ տարիներին փորձում է լրացնել հենց այս բացերը։
Սեդրակյանի խոսքով՝ Հայաստանում մինչ օրս չկա մեղվաբուծության ակադեմիական կրթություն։ Մեղվաբույծները հիմնականում սովորում են «պապից լսածով»՝ հաճախ առանց ճիշտ գիտելիքի, ինչն էլ բերում է հիվանդությունների ոչ արդյունավետ բուժման ու սխալ ախտորոշումների։
Այս բացը «Մեղվաբուծության դարբնոցը» փորձում է լրացնել ոչ ֆորմալ կրթական համակարգ ստեղծելով՝ մասնագիտական դասընթացներ կազմակերպելով (16-18 տարեկանների համար դասընթացն անվճար է)։
Սեդրակյանը կարևոր է համարում նաև միջազգային շուկայում ճիշտ ներկայանալը․ «Մեր մեղվաբույծների մեծ մասը կարող է ֆիզիկապես մասնակցել ցուցահանդեսների, բայց ոչ միշտ իմանալ՝ ինչպես ներկայանալ, ինչ ցուցադրել ու ինչ պատմել իր արտադրանքի մասին։ Դա մշակույթ է, որը պետք է ձևավորվի»։
Խնդիր է նաև ծավալները։ Մի քանի տասնյակ փեթակով արտահանում ապահովելն անիրատեսական է։ Մեծ տնտեսությունները կարող են ապահովել մրցունակ ինքնարժեք և կայուն մատակարարում, ինչը միջազգային շուկա դուրս գալու համար պարտադիր պայման է։ Իսկ ծավալների աճը պահանջում է նոր աշխատուժ։
Ինչ վերաբերում է պետական ծրագրի արդյունավետությանը, ըստ Տիգրան Ալեքսանյանի, գնահատելը դեռ վաղ է։ «Կցանկանայինք, որ ծրագրից ավելի շատ մեղվաբույծներ օգտվեն։ Մեղրը բարձրարժեք արտադրանք է, ստեղծում է նոր աշխատատեղեր, և պետությունն այս ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում։ Վերջնական գնահատականը կտրվի տարեվերջյան վերլուծությունից հետո», – ասում է նա։
Հեղինակ՝ Գևորգ Ավչյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Լուսանկարները՝ «Մեղր Մեղուիկ», «Հայկական Անարատ Մեղր» և «Մեղվաբուծության Դարբնոց Գիտակրթական Կենտրոն» ֆեյսբուքյան էջերից
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/10/2025















