Դըրբըզեք Քաղաքական

Պատերազմ․ Ադրբեջանի լայնարձակ հարձակումը Արցախի դիրքերի և բնակչության վրա

Ադրբեջանի բանակի հրահրած նոր պատերազմը շատ ավելի լայնարձակ է, քան 2016 թ․-ի քառօրյա պատերազմը։ Այն տարբերվում է իր մասշտաբներով, դրված խնդիրներով ու հատկապես մարտերի ինտենսիվությամբ։ Հավանական է համարվում նաև, որ այն կարող է ավելի երկար տևել, քան Ապրիլյան քառօրյան։

Հակառակորդը պատերազմական գործողությունների ընթացքում խտրություն չի դնում միջոցների մեջ, թիրախավորում է թե՛ զինվորականներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը։

Ադրբեջանն ընդդեմ Արցախի

Ադրբեջանի բանակի հարձակումը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան մոտ 7:10 րոպեին։ Հրթիռային ու հրետանային միջոցներով թիրախավորվեցին ոչ միայն հայկական դիրքերը, այլև բնակավայրերը։ Մարտունու շրջանում ադրբեջանական հրետակոծության հետևանքով մահացավ երկու քաղաքացիական անձ՝ կին և երեխա։ Համաձայն Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ ևս երկու քաղաքացիական անձ էլ վիրավորվեց։

Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում…

Posted by Artak Beglaryan on Saturday, September 26, 2020

Պատերազմի առաջին իսկ օրը ադրբեջանական հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի կողմի թիրախավորվեց նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Վնասվեցին բնակելի շենքեր։ Իսկ բնակչությունը ստիպված էր պատսպարվել նկուղային հարկերում կահավորված ապաստարաններում։

Հետագայում հայտնի դարձավ, որ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորումները տասնյակներով են հաշվվում։

Փաստացի, Ադրբեջանի զինված ուժերը հարձակման ընթացքում խտրություն չեն դնում թիրախների միջև՝ կրակելով, հրթիռներ արձակելով նաև քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելությունը մարտերի առաջին օրն արձանագրեց, որ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):

Ադրբեջանից արձակված ռազմական ԱԹՍ-ները հասել են նաև ՀՀ Վարդենիս քաղաք։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերը մահապարտ անօդաչու թռչող սարքով հետապնդել է նաև Արցախում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողներին։ Սրա շուրջ սեպտեմբերի 29-ին դատապարտող հայտարարություն տարածեց Reporters Without Borders (RSF) միջազգային մասնագիտական իրավապաշտպան կազմակերպությունը։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձանագրեց, որ չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև:

Fake Messages. Ի՞նչը չի համապատասխանում իրականությանը

Ակնհայտ է, որ հայկական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Ավելին, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բանակցություններին այլընտրանք չկա, Արցախյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի։ Սա են կրկնում նաև միջազգային հանրության ներկայացուցիչները, մասնավորապես՝ խաղաղ կարգավորման միջնորդական առաքելությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Սակայն այս տարվա հուլիսին կրած պարտությունից հետո Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի ագրեսիվ հռետորաբանություն շարադրեցին Հայաստանի դեմ։ Հուլիսյան մարտերը չկարողացան պարպել ադրբեջանական կողմի մաղձը։ Բաքվի քարոզչամեքենան շարունակեց Երևանին մեղադրել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները տապալելու մեջ։

Այս ամենն արվում էր բարձրագույն մակարդակով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներում այդ թեզերի ներկայացմամբ։ Մասնավորապես ասվում էր, որ իբր․

  • «Ղարաբաղը Հայաստան է» ՀՀ վարչապետի հայտարարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին (սեպտեմբերի 19, հարցազրույց),
  • «ՀՀ վարչապետը հայտարարել է տասնյակ հազարավոր քաղաքացիականներից զինված աշխարհազորայիններ ստեղծելու մասին, որոնց ստիպելու են մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին։ Դա հստակ կերպով ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ նպատակադրությունները» (սեպտեմբերի 21, ՄԱԿ ԳԱ-ում ելույթ 1),
  • «Հայաստանը նպատակաուղղված կերպով թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և սադրանքներ է իրագործում, սպանում է քաղաքացիականների» (սեպտեմբերի 21, ՄԱԿ ԳԱ-ում ելույթ 2),
  • «Մեր հետախուզական աղբյուրներում տեղեկություն կա, որ շատ լուրջ ռազմական պատրաստություն է ընթանում, նրանց զինված ուժերի շփման գծում, պետական սահմանին են հավաքվում: Մենք հետևում ենք իրադրությանը և մեզ կպաշտպանենք, ինչպես Թովուզում, այնպես էլ այլ իրավիճակներում: Եթե նրանք մեզ վրա հարձակվեն, կփոշմանեն» (սեպտեմբերի 25-ին, հայտարարություն ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը)։

Այս բոլոր հայտարարություններն իրականությանը չեն համապատասանում, սակայն սրանք ուղղված են միջազգային հանրությանը և միտված են արդարացնելու Ադրբեջանի հետագա գործողությունները։

Բաքուն պատրաստվում էր պատերազմի ու չէր թաքցնում դա։ Հետևաբար, նման կեղծ տեղեկություններով փորձում էր պատերազմի շարժառիթ ստեղծել՝ մեղադրելով հայկական կողմին։

Բոլորին դեմ գնացող Թուրքիան

Նախկինում Արցախյան հակամարտության համատեքստում Թուրքիան Ադրբեջանին օժանդակում էր միայն ի միջի այլոց հայտարարություններով։ Անկարան, սակայն, վերջին տարիներին ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում։ Թուրքական իշխանությունները փորձում են թուրքական ազդեցությունը տարածել ամբողջ տարածաշրջանում։

  • Թուրքիան ճնշում է քրդերին՝ կործանելով նրանց բնակավայրերը հենց Թուրքիայում
  • Թուրքիան ռազմաբազա է տեղակայել Իրաքում՝ ի հեճուկս Բաղդադի,
  • Թուրքիան ռազմակալել է Սիրիայի հյուսիսային տարածքները,
  • Թուրքիան լարվածություն է ստեղծում հունական կղզիների շրջանում,
  • Թուրքիան զորքեր է ուղարկում երկպառակտված Լիբիա,
  • Թուրքիան գազ է որոնում Կիպրոսի բացառիկ տնտեսական տարածքում։

Թուրքիան այս ամենն անում է անկաշկանդ՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքի նորմերը, հաստատված փոխհարաբերությունները։ Եթե նախկինում Անկարան գոնե առերես ընդունել էր «0 պրոբլեմ հարևանների հետ» սկզբունքը, ապա հիմա բացահայտ դավանում է «0 հարևան առանց պրոբլեմի» սկզբունքը։

Այս տարվա ընթացքում Թուրքիան սկսել է ակտիվորեն հավակնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակից լինելուն։ Ընդ որում՝ դա արվում է բացառիկ հակահայկականության համատեքստում։
Դիվանագիտական-քաղաքական համատեքստում սա արտահայտվում է նրանով, որ Թուրքիան փորձում է իր դերը մեծացնել միջնորդական առաքելությունում՝ Մինսկի խմբում։

Իսկ դրան զուգահեռ Անկարան բացահայտ միակողմանի աջակցություն ու նույնիսկ օժանդակություն է ցույց տալիս Ադրբեջանին։ Դրա վառ օրինակներից են հուլիսյան մարտերի ժամանակ թուրքական կողմի հայտարարությունները, թե պատրաստ են մեռնել հանուն ադրբեջանցի եղբայրների։

Ավելի առարկայական է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը Ադրբեջանի զինված ուժերում։ Թուրքական բանակի զինծառայողներն ու օդուժը՝ F16 կործանիչ ինքնաթիռները, արդեն տևական ժամանակ է, ինչ զորավարժությունների անվան տակ տեղափոխվել են Ադրբեջան ու մնացել են այնտեղ։

Անկարան ռազմական հրահանգիչներ ու մասնագետներ է տրամադրում Ադրբեջանին։ Իսկ վերջին օրերի մարտերի ընթացքում հայ-թուրքական սահմանի մոտ հերթապահում են թուրքական հետախուզական ԱԹՍ-ները։ Իսկ կիրակի սկսված պատերազմի ժամանակ, արդեն հաստատված տվյալներով, ադրբեջանական կողմից օգտագործվել են թուրքական Bayraktar TB2 տեսակի հարվածային անօդաչուներ։

Ավելին, սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին արձանագրվեց, որ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ։ Հենց թուրքական բանակի F-16 ինքնաթիռը Հայաստանի Վարդենիս քաղաքի ուղղությամբ խոցեց հայկական զինված ուժերի Սու-25 ինքնաթիռը։ Օդաչուն զոհվեց։

Նույն օրը՝ ավելի ուշ, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը հայտնեց, որ թուրքական F-16-ի կիրառում է գրանցվել Արցախի օդային տարածքում։

«Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- BBC-ի հետ զրույցում նույն օրը երեկոյան հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայկական հայրենական պատերազմը

Թուրքական զինուժի ու տեխնիկայի՝ Ադրբեջանում գտնվելը հայտնի էր։ Հայկական կողմում նաև տեղյակ էին, որ Բաքուն տևական ժամանակով պահեստազորայինների հավաքներ է անցկացնում, հավաքագրում ու ստուգում է մեքենաները։ Ավելին, ադրբեջանական բանակի հարձակումից առաջ հայկական կողմին արդեն պարզ էին Բաքվի մտադրությունները բուն ռազմական գործողությունների վերաբերյալ։

Ինչպես Արայիկ Հարությունյանը ներկայացրեց՝ հայտնի չէր միայն օրը, ընդհանուր առմամբ՝ պատերազմը սպասելի էր։

Պատերազմի առաջին օրվա երեկոյան տեղի ունեցած ասուլիսին Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի դեմ կռվում են ոչ միայն ադրբեջանական զինված ուժերը, այլև Թուրքիայի բանակի զինծառայողներ ու ստորաբաժանումներ, արտերկրից ժամանած վարձկաններ և այլն։ Իսկ հայկական կողմից մարտերին մասնակցում են Արցախի պաշտպանության բանակն ու պահեստազորայինները։

«Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք, սիրելի հայրենակիցներ։ Ի՞նչ անենք։ Հակառակորդը ամբողջ իր զինվորական ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել», – ասաց Հարությունյանը սեպտեմբերի 28-ին իրավիճակը ամփոփելիս։

Երկու օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մարտեր էր հրահրում բոլոր ուղղություններով։ Սակայն հնարավոր է երեք ուղղություններ առանձնացնել․

  • Հարավային՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ,
  • Հյուսիսարևելյան՝ Թալիշ-Մատաղիս,
  • Հյուսիսային՝ Մռավի լեռներ, Օմարի լեռնանցք։

Սեպտեմբերի 29-ին ավելացավ ևս մեկ ուղղություն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքը՝ Վարդենիսը։ Սա նշանակում էր հարձակում անմիջապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա ու ռազմական գործողությունների ընդլայնում։

Վարդենիսի ուղղությամբ հարձակումն Ադրբեջանը սկսեց ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր հայկական կողմից է սկսվել հարձակումը այդ ուղղությամբ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արագ հերքեց դա։ Սակայն Ադրբեջանը, այնուամնայնիվ, նախ օդուժի և ԱԹՍ-ների, ապա հրետանու կիրառմամբ սկսեց հարձակումը ոչ միայն առաջնագծի դիրքերի, այլև Վարդենիսի ու հարակից գյուղերի դեմ։

Այս ուղղությամբ հարձակման ժամանակ ադրբեջանական զինուժը խոցեց քաղաքացիական ավտոբուս։ Սպանվեց խաղաղ բնակիչ, որ ավտոբուսի վարորդն էր։ Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը տեղի իրավիճակը ներկայացնելիս նշեց, որ ադրբեջանցիների նպատակներից մեկը եղել է երկաթուղին պայթեցնելը, ինչը չի հաջողվել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ադրբեջանական կողմի զինանոցից այս մարտերի ընթացքում օգտագործվել են բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանները՝ «Սմերչ», «Քասիրգա», «Պոլոնեզ» և այլն։ Իսկ հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունն աննախադեպ են։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան արձանագրվեց, որ Հայաստանի / Արցախի դեմ կիրառվեցին ՏՕՍ, «Սմերչ» և մեծ տրամաչափի այլ համակարգեր, ինչը փոխում էր ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց․

«Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ»։

Ընդ որում, հենց ՏՕՍ-1Ա հրանետները ադրբեջանական բանակը տեղակայել էր բնակավայրում՝ բնակելի տների հարևանությամբ, և կրակ էր վարում հենց բնակավայրի տարածքից՝ քաղաքացիական բնակչությանը օգտագործելով որպես կենդանի վահան։

Կորուստները

Մարտերի առաջին երեք օրվա ընթացքում, ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների՝ հայկական զինված ուժերի 58 զինծառայող է մահացել։ Եվս մոտ 200 զինծառայող վիրավորվել է, սակայն նրանցից մոտ 80-ը կարճ ժամանակ անց դուրս են գրվել բուժհաստատություններից՝ վերքերի թեթև լինելու պատճառով։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ճեպազրույցի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկուցեց, որ խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ, որոնց թվում կան կանայք, երեխաներ, տարեցներ։

Ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանի զինված ուժերը շատ կցկտուր տեղեկություններ են հաղորդում իրենց մարդկային կորուստների մասին։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում մահացած զինծառայողների թիվը մարտերի երեք օրերի ընթացքում եղել է 790, վիրավորներինը՝ 1900 մարդ:

Նույն պաշտոնական աղբյուրների համաձայն, ադրբեջանական զինված ուժերը կորցրել են նաև մեծ քանակի զինտեխնիկա։ Մարտերի երկրորդ օրվա ավարտին Ադրբեջանի կորուստների թվում են,

  • 137 տանկ և այլ զրահապատ տեխնիկա,
  • 72 անօդաչու թռչող սարք,
  • 7 ուղղաթիռ,
  • 1 ինքնաթիռ։

Հայկական կողմի զինտեխնիկայի կորուստներից հայտնի են հակաօդային պաշտպանության ռազմական տեխնիկան (անհայտ թվով), ինչպես նաև սեպտեմբերի 29-ին թուրքական ինքնաթիռի կողմից խոցված հայկական Սու-25 ինքնաթիռը։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/09/2020