2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ մինչև հիմա, Հայաստանի Հանրապետության և Արցախի ուղղություններում ադրբեջանական զինված ուժերը կազմակերպում են հարձակումներ, որոնց հետևանքով հայկական կողմն ունենում է տարածքային ու մարդկային կորուստներ։
Վերջին լայնածավալ հարձակումը սեպտեմբերի 13-ին էր՝ կեսգիշերից քիչ անց։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի երկայնքով ինտենսիվ կրակ սկսեցին հայկական դիրքերի՝ մասնավորապես Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։
Երկու օր շարունակ Ադրբեջանը Հայաստանի դեմ կիրառում էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ զուգահեռ փորձելով ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, «Էս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից»։
«Եվս», քանի որ 10 քառակուսի կիլոմետրից առաջ, ըստ պաշտոնական Երևանի, Ադրբեջանը ավելի քան 40 քառակուսի կիլոմետր Հայաստանից զավթել էր դեռ 2021-ի մայիսի 12-ին։
Զավթած նոր տարածքների վերաբերյալ հստակություն մտցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հարձակումից երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Ասրյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ Հայաստանի տարածք է մխրճվել 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդունել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ ՊՆ հաղորդագրությանը կից հրապարակվեց լուսանկար (այժմ հեռացված է), որում Ջերմուկից հյուսիս-արևելք երևում էր ընդգծված հատված, որի չափերը համընկնում էր Ասրյանի նշած ադրբեջանական ներխուժման տարածքի չափերի հետ։
Վերարտադրելով նշված հատվածը Գուգլի քարտեզի վրա՝ հնարավոր է ենթադրել, որ նշված հատվածը ներառում է առնվազն 50 քառակուսի կիլոմետր տարածք։ Սա, հիշեցնենք, վերաբերում է միայն Ջերմուկի հատվածում տեղի ունեցած ներխուժմանը։
Իսկ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ներխուժումը, ըստ լրագրող Դավիթ Գալստյանի հաշվարկի, կազմում է շուրջ 10 քառակուսի կիլոմետր։ Բայց ներխուժումներ եղել են նաև այլ հատվածներում։
Առհասարակ, սեպտեմբերի 13-ի կեսգիշերին՝ մարտական գործողությունների մեկնարկից շուրջ երեք ժամ անց, ՀՀ ՊՆ խոսնակն իր առաջին տեսաուղերձում նշեց, որ Ադրբեջանի զինուժը մարտեր է սկսել Հայաստանի արևելյան սահմանի 6 ուղղություններով` Արտանիշ, Սոթք, Վարդենիս, Իշխանասար, Գորիս, Կապան:
Խոսնակը նաև նշում էր, որ այդ ուղղություններով Ադրբեջանի զինուժը հարվածներ է հասցրել ոչ միայն հայկական բանակի դիրքերին, այլև խորքում գտնվող հայկական բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Խոսնակը, սակայն, չէր նշել Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակման մասին, թեև իրենք՝ ջերմուկցիները, առաջիններից էին, որ սոցցանցերում գրել էին Ջերմուկի ուղղությամբ մարտերի սկսվելու մասին։
Ադրբեջանի այս հարձակումը, փաստացի, ամենալայնածավալն էր 2020 թվականի պատերազմից հետո։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, հայկական կողմն ունեցել է 207 զոհ և անհետ կորած։ Զոհվածներից 4-ը քաղաքացիական անձիք են, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ։ Վիրավոր զինծառայողների թիվը կազմում է 293։ Վիրավորվել են նաև 6 քաղաքացիական անձիք։ Նախնական տվյալներով գերեվարվել է 20 զինծառայող:
Ադրբեջանի զավթողական գործողությունների ժամանակագրությունը
2020 դեկտեմերի 11-14
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի գրավումը պատերազմից հետո
2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից և Քարվաճառի ու Բերձորի շրջանների՝ Ադրբեջանին հանձնումից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն առաջին խոշոր ռազմական գործողությունն է սկսում Արցախի հարավում։ Դեկտեմբերի 11-ի երեկոյան ադրբեջանցիները հարձակում են գործում Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում։ Ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում է նաև հրետանի, վիրավորվում է հայկական զինված ուժերի 6 զինծառայող։
Ռուսական կողմը, որ մինչ այդ խաղաղապահներ չէր տեղակայել այդ հատվածում, փորձում է միջամտել։ Սակայն դեկտեմբերի 12-ին մարտերը շարունակվում են և ադրբեջանական ԶՈՒ-ին հաջողվում է գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
Չնայած ռուսական կողմի նախաձեռնած բանակցություններին՝ ադրբեջանական զինուժը մնում է տվյալ հատվածում։
Մինչև դեկտեմբերի 13-ը նշված հատվածը ներառված չէր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտու քարտեզի մեջ։ Դեկտեմբերի 13-ին այն ներառվում է, դեկտեմբերի 14-ին կրկին հեռացվում է։
Դեկտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացնում է ԱԽ նիստ, որի ժամանակ ասում է, որ Հին Թաղերի և Խծաբերդի հատվածում իրավիճակը կայունացել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո։ Այդ ժամանակ Փաշինյանը նաև խոսում է առաջիկա զիջումներից, որոնք պետք է տեղի ունենային Արցախի Քաշաթաղի շրջանում (նախկին Ադրբեջանի ԽՍՀ Զանգիլանի և Կուբաթլուի շրջաններ)։
Փաշինյանն ասում է, որ կա «բանավոր ըմբռնում», որ այդ տարածքներում պետք է իրականացվի սահմանի «ճշգրտում»։ Ճշգրտման անվան տակ տարածքների հանձնման պայմաններում էլ Հին Թաղերն ու Խծաբերդն ընկնում են շրջափակման մեջ։
Արդեն դեկտեմբերի 15-ին կորում է կապը գյուղերի հատվածում հերթապահություն իրականացնող հայկական ստորաբաժանումների՝ մասնավորապես 73 զինծառայողների հետ:
Դեկտեմբերի 16-ին ռուսական խաղաղապահները հայկական կողմին են հանձնում Հին Թաղեր – Խծաբերդ հատվածում զոհված 9 զինծառայողի մարմին։ Մյուս 64 զինծառայողները, ինչպես պարզվում է հետագայում, գերեվարված են լինում։
2020 դեկտեմբերի 17-20
Սյունիքի սահմանի, Գորիս-Կապան ճանապարհի զիջումներ
Դեկտեմբերի 17-ին հայկական ուժերը Նիկոլ Փաշինյանի ձևակերպած «բանավոր ըմբռնմամբ» հետ են քաշվում Սյունիքի ուղղությամբ համեմատաբար նպաստավոր բնագծերից, որոնք զբաղեցրել էին պատերազմի ավարտին։
Հենց այս հետքաշման հետևանքով անհասկանալի կարգավիճակում հայտնվեց Գորիս-Կապան ճանապարհը, որի անվտանգությունը պետք է ապահովեին Ռուսաստանի սահմանապահները։ Այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարում էր, թե դրանով Սյունիքի այդ հատվածներն «ավելի ապահովված» են դառնում։
Փաշինյանը հիմնավորում էր, թե դրանով գործի կդրվեն Հայաստանի անվտանգության միջազգային մեխանիզմներ։ Ենթադրաբար խոսքը ՀԱՊԿ-ի մասին էր, որ պետք է օգնության հասներ Հայաստանի սահմանի վրա հարձակման դեպքում։
«Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ համատեքստում եղել է բանավոր ըմբռնում, որ մենք պետք է սահմանային կետեր, ոչ թե սահման, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք։ Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։
Ձեռնարկված միջոցի էությունը այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ [աշխատեն] ոչ միայն միջազգային երաշխիքները, այլ կոնկրետ Ռուսաստանի Դաշնության անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի», – բացատրում էր Փաշինյանը 2020 թվականի դեկտեմբերի 27-ին։
Փաշինյանի բանավոր ըմբռնմամբ կատարված զիջումներից հետո այդ մեխանիզմներն այդպես էլ չաշխատեցին, բայց հայկական զորքերը հայտնվեցին ոչ նպաստավոր դիրքերում։ Իսկ հետագայում ադրբեջանական կողմն օգտվեց դրանից՝ գրավելով նոր տարածքներ Սյունիքի մարզում։
2021 մայիսի 12
Ադրբեջանի առաջխաղացում Վարդենիսի, Իշխանասարի, Սև լճի հատվածներում
Պատերազմից հետո՝ ձմռան ընթացքում, ադրբեջանցիները ձեռնամուխ են լինում Հայաստանի հետ նոր ձևավորված սահմանի բոլոր կետերում «ճշգրտումների»։ Ադրբեջանցիները որոշ դեպքերում զենքի սպառնալիքով հայ դիրքապահներից պահանջում են լքել Սյունիքի դիրքերը։
Որոշ դեպքերում էլ տեղում ադրբեջանցի զինվորականների հետ ստիպված են լինում բանակցություններ վարել գյուղերի ղեկավարները։ Սա Փաշինյանը մեկնաբանում է որպես նորմալ իրավիճակ։
Այս ճշգրտումներից և սահմանի երկայնքով նոր զորամասերի տեղաբաշխումից հետո Ադրբեջանի զինված ուժերը 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքում դիմում են առաջխաղացման և առանց մարտական գործողությունների զբաղեցնում են Իշխանասարի բարձունքը, Սև լճի տարածքը։
Ավելի ուշ հայտնի է դառնում, որ ադրբեջանական առաջխաղացումներ են եղել նաև սահմանի այլ հատվածներում, մասնավորապես Վարդենիսի ուղղությամբ, ինչպես նաև Սյունիքի հարավում՝ Ներքին Հանդ գյուղի հատվածում։ Որոշ դեպքերում դա ուղեկցվել է հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ձեռնամարտերով, բայց մարտական գործողությունների չի վերաճել։
Այս ընթացքում Ադրբեջանի բանակը զգալի տարածություններ է գրավել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի արևելյան սահմաններին` հատկապես իր վերահսկողության տակ վերցնելով կարևոր բարձունքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ դեպքերի մասին ասել է, որ մայիսին ադրբեջանական կողմը գրավել է ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ճանաչված սահմանների ներսում։
Երբ տեղի ունեցածից ամիսներ անց՝ 2021-ի հոկտեմբերին, այն ժամանակվա ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգեց, որ ադրբեջանցիներն ամրանում են ՀՀ տարածքում տեղադրած դիրքերում, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե կոնկրետ ՀՀ տարածքում տեղակայված դիրքերում ադրբեջանցիները չեն կատարում ամրաշինական աշխատանքներ։ Տեղում իրականացված դիտարկումները և արբանյակային լուսանկարները, սակայն, հաստատում էին, որ ադրբեջանցիներն ամրացել են այդ տարածքներում։
Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը այս սեպտեմբերի ագրեսիան ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ իրականացրել են այն հատվածներից, որոնք զավթել էին հենց 2021-ի մայիսից սկսած։
Նախորդ տարի առաջնագծում իրականացրած փաստահավաք աշխատանքների ընթացքում աշխատանքային խումբը, որի կազմում եղել է նաև արևելագետ Տարոն Հովհաննիսյանը, հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ տարածքում տեղակայման վայրերը ցուցադրող քարտեզներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս սեպտեմբերի ագրեսիան նախապես ծրագրված էր և 2021-ի զավթումների օրգանական շարունակությունն է։
«2021 թ. ՀՀ տարածքների զավթումներին զուգահեռ Ադրբեջանը կառուցել էր դիրքեր տանող խիտ ճանապարհային ցանց, ինչպես նաև իրականացրել ինժեներաամրաշինական աշխատանքներ օկուպացված հայկական տարածքներում։ Այսպիսով Ադրբեջանը իր համար ստեղծել էր բարենպաստ պայմաններ ՀՀ տարածքում նոր ագրեսիա իրականացնելու համար՝ զուգահեռաբար նաև սահմանափակելով ՀՀ զինուժի՝ պատասխան գործողություններ իրականացնելու հնարավորությունները», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է Հովհաննիսյանը։
Լուսանկարում որպես օրինակ ներկայացվում է, թե որքան տարածք կարելի է դիտարկել Վերին Շորժա գյուղի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում, Ադրբեջանի բանակի գրաված նույն դիրքից, որի կառուցման աշխատանքների ընթացքը ներկայացված է վերևում։
Հենց 2021 թվականի մայիսին ադրբեջանցիների ներխուժման ժամանակ Հայաստանն առաջին անգամ դիմեց ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով։ Հետագայում պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը դիմել էր ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ կետով, որը կազմակերպության կողմից ռազմական օգնություն չի ենթադրում։
2021 օգոստոս-սեպտեմբեր
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի զավթումը
Ադրբեջանն այս անգամ փաստացի գրավեց Գորիս-Կապան ճանապարհը։ Ճանապարհի խնդիրը ստեղծվել էր այն բանից հետո, երբ հայկական ուժերը «բանավոր ըմբռնմամբ» հետ էին քաշվել այդ հատվածում։ Նույն բանավոր ըմբռնմամբ` ճանապարհը հսկում էին ռուսական զորքերը։
Բայց ադրբեջանցիների համար ձևական առիթ եղավ օգոստոսի 25-ի իրենց իսկ մեղադրանքը, թե հայ զինծառայողները հարձակվել են տեղում ծառայություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողի վրա և դանակահարել են նրան։ Թեև հայկական կողմը սա հերքեց, բայց ադրբեջանցիները նախ փակեցին ճանապարհը, հետո նորից բացեցին այն, ինչից հետո ճանապարհին հայտնվեցին արգելապատնեշներ։
Հետագայում էլ ադրբեջանցիները ճանապարհի վրա տեղադրեցին ոստիկանական անցակետ, որն սկսեց գործել սեպտեմբերի 12-ին։ Դրա միջոցով Բաքուն սկսեց ճնշումներ գործադրել իրանցի վարորդների վրա, որոնք Իրանից Հայաստան բեռներ էին տեղափոխում այդ ճանապարհով։ Ադրբեջանցիները գումար էին պահանջում իրանցի վարորդներից։
Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ հատվածում գտնվող Էյվազլի ու Չայզամ գյուղերը Հայաստանի տարածքից դուրս են՝ փաստացի հիմնավորելով ադրբեջանցիների ներկայությունը և վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ։
Նույն օրն էլ ադրբեջանցիները ճանապարհի վրա դրված իրենց անցակետում ձերբակալեցին իրանցի 2 վարորդների, որոնք շինանյութ էին տեղափոխել Ստեփանակերտ և Սյունիքով վերադառնում էին Իրան։ Ադրբեջանը հայտարարեց, թե այդ վարորդներն ապօրինի մուտք են գործել «Ադրբեջանի տարածք»։
Իրանի և Ադրբեջանի միջև մեծ լարվածություն սկսվեց։ Իրանը ուժեր կենտրանցրեց Ադրբեջանի հետ սահմանին։ Երկու երկրների հռետորաբանությունը հասավ սպառնալիքների, սակայն ամեն ինչ խաղաղ ավարտվեց։ Հոկտեմբերին Բաքուն Թեհրանին վերադարձրեց իրանցի վարորդներին, փոխարենը ստացավ խոստում, որ իրանցի վարորդներն այլևս չեն մտնի Արցախի տարածք։ Փաստացի, Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ քննարկումներին Հայաստանը անմասն մնաց։
Արդեն 2021 թվականի նոյեմբերի 10-ին էլ ճանապարհը հանձնվեց ադրբեջանցիներին։
«Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից [նոյեմբերի 10-ից – խմբ․]՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն, մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի», – նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Երկու օր անց էլ նա ասաց, թե հայերը կարող են այդ ճանապարհով անցնել՝ ադրբեջանցիներին հարկեր վճարելու դեպքում։ Նույն օրը՝ նոյեմբերի 11-ին, Գրիգորյանն առաջին անգամ հայտարարեց, որ ճանապարհն ադրբեջանցիներին հանձնելու պայմանավորվածություն է եղել․
«Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը»։
Այն, որ այդպիսի պայմանավորվածություն է եղել, իշխանությունը մինչ այդ չէր հայտնել։ Եվ հետագայում էլ հայտնի չդարձավ՝ երբ և ինչ պայմաններում, ինչի դիմաց է Հայաստանը համաձայնել միջպետական մայրուղու մի հատվածը համաձայնել հանձնել ադրբեջանցիներին։
2021 նոյեմբեր
Երկրորդ հարձակումը Իշխանասարի ուղղությամբ
Նոյեմբերի 14-ի կեսօրից հետո ադրբեջանցիները երկրորդ հարձակումն են սկսում Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում, այս անգամ՝ սարի հյուսիսային կողմում՝ Իշխանասարի և Ծիծեռնաքար սարի միջնամասում։ Սկսվում են մարտեր։ Երեկոյան իրավիճակը հանգստանում է։ Ավելի ուշ դատախազության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ այդ հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կազմել է 1-ից 2 կիլոմետր։
Հաջորդ օրվա ԱԽ հայտարարությունից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի բանակը այդ ուղղությամբ գրոհի ժամանակ կիրառել է նաև զրահատեխնիկա։ Հայկական զինուժի 4 դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Ադրբեջանը հետ քաշի զրահատեխնիկան, ինչի դիմաց հայկական զորքը դուրս գա այդ դիրքերից։ Նույն օրը ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե այդ 4 դիրքերից հայկական ուժերի նահանջից հետո դիրքերը դատարկ են մնացել և որևէ կողմ չի վերահսկում դրանք։
Նույն հայտարարության մեջ ԱԽ-ն հայտարարում է, որ հայկական կողմում չկրակելու հրաման չի եղել։ Այն պնդումը, որ զորքերին չկրակելու հրաման է տրված եղել, հիմնավորվում էր նաև նրանով, որ հայկական 4 դիրքերը, փաստորեն, չեն կրակել, և ադրբեջանական զինուժը կարողացել է մոտենալ և պահանջել հանձնել դիրքերը, ինչը պարզ է դառնում դատախազության հաղորդագրությունից։
Նոյեմբերի 15-ի ԱԽ նույն նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ որոշել է պաշտոնից ազատել ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նախարար նշանակել Սուրեն Պապիկյանին։
Մարտերը շարունակվում են նաև նոյեմբերի 16-ին։ Ադրբեջանի բանակը կիրառում է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական զրահատեխնիկա խոցելու մասին։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինին տված հարցազրույցում ասում է, որ հայկական կողմը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքի վրա հարձակման պայմաններում օգնություն ստանալու համար։
«Եթե հնարավոր լինի այս իրավիճակը հանգուցալուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել բանակցային ճանապարհով, իսկ եթե հնարավոր չլինի, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», – հայկական կողմի ակնկալիքները ներկայացնում է Գրիգորյանը։
Երեկոյին մոտ ՊՆ-ն հայտնում է ևս երկու մարտական դիրքեր կորցնելու մասին։ Ավելի ուշ նախարարությունից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18:30-ից կրակը դադարեցվել է։
Նույնը օրը ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմից մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 1 զինծառայող։ 13 զինծառայող գերեվարվում է։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորած է լինում, նրանց ճակատագիրն անհայտ է մնում։
Երեք օր անց հայտնի է դառնում, որ զոհվածների թիվը 6 է։ Իսկ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հայտնում է, որ չճշտված տեղեկություններով՝ զինծառայողները, որոնց հետ կապը կորել է, նույնպես գերեվարված են եղել։ Ըստ Փաշինյանի՝ գերեվարվածների թիվը 32 է։
Իսկ նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում ստորագրում են երրորդ եռակողմ հայտարարությունը, որի մեջ խոսվում է նաև սահմանների ճշգրտման անհրաժեշտության մասին։
2022 փետրվար-մարտ
Գազատարի պայթեցումը և Փառուխ-Քարագլուխ հատվածում առաջխաղացումը
Ուկրաինայում պատերազմի մեկնարկի օրը Ադրբեջանը ձեռնարկում է հարձակումների հերթական փուլը, որն այս անգամ տեղի է ունենում Արցախի ուղղությամբ։ Փետրվարի 24-ին ադրբեջանցիները մեքենաների վրա դրված բարձրախոսներ են մոտեցնում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին և սկսում են դրա միջոցով սպառնալիքներ հնչեցնել, որ հայերը հեռանան գյուղից, այլապես իրենք ուժ կկիրառեն։ Սպառնալիքները հնչեցվում են բացահայտ և շարունակվում են օրեր շարունակ։
Ավելի ուշ ահաբեկչական սպառնալիքները նույն ոճով ադրբեջանցիները հնչեցնում են նաև Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Ասկերանի շրջանի Խնապատ, Նախիջևանիկ, Փառուխ և այլ համայնքների ուղղությամբ՝ բնակչությանն ահաբեկելու համար։ Նույն նպատակով ադրբեջանցիները գյուղերի մոտակայքում ցուցադրաբար տեղակայում են նաև տանկեր։
Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ տեղեկություն է տարածում, թե իբր Արցախի պաշտպանության բանակը խախտել է հրադադարը, ինչից հետո՝ մարտի 7-ին, ադրբեջանական կողմը սկսում է ականանետներ կիրառել խաղաղ բնակչության դեմ։ Արցախի ՄԻՊ զեկույցի համաձայն՝ մարտի 7-12 ժամանակահատվածում ադրբեջանական բանակը 60 հատ ականանետի արկ է արձակում Արցախի բնակավայրերի ուղղությամբ։
Ականանետների և հրաձգային զինատեսակների թիրախում են հայտնվում Ասկերանի շրջանի Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Փառուխ և Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Խնուշինակ գյուղերը։ Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Խրամորթ համայնքի կանայք և երեխաները տարհանվում են։ Առավոտյան ադրբեջանցիների ականանետի հարվածից վիրավորվում է Խրամորթում մնացած տղամարդկանցից մեկը։
Մարտի 13-ից իրավիճակը համեմատաբար հանդարտվում է, թեև լարվածությունը պահպանվում է։
Սրան զուգահեռ՝ մարտի 8-ին ադրբեջանցիներն օգտվում են այն հանգամանքից, որ Սյունիքից Արցախ գնացող գազատարի մի մասը Շուշիի հատվածում գտնվում է իրենց վերահսկողության տակ, և պայթեցնում են այն։ Պաշտոնապես դա ներկայացվում է որպես վթար։
«Արցախում իրավիճակի որոշակի լարում ունենք, ինչը ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ», – հայտարարում է Փաշինյանը։
Ձյունառատ և սառը շրջանում ադրբեջանցիները օրեր շարունակ չեն նորոգում գազատարը, և թույլ չեն տալիս, որ դա անեն Արցախի մասնագետները։ Արցախի ՄԻՊ զեկույցի համաձայն՝ սառը եղանակային պայմաններում գազի բացակայության պատճառով Արցախում դպրոցական դասերը հետաձգվում են մեկ շաբաթով, բուհերն անցնում են հեռավար ռեժիմի։
10 օր անց՝ մարտի 18-ին, ադրբեջանցիները փական են դնում գազատարի վնասված հատվածում և բացում են այն՝ ցանկացած պահի գազատարը նորից փակելու հնարավորություն ստանալով։ Երեք օր անց՝ մարտի 21-ն, ադրբեջանցիները կրկին փակում են Արցախի գազամատակարարումը։
Մարտի 24-ին ադրբեջանական զորքերն անցնում են հարձակման, գրավում են Փառուխ գյուղն ու հարևանությամբ գտնվող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Մարտերը շարունակվում են մարտի 25-ին։ Ադրբեջանի զինուժն այդ ընթացքում կիրառում է նաև Բայրաքթար ԱԹՍ-ներ։ Արցախի պաշտպանության բանակի 3 զինծառայող զոհվում է, ևս 15-ը վիրավորվում են: Քարագլխի ամբողջական գրավումից հնարավոր է լինում խուսափել միայն այն բանի շնորհիվ, որ Պաշտպանության բանակն ու պահեստազորայինները դիմադրություն են ցույց տալիս, և սարի մի մասը մնում է հայկական կողմի վերահսկողության տակ։
Այնուամենայնիվ ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող բանակցություններն արդյունք չեն տալիս, ադրբեջանցիները չեն նահանջում զբաղեցրած դիրքերից։ Քարագլուխ բարձունքում դիրքավորվելու արդյունքում նրանք դիրքային առավելություն են ստանում։ Հետագայում ռուսական խաղաղապահները տեղակայվում են Փառուխ գյուղում, բայց բնակչությանը թույլ չեն տալիս վերադառնալ։ Գյուղը հայաթափվում է։
Դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ այդ հատվածում ադրբեջանցիների հետ եղել է դիրքերի հետքաշման պայմանավորվածություն։
«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրք հետ է քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի», – մարտի 31-ին հայտարարում է Փաշինյանը:
Հունիսի 9-ին Երևանում ունեցած ասուլիսի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում։
2022 օգոստոս
Մարտեր Արցախի հյուսիս-արևմուտքում, միջանցքի փոփոխություն
Ադրբեջանի բանակի հարձակման հերթական փուլը զուգորդվում է Լաչինի միջանցքի փոփոխության և Հայաստանից զորակոչվածներին Արցախից զորացրելու Բաքվի փաստացի պահանջներով։ Այս ընթացքում ադրբեջանական իշխանությունները կառուցում-վերջացնում են միջանցքի նոր երթուղու ճանապարհը։
Ու թեև Երևանի իշխանությունները մեջբերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որի համաձայն՝ միջանցքի երթուղին պետք է փոխվի կողմերի համաձայնությամբ երեք տարվա ընթացքում, բայց Ադրբեջանի իշխանությունները փաստացի մարտական գործողություններով ստիպում են հանձնել գործող միջանցքը՝ դրա տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի հետ միասին։
Օգոստոսի 1-ի առավոտյան Ադրբեջանի զինուժը նոր հարձակում է սկսում Արցախի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում։ Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը հատելու փորձեր է անում, ինչի հետևանքով մարտեր են տեղի ունենում։ Լարվածությունը պահպանվում է նաև հաջորդ օրերին։
Արդեն օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական կողմը նորից մարտեր է սկսում՝ այս անգամ կիրառելով նաև նռնականետներ և ԱԹՍ-ներ։ ՊԲ 2 զինծառայող զոհվում է։ Վիրավորվածների թիվը հասնում է 19-ի։
Նույն օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրում։ Այդ օրը Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը նույնպես արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հաջորդող օրերին լարվածությունն աստիճանաբար նվազում է։
Օգոստոսի 4-ի ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում է, որ Արցախում ՀՀ-ից զորակոչված զինծառայող չկա։
Նույն օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնում է, որ Սյունիքում սկսել են կառուցել ճանապարհը, որը միանալու է Բերձորի միջանցքի նոր երթուղուն։ Սյունիքի կողմում այդ ճանապարհը, ըստ Սանոսյանի, պատրաստ կլինի 2023-ի գարնանը։
Չնայած դրան՝ օգոստոսի 25-ին միջանցքի երթուղին փոխվում է։ Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երթևեկությունը կազմակերպվում է նոր ճանապարհով։ Մինչ այդ Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հայտնում է, որ էլեկտրահաղորդման և կապի գծերը նույնպես կանցնեն նոր երթուղով, իսկ գազատարի տեղափոխման մասին հարցին պատասխանում է․ «գազի շուրջ այլ տարբերակներ են որոնվում»:
Միջանցքի երթուղու փոփոխությունից հետո էլ Բաքուն նախաձեռնում է հետպատերազմյան ամենամեծ հարձակումը՝ սեպտեմբերի լույս 13-ի առաջխաղացումը Ջերմուկի և մյուս ուղղություններով։
***
Փաստերը ցույց են տալիս, որ Արցախում, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմաններին Ադրբեջանի կողմից հարձակումները և զավթումները եղել են մշտական, որոշակի դադարներով։ Այդ դադարների ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է ավելի փոքր մասշտաբի գործողությունները սահմանների և շփման գծի տարբեր հատվածներում՝ միաժամանակ մեղադրանքներ ներկայացնելով հայկական կողմին։
Ինչպես այլ դեպքերում, այս տարվա սեպտեմբերի 13-ի հարձակմանը նույնպես նախորդել են Ադրբեջանի քարոզչական հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կրակում է սահմանին, ականապատում է տարածքը և այլն։ Սրանք կեղծ հայտարարություններ են եղել՝ Ադրբեջանի գործողություններն արդարացնելու համար։
Ադրբեջանի կողմից ամեն նման հարձակմանը և զավթմանը հաջորդող կայունացումը հայկական կողմում ներկայացվում է որպես այդ իրավիճակի հանգուցալուծում, որին պետք է հաջորդեն բանակցություններ և կարգավորում (Ադրբեջանի զինուժի նահանջ)։
Բայց փաստերը ցույց են տալիս, որ անկախ արևմտյան երկրների հրապարակային հնչեցված ճնշումներից, որն այս անգամ հասցեական ուղղված էր Բաքվին, Ադրբեջանը չի նահանջում ագրեսիայի միջոցով զբաղեցրած դիրքերից, փաստացի ամեն անգամ լուծում է իր առջև դրված խնդիրը և կանգ է առնում՝ մյուս նման հարձակմանը և զավթմանը պատրաստվելու համար։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/09/2022