Դըրբըզեք

Մեկդարյա պատմությամբ «Ազատ Արցախ» թերթը՝ վերականգնման հույսով

«Ազատ Արցախ» հանրապետական թերթը տարիների ընթացքում տարբեր անվանումներով ու կարգավիճակով է ներկայացել ընթերցողին, անցել կայացման, զարգացման ու պայքարի ճանապարհ: Թերթի էջերն արցախցու առօրյայի, խնդիրների ու ձեռքբերումների, պատերազմների, հեղհեղուկ խաղաղության ու պետականաշինության մասին են:

Շուշիից Ստեփանակերտ, 500-ից մինչև 100 հազար օրինակ տպաքանակ, 21 գլխավոր խմբագիր, գաղափարական հստակ ուղղվածություն, կուռ ու արհեստավարժ աշխատակազմ:

1923թ․-ից հրապարկվող թերթը մինչև 1967 թվականը շաբաթաթերթ էր, ապա՝ երկօրյա թերթ, այնուհետև՝ շաբաթական 3 համար՝ հայերեն, 1 ամփոփիչ համար՝ ռուսերեն:

Հարյուր տարվա ընթացքում թերթը տարբեր անուններով լույս է տեսել նախ՝ Շուշիում (1923-1925), իսկ 1925 թվականից՝ Ստեփանակերտում։ 1923 թվականին այն կոչվել է «Ղարաբաղի գեղջուկ», 1923-1940 թթ․-ին և 1989-1992 թթ․-ին՝ «Խորհրդային Ղարաբաղ», 1940-1989 թթ․-ին՝ «Սովետական Ղարաբաղ», 1992-ի ապրիլից – 1995 թ․-ը՝ «Արցախ», 1995-1998 թթ․-ին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:

1998 թվականից «Ազատ Արցախ» հանրապետական թերթը հանդիսանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության պաշտոնաթերթը՝ ֆինասավորվելով ԱՀ-ի բյուջեից:

Այս հակիրճ կենսագրությամբ «Ազատ Արցախ» թերթը հատեց 100-ամյա գործունեության շեմը:

Վերջին տարիներին թերթի սև ու սպիտակ էջերը փոխարինվեցին գունավորով: 2021-ից շաբաթաթերթը հրատարակվում էր Երևանում՝ «Արմավ» հրատարակչությունում: Շրջափակման առաջին ամսում թերթը շարունակում էր տպագրվել, սակայն Արցախ չէր հասնում:

Հանրապետական թերթի վերջին համարը 2022թ. դեկտեմբերի 31-ի տոնական համարն էր, որն այդպես էլ չհասավ իր ընթերցողին…

Խմբագրակազմն աշխատանքը շարունակում էր էլեկտրոնային տարբերակով… և այդպես մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը:

«Ամփոփ Մեդիա»-ն զրուցել է «Ազատ Արցախ»-ի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի հետ խմբագրության անցած ուղու և Հայաստանի Հանրապետությունում թերթի հավանական հրապարկման մասին:

Պարոն Գասպարյան, ինչպե՞ս էր կազմակերպվում թերթի աշխատանքը շրջափակման օրերին:

– Համոզված եմ՝ չեք հավատա, եթե ասեմ՝ դժվար չէր: Հատկապես վերջին շրջանում, երբ զրկվեցինք Արցախը Հայաստանին կապող միջանցքից, կորցրինք Բերձորը, Աղավնոն, Հակարին էլ դարձավ գոց դարպաս, մեր «Ազատ Արցախ» թերթի տպագրական աշխատանքները կազմակերպվում էին Երևանում: Հետո տպաքանակը տեղափոխվում էր Ստեփանակերտ և բաժանվում ընթերցողներին: Իսկ 2023-ի հունվարից մենք ստիպված հրաժարվեցինք տպագիր ձևաչափից՝ անցնելով էլեկտրոնային տարբերակի:

Մենք ամեն օր խմբագրությունում էինք, ամեն օր կայքում նոր հոդվածներ էին տեղադրվում, ապահովում էինք տեղեկատվական թողարկումների շարունակականությունը: Այդպես մինչև սեպտմբերի 19-ը: Զարմանալի գեղեցիկ, արևոտ էլ օր էր: Աննկարագրելի խաղաղ, բայց մինչև ժամը 13:00-ը: Հետո…

… Ծանր էր աշխատակիցներին հրաժեշտ տալը: Ինչքան հիշում եմ, սեպտեմբերի 25-ի կեսօրին էր․ թանձր լռություն էր խմբագրությունում: Վերադառնալո՞ւ ենք մի օր, կրկին ունենալո՞ւ ենք ընթերցողի հետ խոսելու հնարավորություն, շարունակվելո՞ւ է հարյուրամյա թերթի բարդ, տարբեր հասարակարգերով անցած, երբեք չընդհատված խիզախումի ճանապարհը: Չմեղադրեք, բայց դժվարանում եմ ասել:

Ի՞նչ դերակատարություն ուներ թերթը շարժման և գոյամարտի տարիներին:

– 1988-ին ես աշխատում էի Արցախի նորաբաց հեռուստատեսությունում և ինչ-որ տեղ նախանձով էի հետևում «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում տեղի ունեցող իրադարձություններին: Առանց երկմտելու կարող եմ վկայել, որ թերթը հրաշալի կազմակերպիչ էր, շարժման ղեկավարների հավաքատեղի, ժամանակի գաղափարներն ու նպատակներն արագորեն ժողովրդին հասցնող: Եվ, ամենակարևորը, թերթին հավատում էին, սպասում ամեն մի համարին ու հոդվածին։: Անհավատալի կարող է թվալ, բայց «Սովետական Ղարաբաղ»-ի տպաքանակը հասնում էր տասնյակ հազարների: Համոզված եմ, որ դա թերթի լավագույն ժամանակն էր, զարթոնքի նոր շրջանը:

Ինչոր քայլեր ձեռնարկո՞ւմ եք թերթի վերահրատարակման ուղղությամբ: Ովքե՞ր կարող են պոտենցիալ աջակցություն ցուցաբերել:

– «Ազատ Արցախ»-ը Արցախի խորհրդանիշներից մեկն է, ամենատարեց լրատվամիջոցը: Մենք, հայտնվելով Երևանում, բնականաբար, սկսեցինք հովանավորներ փնտրել, ծանոթ-բարեկամներ, երկրում ու երկրից դուրս ապրող կարողունակ արցախցիներ, և թաքցնելու բան չկա՝ եղան առատ խոստումներով մեզ ոգևորողներ, ժամ առաջ մեր կողքին կանգնելու պատրաստակամություն ու ցանկություն հայտնողներ, երկրից ու հայրենասիրությունից խոսողներ, բայց… Կարծում եմ՝ չկա ավելի վատ ու ծանր զգացողություն, քան ոչ մեկին չհավատալու զգացողությունն է: Իսկ կար ժամանակ, երբ բոլորին հավատում էի… բոլորին:

– Պարոն Գասպարյան, հովանավոր գտնվելու դեպքում ինչի՞ մասին է գրելու թերթը, ի՞նչ ֆորմատով եք տեսնում թերթի հետագա գործունեությունը, և ինչո՞վ է այն տարբերվելու հայաստանյան թերթերից:

– Եթե գտնվի հովանավոր, մենք կարող ենք աշխատել և պիտի աշխատենք էլեկտրոնային տարբերակով, բնականաբար, գուցե ամիսը մեկ, ունենալով նաև թերթի թղթային տարբերակը՝ լավագույն նյութերով, որովհետև ժամանակի պահանջը դա է:

Նախ հեռու կմնանք քաղաքականությունից, չենք կատարի ոչ մեկի ցանկությունը ո´չ կուսակցության, ո´չ ինչ-որ անհատի, ո՛չ մեկի, բացարձակապես: Մեր հերոսները կլինեն միայն ու միայն արցախցիները և այն մարդիկ, ովքեր մտածում են Արցախի  մասին, ովքեր մինչև հիմա չեն գտնում պատասխանը՝ ինչո՞ւ եղավ այսպես:

Մեկդարյա պատմություն ունեցող լրատվամիջոցի կորուստն արդյո՞ք թույլատրելի է: Ի՞նչ է կորցնում հասարակությունը դրանից:

– Թող բարձր ու վերացական չհնչի՝ ինքն իրեն, իր անցյալի պատառիկները, իր չարչարանքը, ցավը, կապը ժամանակի հետ, հաղթահարումի իր ցանկությունը… չասեմ՝ տեսողությունն ու լսողությունը…

Ժխտե՞լ, որ «Ազատ Արցախ»-ը հարյուր տարեկան երիտասարդ է, ով դեռ այնքա՜ն գործ ունի անելու, այնքա՜ն երկրաշեն ու երկրապահ գաղափարներ…

Հարցազրույցը՝ Լուսինե Շադյանի
Պատասխանատու խմբագիր՝ Լիլիթ Պողոսյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/10/2024