2024թ. փետրվար և մայիս ամիսներին «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում հարցումների միջոցով ուսումնասիրվել են նաև Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության և աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները Հայաստանում:
Հետազոտությունն իրականացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ։
Արցախից բռնի տեղահանված 1200 անձանց շրջանում (515 աշխատողի և 685 աշխատանք չունեցողի) հարցումներն իրականացվել են 2 փուլով՝ 2024թ․ փետրվարին և մայիսին։ Երկփուլ հետազոտության նպատակն է եղել՝ պարզել նաև ամիսներ անց տեղի ունեցած փոփոխությունների դինամիկան։
Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվողների ավելի քան 85% -ը տեղաբաշխված է եղել քաղաքային բնակավայրերում՝ հիմնականում Երևանում, Արարատի ու Կոտայքի մարզերում, համապատասխանաբար 40.5% , 12% և 12.3% ցուցանիշներով։
Նրանց 52%-ը արական, 48%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են։
Հարցվողները հիմնականում ունեցել են բարձրագույն և միջնակարգ կրթություն։
Հետազոտության երկու փուլերի արդյունքներով, նրանց 47%-ից ավելին նշել է, որ իրենց ընտանիքների միջին ամսական եկամուտը տատանվում է 150,001-ից մինչև 350,000 դրամի սահմաններում։ Իսկ 21%-ից ավելին իր ընտանիքի եկամուտը գնահատել է 350,001-500,000 դրամ։
Հարցվողների շուրջ 85%-ը նշել է, որ Արցախում ունեցել է աշխատանք, այնինչ, բռնատեղահանումից հետո Հայաստանում աշխատանք ունի հարցվողների միայն 43%-ը։ Արցախում զբաղվածությունը հիմնականում եղել է պետական հիմնարկներում և ուժային, իրավապահ համակարգում՝ ընդհանուր 69%։ Իրենց սեփական/ընտանեկան բիզնեսում զբաղվածները, ըստ հարցվողների, Արցախում կազմել է 6.5%:
ՀՀ տեղահանվելով՝ արցախցիներն աշխատանք գտել են հիմնականում մեծ և միջին մասնավոր կազմակերպություններում, փոքր բիզնեսում կամ անհատ ձեռներեցի մոտ՝ շուրջ 60%, իսկ ՀՀ պետական հիմնարկներում և ուժային համակարգում աշխատանք է գտել հարցվող արցախցիների ընդամենը 24%-ը։ ՀՀ-ում իրենց սեփական /ընտանեկան բիզնեսում զբաղվածները, կազմել են 10%:
Հարցվողների աշխատանքի ոլորտները թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ավելի շատ ընդգրկել են կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության և սոցիալական աշխատանքի ոլորտները։ Արցախում՝ առաջնային հորիզոնականներ են զբաղեցրել նաև զինված ուժերի, և պետական ու հանրային կառավարման ոլորտները, իսկ Հայաստանում՝ առևտրի ու շինարարության ոլորտները։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ զբաղվածության քաղաքականության բացակայության պարագայում նոր մարտահրավեր կա՝ հանձինս բռնի տեղահանվածների զբաղվածության խնդրի լուծմանը:
Կարդացեք նաև․ Արդյոք «40+10 հազարը» բավարար է արցախցիների կեցության և կացության համար․ պարզ հաշվարկ
«Պետք է հաշվի առնել, որ կան որոշակի տարբերություններ՝ Արցախում բնակվելու ժամանակ աշխատուժի զբաղվածության ոլորտների և Հայաստանում դրա հնարավորությունների միջև: Պետությունը, միանշանակ, պետք է ունենա զբաղվածության քաղաքականություն: Զբաղվածության հարցը գլոբալ հարց է այն իմաստով, որ կապ չունի՝ որտեղից է մարդը, կամ ՀՀ քաղաքացի է հանդիսանում, թե ոչ: Արցախցիների պարագայում լրացուցիչ առաջադրանք է դնում զբաղվածությանը պատշաճ ուշադրություն դարձնելու», – նշում է բանախոսը:
Հարցվող արցախցիների 45.7%-ը նշել է, որ աշխատանք գտել է ծանոթի, բարեկամի, հարևանի, 14.2%-ը՝ նախընտրած աշխատատեղ դիմելու, 12%-ը՝ ինտերնետային հայտարարությունների միջոցով և այլն։
Ընդ որում, փետրվար ամսին հարցվողները նշել են, որ աշխատանք գտել են աշխատանք փնտրել սկսելուց 1 շաբաթից 1-2 ամսվա ընթացքում, մինչդեռ մայիսին հարցվողներին աշխատանք հաջողվել է գտել ավելի ուշ՝ 1-3 ամսվա ընթացքում և 4 ամիս հետ։
Հարցին արդյոք աշխատավարձը համապատասխանում էր/է կատարած աշխատանքին՝ հարցվողների 76,5%-ը նշել է, որ համապատասխանում էր Արցախում, և միայն 40%-ն է նշել, որ համապատասխանում է ՀՀ-ում, իսկ 54%-ը նշել է, որ ավելի ցածր է վարձատրվում, քան կատարած աշխատանքն է։
Ըստ Արթուր Սաքունցի՝ զբաղվածության միտումն արցախցիների դեպքում պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ բռնի տեղահանվածները, այդքան ողբերգությունից հետո, մարդկային ռեսուրս են պետության զարգացման համար:
Բացի զբաղվածության խնդրից բանախոսը կարևորում է նաև արդարության, իրավունքի խնդիրը, որը պետք է երաշխավորված լինի:
Հետազոտող կազմակերպությունների բանախոսների կողմից հետազոտության արդյունքների ամբողջական ներկայացումն այստեղ։
ՀՀ-ում արցախցիների զբաղվածության և աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի մասին հետազոտության ամբողջական արդյունքները ներկայացված են այստեղ։
Պատրաստեց Լուսինե Շադյանը
Գծապատկերները՝ APR Group-ի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/07/2024