Արցախի հանրային հեռուստատեսությունը եթեր էր հեռարձակվում Լեռնային Ղարաբաղի տարածքում 1988 թվականից։ 2003 թվականին Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ։ Հեռուստաալիքը Արցախի բնակչությանը միավորող կարևոր գործառույթ ուներ։ Այն ներկայացնում էր լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, մանկապատանեկան, ժամանցային հաղորդումներ։
Արցախի տարածքում եթերն անջատվեց 2023թ․ սեպտեմբերին՝ Արցախում տեղի ունեցած բռնի հայաթափման օրերին։ Արցախի Հանրայինի թիմը, Հայաստանում փոքր կազմով վերամիավորվելով, ստեղծել է «10-րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերպությունը և վերսկսել որոշ հաղորդումների նկարահանումներն ու հրապարակումները՝ առայժմ սոցիալական ցանցերում, մտքում՝ ավելի հեռանկարային ծրագրերով։
Թեմայի շուրջ «Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցը զրուցել է Արցախի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հրայր Ավետիսյանի հետ:
Պրն Ավետիսյան, Ձեր դիտարկմամբ՝ ՀՀ-ում Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակման հետ կապված ի՞նչ խոչընդոտներ կան այսօր:
– Առաջին խնդիրը հենց հարցի մեջ նշեցիք: Արցախի հանրային հեռուստատեսության աշխատանքը ՀՀ-ում արդեն իսկ մեծ խնդիր է: Արցախի Հանրայինը պետք է աշխատեր Արցախում: Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Արցախցիները հայտնվել են Արցախից դուրս: Բնական է, որ Հանրայինը ևս նույն ճակատագրին է արժանացել: Այն, որ Հանրայինի աշխատանքի կարիքը կա, զգում էինք բռնատեղահանումից ոչ թե ամիսներ, այլ՝ արդեն օրեր անց: Փորձել ենք որոշ հնարավորություններ հայթայթել, որ թեկուզ փոքր ծավալներով սկսենք աշխատել: Տարբեր պատճառներով ձեռնարկը հետաձգվեց, ու ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ Արցախի հանրային հեռուստատեսության աշխատանքը վերսկսվեց հենց հունիսի 1-ին: Արցախից դուրս շատերը չեն հիշի, բայց Արցախում դա հայտնի տարեթիվ էր: 1988թ. հունիսի 1-ին իր գործունեությունն սկսեց Արցախի հեռուստատեսությունը:
Մոտավորապես որքա՞ն բյուջե է հարկավոր մեկ տարվա եթերաշրջանի համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում ֆինանսական հարցերի լուծումը։
– Արցախի հանրայինի աշխատանքի վերսկսման հետ կապված տեղեկությունները փոքր-ինչ ընդհանրական են, և իրականությունն ամբողջական չի ներկայացվում: Իրականում, ոչ թե Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսեց աշխատանքը, այլ հեռուստատեսության մի խումբ աշխատակիցների հետ հիմնադրեցինք «10-րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերպությունը, որը դարձավ Արցախի Հանրայինի իրավահաջորդը:
Մեր նպատակը մնում է նույնը՝ ներկայացնել Արցախին վերաբերող թեմաները, վեր հանել արցախցիներին հուզող խնդիրները, աշխարհին պատմել Արցախի մասին: Դեռ ավելին՝ ավելացել է մեր անելիքների շարքը: Պետք է բոլոր հնարավոր տարբերակներով օրակարգում պահել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի թեման:
Այս ամենի հաշվարկով՝ ֆինանսական պլանավորումը ևս բարդություններ ունի: Աշխատում ենք բավական փոքր խմբով: Ոչ թե ամենօրյա եթեր ունենք, այլ պարբերաբար թարմացնում ենք հեռուստատեսության ֆեյսբուքյան և յութուբյան էջերը: Նախագծերն ընտրում, պլանավորում ենք՝ մեր ունեցած ֆինանսական միջոցները հաշվի առնելով:
Պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ ենք ունենում տարբեր գործիչների հետ, փորձում ենք համագործակցել տարբեր նախագծերի շրջանակում: Արդյունքները, կարծում եմ, առաջիկայում կերևան:
– Հեռարձակման մասին արդեն մասամբ խոսեցինք: Առայժմ եթերում չենք լինի: Մեր պրոդուկտը կտարածվի միայն համացանցում: Նաև դեմ չենք, որ մեր արտադրանքն իրենց հեռուստաեթերներում օգտագործեն մեր գործընկերները:
Եթերը կլինի, և արդեն իսկ կա՝ ոչ քաղաքական բովանդակությամբ: Ներհայաստանյան քաղաքական զարգացումներին մեր աշխատանքում չենք անդրադառնա: Բոլոր բևեռների մեր հայաստանյան գործընկերները դա անում են լիուլի, և հանրությունն այդ մասով տեղեկատվության պակաս չունի: Կներկայացնենք արցախյանը, արցախցիներին հուզողն ու անհրաժեշտը: Գուցե դրանք լինեն ոչ պոպուլյար, ոչ սենսացիոն, ոչ հարյուր-հազարավոր դիտումներ ապահովող ու ցնցող վերնագրերով նյութեր: Հավանական է, որ այդպես էլ լինի, բայց դա մեր ընտրությունն է: Մենք ընտրել ենք օգտակար և ոչ թե սենսացիոն լինելու ճանապարհը:
«10-րդ նահանգ» լրագրողական ՀԿ-ն բացառապես Հանրայինի վերագործարկման նպատակո՞վ է ստեղծվել, թե՞․․.
– Հանրայինի վերագործարկումը ինքնին նպատակ լինել չի կարող: Եթե դա այդպես լիներ, կասեինք, որ արդեն հասել ենք մեր նպատակին: Մեր նպատակը արցախցիներին ծառայելն է՝ տեղեկատվական ոլորտում: Իսկ դա գործընթաց է: Դա անում էինք Արցախում, շարունակում ենք արդեն ՀՀ-ում:
Որքանո՞վ եք կարևորում Արցախի հանրային հեռուստատեսության դերն արցախյան կոլորիտը՝ բարբառը, մշակույթը պահելու առումով:
– Մեր աշխատանքը վերսկսելու նպատակներից մեկը հենց դա է: Հավաքել, պահել արցախյանը, հարկ եղած դեպքում՝ պատմել, հիշեցնել: Հենց դա էլ անում ենք: Եվ մեզ դիտողների արձագանքից դատելով՝ աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն: Դա պարտավորեցնում է անել ավելին: Վստահ եմ՝ կանենք:
Հարցազրույցը՝ Լուսինե Շադյանի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/08/2024