Քաղաքական

#ԱԺ2021. Պատգամավորի թեկնածուները՝ ըստ զբաղվածության

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում 21 կուսակցությունների ու 4 դաշինքների ընտրացուցակներով առաջադրված 2492 թեկնածուների 31.7%-ը գործազուրկներ կամ թոշակառուներ են, իսկ 68.3%-ն ապահովված են աշխատանքով, զբաղեցնում են պաշտոններ կամ ԱԺ պատգամավորներ են։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է հասարակությանը առավել ծանոթ և ակտիվ 5 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ընտրացուցակներն ու ներկայացնում է նրանցում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների զբաղվածության մասին տվյալներ։

Այսպիսով, ըստ այդ ընտրացուցակների՝ «Հայաստան» դաշինքի առաջին երեք թեկնածուները՝ Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը և Աննա Գրիգորյանը ունեն աշխատանք՝ զբաղմունք։ Նրանցից առաջինը «Սիստեմա» ԲՖԿ անկախ տնօրեն է, երկրորդը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի ներկյացուցիչ, իսկ վերջինը՝ ԱԺ պատգամավոր։ Այս դաշինքի առաջադրած 153 թեկնածուներից աշխատանք չունեն 24-ը։

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների առաջին եռյակը գլխավորող թեկնածուներից երկուսը՝ Տարոն Մարգարյանը և Աննա Մկրտչյանը, նշել են, որ չեն աշխատում։ Իսկ դաշինքի ղեկավար, ընտրացուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը աշխատանքի վայրը տողի տակ նշել է՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ։ Դաշինքի առաջադրած 229 թեկնածուներից չեն աշխատում 83-ը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների առաջին եռյակում ընդգրկված բոլոր թեկնածուները՝ Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ են։ Կուսակցության կողմից առաջադրված 92 թեկնածուներից չեն աշխատում 34-ը։

Գործող իշխանությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի առաջին եռյակը զբաղեցնող թեկնածուներն ունեն ղեկավար պաշտոններ՝ Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի պաշտոնակատար, Արարատ Միրզոյան՝ ԱԺ նախագահ և Լիլիթ Մակունց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ Չաշխատող թեկնածուների թիվն այս կուսակցությունում ընդամենը 8-ն է կամ 155 առաջադրված թեկնածուների 5%-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի եռյակը գլխավորող թեկնածուները ևս անաշխատանք չեն․ նրանցից 2-ը ԱԺ պատգամավորներ են։ Իսկ չաշխատող թեկնածուներն այստեղ 15-ն են՝ առաջադրված 106 թեկնածուների շարքում։

Ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի շրջանում կան նաև այնպիսիք, որոնց կողմից ներկայացված ընտրացուցակներում թեկնածուների 50%-ից ավելին նշել է, որ չի աշխատում կամ թոշակառու է։

Գործազրկության և զբաղվածության միջև համամասնությանը բոլոր 25 քաղաքական ուժերի ընտրացուցակներում՝ ծանոթացեք ինֆոգրաֆիկայի միջոցով։

Loading...

Loading…

Պատրաստեցին Լիանա Գրիգորյանը և Կարինե Դարբինյանը

ՏԵՍ ՆԱԵՎ

#armvote2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/06/2021