Դըրբըզեք

Սիրո միասնություն, որի դեմ անզոր գտնվեցին շրջափակումն ու բռնի տեղահանումը

Արցախի շրջափակման ընթացքում Ստեփանակերտում ամուսնացած առաջին զույգերից մեկը Էդուարդն ու Ասպրամն էին։ Մինչև Արցախի շրջափակումը զույգը ճոխ հարսանիք և հարսանեկան ճամփորդություն էր նախատեսում դեպի Եգիպտոս: Ու թեև շրջափակումը սահմանափակեց Արցախից դուրս գալու ծրագրերը, սակայն ոչինչ չէր կարող խանգարել նրանց ընտանեկան երջանկությունը կառուցելուն:

Պսակադրության օրը պլանավորել էին նախքան շրջափակումը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։ Էդուարդի և Ասպրամի հարսանիքը դրանից տասն օր անց՝ դեկտեմբերի 22-ին էր։

«Որոշումը հստակ էր: Պատրաստ էինք ամեն ինչ սահմանափակել, բայց հարսանիքը չենք հետաձգելու։ Շրջափակումը նույնիսկ առանձնակի հմայք ու ջերմություն հաղորդեց մեր հարսանիքին»,- հիշում է զույգը:

23-ամյա Էդուարդն ու 20-ամյա Ասպրամը խոստովանում են, որ իրենց համար կարևոր էր, որ այդ օրերին եկեղեցում օրհնություն ստանան և գրանցեն ամուսնությունը Ստեփանակերտի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում:

«Մեզ հաջողվեց երկրի համար այդ ծանր օրերին փոքր-ինչ տրամադրություն հաղորդել մարդկանց, ինչու չէ՝ շատ զույգերի համար նաև օրինակ հանդիսանալ»,- ասում է Ասպրամը:

Շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար աղետ էր հասունանում: Սակայն, մարդիկ միակամ էին, համախմբված ու սրտացավ: Ծանոթ-անծանոթներ կիսվում էին ունեցածով: Իսկ շրջափակման վերջին շրջանում Ասպրամի հարազատներն առավել անհանգիստ էին Ասպրամի համար, քանի որ նա հղի էր և մոտ էր ծննդաբերության օրը:

Ասպրամը հիշում է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան պետք է ամենամտերիմներին հյուրընկալեին, քանի որ իր տարեդարձն էր: Ամուսիններով անցան սուղ պայմաններում հյուրերին գոհացնելու բարդ և պատասխանատու աշխատանքին:

«Դուրս եկանք գնումների: Շուկայից հնարավոր եղավ տեղական արտադրության որոշ մթերքներ գտնել: Գնեցինք ինչ-որ վաճառում էին»,- պատմում է Ասպրամը:

Ճաշելուց հետո ամուսնուն աշխատանքի ճանապարհեց: Ստեփանակերտում առաջին մասնավոր ավտոդպրոցն էին հիմնել:

 

«Պատրաստվում էի թեյել: Հերթական հեռախոսազանգը հնչեց: Սկեսուրս էր տարեդարձս շնորհավորում: Զրույցի ընթացքում հրետակոծության առաջին պայթյունները լսվեցին: Արձագանքները զուգահեռ լսելի էին նաև հեռախոսակապի մեջ: Ու ընդհատվեց կապը»,- վերհիշում է Ասպրամը:

Մինչ կկողմնորշվեր և բազմաբնակարանի չորրորդ հարկից նկուղ կիջներ, առաջին հարկի հարևանուհին՝ Լուսինեն, ով նաև Էդուարդի ընկերոջ մայրն էր, Ասպրամին ձայն տալով բարձրանում էր նրա ետևից, որպեսզի օգնի Ասպրամին նկուղ հասնել: Կարճ ժամանակ անց վերադարձավ նաև Էդուարդը:

«Արցախում ունեինք երջանիկ ու ապահով ապրելու բոլոր նախադրյալները: Երբևէ չենք պատկերացրել, որ մի օր պետք է տեղահանվեինք»,- ասում է Ասպրամը:

Նրա կարծիքով, ներկայումս ամեն ինչ վերարժևորելու, սեփական անձը ավելի լավ ճանաչելու ժամանակներ են: Մի բանում Ասպրամը համոզված է, որ այժմ թե՛ նա, թե՛ ամուսինը ավելի ուժեղ են և վճռական։

Վերարժևորելու ճանապարհին

Ստեփանակերտից նրանք դուրս եկան սեպտեմբերի 27-ին և հաստատվեցին Երևանում:

«Աննկարագրելի են գաղթի ճանապարհին ունեցած զգացողություններս, մտավախություններս: Նույնիսկ ցավի պահին արցախցիները չկորցրին իրենց բարեգթությունն ու եղբայրասիրությունը: Ճանապարհ բացեցին, որպեսզի հնարավորինս արագ հատենք կամուրջը»,- ասում է Ասպրամը:

Բռնատեղահանումից օրեր անց՝ հոկտեմբերի 10-ին, ծնվեց նրանց աղջիկը՝ Լեյլան՝ իր ժպիտով նորից ժպիտ պարգևելով ծնողներին:

Այժմ դժվարությունները հաղթահարում են միմյանց օգնելով: Արդեն երրորդ ամիսն է բացել են «Վիու» ավտոդպրոցը, որի առաջին հաճախորդները արցախցիներն են:

Երեխայի խնամքի հետ համատեղելով՝ Ասպրամն օգնում է ամուսնուն, որքան կարողանում է:

«Ընտանեկան երջանկություն շրջափակված Արցախում. սա էլ իր քաղցրությունն ուներ: Երջանիկ էինք, մեր հողում էինք: Հիմա էլ երջանիկ ենք, քանի որ իրար ունենք… իսկ շրջագայություններն էլ դեռ առջևում են»,- ասում է երիտասարդ մայրիկը:

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ Ասպրամի անձնական արխիվից

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/06/2024