Դըրբըզեք

Բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի վերաբերյալ դժգոհություններ կան, բայց արձագանք չկա․ Լիաննա Պետրոսյան

Հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Հաջորդ օրվանից մեկնարկեց դիմումների ընդունման գործընթացը։ Շահառու կարող են դառնալ միայն այն ընտանիքները, որոնց ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն ՀՀ քաղաքացիություն։ Շահառու դառնալու համար կան նաև մի շարք այլ հիմնական պայմաններ, ինչը դժգոհությունների պատճառ է դարձել արցախցիների շրջանում։

Թեմայի շուրջ «Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցը զրուցել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից, լրագրող Լիաննա Պետրոսյանի հետ, ով լավատեղյակ է արցախցիների համար իրականացվող պետական ծրագրերից և պարբերաբար սեփական դիտարկումներով անդրադարձ է կատարում դրանց իր սոցիալական էջերում:

Լիաննա, Ձեր դիտարկմամբ՝ բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովության պետական ծրագրի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան։

– Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի խնդիրներին անդրադարձել եմ բազմիցս՝ հրապարակման պահից սկսած։ Դրանց մեծ մասը շարունակում է մնալ արդիական ու չլուծված։ Ինչպես, օրինակ, ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջը։ Մտահոգիչ է նաև ծրագրի շահառուների սահմանումը, 2020-2022թթ. ինչ-ինչ պատճառներով Արցախից դուրս եկած անձանց՝ շահառու չհանդիսանալու հարցը, ընտանիքի 2 չափահաս կամ 1 անչափահաս անդամի նույն օրացուցային տարվա մեջ ՀՀ-ում չգտնվելու դեպքում շահառու չդիտարկելը, սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույքի ձեռքբերմանը նախապատվություն տալը, զոհվածի, կերակրողին կորցրած ընտանիքների համար որևէ առավելություն չսահմանելը (բացի 1-ին փուլով դիմելու հնարավորությունից ) կամ սահմանափակումներից չազատելը և այսպես շարունակ։

Արդյոք պոտենցիալ շահառուները խնդիրների մասին բարձրաձայնելու իրական հնարավորություն ունե՞ն ։ Կա՞ հարթակ, որտեղ մարդիկ իրենց դիտարկումները կարող են ներկայացնել։

– Հասարակության լայն զանգվածների համար խնդիրների մասին բարձրաձայնելու հիմնական հնարավորությունը սոցիալական հարթակներն են, որտեղ Ծրագրի վերաբերյալ կարելի է հազարավոր կարծիքներ և դժգոհություններ տեսնել։ Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացման» ծրագիրը, որն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Ըստ լրատվական հաղորդագրության՝ ծրագրի շրջանակում Կառավարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են տեղահանվածների հետ, ներկայացնում իրականացվող և մշակվող պետական ծրագրերը, պատասխանում բարձրացված հարցերին։ Սակայն, ծրագիրը նոր է մեկնարկել, և գնահատական տալ չեմ կարող, թե որքանով է հասարակության լայն զանգվածների ձայնն այդ տարբերակով հասանելի լինելու։ Կան նաև անհատներ, նախաձեռնություններ, հասարակական միավորներ, որոնք պարբերաբար հանդես են գալիս առաջարկություններով։ Այսինքն՝ միանշանակ կարող եմ ասել, որ պետական լիազոր մարմինները տեղյակ են Ծրագրի վերաբերյալ դժգոհություններից, սակայն, ցավոք, առ այս պահը դրա վերանայման հետ կապված հստակ արձագանք չկա։

Նախքան ծրագրի հաստատումը, տեղահանվածների հետ քննարկումներ եղե՞լ են։ Եթե այո, ապա ի՞նչ ներգրավվածությունն են ունեցել վերջիններս ու որքանո՞վ են հաշվի առնվել նրանց առաջարկները։

– Ծրագիրը կազմողներն ու հաստատողները պարբերաբար շեշտում են, որ նախքան ընդունելը կազմակերպվել են քննարկումներ տեղահանվածների հետ։ Բայց ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ հասարակության լայն շրջանակների հետ նման քննարկումներ չեն եղել։ Ընդամենը 1-2 մամուլի անդրադարձ ու քննարկում գործադիր մարմնի կողմից, ինչը հանրային քննարկում չի ենթադրում։ Եթե լինեին ու ինքս ունենայի ներգրավվածություն, հաստատապես կարող եմ ասել, որ այս բոլոր խնդիրների մասին կբարձրաձայնվեր նախապես ու առաջարկները նույնպես կներկայացվեին նախքան Ծրագրի հաստատումը։

Տրվող աջակցությամբ, ըստ Ձեզ, հնարավոր կլինի՞ բնակարան/տուն գնել կամ կառուցել՝ ներկայիս շուկայական գների պայմաններում։ Ծրագիրը որքանո՞վ կաշխատի։

– Նախատեսված աջակցության բազային գումարը շատ քիչ է՝ համեմատած ՀՀ անշարժ գույքի շուկայական գների ու առաջարկների հետ։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ բազմաթիվ ընտանիքներ ունեն փոքր թվով անդամներ։ Այս ամենի արդյունքում Ծրագրի հաջողելը խիստ կասկածելի է։

Ըստ ամենայնի՝ ծրագրից օգտվել ցանկացողներն ստիպված են լինելու նաև հիփոթեքային վարկ ձևակերպելու։ Վարկունակության մասին կետ այդ ծրագրում կա, բայց հստակեցված չի, թե ինչպես է դա որոշվելու։ Ունե՞ք արդյոք տեղեկություն, թե ինչպես է գնահատվելու շահառուների վարկունակությունը և ո՞ր բանկերն են ծրագրին մասնակից։

– Անձի վարկունակությունը գնահատվում է բանկերի կողմից։ Նաեւ, օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել, որ եթե ընտանիքի որևէ անդամ ՀՀ բանկերում ընդգրկված է «սեւ ցուցակում», այս դեպքում չի խանգարելու, այսինքն՝ այս Ծրագրի շրջանակում շահառուների վարկային պատմության վերլուծություն չի իրականացվելու բանկերի կողմից։ Իսկ Ծրագրի գործընկեր բանկերի ցանկը շուտով հասանելի կլինի ԱՍՀ նախարարության կայքում։ Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ ներկայացված Ծրագրի արդյունքում տեղահանված անձինք ստիպված են լինելու տարիներով հիփոթեքային վարկի բեռի տակ ընկնել, քանի որ նախատեսվող աջակցությամբ անշարժ գույք ձեռք բերել հնարավոր չէ։

Արցախցիների համայնքային կյանքն ապահովելու որևէ միջոց, ինչպես երևում է ծրագրից, չկա։  

– Միանշանակ, այս Ծրագիրն արցախցիների համայնքային կյանքի ապահովում չի ենթադրում։

Հարցազրույցը՝ Լուսինե Շադյանի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/07/2024