Գյուղատնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ` Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխարեն: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խիստ կարևոր նշանակութուն ունի այն երկրների համար, որտեղ տնտեսությունն անկում է ապրում: Տնտեսությունը վերակազմակերպելու, կայուն և ինքնաբավ դարձնելու համար առաջին քայլերը կատարվում են գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանն այն երկրներից է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 3 անգամ ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից` կազմելով շուրջ 3500 ԱՄՆ դոլար: Հայաստանը նաեւ այն երկիրն է, որտեղ 2016թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքը նվազել է:
Իրավիճակ
Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում սկսեց անկում գրանցել 2016թ. աշնանը: Գյուղատնտեսության նախարարությունն անկումը բացատրեց եղանակային անբարենպաստ պայմաններով, որի պատճառով գյուղացիները բերքահավաքը կատարել են ոչ թե հոկտեմբերին, այլ հետաձգել են այն մինչև նոյեմբեր: Սակայն ոլորտում առկա տարեկան պատկերի ուսումնասիրությունը հուշում է, որ նշված հիմնավորումն արդարացնում է միայն տվյալ ժամանակահատվածը, բայց ոչ՝ ողջ տարին: 2016թ. գյուղատնտեսության չափաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է մոտ 16%, այնինչ 2015թ. կազմել է 17,3%: Գյուղատնտեսության՝ ՀՆԱ-ի հավելաճին նպաստման չափը, ըստ վիճակագրական տվյալների, կազմում է -1 (մինուս մեկ): Սա նշանակում է, որ գյուղատնտեսությունը չի նպաստել ՀՆԱ-ի աճին: Գյուղատնտեսության զարգացման տեմպերի դանդաղումն էապես ազդել է նաև տնտեսական աճի վրա: 2016թ. այն կազմել է ընդամենը 0,5%` նախատեսված 2,2%-ի փոխարեն: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվել է 5,2%-ով, իսկ բուսաբուծական արտադրանքինը՝ 11,7%-ով:
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի անկումը կարող է իր ալիքաձեւ ազդեցությունն ունենալ գյուղատնտեսական հումք օգտագործող արդյունաբերության զարգացման վրա:
Ու թեև երկրում նվազել են գյուղատնտեսական արտադրանքի ծավալները, ըստ մեկ այլ վիճակագրության, գյուղատնտեսական հումքի և դրանից ստացվող արդյունաբերական արտադրանքի արտահանման մասով գրանցվել է աճ: 2016թ. Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալում գյուղատնտեսական արտադրանքը կազմում է 29%-ը` գրանցելով 1,3 անգամ աճ եւ կազմելով 524 մլն դոլար: Ըստ վիճակագրության, 2015թ. համեմատ կրկնապատկվել է պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները, այդ թվում՝ լոլիկի, ինչը փորձագետներն առնվազն տարօրինակ են համարում, քանի որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում լոլիկի բերքը 2016թ. նվազել է 6,9%-ով` կազմելով 298,000 տոննա: Իսկ ներկրում է կազմել է 195 տոննա: Մինչդեռ 2016թ. Հայաստանից արտահանվել է 36,200 տոննա լոլիկ` ինչը 29 անգամ ավելի է քան 2015թ. արտահանվածը։
Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալների շուրջ 85%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Դեպի Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական որոշ ապրանքատեսակների, այդ թվում նաեւ լոլիկի մեծ ծավալների արտահանման վերաբերյալ տվյալները մամուլում կասկածների և քննարկումների առիթ դարձան: Իր հերթին Ռուսաստանի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, նույնպես կասկած հայտնեց, որ Հայաստանից թուրքական լոլիկ է արտահանվում Ռուսաստան, ինչը ապացուցել չհաջողվեց: Նման կասկածների համար հիմք էր հանդիսանում այն, որ տվյալ ժամանակահատվածում Թուրքիայի հանդեպ առկա էին ռուսական պատժամիջոցներ, եւ թուրքական որոշ ապրանքներ չէին կարող Թուրքիայից ներմուծվել Ռուսաստան:
Պաշտոնական տվյալներով 2016թ. Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 141.6 տոննա լոլիկ` 5 անգամ շատ նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, ներմուծումը եղել է միայն տարվա առաջին կեսին: Հայաստանից լոլիկի արտահանումը Ռուսաստան աճել է մոտ 32 անգամ՝ հասնելով 36 հազար տոննայի: Ընդ որում արտահանման աճը Ռուսաստան նույնպես եղել է հիմնականում տարվա առաջին կեսին` 30 հազար տոննա: Մինչդեռ լոլիկի բերքահավաքի հիմնական շրջանը Հայաստանում ամենեւին տարվա առաջին կեսին չէ, իսկ ջերմատներից ստացված բերքը 2016թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 79 հազար տոննա: Լոլիկի գնաճ նկատվել է հիմնականում հունվար և փետրվար ամիսներին: Սա նշանակում է, որ տեղական բերքի ծավալները նախորդ տարվա համեմատ զգալի փոփոխություններ չեն կրել, այլապես գնաճը ավելի շատ կլիներ: Սա է պատճառը, որ լոլիկի արտահանման զգալի աճը կասկածներ է հարուցում:
Պատմական ակնարկ
Անկախությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված հողային բարեփոխումներն ավարտվեցին 1994թ. կեսին, երբ սեփականաշնորհվեց գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, և ստեղծվեցին 340 հազար մասնավոր գյուղացիական տնտեսություններ: Արդյունքում կոլեկտիվ և պետական գյուղատնտեսությունից անցում կատարվեց փոքր գյուղական ագարակների: Սակայն բարեփոխումները բազմաթիվ խնդիրներ առաջ բերեցին՝ գյուղտեխնիկայի պակասություն, գյուղատնտեսության կազմակերպման գործընթացի չիմացություն: Արդյունքը եղավ այն, որ այսօր աճեցվում է 2-3 անգամ պակաս բերք, քան Խորհրդային Միության տարիներին: Ներկայումս չի օգտագործվում գյուղատնտեսական նշանակության հողերի 23,7%-ը, ցանքատարածությունների՝ 21,2%-ը: Պաշտոնապես դրանք չեն օգտագործվում հետևյալ պատճառներով՝ մոտ են գտնվում Հայաստան-Ադրբեջան սահմանի վտանգավոր կամ ականապատված գոտիներին, որոշ վարելահողեր հեռու են բնակավայրերից կամ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար չափազանց փոքր են:
Նորանկախ Հայաստանը չկարողացավ լուծել նաև հողերի ոռոգման խնդիրը: 1988թ. ոռոգվող հողերի ընդհանուր տարածքը կազմում էր գրեթե 316 հազ. հա: Այժմ ոռոգման համակարգը վերահսկում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նրա սպասարկման տարածքում կա մոտ 200 հազ. հա հողատարածք, որից 2015թ. ոռոգվել է ընդամենը 131,4 հազարը, իսկ 2016թ. ավելի քիչ՝ 101,2 հազարը: Սրա պատճառն այն է, որ Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան: 2007թ. ոռոգման ժամանակ ջրի կորուստը կազմել է մոտ 68%։ Չնայած միջազգային կառույցների ֆինանսավորմամբ կատարված վերականգնողական աշխատանքներին՝ մասնագետներն այժմ էլ հայտնում են, որ ոռոգման ժամանակ ջրի կորուստը շարունակում է կազմել մոտ 50%:
Գյուղոլորտը զարգացնելու և այս խնդիրները լուծելու համար 2015թ. ընդունվեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքը, որի հիմնական նպատակն է՝ ավելի արդյունավետ օգտագործել աշխատուժը և ռեսուրսները: Ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 270 գյուղատնտեսական կոոպերատիվներ:
Փաստարկ
Հայաստանում կա շուրջ 361 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք մեծամասամբ ապահովում են աշխատանքի ցածր արտադրողականություն և չեն կիրառում նոր տեխնոլոգիաներ: Պետությունն իր հերթին այս ամբողջ ընթացքում չի որդեգրել տեխնոլոգիաների ներդրման քաղաքականություն, այլ բավարարվել է միայն սուբսիդիաներով և տարբեր ծառայություններ տրամադրելով, որոնք բնականաբար չեն կարող հիմք դառնալ գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման համար:
Պետական անհետևողական քաղաքականության պատճառով է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում չի օգտագործվում ներդրումների ներգրավման պոտենցիալը: Ըստ ուսումնասիրության, ներդրումներն այս ոլորտում գլխավորապես կա՛մ տեղական են, կա՛մ սփյուռքի կողմից իրականացված: Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ 2017թ. ակնկալվում է 120մլն դոլարի ներդրում:
Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության մյուս թերությունն էլ այն է, որ բյուջեից գյուղատնտեսությանը հատկացվող գումարը և ներդրումները չեն բավականացնում մշակված ռազմավարությունն իրականացնելու համար: Արդյունքում ռազմավարությունում ներկայացված գերակայություններն այդպես էլ մնում են թղթի վրա: Այժմ Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում՝ միաժամանակ նպատակ ունենալով մշակել նոր ռազմավարություն արդեն 2016-2025 թթ. համար: Գյուղատնտեսական ոլորտում խնդիրները շարունակում են նույնը մնալ, փոխվում է խնդիրներով զբաղվող կառույցը՝ ԾԻԳ-ից դառնալով հիմնադրամ:
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- Գյուղատնտեսության անկման պատճառը նախկին կառավարության սխալ հաշվարկներն են
- Լոլիկի արտահանման առեղծվածը. «Հայկական ժամանակ»-ի անդրադարձը
- Ampop.am-ի անդրադարձը գյուղատնտեսական ռիսկերին
Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 14/03/2017