Տնտեսություն

Չմշակվող Էրգիր Հայաստան․ Ինչպե՞ս զարգացնել գյուղատնտեսությունը

Լուսանկարը՝ Onearmenia.org կայքից

Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է բոլոր զբաղվածների 24,3%-ը կամ յուրաքանչյուր 4 զբաղվածից մեկը։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքը ՀՆԱ-ի մեջ կազմում է շուրջ 12%։ Այսինքն Հայաստանի վաստակած ամեն 8000 դրամից ընդամենը 1000 դրամն է ձևավորվում գյուղոլորտում։

Զբաղվածների 24%-ն ապահովում է արդյունքի ընդամենը 12%-ը։ Հետևաբար.

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը արդյունավետ չէ։

Առանձին խնդիր է այն, որ գյուղատնտեսության մասին լիարժեք վիճակագրական տվյալներ չկան։ Համատարած հաշվառում իրականացվել է 7 տարի առաջ՝ 2014 թ․-ին։ Այսօր որոշ տվյալներ դիտարկելիս պետք է օգտվել հենց այդ հաշվառման արդյունքներից։

Օրինակ՝ համաձայն այդ տվյալների՝ Հայաստանում գյուղական միջին տնտեսությունն ունի մոտ 1.48 հա հողատարածք (մոտավոր երկու ֆուտբոլի դաշտի չափ տարածք)։ Մինչդեռ, 2019-ին գյուղնախարարի տեղակալ Արտակ Քամալյանի խոսքով, Հայաստանում շուրջ 130 000 տնտեսություն մշակում էր ընդամենը 0,5 հեկտար հողակտոր։

Քամալյանը բացատրում էր, որ այդ 0,5 հեկտարը հիմնականում ընտանիքի անդամները մշակում են անձնական սննդի կարիքները բավարարելու համար։ Հետևաբար տվյալ խմբի համար հողագործությունը բիզնեսի աղբյուր չի դիտարկվում։

Հայաստանի իրար հաջորդած կառավարությունները շատ վաղուց ցանկանում են խոշորացնել գյուղատնտեսությունը՝ հատկապես արտահանումների մասով ուժեղացնելով մրցունակությունը։ Դեռ 2017-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խնդրին անդրադառնալիս, առաջարկում էր ունենալ ձեռնարկություն, որը պետք է միավորեր մանր գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները՝ նրանցից գնելով արտադրանքն ու արտահանելով ընդհանուր բրենդի տակ։

Սակայն մինչ արտահանումը պետք է նշել, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը ընկալվում և աճեցվում է ոչ այնքան որպես վաճառքի ենթակա ապրանք, այլ հենց գյուղացիներին սննդով ապահովելու միջոց։ Ընդ որում՝ մարզից մարզ իրավիճակը խիստ տարբեր է։

Գյուղարտադրանքի ապրանքայնությունը հատկապես բարձր է Երևանին կից՝ Արարատյան դաշտն ընդգրկող մարզերում, նաև ի հաշիվ այն բանի, որ հարևանությամբ կա մայրաքաղաք Երևանը՝ իբրև սպառման մեծ շուկա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գյուղատնտեսության խոշորացման հարցին նայում է այլ դիտանկյունից՝ խոշորացնել ոչ թե արտադրանքի արտահանումը, այլ հենց ստացումը՝ հողերի խոշորացման միջոցով։

Թիրախավորվում է հատկապես երկու հանգամանք․

  1. Փոքր հողակտորները, որ բավարար պայմաններ չեն ապահովում արդյունավետ գյուղատնտեսության համար,
  2. Գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասի չօգտագործումը։

Փաշինյանն առաջարկում է սահմանել գյուղատնտեսական հողերի վարձակալության պետական գներ, և եթե որևէ հող տևական ժամանակ չի օգտագործվում, պետությունը կարողանա օրենքի ուժով (ըստ էության՝ անկախ սեփականատիրոջ համաձայնությունից) վարձակալել այդ հողերը, դրանցից ստանալ շահույթ և վճարել հողի սեփականատիրոջը։ Բայց տվյալ փուլին հասնելու համար նախ անհրաժեշտ է իրականացնել քարտեզագրումներ, հաշվառումներ և այլ աշխատանք։

2021թ․ հունիսին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ սկսել են հողային ռեֆորմը, որով փորձում են կտրուկ նվազեցնել չօգտագործվող հողերի քանակը։

«Եթե հողը չօգտագործվող է, պետությունը կկարողանա ինչ-որ լծակներ կիրառել կամ ճնշումներ գործադրել, որպեսզի այդ մարդիկ կամ մեծ հարկեր վճարեն կամ ստիպված լինեն վաճառել․․․ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հողակտոր ունեն ու վաղուց արդեն Հայաստանում չեն գտնվում, իրենց հողակտորները չեն մշակում։ Եվ հիմա այդ հողակտորը կարող է մշակվել այլ գյուղացու կողմից, բայց չի մշակվում, որովհետև տերը վաղուց այստեղ չէ», – բացատրում է Քերոբյանը։

Իսկ մինչ այդ նախատեսում են աշխատունակ տեսքի բերել հողային շուկան՝ շտկել քարտեզագրումները, իրավաբանական կարգավիճակները և այլն, որպեսզի մարդիկ կարողանան ազատ գնել-վաճառել իրենց պատկանող հողակտորները։

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության 2019 թ-ի տվյալներով, Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի 13,6%-ը չի օգտագործվում։

Ավելին, Հայաստանի գյուղատնտեսության 2020-2030 թթ․ ռազմավարության համաձայն (ընդունվել է 2019-ին), Հայաստանում առկա շուրջ 450 հազար հա վարելահողերից 2018 թ.-ին նպատակային օգտագործվել է ընդամենը 240 հազար հա-ը (54,5%-ը)։

Այս ռազմավարության մեջ նույնպես հիշատակվում է չօգտագործվող հողերը օգտագործելու հրամայականը, մասնավորապես հետևյալ երկու մեթոդներով․

  • մշակել չօգտագործվող հողատարածքների յուրացման տնտեսական և իրավական կառուցակարգեր,
  • կարգավորել հողերի խոշորացման օրենսդրական դաշտը և իրականացնել կառուցակարգի ներդրման ծրագիր։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ֆերմեր Հարություն Մնացականյանն արդյունավետ չի համարում գյուղացուն որևէ բանի հարկադրելու մեխանիզմը։ Ֆերմերը նշում է, որ մինչ այդ պետությունը պարտավոր է այնպիսի համալիր աջակցություն ցուցաբերել, որ գյուղացին հողը մշակելու արդյունքում չտուժի և չձախողի։

«Երբ մարդուն թողնում ես բախտի քմահաճույքին, ասում ես՝ դու ինչ-որ բան պիտի աճեցնես, բայց չես ասում՝ ինչպես աճեցնել, ինչպես անել, որ վնասներ չկրի, դա էլ է սխալ», – ամփոփում է Մնացականյանը։

Նա, այնուամենայնիվ, համաձայն է, որ կա խնդիր՝ հողերի կտրտվածության տեսքով։ Նրա խոսքով՝ հողային ռեֆորմները պետք է անել այնպես, որ մարդու սեփականության սահմանադրական իրավունքն էլ չխախտվի։

«Բայց հնարավոր է։ Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի հետ կապված բարդություններ առաջանալու են, սակայն այգեգործության համար հնարավոր է կոնսոլիդացնել և նորմալ միավորված կոոպերացիաներ ստեղծել», – բացատրում է Մնացականյանը։

Գյուղատնտեսության և դրա արդյունավետության մասին խոսակցությունները վերջին շրջանում հանգում են նոր մեթոդների կիրառմանը, կաթիլային ոռոգմանը և այլն։ Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշում է՝ կաթիլային ոռոգման արդյունավետությունը կասկածի տակ դնել հնարավոր չէ։

Բայց ըստ Պետրոսյանի, Հայաստանում այսօր կաթիլային ոռոգման զանգվածային անցման հնարավորություններ չկան։ Պատճառները մի քանիսն են։

  • Կայուն չէ ջրամատակարարումը։
  • Չկան մաքուր ջրի պաշարներ, որոնք պետք է ամբարվեն ու խողովակներով հասցվեն կաթիլային ոռոգմամբ հողակտորներին։ Եթե ջուրը մաքուր չեղավ, կաթիլային ոռոգման համակարգը կխցանվի։
  • Ջրի պոմպերի և ֆիլտրերի համար էլ անհրաժեշտ է լինելու էլեկտրական հոսանք, որ առկա չէ Հայաստանի բնակավայրերից հետու տարածքներում, բաց դաշտերում։

Ջրի խնդիրը սուր է դրված նաև գյուղատնտեսության ռազմավարության մեջ։ Դրված են նպատակային ցուցանիշներ՝ ոռոգվող վարելահողերի ավելացման և անմշակ վարելահողերի նվազման վերաբերյալ։


Նույնիսկ ջրի առկայության դեպքում պետք է աշխատել արդյունավետ։ «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանը բացատրում է, որ եթե ֆերմերները զբաղվեն նիշային, յուրահատուկ շուկաներով, ապա կարող են նաև փոքր տարածքից մեծ եկամուտ ստանալ։ Ընդ որում՝ խոսքը միայն մեծ ջերմատների կամ կաթիլային ոռոգման մասին չէ։

«Ֆերմերը պիտի կիրառի այնպիսի տեխնոլոգիաներ, այնպիսի մշակաբույսեր, որ որևէ մի սանտիմետր հող ազատ չլինի։ Նույնիսկ փոքր ջերմատնային տնտեսություն կարող է ստեղծել։ Ու այդ դեպքում կարող է արտադրել այն մշակաբույսերը, որոնք մասսայական օգտագործման համար չեն, ասենք՝ կարտոֆիլ չէ, ցորեն չէ, կաղամբ չէ», – նշում է Սարուխանյանը։

Գյուղատնտեսության մասնագետը հիշեցնում է, որ տասնյակ տարիներ շարունակ, անկախ քաղաքական իշխանությունից, մարդիկ աճեցնում են խաղող ու փակում են ճանապարհներ՝ իրենց ապրանքն իրացնելու համար։ Նրա խոսքով՝ պետք է դիվերսիֆիկացնել ու տարբեր մշակաբույսեր ունենալ, որպեսզի մի ապրանքի ձախողման դեպքում մյուսները կարողանան զարգացում ապահովել։

Այսպիսի դեպքերի համար նա նշում է, որ արդյունավետ են քաղցր կարտոֆիլը՝ բատատը, ինչպես նաև հապալասը, գոջի բերրին, ծնեբեկը և այլ մշակաբույսեր։ Սրանց գինը շուկայում շատ բարձր է, և մեծ մասամբ այս ապրանքները ներկրվում են արտերկրից։ Գոջի բերրի օրինակով Սարուխանյանը բացատրում է՝ եթե ֆերմերն անգամ մատչելի գնով հանձնի մթերման, մեկ է շահույթ է ունենալու։

«Մարդ կա, ասում է՝ է՜, դե դրա ծավալները մեծ չեն։ Լավ, ավելի լավ չէ՞ 25 կիլոգրամ գոջի բերրիի չիր վաճառի, քան 20 հեկտար ցորեն մշակի», – հռետորական հարց է տալիս Սարուխանյանը։

Մասնագետը ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանում հաշված մարդիկ կկարողանան գյուղատնտեսական իրենց արտադրանքն արտահանել, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հետևաբար գյուղացիներին պետք է մղել այն շուկաներ, որոնցով մեծ բիզնեսները հետաքրքրված չեն։

Սարուխանյանը նշում է, որ երբ կառավարությունը հայտարարում է, թե առանց խոշորանալու հնարավոր չէ արդյունավետ աշխատել, գյուղացին ավելի է թևաթափ լինում, նրա մոտ հաստատվում է միտքը, որ ինքը կարող է միայն իր ընտանիքը պահել։ Բայց դա այդպես չէ․ գյուղացիները կարող են ավելին։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 

Ինտերակտիվ գրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/09/2021