Մայիսի 18-ին, երբ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, և նա ազատ արձակվեց կալանքից, Երևանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ: Իսկ մայիսի 20-ի առավոտյան` ՀՀ վարչապետ Փաշինյանի կոչով Հայաստանի տարբեր քաղաքներում քաղաքացիները հավաքվեցին դատարանների մուտքերի առջեւ` այսպիսով խոչընդոտելով դատարանների աշխատակիցների մուտքը աշխատավայրեր: Նույն օրը կեսօրին Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ժողովրդի վստահությանը չարժանացած դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությանը։
Ապա հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կասեցվել է Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի գործերի վարույթը և ուղարկվել Սահմանադրական դատարան:
Դատարանի մուտքերը փակելուն ուղղված գործողությունների ոչ իրավաչափ լինելու հիմքով հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել հինգ դիմում, որոնցից մեկը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, մյուսը` Վարչական դատարանի դատավորի, իսկ մյուս երեքը` փաստաբանների կողմից։
Բարձրագույն դատական խորհուրդը կունենա նոր նախագահ
Շաբաթվա սկզբին ազդարարված դատաիրավական համակարգի բարեփոխումների ֆոնին մայիսի 24-ին հրաժարական տվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այստեղ նա աշխատում է անցյալ տարվանից՝ 2018թ-ից: Իսկ մինչ այդ՝ 1996թ-ից սկսած, եղել է Սահմանադրական դատարանի նախագահը: Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո հրաժարական է ներկայացրել նաև նրա եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները
Պետեկամուտների կոմիտեն մայիսի 21-ին հրապարակեց Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: 2019թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ վճարել են 221 միլիարդ դրամի հարկ` մոտ 24%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2018թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե էին վճարել 178.6 մլրդ դրամի հարկ։
Ցուցակի համաձայն` Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է։ Այն վճարել է շուրջ 14 մլրդ դրամի հարկ։ 2-րդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» ընկերությունն է` մոտ 13 մլրդ դրամ հարկով: Երրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Գործարանը վճարել է շուրջ 7 մլրդ դրամի հարկ։
Վանաձորում վարորդները գործադուլ են անում
Մայիսի 23-ին Վանաձորում քաղաքային և միջհամայնքային երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել` պահանջելով իջեցնել գազի գինը: Ըստ վարորդների` գազի թանկացումից հետո տարբերությունը շատ մեծ է, ստացած գումարը բավարար չէ երթուղայինները սպասարկելու համար: Հաջորդ օրը շարունակված գործադուլից հետո Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի հետ հանդիպումը կրկին չի գոհացրել վարորդներին: Նրանք որոշել են շարունակել գործադուլը:
Գազի գնի փոփոխություն նկատվել է այս տարվա մայիսի 1-ից հետո, երբ Կառավարության որոշմամբ` գազը խորանարդ մետրի փոխարեն սկսեց վաճառվել կիլոգրամով: Ըստ ՊԵԿ պարզաբանման` գազի գինը թանկացել է նաև այն պատճառով, որ խմ–երով վաճառելու դեպքում գազալցակայանները հնարավորություն ունեին թերլիցքավորման միջոցով եկամուտ ունենալ:
Կառավարության նիստից
Մայիսի 23-ին Կառավարության ընդունած օրինագծով մոտ 10%-ով բարձրանալու են բոլոր զինծառայողների աշխատավարձերը` անկախ աստիճանից։ Միաժամանակ մինչև 20%-ով կավելանան կրտսեր սպայական կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձերը։
Հաշվի առնելով 2019թ. բյուջեի 62 մլրդ դրամ գերակատարումը` Կառավարությունը որոշեց նաև 7,4 մլրդ դրամով ավելացնել ճանապարհաշինությանն ուղղված ծախսերը։
Կառավարությունը նաև հավանություն տվեց մայիսի 25-ին Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման մասին համաձայնագրի ստորագրմանը: Ստորագրումից հետո Հայաստանի քաղաքացիները կարող են 90 օր առանց վիզայի մնալ Չինաստանում, իսկ Չինաստանի քաղաքացիները՝ Հայաստանում:
ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 23-ին հրաժարական տվեց: Նա պաշտոնավարում էր 2006թ-ից ի վեր: Արդեն նախկին ռեկտորը իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է, որ, եթե անգամ ինքը հրաժարական չտար, դա կարվեր օրենքի խախտմամբ: Արամ Սիմոնյանն անընդունելի է համարում Կրթության և գիտության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը կրթության ոլորտում և հատկապես համալսարանի նկատմամբ: Սիմոնյանը, սակայն կշարունակի իր գործունեությունը ԵՊՀ-ում որպես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն:
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/05/2019