ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին կալանքից ազատ արձակվեց: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց ազատությամբ` անձնական երաշխավորության դիմաց: Այսպիսի որոշում մայիսի 18-ին հրապարակեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Երկրորդ նախագահին կալանքից ազատելու համար երաշխավորագիր էին ներկայացրել և 500 հազարական դրամ գրավ վճարել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Նախնական դատական առաջին նիստը մեկնարկեց մայիսի 13-ին։ Քանի որ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը լրանում էր մայիսի 19-ին, մինչ բուն գործի քննությունը դատարանը պետք է որոշեր, թե Քոչարյանի խափանման միջոցն ինչպես է շարունակվելու։
4-օրյա դատաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հիմքեր ներկայացրին, թե ինչու իրենց պաշտպանյալը չպետք է մնա կալանքի տակ, իսկ ՀՀ դատախազության ներկայացուցիչները շարունակեցին հակառակը պնդել։
Մասնավորապես, դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առկա է Քոչարյանի՝ քննությունից թաքնվելու ռիսկ: Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում հակադարձեց, որ նա քննությունից փախչող չէ և իր համար վիրավորական է դատախազության նման վերաբերմունքը:
Ինչո՞ւմ է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահի դեմ ներկայացված է երկու մեղադրանք: Նա մեղադրվում է, այսպես կոչված, «Մարտի 1-ի» քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով` կաշառք ստանալու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝
Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թ. ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Նա մեղադրվում է նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով` գործարար Սիլվա Համբարձումյանի օգտին «գործողություններ կատարելուն նպաստելու» մեջ, ինչի դիմաց 2008 թ. փետրվարին և մայիսին մեկ այլ գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Համբարձումյանից ստացել է 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում։ Քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունների մասին նա հայտարարել էր 2018թ. օգոստոսի 16-ին «Երկիր Մեդիա» ՀԸ-ը տված հարցազրույցում: Իսկ «Մարտի 1-ի» գործով Քոչարյանը, որպես մեղադրյալ, ներգրավվել էր նույն թվականի հուլիսի 26-ին։
Ի՞նչ փուլերով երկարաձգվեց Քոչարյանի կալանքը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացրել էր 2018թ. հուլիսի 27-ին: Առաջին անգամ Քոչարյանը կալանքի տակ մնաց մինչև օգոստոսի 23-ը, երբ Վերաքննիչ դատարանը բավարարեց վերջինիս պաշտպանների բողոքը` նրան անձեռնմխելի ճանաչելով: Քոչարյանն ազատ արձակվեց։
Այնուամենայնիվ, սույն որոշումը բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր մասնակիորեն բավարարել գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության։ Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ․ Ռոբերտ Քոչարյանը նույն օրը կրկին կալանավորվեց։
Այնուհետև առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով: Կալանքը երկարաձգելու հաջորդ որոշումը կայացվեց մարտի 15-ին։ Այդ ընթացքում Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկեց դատարանի որոշումները, սակայն դրանք մնացին անփոփոխ։
Ովքե՞ր են ներգրավված դատական գործում
Ռոբերտ Քոչարյանի հետ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալի կարգավիճակում են 2008թ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները զբաղեցրած Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2008-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, 2008-ին պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը։
Այս գործով կալանքի տակ էր միայն Ռոբերտ Քոչարյանը։ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն էր, սակայն դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց ընտրվեց ազատ արձակումը՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։
Մեղադրող կողմը ներկայացրել է 800 անձից բաղկացած վկաների ցուցակ, որում ընդգրկված են նաև Հայաստանի առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։ Մինչդեռ պաշտպանական կողմի ներկայացրած ցուցակում վկաները 10-ն են՝ հիմնականում Սահմանադրական դատարանի դատավորներ, այդ թվում` Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, գործարար Սամվել Մայրապետյանը և 2008թ. Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը: Վերջինս մեղադրվում է նույն գործով: Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել, սակայն ՌԴ իրավապահները դադարեցրել են Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում, քանի որ նա ՌԴ քաղաքացի է և չի կարող հանձնվել այլ երկրի:
Քոչարյանի աջակիցների դաշինքը
Մայիսի 12-ին՝ «Մարտի 1-ի» գործով նախնական դատական նիստի նախորդ օրը, մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միասնական ժողովի ընթացքում հայտարարեցին, որ ձևավորվել է «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»: Համաձայն դաշինքի ներկայացուցիչների՝ սույն դաշինքի նպատակն է աջակցել «ապօրինի կալանքի տակ գտնվող» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Հանրային դժգոհություններ
Առաջին դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա կազմակերպեցին հենց դատարանի առջև։ Այն շարունակվեց նիստի բոլոր օրերին և դատարանի որոշումը հրապարակելու ընթացքում: Սակայն, դրան զուգահեռ, նույն վայրում բողոքի դուրս եկան նաև Քոչարյանի կալանքին կողմ արտահայտվող քաղաքացիներ։ Այս ակցիաներն առանց միջադեպերի չանցան։
Մայիսի 19-ին և 20-ին դատարանի որոշմանը հաջորդեցին Երևանի փողոցներով ձգվող բողոքի երթերը` Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու պահանջով։
Հաջորդիվ…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումից հետո ՀՀ դատախազության ներկայացուցիչները տեղեկացրին, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը։ Մինչդեռ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում:
Սակայն մեղադրող, թե տուժող կողմերի համար մայիսի 20-ին գործն անսպասելի ընթացք ստացավ: Գործի վարույթը նույն դատավորի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՀՀ Սահմանադրական դատարան։
Նման գործողության նպատակն է, ըստ պաշտպանվող կողմի, որպեսզի Սահմանադրական դատարանը քննի՝ արդյոք օրենքները, որոնք բուն գործի հիմքում են, համապատասխանում են Սահմանադրությանը, թե ոչ: Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ Սահմանադրական դատարանում գործի քննությունը կարող է տևել 2 ամիս:
Ինչպես հաղորդում է մարտի 1-ի տուժածներին ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, քանի որ որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան, բոլոր կողմերը զրկվել են այն բողոքարկելու հնարավորությունից:
Մինչդեռ ՀՀ դատախազությունը նախատեսում է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը: Բացի այդ Դատախազությունն արդեն միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին:
Ամփոփեց Անժելա Պողոսյանը
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
Հղումների պահոց
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի արժեքը
- Ռուսական քարոզչամեքենան հօգուտ Ռոբերտ Քոչարյանի
- Կա՞, թե՞ չկա սուպերվարչապետություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/05/2019