Էկոլոգիա

Փետրվարի 16-22. ՏԻՄ ընտրություններ, հացադուլ, մեղադրանք Սեդրակ Քոչարյանին և այլ

ՏԻՄ ընտրություններ

Փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ։ 11 համայնքներում նոր ղեկավարներ են ընտրվել, 8-ում` վերընտրվել գործող համայնքապետերը: 5 համայնքում հաղթանակ են տարել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարները:  Ընդհանուր առմամբ, 24 համայնքներում ընտրություններին մասնակցում էին 65 թեկնածուներ, որոնցից կուսակցական էին 11-ը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7 թեկնածուներից ընտրվել են միայն երկուսը:

Ուշագրավ է այն, որ 2 համայնքներում ղեկավարի պաշտոնում ընտրվել են այն թեկնածուները, որոնք մի քանի ամիս առաջ համայնքի բնակիչների պահանջով հրաժարական էին տվել: Նրանցից է Ռաֆիկ Անդրեասյանը, որը 1999թ.-ից ղեկավարում էր Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը: Անդրեասյանը 2018թ. հոկտեմբերին հրաժարական էր տվել, բայց կրկին առաջադրվեց ընտրություններում` ստանալով 917 ձայն` 216 ձայնով առաջ անցնելով իր մրցակցից:

Այսպիսի դեպք է գրանցվել նաև Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում, որտեղ վերընտրվել է նախկին համայնքապետ` հանրապետական Արթուր Մանուկյանը, որի օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցածների 53%-ը: Համայնքի որոշ բնակիչներ, դժգոհ մնալով ընտրությունների արդյունքներից, կրկին բողոքի ակցիա են սկսել:

Երկարացվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը

«Վալլեքս» խմբի կազմում ներառված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, որին պատկանում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ևս երկու ամսով երկարացրեց գործարանի աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը: Սա նշանակում է, որ գործարանի աշխատակիցներն աշխատավարձ կստանան նաև մարտ-ապրիլ ամիսների համար: Ընկերությունից հայտնում են, որ շարունակվում են բանակցությունները ՀՀ կառավարության հետ՝ ընկերության աշխատանքները վերսկսելու ուղղությամբ: Պղնձաձուլարանի աշխատակիցները նախորդ շաբաթ բողոքի ակցիաներ էին իրականացնում:

Գործարանի աշխատանքները կասեցվել են 2018թ. հոկտեմբերի կեսերին` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությանը ներկայացված տուգանքից հետո: Պղնձաձուլական գործարանը գրավադրված է «ՎՏԲ» բանկում, որին «Վալլեքս» ընկերությունն ավելի քան 300 միլիոն դոլարի պարտք ունի:  

Մեղադրանք Սեդրակ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝  հարկ չվճարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար: Այս մասին է հայտնում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Հաղորդագրության մեջ կան մանրամասներ մի քանի միլիոն դոլարանոց կեղծ գործարքների և հարկերից խուսափելու մասին դեպքերի վերաբերյալ:

Ալեքսանդր Սարգսյանը 30 միլիոն դոլար է վճարել պետությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 միլիոն դոլար։ Ինչպես հայտնել է  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, այդ գումարից զատ, Սարգսյանը վճարել է նաև շուրջ 11,5 միլիոն դոլար` հարկային պարտավորությունների, չարաշահումների և այլ ակտերի հիման վրա։

Ռեժիսորը դադարեցրեց հացադուլը 

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի 21-րդ օրը դադարեցրեց այն, ասելով, որ դա անում է Կրթության և գիտության նախարարի հետ ուենցած քննարկումների արդյունքում: Դրա նախորդ օրը նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ կա հացադուլը դադարեցնելու երկու տարբերակ։ Առաջին դեպքում պետությունը պետք է ընդունի, որ անօրինական է ֆիլմի ֆինանսավորման դադարեցումը և կրկին ստանձնի պարտավորությունները։ Երկրորդ տարբերակը, ըստ ռեժիսորի, հասարակության աջակցությամբ ֆիլմի նկարահանման աշխատանքների համար անհրաժեշտ գումարի հայթայթումն է։ Ռեժիսորի հացադուլին է միացել ազատամարտիկ Մհեր Մազմանյանը: Իսկ հացադուլի 15-րդ օրը նրան այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով դադարեցնել հացադուլը: Ռեժիսորը հացադուլը սկսել է փետրվարի առաջին օրերին, երբ տեղեկացավ, որ Ազգային կինոկենտրոնի կողմից ընդունված նոր կանոնադրությամբ հնարավոր չէ ֆինանսավորել «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումը: 

Չարաշահումներ ԵՊՀ-ում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ մի շարք չարաշահումներ և կոռուպցիոն դեպքեր  է բացահայտել ԵՊՀ-ում: Մասնավորապես, հայտնում են համալսարանի 18 աշխատակիցների մասին, որոնք 2015-2018թթ. տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել շուրջ 18 մլն դրամ աշխատավարձ: Նշվում է նաև, թե ոստիկանությունը պարզել է, որ 2008-2012թթ. ԵՊՀ-ի տարածքում վարձակալության տրված տարածքի վարձավճարները մասնակի են փոխանցվել համալսարանի հաշվեհամարին, ինչի արդյունքում յուրացվել է 9.2 մլն դրամ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է, և այս գործողություններն իր դեմ են ուղղված: Արամ Սիմոնյանը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները` նշելով, որ դրանք կեղծ են։ Հարուցված գործերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/02/2019