Առողջություն

Մայրական մահացությունը Հայաստանում 10 տարվա կտրվածքով

Մայրական մահացությունը կնոջ մահն է հղիության ընթացքում կամ դրան հաջորդող 42 օրերին՝ հղիության հետ կապված որևէ պատճառով:

Վերջին տասը տարիների ընթացքում (2006-2016թթ.) Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մայրական մահացության 100 դեպք: Մահերի ամենամեծ թիվն արձանագրվել է 2008-ին՝ 16 և 2016-ին` 14 դեպք: Ըստ Առողջապահության նախարարության տվյալների, նշված տաս տարիների ընթացքում աստիճանաբար աճել է ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը բարդացնող հիվանդությունների թիվը՝ մոտ 19 հազարից դառնալով ավելի քան 24.5 հազար:

Ամեն տարի մայրական մահացության դեպքեր լինում են գրեթե բոլոր երկրներում: Դրանց թիվն առավել մեծ է քիչ զարգացած կամ կոնֆլիկտային իրավիճակներում գտնվող երկրներում: Ամենապակաս թվով մահեր գրանցվում են Եվրամիության անդամ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2015թ. տվյալներով՝ Հայաստանում մայրական մահացության գործակիցը 25 է, ինչը  5-7 անգամ ավելի է, քան եվրոպական մի քանի երկրներում՝ Հունաստանում, Իտալիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, և մոտ 2 անգամ ավելի, քան ԱՄՆ-ում: Հայաստանի հարևան երկրներից Վրաստանում մայրական մահացության գործակիցը մոտ 10 նիշով ավելի է, Թուրքիայում նույքան նիշով պակաս, իսկ Ադրբեջանը և Իրանը Հայաստանին հավասար ցուցանիշներ ունեն:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մահերի հիմնական պատճառը մանկաբարձական արյունահոսություններն են: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանի խոսքով, արյան և նրա բաղադրիչների առկայությունը շատ կարևոր է բարդության դեպքում համապատասխան բուժօգնություն տրամադրելիս: «Անգամ Երևանում լինում են դեպքեր, երբ մենք դժվարությամբ ենք արյուն ճարում, էլ ինչ ասեն մարզերում»:

Բժշկի կարծիքով՝ հանրապետության որոշ մարզերում մահերի մեծ թիվը պայմանավորված է բժշկական օգնության անմատչելիությամբ: Հատկապես բարձր լեռնային գոտիներում հղիները զրկված են մանկաբարձական օգնության հնարավորությունից, բուժհիմնարկներն ապահովված չեն համապատասխան մասնագետներով և տեխնիկայով:

Ընդհանուր առմամբ, մայրական մահացության գործակիցը հանրապետության մարզերում ավելի մեծ է, քան մայրաքաղաքում: 2007-2009թթ. 100 000 կենդանի ծնվածի հաշվով մահացության գործակիցն ամենաբարձրը եղել է Կոտայքում, Լոռիում, իսկ 2010-2012թթ.՝ Շիրակում:

«Մարզերում բժիշկ աշխատելը շատ դժվար է: Շատ շրջաններում չունեն անհրաժեշտ սարքավորումներ, կամ ունեն, բայց չունեն դրանք աշխատեցնող համապատասխան մասնագետներ, կամ էլ բժիշկը մնում է մեն-մենակ իր մեռնող հիվանդի հետ», – ասում է բժիշկը:

2008թ-ից Հայաստանում գործում է ծննդօգնության պետական հավաստագրի ինստիտուտը: Տվյալ հավաստագրով հղի կինը հնարավորություն ունի հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալ, իսկ ծննդաբերությունը բացի իր գրանցման վայրից իրականացնել նաև ՀՀ տարածքում գտնվող մեկ այլ բուժհաստատությունում:

Մանկաբարձ-գինեկոլոգի հավաստմամբ, բարդությունների դեպքում ոչ միայն փորձառու բուժանձնակազմ, այլև արագաշարժ սանիտար ունենալն է կարևոր: Բժիշկ Անդրեասյանի պնդմամբ` դեր ունի նաև մարզաբնակների զարգացման աստիճանը:

«Շատ մարզերում ժողովրդի կրթական մակարդակը ցածր է: Ես ունեցել եմ մարզերից հղիներ, որոնց սկեսուրներն արգելում էին հաճախ բժշկի այցելել», – ավելացնում է նա:

Փորձագետի կարծիք


«Մայրական մահացության հիմնական պատճառը հետծննդյան արյունահոսություններն են, որոնք շատ հաճախ պայմանավորված են լինում թրոմբոֆիլիաներով, այսպես ասած՝ արյան մակարդելիության օղակներում գենետիկորեն պայմանավորված շեղումներով: Բարձր տոկոս են կազմում նաև ծննդաբերական ուղիների և արգանդի պատռվածքով պայմանավորված արյունահոսությունները, որոնք նույնպես մայրական մահացության հաճախ հանգեցնող պատճառներից են: Այստեղ մեծ դեր է խաղում բուժանձնակազմի համապատասխան պատրաստվածությունը, զգոնությունը, քանի որ սա գրեթե միակ պատճառն է, որում մեղավոր է բուժանձնակազմը: Ժամանակին ախտորոշված և վերականգնված պատռվածքները կյանքեր են փրկում»:

Հասմիկ Անդրեասյան

մանկաբարձ-գինեկոլոգ


Ամփոփեց Գայանե Լալայանը

Մենթոր` Աստղիկ Գևորգյան

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 25/12/2017