Սոցիալական

Աղքատությունը Հայաստանում

Հայաստանի բնակչության 29.4%-ը կամ 880 հազար մարդ պաշտոնապես համարվում է աղքատ: Սա 2016թ. տվյալների համաձայն, ինչը նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկն աղքատ է: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մեթոդաբանության՝ Հայաստանում աղքատությունը որոշվում է սպառման (ծախսի), այլ ոչ թե եկամտի մակարդակով: Աղքատության մակարդակը ներկայացվում է երեք շեմով՝ վերին, ստորին եւ պարենային կամ ծայրահեղ աղքատության:

Թարմացվել է 2018թ. մայիսի 5-ին:

Իրավիճակ

Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, ում ամսական սպառումը (ծախսած գումարը) քիչ է 40867 դրամից: Շատ աղքատ է նա, ում սպառումը չի գերազանցում 33418 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ է նա, ով սպառել է մինչեւ 23313 դրամ:

Թեեւ վիճակագրությամբ բնակչության շուրջ 30%-ն է գտնվում աղքատության վերին շեմից ցածր, սակայն մյուս հատվածը եւս սպառման բավարար հնարավորություն չունի։ Հայաստանում մեկ մարդու միջին ամսական ծախսը 2016թ. կազմել է 43978 դրամ, ինչն մոտ 11000 դրամով քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, որը կազմում է ամսական 54754 դրամ (2016թ. 4-րդ եռամսյակ): Այս թիվը հաշվարկված է որպես մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների նվազագույն շեմ: Հետեւաբար, բնակչության այն զանգվածը, որն աղքատության վերին շեմից փոքր-ինչ ավել սպառելու հնարավորություն ունի, թեեւ աղքատ չի համարվում, նույնպես չի կարողանում ապահովել մարդու նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պահանջմունքները:

Աղքատության պատկերն ամբողջական է դառնում հատկապես բազմաչափ աղքատության դիտարկման ժամանակ: Բազմաչափ աղքատությունը գնահատում է ոչ միայն եկամտային աղքատությունը, այլեւ քաղաքացիների եւ ընտանիքների ծառայություններից զրկվածության մակարդակը, ըստ հետևյալ 5 զրկանքների՝ հիմնական կարիքներ, բնակարանային պայմաններ, կրթություն, աշխատանք եւ առողջապահություն:

«Աղքատության եւ բազմաչափ աղքատության տվյալները համադրելիս՝ հանգում ենք նրան, որ բնակչության 45-46%-ը սոցիալական խնդիր ունի»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Բազմաչափ աղքատությունը մեծ է հատկապես երեխաների շրջանում՝ 64%:

Համաշխարհային բանկի «Trade in Transition» զեկույցի համաձայն, աղքատության 2015թ. 22.6% ցուցանիշի դիմաց 2016թ. հաշվարկվում է 23.9% ցուցանիշ՝ ըստ օրական 2,5 դոլար աղքատության գծի: Պատճառը, համաձայն ՀԲ-ի, աշխատավարձից եւ դրամական փոխանցումներից եկամուտների նվազումն է: Չնայած այս տվյալներին, 2015թ. իրեն աղքատ է գնահատել բնակիչների միայն 15.6%-ը, իսկ 2016թ.՝ 16.6%-ը:

Պատմական ակնարկ

2009թ. տնտեսական համաշխարհային ճգնաժամի հետեւանքով Հայաստանի տնտեսական կտրուկ անկմանը հետեւեց նաեւ աղքատության մակարդակի կտրուկ բարձրացումը: Չնայած 2010թ. հետո մինչեւ 2015թ. աղքատության մակարդակը գնալով նվազել է, սակայն դեռևս չի հասել 2008թ. մակարդակին՝ 27.6%-ի:

2016թ. Հայաստանի տնտեսության աճի տեմպը 2015թ. նկատմամբ ավելացել է միայն 0.2 %-ային կետով, ինչը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար: Միևնույն ժամանակ 2016թ.-ին գրանցվեց գնանկում նախորդ տարվա համեմատ, ինչի արդյունքում նվազեցին աղքատության գծերը: 2016թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ, ըստ էության, չի փոխվել, այն նվազել է միայն 0.4 տոկոսային կետով (29.8%-ից դառնալով 29.4 %):

Ըստ ԱՎԾ-ի հաշվարկների, 2016թ. աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ էր 63.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի  1.2 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Նույն պայմաններով ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջեր 1.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը:

Փաստարկ

Ներկայումս Հայաստանի կառավարությունը աղքատության հաղթահարման համար առաջնորդվում է «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով»: Ըստ այդ ծրագրի, նախատեսվում է աղքատության մակարդակը 2017թ. հասցնել 24%-ի, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2.4%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ 2015թ. վիճակագրական տվյալների, արդեն իսկ 2% է, իսկ ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա 2016թ. տվյալներով՝ աղքատության մակարդակը 29.4% է, եւ դժվար է ակնկալել, որ 2017թ. աղքատության ցուցանիշը կնվազի մինչեւ 24%: Չնայած 2017թ. տնտեսական աճը կազմել է 7.7%, սակայն որակական առումով, ըստ տնտեսագետների և պաշտոնյաների, այն չի կարող զգալիորեն ազդել աղքատության մակարդակի նվազման վրա:

Աղքատության հաղթահարման ռազմավարությունը առանձնացնում է ոչ միայն տնտեսական ակտիվության աճ, այլեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստների տրամադրում: Դեռեւս 2014թ. այս նպաստը ստացել են ծայրահեղ աղքատների 75%-ը միայն: Ըստ ռազմավարության, նախատեսվում է 2017թ. այդ ցուցանիշը հասցնել 95%-ի: Աշխատող աղքատների շրջանում աղքատության վերացման համար ծրագրով նպատակ է դրված, որ 2017թ. նվազագույն աշխատավարձը պետք է կազմի աղքատության վերին շեմի 160%-ը (մոտ 70 հազար դրամ), սակայն այն այդպես էլ փոփոխության չենթարկվեց՝ մնալով 55 հազար դրամ:

Ըստ «Սոցիալական արդարություն» ՀԿ սոցաշխատող Անուշ Դանոյանի, նպաստներով եւ նյութական աջակցության միջոցով աղքատություն հաղթահարելն անհնար է, պետք է ուշադրություն դարձնել նաեւ հասարակությունում մարդկանց ներառվելուն, ծառայությունների մատչելիությանը, աշխատատեղերի ստեղծմանը, աշխատաշուկայում մարդկանց մրցունակության ապահովմանը: Հակառակ դեպքում, եթե աղքատությունը շատ արագ չի հաղթահարվում, ձևավորվում է աղքատության մշակույթ, երբ երկարատև աղքատության մեջ գտնվող մարդիկ կարող են դուրս մնալ հասարակական կյանքից:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան 

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 09/06/2017