Միջազգային Քաղաքական

Ի՞նչ է ԲՐԻԿՍ-ը, և ո՞ր երկրներն են անդամակցում

the BRICS summit in Kazan, Russia, October 24, 2024. ALEXANDER NEMENOV/Pool via REUTERS

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հրավերով Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա էին շուրջ չորս տասնյակ երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 22-24-ը տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել նաև ելույթով՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ինչ է ԲՐԻԿՍ-ը /BRICS/

ԲՐԻԿՍ-ը զարգացող տնտեսություններով հինգ երկրների՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկայի հանրապետություն, միավորում է, որը աշխարհաքաղաքական մարտահրավեր է համարվում G7-ի համար:

Թեև միավորման ազդեցությունն աճել է վերջին տասնամյակի ընթացքում, նրանում ընդգրկված որոշ անդամ երկրների միջև մրցակցությունն ու շահերի բախումը խոսում են այն մասին, որ առանձին անդամների նպատակները միշտ չէ, որ համընկնում են։

Ինչևէ, 2024 թվականին 5 նոր անդամ երկրներ միացան միավորմանը, ներառյալ մրցակիցներ Իրանը և Սաուդյան Արաբիան (տես ստորև՝ քարտեզը):

Միությունը բազմիցս քննարկել է ԱՄՆ դոլարին այլընտրանք հանդիսացող միջազգային արժույթ ստեղծելու հարցը: Մի քանի տասնյակ երկրների հետ միասին, որոնք շահագրգռված են միանալ ԲՐԻԿՍ-ին, այն կարծես գալիք տասնամյակների ընթացքում հավակնում է դառնալ առաջընթացի շարժիչ ուժը Գլոբալ Հարավում, ինչը որոշ փորձագետներ համարում են համաշխարհային կարգի վերադասավորում:

Ծագումը

Խումբը ստեղծվել է 2006թ․-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Ի սկզբանե այն կոչվել է ԲՐԻԿ՝  Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան։ 2011 թ.-ին Չինաստանի հրավերով միավորմանը միացել է Հարավային Աֆրիկան, դրանով իսկ ձևավորելով ԲՐԻԿՍ-ը։

Հապավումն ի սկզբանե տնտեսական աճի և ներդրումային մեծ հնարավորություններ ունեցող երկրների անգլերեն անվանումների առաջին տառերից բաղկացած եզրույթ էր /BRICS/։ Այժմ այն վեր է ածվել միջազգային միավորի, որը 2009 թվականից ի վեր գումարում է ամենամյա գագաթնաժողովներ:

2023 թվականի դրությամբ ԲՐԻԿՍ-ի երկրներում ավելի քան 3,3 միլիարդ մարդ կամ մոլորակի բնակչության 46%-ն է ապրում, ներառյալ աշխարհի երկու ամենաբնակեցված երկրները՝ Հնդկաստանը և Չինաստանը՝ համաշխարհային ՀՆԱ-ի 35 տոկոս մասնաբաժնով։

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր հինգ երկրներից յուրաքանչյուրը մյուսներից տարբերվում է իրեն հատուկ ոլորտով և ռեսուրսների հասանելիությամբ, սակայն նրանք ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ձգտել տնտեսական աճի և հզորացման: Չինական արտադրանքը, ռուսական էներգակիրները, արաբական երկրների նավթը կամ բրազիլական ապրանքատեսակների բազմազանությունը BRICS-ին դարձնում են առանցքային դերակատար բազմաթիվ միջազգային շուկաներում:

 

Համագործակցություն և հակամարտություններ

ԲՐԻԿՍ-ը միայն առևտրային կազմակերպություն չէ. այն 2013 թ.-ին ստեղծել է Զարգացման նոր բանկը, որի նպատակն է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրեր Գլոբալ Հարավում, ինչպես նաև զարգացնել նոր միջազգային արժույթ:

Չնայած դրան, ԲՐԻԿՍ երկրների հարաբերությունները միշտ չէ, որ ներդաշնակ են: Օրինակ, Չինաստանի հավակնությունները Կենտրոնական Ասիայում որոշների կողմից դիտվում են որպես Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու փորձ, իսկ Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանային վեճերը մշտական խնդիրներ են ստեղծել: Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա նույնպես դժգոհություն է առաջացրել միության ներսում՝ իր գլոբալ տնտեսական ազդեցության և անդամ երկրների հարաբերությունները Արևմուտքի հետ բարդացնելու պատճառով: Սակայն շատերը կարծում են, որ ԲՐԻԿՍ-ի մյուս անդամները, հատկապես Չինաստանը, մեծ ներուժ ունեն ապագայում խաղաղությանը միտված բանակցություններ վարելու համար։

Ամփոփ Մեդիա
Տեղեկությունը՝ միջազգային և տեղական մամուլից քաղվածք

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/10/2024