Արցախցի լրագրող Անի Մանգասարյանը 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից մեկ տարի անց հրապարակել է «Անիի նոթատետրը. Պատերազմը հնարավոր չէ հորինել» խորագրով փաստավավերագրական գիրքը:
Գրքում հեղինակը պատմում է իր ապրած պատերազմների և Արցախի 10-ամսյա շրջափակման հետևանքների մասին:
Անին նշում է, որ 1988-ի Շարժմանը մեկ, իսկ Արցախյան առաջին պատերազմի մեկնարկին՝ հինգ տարեկան էր և գրեթե ոչինչ չի հիշում այդ օրերից: Սակայն շատ կցանկանար ունենալ այդ օրերին գրված նմանատիպ նոթատետր, որը կպատմեր արցախցիների ապրումների ու քայլերի մասին:
Օրագրի գաղափարն ունենալով՝ Անին սկսել է գրառումներ կատարել շրջափակման առաջին իսկ օրերից, բայց չի պատկերացրել, որ իր նոթատետրի էջերում տեղ կգտնեն նաև նոր պատերազմն ու տեղահանությունը:
«Ես, որպես այս ամենի միջով անցած մարդկանցից մեկը, որպես լրագրող, 15 տարի լինելով այս ոլորտում, համարձակվել եմ հրապարակել իմ նոթատետրը՝ վստահ լինելով, որ այն կգնահատվի և կունենա իր ընթերցողը», – ասում է Անին:
Հեռուստառադիոհաղորդավարի և խմբագրի երկարամյա աշխատանքային փորձ ունենալով, Անին փորձել է ողբերգությունը չընդգծել բառերի միջոցով: Ասում է, իր համար ամենածանր տեսարանները զգուշորեն ներկայացրել է իրական ու հետաքրքիր կերպարների անմիջական մասնակցությամբ: Նոթատետրում առանձին տեղ ունեն հեղինակային լուսանկարները՝ մեկնաբանությամբ:
– Անի, նոթատետրում շրջափակման մասին գրել ես ներկա ժամանակաձևով, իսկ պատերազմի մասին պատմել անցյալով…
-Շրջափակման օրերին հաճախ էի գրառումներ անում և դրանք ներկայացրել եմ այնպես, ինչպես որ գրել էի այդ օրերին: Պատերազմի, տեղահանության մասին խոսում եմ անցյալով, որովհետև գրել եմ բռնի տեղահանումից ամիսներ անց:
–Ի՞նչն էր ամենադժվարը:
–Վերապրել պատերազմները:
–Պատերազմի օրերին հասցնո՞ւմ էիր գրառումներ անել:
-Այդ օրերին լուռ էի, բայց փորձում էի հեռախոսիս տեսախցիկով հնարավորինս կադրեր անել: Նոթատետրն ամբողջացնելիս հենց այդ լուսանկարներն օգնեցին հիշել իմ յուրաքանյուր քայլը, վերապրել իմ տեսած 4-րդ պատերազմի ամեն օրը:
Օրագիր-գրքի շնորհանդեսը կայացավ սեպտեմբերի 25-ին, Երևանի Լոֆթ ինտելեկտուալ ժամանցի կենտրոնի միջոցառումների դահլիճում, որտեղ հավաքվել էին Արցախի գրական և լրագրողական ընտանիքների անդամներ, դասախոսներ, ընկերներ, գործընկերներ և գրքասեր մարդիկ: Երեկոն համեմվեց նաև Արցախի բարբառով երաժշտական կատարումներով:
Շնորհանդեսի ժամանակ ներկաներից ոմանք հայտեցին իրենց սրտի խոսքը և կարևորեցին Անիի կատարած աշխատանքը:
Գրքի խմբագրումը Անին վստահել է բանաստեղծ, գրող Նորեկ Գասպարյանին: Շնորհանդեսի բացմանը նա խոսքում շեշտեց, որ այսօր՝ արցախցիների համար այս դժվար օրերին, ամենամեծ համարձակությունը՝ գուցե նաև շնորհը, գրելու, գրիչ վերցնելու համարձակությունն է:
«Անին համարձակվեց գրիչ վերցնել: Ես չզարմացա: Այս բավականին գեղեցիկ գիրք նոթատետրը ճշմարտախոս վկայություն է, ընթերցողը՝ իրադարձությունների անմիջական մասնակիցը»,- ասաց Նորեկ Գասպարյանը:
««Անիի նոթատետրը» մեր ապրած դառն ու դաժան օրերի վավերագրությունից պատառիկներ է պարունակում… Սակայն այդ պատառիկներն ամբողջության մեջ դառնում են աղաղակող վկայագրեր` ոխերիմ հակառակորդի ոճրագործությունների մասին։ Անիի առաջին հայացքից սառը թվացող տողերը քանդում, քրքրում են հոգիդ՝ քեզ մասնակիցը դարձնելով չհորինված պատերազմին, իսկ եթե դու էլ մասնակիցներից ես, ցավդ եռապատկվում-քառապատկվում է։ Անի Մանգասարյանի նոթատետրի յուրաքանչյուր տող հաղորդում-հաղորդագրություն է ադրբեջանական ոճրագործությունների մասին` առաջին ձեռքից…»,- ««Արցախից-Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Սիրվարդ Մարգարյանն է բնութագրում:
Ընդհանուր 112 էջից բաղկացած երկլեզու օրագիր-գիրքն ընդգրկում է նաև հեղիակի նոթերի անգլերեն թարգմանությունները: Սակայն շնորհանդեսի ժամանակ Անիին առաջարկվեց թարգմանել այն նաև ռուսերեն, ամբողջությամբ հրապարակել նաև Արցախի բարբառով, պատրաստել աուդիոգիրք, ինչին հեղինակը դրական արձագանքեց՝ խոստանալով առաջին իսկ հնարավորության դեպքում աշխատել այդ ուղղությամբ: Ի դեպ, նա նշեց, որ նախատեսում է օրագրի հիման վրա նկարահանել նաև փաստավավերագրական ֆիլմ՝ ձեռքի տակ ունեցած տեսանյութերով:
«Անիի նոթատետրը․ Պատերազմը հնարավոր չէ հորինել» օրագիր-գիրքը տպագրվել է ամերիկաբնակ մատենագետ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանի աջակցությամբ, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին: Նա վստահություն հայտնեց, որ Անին կշարունակի գրել, իսկ ինքը պատրաստ է հոգալ նաև հաջորդ գրքի տպագրական ծախսերը, ինչին ի պատասխան Անին արձագանքեց այսպես․
«Ես պատկերացրել եմ, որ իմ հաջորդ գիրքը պետք է Արցախ վերադարձի մասին լինի»:
Պատրաստեց Լուսինե Շադյանը
Պատասխանատու խմբագիր՝ Լիլիթ Պողոսյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/09/2024