Դըրբըզեք

Մա՜մ, լօխ Արցախիցըն․ փոքրիկ Գաբրիելլայի առաջին զանգը երևանյան դպրոցում

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում առաջին զանգի տոնական միջոցառմանը նաև Արցախի դրոշն էր ծածանվում, իսկ արցախցի 5-ամյա Գաբրիելլան, առաջին դասարանցիների շարքի մեջ կանգնած, հայացքով ընկերներին էր որոնում, անծանոթ միջավայրում արցախցիներ փնտրում:

-Տու էլ ը՞ս Արցախից․․․
Եվ նրա ժպիտը նոր գույն էր ստանում, երբ լսում էր՝ հա՜:
– Տու է՞լ։
– Հա՜:

«Առաջին զանգի տոնական միջոցառման ընթացքում Գաբրիելլան ոգևորված դուրս վազեց շարքից՝ ասելու, որ կողքին կանգնած տղան՝ Արսենն էլ է Արցախից»,- պատմում է մայրը՝ Տաթև Զաքարյանը:

-Մա՜մ, Մանեն էլ ա Արցախից:
Քիչ հետո․
-Մամ, Արիանան էլ, մա՜մ, լօխ Արցախիցըն․․․

Եվ Գաբիի օրը իսկապես տոնի վերածվեց։ Նա շարք վերադարձավ ավելի ինքնավստահ:

Առաջին զանգի ղողանջներն առավել զրնգուն դարձան, երբ իմացավ, որ իրեն ուղեկցող 9-րդ դասարանի աշակերտուհին նույնպես Արցախից է:

Արսենի, Մանեի ու Արիանայի հետ նույն դասարանում սովորելու հանգամանքը շատ էր ուրախացրել աղջկան։ Արդեն ավելի հանգիստ էր, քանի որ գիտեր՝ բարբառով կկարողանա շփվել նրանց հետ։

Մայրիկի հետ

Նոր ուսուցչուհուն՝ ընկեր Մելիքսեթյանին էլ է հասցրել սիրել Գաբրիելլան, բայց անկեղծանում է՝ Արցախի նախակրթարանի իր ուսուցչուհուն՝ ընկեր Գաբուզյանին շատ է կարոտել ու երազում է, որ նույն դպրոցում նա էլ աշխատի։

Վարձու բնակարանը, որտեղ բնակվում է Գաբրիելլայի ընտանիքը, դպրոցին շատ մոտ է: Գաբրիելլան տան կրտսերն է: Նա աշնանը վեց տարեկան կդառնա։ Եղբայրը՝ Արմանը, ավագ դպրոցում է սովորում, իսկ քույրիկը՝ Լուիզան, ԵՊՀ իրավագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի է:

«Նախորդ տարի արցախցիների ուսման վարձը հնարավոր դարձավ վճարել մասամբ պետության, մասամբ էլ հովանավորի շնորհիվ: Նոր ուսումնական տարվա համար հովանավորների հետ կապված դեռևս տեղեկություն չունենք: Տրամադրվող 40+10 հազար դրամական աջակցությամբ հազիվ բնակարանի վարձն ենք կարողանում վճարել»,- ասում է Տաթևը և հավելում, որ ամուսնու հիմնական մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով ընտանիքում երբեմն քննարկում է նաև այլ երկիր տեղափոխվելու հարցը։

«Տարիներ շարունակ բարեկեցիկ կյանքի հիմքերն ենք դրել, մասնագիտական երկար ճանապարհ անցել: Ստեղծածը վայելելու պահն էր, երբ կորցրեցինք ամբողջը… դաժան է»:

Արցախում Տաթևն «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ի գլխավոր տնօրենն էր, դասախոսում էր նաև Արցախի պետական համալսարանում: Ներկայումս աշխատում է «Պրո Դեկոր» ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու, մարդկային ռեսուրսների կառավարիչ: Նոր կոլեկտիվից տպավորությունները միայն դրական են․

«Շնորհակալ եմ Աստծուն, որ լավ ու բարի մարդկանց եմ հանդիպում»։

Գաբրիելլայի մայրիկի՝ Տաթևի համոզմամբ՝ այս փուլը հաղթահարելու գլխավոր բանաձևը չհանձնվելն է․

«Պետք է ուժեղ լինել կամ գուցե ձևանալ՝ հանուն նրանց, ովքեր քո կարիքն ունեն, ովքեր սովոր են քո չհանձնվող տեսակին և ում համար ավելի դժվար է հաղթահարել «մոխիրներից հառնելու» բարդագույն ընթացքը»:

Հետաքրքիր է, որ Գաբրիելլան այս տարիքում արդեն հասկանում է մոր մտահոգությունները։ Նրա  հետ առաջին զանգի լուսանկարները թերթելիս, նա կանգ առավ իր ու մայրիկի նկարի վրա ու շշնջաց.

-Բայց ըրվամ ա չէ՞, վեր մամաս ուրախ չի, վեր սոտա ծիծաղում…

Հետո Գաբրիելլան մայրենիի աշխատանքային տետրը հանեց ու սկսեց ներկել։ Հարցին՝ ինչ ես դառնալու, որ մեծանաս, պատասխանեց՝ բժշկուհի, դե որ բուժի մարդկանց:

Տաթևը պատմում է, որ Արցախից դուրս գալիս առաջինը փոքրիկի ճամպրուկն է փորձել դասավորել, բայց մինչ ինքը մտածում էր, թե մի ճամպրուկի մեջ ինչպես տեղավորի աղջկա ամենակարևոր իրերը, Գաբրիելլան այն արդեն լցրել էր խաղալիքներով.

«Գաբի, մաշինումը տըղ չի կա, մենակ շորեր ընք վերցնում, քո բոլոր խաղալիքներից Երևանում առնելուվում: Խաղալիքներից միայն մեկը մաշինումը կըխըտտիս»:

Որոշ ժամանակ անց, երբ արդեն Երևանում ցանկացել են գնել Գաբրիելլայի՝ Արցախում մնացած խաղալիքներից, աղջնակն ասել է
«Ես տրանից օնիմ, պրոստո Ստեփանակերտումա՝ մեր տանը, վեր քինանք դեղա չէ՞ ինելու մամ»:

5-ամյա փոքրիկն ամենաշատը տունն է կարոտում, բակը, ընկերներին ու քաղաքի մանկական խաղասրահները․․․ Բակի ընկերներին Արցախից բերված ձեռագործ տիկնիկներից է նվիրել:

«Օզալում վէր ուրանց էլ Արցախից տիկնիկ ինի»,- ասում է Գաբրիելլան:

Նոր ընկերներին Արցախ տանելու մտադրություն էլ ունի․

«Մամ, վէր Արցախին ճանապարհը պեցվե, կըկարի՞նք Ալեքսին ու Երևանի մի քանի հնգերներիս մեր մաշինավը տանինք Արցախ, շատըն օզում, ասե հա՜…»։

(Խմբագրի կողմից․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Ամփոփ Մեդիա»-ին տրված գրավոր պատասխանում նշվում է, որ ՀՀ կառավարության որոշումների հիման վրա, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողներին նշանակվել են կրթաթոշակներ՝ 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման նպատակով։ Գերատեսչությունից տեղեկացրել են նաև, որ ներկայումս քննարկվում է կրթության շարունակականության ապահովման նպատակով միայն Կառավարության վերոնշյալ որոշումների շահառու հանդիսացող արցախցի ուսանողների 2024-2025 ուսումնական տարվա կամ մինչև համապատասխան կրթական աստիճանում ուսումնառության ավարտն ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը՝ հաշվի առնելով նաև ուսանողների ցուցաբերած առաջադիմությունը:)

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Պատասխանատու խմբագիր՝ Լիլիթ Պողոսյան

Լուսանկարները տրամադրել է Գաբրիելլայի մայրը՝ Տաթևը 

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/09/2024