Դըրբըզեք

Արդյոք «40+10 հազարը» բավարար է արցախցիների կեցության և կացության համար․ պարզ հաշվարկ

2023թ․ սեպտեմբերին բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ հայտնվել են բավականին բարդ իրավիճակում։

Հոգեբանական, առողջական խնդիրներից զատ, տեղահանվածները լրջագույն սոցիալական խնդիրների առաջ են կանգնած, որոնք էլ առաջին հայացքից թեև նմանօրինակ են թվում, սակայն իրականում բարդության տարբեր աստիճաններ ու շերտեր ունեն։

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի կեցության և կացության ծախսերը հոգալու նպատակով տրամադրում է ամսական 40+10 հազար դրամ սոցիալական աջակցություն։

Պատկերացնելու համար, թե ինչ չափով է բավարարում այդ գումարը շահառու արցախցիներին, «Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցները ուսումնասիրել են 5 ընտանիքների ֆինանսական մուտքերն ու ելքերը և պարզ հաշվարկ անելուց հետո պատրաստել են գրաֆիկներ։

Ընտանիքներից երեքը բաղկացած են 5-ական անդամից, երկուսը՝ երկուական՝ տարբեր սեռի և տարիքային խմբերի։

Դիտարկված երկու ընտանիքները [պայմանական անվանենք Ընտանիք Ա և Ընտանիք Բ], որոնք հնգական անդամ ունեն, ապրում են Երևանի վարձակալած բնակարաններում.

Ընտանիք Ա-ի բնակվարձը կազմում է 250 հազ․ ՀՀ դրամ, Ընտանիք Բ-ինը՝ 180 հազ․ ՀՀ դրամ։

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրվող պետական աջակցությունը՝ 40+10 հազար դրամը կամ ընդհանուր 250 հազար դրամը, Ընտանիք Ա-ի դեպքում բավարարում է տան վարձավճարի համար, Ընտանիք Բ-ի դեպքում բավարարում է բնակվարձի և տարվա տաք ամիսներին՝ նաև կոմունալ վճարների համար։ Ընտանիք Ա-ի կոմունալ ծախսերը կազմում են մոտ 50 հազ․ ՀՀ դրամ, Ընտանիք Բ-ի կոմունալ ծախսերը՝ մոտ 45 հազ․ ՀՀ դրամ։

Այս ընտանիքներից մեկը՝ Ընտանիք Ա-ն [տես առաջին գրաֆիկը] կարողանում է հոգալ կենցաղային հոգսերը, քանի որ ընտանիքի երեք անդամներին հաջողվել է ՀՀ-ում աշխատանքի անցնել, սակայն մյուս ընտանիքում անդամներից մեկը թոշակառու է, երկուսը՝ անչափահաս, իսկ աշխատունակ ամուսինները մշտական աշխատանք դեռ չեն գտնում [տես երկրորդ գրաֆիկը], ինչն էլ կապահովեր կայուն եկամուտ։

Ընտանիքի անդամները հավաստիացնում են, որ սոցիալական աջակցությունից սննդի ու մնացած ծախսերի համար, ուղղակի, գումար չի մնում։

Ըստ Ընտանիք Ա-ի, մեկ ամսվա հաշվարկով անհրաժեշտ մինիմալ ծախսը մեկ անձի հաշվարկով գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը, որի մեջ խտացված է ուտելու, հիգիենիայի, բժշկական, տրանսպորտային ծախսերը՝ չներառելով բնակարանի վարձը և այլ անհրաժեշտ ծախսեր։

Ընտանիք Բ-ի պնդմամբ, ընտանիքում անչափահաս երեխաներ ունենալու դեպքում ծախսերը ավելանում են, քանի որ դպրոցը ևս մեկ կառույց է, որտեղ ակամա ծախսեր ես անում և խնայելը խելամիտ չէ։ Թե որքան է կազմում մեկ ամսվա մինիմալ ծախսը մեկ անձի հաշվով  իրենց ընտանիքում, դժվարանում է պատասխանել։

Դիտարկված մյուս հինգ հոգանոց ընտանիքը [պայմանական Ընտանիք Գ] բնակվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում՝ դարձյալ վարձակալած տանը: Վարձը կազմում է 80 հազ․ ՀՀ դրամ։ Ընտանիքի բոլոր անդամները 55 տարեկանից բարձր են։ Ընտանիքի անդամներից 2-ը թոշակառու են, մեկը՝ սրտի ստենդավորմամբ, ուստի ամեն աշխատանք անել չի թույլատրվում, մյուսը՝ հոգեկան առողջական խնդրով, իսկ միակ աշխատող կինը 2023թ․-ին ստացած վիրավորումից ձեռք բերած առողջական խնդիրներով, ով, սակայն, չունի հաշմանդամության կարգ։

Մեր ուսումնասիրած ընտանիքներից երկուսն էլ 2 անդամից են բաղկացած [պայմանական անվանենք Ընտանիք Դ և Ընտանիք Ե]։

Ընտանիք Դ-ում ապրում են 58 և 60 տարեկան ամուսիններ, որոնց միակ որդին զոհվել է 44-օրյա պատերազմում 2020թ․-ի հոկտեմբերին։ Ներկայումս վարձակալությամբ ապրում են Վանաձորում։ Բնակարանի վարձը 150 հազ․ ՀՀ դրամ է։

Ամուսիներն ասում են, որ տարիքի պատճառով աշխատանք գտնել չեն կարողանում և հազիվ ծայրը ծայրին են հասցնում իրենց ստացած 280 հազար ՀՀ դրամով [40+10 ծրագրի, զինվորկանի կենսաթոշակի՝ 80 հազ․ ՀՀ դրամ և զոհված որդու համար տրվող նպաստով՝ 100 հազ․ ՀՀ դրամ]։

Դիտարկված Ընտանիք Ե-ում մայրն ու 9-ամյա աղջիկն են․ Ընտանիքի հայրը զոհվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում։ Քանի որ երեխան անչափահաս է և մոր խնամքի կարիքն ունի, վերջինս ամբողջ դրույքով աշխատել չի կարող։ Այսինքն՝ այս ընտանիքը ստիպված է ապրել պետությունից տրվող 40+10 հազար դրամ աջակցությամբ, որը գումարային կազմում է 100 հազ․ դրամ և զինապահովագրության հիմնադրամից հոր/ամուսնու զոհվելու համար հատկացվող ևս 100 հազ․ դրամ գումարով։


Ակնհայտորեն՝ այդ գումարը չի բավարարում նույնիսկ բնակարանի վարձակալության ու կոմունալ ծախսերի համար։ Ընտանիքն ապրում է Երևանում՝ վարձակալությամբ։ Բնակարանի վարձի գումարը կազմում է 150 հազ․ ՀՀ դրամ։

Աշխատանքի ընդունվելու համար պարտադիր պայման է դարձել նաև ՀՀ քաղաքացիություն ունենալը, ինչը նույնպես արցախցիները համարում են արհեստական խոչընդոտ։

Պատրաստեց Մարիամ Անդրեասյանը

Մենթոր՝ Գարիկ Հարությունյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/07/2024