Դըրբըզեք

Արցախցի շրջանավարտներն ուրախ են, բայց մտքով հարազատ դպրոցում

Մայիսի 23-ին և 24-ին Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը։ Հազարավոր շրջանավարտների շարքերում են նաև արցախցի երեխաները, ովքեր տարիներ շարունակ դպրոց հաճախել են Արցախում, սովորել նույն դասընկերների հետ, մտերմացել նրանց հետ, շրջափակման օրերին միասին ժամերով հացի հերթ կանգնել։

Ու թեև շրջափակման մեջ էին, ուսումնական տարին սկսել էին իրենց հարազատ դպրոցներում և պատանեկան վստահությամբ պլանավորել, թե ինչպես պետք է միասին նշեին վերջին զանգը։

Մինչդեռ 2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանման պատճառով այս երեխաներից յուրաքանչյուրը ստիպված էր ավարտական տարում սովորել Հայաստանի այն համայնքի դպրոցում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել էր։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը, իսկ կարճ ժամանակ անց նաև Արցախի ողջ բնակչության բռնի տեղահանումը կոտրեցին տասնյակ հազարավոր երեխաների երազանքները՝ սփռելով նրանց Հայաստանի և աշխարհի տարբեր բնակավայրերում։

Լրագրող Լուսինե Շադյանին հաջողվել է զրուցել արցախցի 4 շրջանավարտների՝ Կամիլայի, Սոնայի, Լուսինեի և Դավիթի հետ, ովքեր նախքան բռնի տեղահանումը սովորել են Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի զուգահեռ դասարաններում, իսկ տեղահանումից հետո հայտնվել Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներում։ Նրանք կիսվել են իրենց զգացողություններով դպրոցն ավարտելու կապակցությամբ և պատմել, թե ինչ նոր երազանքներ ունեն: Բոլորը 9-րդ դասարանի շրջանավարտներ են։

Լուսինե Ներսեսյան, Երևանի Շիրակացու ճեմարան

Դպրոց առաջին անգամ ոտք դրեցի 2015-ին․ Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցն էր: Ինձ ջերմորեն ընդունեց առաջին ուսուցչուհիս՝ ընկեր Ազիզյանը, ով և հիմք դրեց ուսման հանդեպ իմ սիրուն: Շատ լավ հիշում եմ ուսուցչուհուս խոսքերը։ Ասում էր՝ ով դասին հետևի, նա էլ կկարողանա հաջողության ու նպատակների հասնել կյանքում: Այս խոսքերն ինձ համար ուղենիշ դարձան կյանքում:

Այբուբենի տոն մենք չունեցանք, փոխարենը պատերազմի դառը զգացողությունը «ճաշակեցինք»: Իմ սերունդը 3 պատերազմ ապրեց: Ապրիլյանը [խմբ․ 2016թ․-ի] սկիզբն էր:

Այբուբենի տոն մենք չունեցանք․․․ Ապրիլյանը սկիզբն էր․․․

5-րդ դասարանից մեր դասղեկն ընկեր Ենգիբարյանն էր. պատմության ուսուցիչուհի էր, նա հայրենասիրություն սերմանեց մեր մեջ: Համաճարակի հետևանքով ընկեր Ենգիբարյանը հեռացավ կյանքից, ինչի համար շատ ցավում եմ․․․

9 տարում այնքա՜ն խոչընդոտների հանդիպեցինք՝ համաճարակ, Արցախյան 44-օրյա պատերազմ, շրջափակում և կրկին պատերազմ: 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին թիրախավորել էր նաև իմ դպրոցը: Պատերազմից հետո, սակայն, կիսավեր ու վիրավոր դպրոցն ավելի ամուր գրկեց իր աշակերտներին: Եվ զանգը նորից ղողանջեց, դասարանով նորից միասին էինք ու մեր դպրոցում: Թեկուզ քարուքանդ, բայց այնքան ջերմություն կար հարազատ դպրոցի պատերի ներսում:

Ինչպես Այբուբենի տոնից, այնպես էլ մեր դպրոցում վերջին զանգից զրկվեցինք:

Նախորդ տարի ընկերներիս հետ ներկա էի մեր դպրոցում կազմակերպված Վերջին զանգին: Այնքան հուզված էի: Քանի որ որոշել էի ուսումս շարունակել Շիրակացու ճեմարանի Արցախի մասնաճյուղում, այնպիսի զգացողությամբ էի համակվել, որ այն նաև իմ հրաժեշտն է իմ սրտի դպրոցին:

Պատերազմից հետո ավելի լավ զգացի կրթության կարևորությունը, այն ինձ համար մնայուն բարձրագույն արժեք դարձավ: Կարծում էի՝ միայն կրթությամբ կարող ենք Արցախը պահել ու զարգացնել: Երբևէ չեմ մտածել ուսումս այլ տեղ շարունակելու մասին: Սովորել եմ այն նպատակով, որ պետք է Արցախի համար լավագույն մասնագետ դառնամ:

Նպատակ եմ դրել Ֆրանսիական համալսարան ընդունվել, իրավաբան դառնալ ու Արցախի շահերը պաշտպանել եվրոպական դատարաններում:

Սոնա Ավանեսյան, ք. Էջմիածին, թիվ 3 հիմնական դպրոց

Երբ առաջին անգամ դպրոց մտա, նույնիսկ չէի պատկերացնում, որ կարող է այն ավարտեմ լրիվ այլ միջավայրում: Որքան դաժան է, որ պատերազմի միջով նաև երեխաներն են անցնում:

Արցախում մեր դասարանը շատ լավն էր, շրջապատն էլ՝ ընկերական, հաճախում էի նաև երաժշտական դպրոց․ պարն իմ սիրելի զբաղմունքն էր: Ավարտել եմ քանոնի բաժինը և պլանավորում էի մասնագիտանալ այդ ուղղությամբ: Բռնատեղահանվելուց քանոնս վերցնելու հնարավորություն չունեի: Չեմ կարողանում նաև ուսուցչիս հետ կապը պահպանել. փշրվեցին բոլոր նպատակներս:

Բռնատեղահանվելուց քանոնս վերցնելու հնարավորություն չունեցա․․․

Չնայած վերջին տարիներին Արցախում ստեղծված անկայուն իրավիճակին, դժվար կենցաղին, ռմբակոծության ենթարկված իմ կիսաավեր դպրոցին, ամեն օրն ուրախ էի ապրում ու հաճույքով դպրոց գնում:

Դասարանով հաճախ էինք հավաքվում «Մենք ենք, մեր սարերը»՝ «Պապիկ-տատիկ» հուշարձանի մոտ: Երջանիկ էինք ու անհոգ:

Սեպտեմբերի 19-ը հերթական բլոկադային օր էր: Ոչ ոք չէր պատկերացնում, որ այն վերջին օրը կլինի հարազատ դպրոցում:
Արցախից դուրս իրականությունը լրիվ այլ է: Հայրենիքում մենք օտար ենք: Ճիշտ է, դպրոցում ինձ ջերմ ընդունեցին, բայց ես չկարողացա և, եթե անկեղծ, չէի էլ ուզում լիարժեք հարմարվել:

Երազում եմ Վերջին զանգն Արցախի իմ ավերված դպրոցում, ինձ հարազատ դարձաձ կոլեկտիվով նշել: Վերջին զանգի ամեն փորձի ժամանակ մտովի պատկերացրել եմ, թե ինչպիսին կլիներ այն իմ դասընկերների հետ… մեր պարը, վալսը:

Մասնագիտության ընտրության հարցում դեռ չեմ կողմնորոշվել: Ոչինչ հստակ չէ, հնարավոր չէ կյանք ու երազանքներ պլանավորել:

Սօր ստըղընք, էքուծ Աստվածա գիդում, միգուցե հրաշք կատարվե, նորից քինանք մեր դրախտ Արցախ:

Կամիլա Գրիգորյան, ք․ Աբովյան, թիվ 7 դպրոց

Հակասական զգացողություններով եմ: Շուրջ 9 տարի սովորել եմ Արցախում: Իսկ այսօր վերջին զանգ է: Ավարտում եմ դպրոցը, սակայն, իմ տեղը չեմ գտնում: Իմ դպրոցից ու դասարանից հեռու ի՞նչ վերջին զանգ: Այնքան երազանքներ ունեի․․․
Չեմ կարող համարել, որ սա իմ վերջին զանգն է. Ախր սա իմ դպրոցը չէ, սա իմ դասարանը չէ…

Հանեցին մեզ Արցախից: 14 տարեկանում ես կորցրեցի իմ ծննդավայրը:

Շրջափակված էր Արցախը, բայց մենք մեր տանն էինք, բոլորս դժվարություններով անցնում ու տառապում էինք միասին, իրար ձեռք բռնած՝ նայում մահվան աչքերին:

Առանց լույսի ու գազի քանի՜-քանի ցուրտ ու մութ օրեր ենք ապրել, սոված քնել, բայց ժպտում էինք:

Կարոտում եմ բոլորին ու ամեն ինչ՝ իմ տունը, դպրոցը, ընկերներիս, ամեն ծառ ու թուփ:

Երազում էի երգչուհի դառնալ, ինչպես մայրս: Պատերազմը, սակայն, խաթարեց ամեն ինչ: Բայց ես տոկուն եմ, անվախ: Նպատակ ունեմ ավարտել ավագ դպրոցը, հետո սովորել Բրյուսովի անվան պետական համալսարանում, և դառնալ թարգմանչուհի: Հավատում եմ, որ կհաջողեմ:

Կամիլան նաև ուղերձ է հղում արցախցի շրջանավարտներին․ «Պատմությունը կրկնվելու հատկություն օնե, արցախցին արցախցի ա և ապրելու իրավունք օնե: Խոխեք, մհենգ մունք աշխարհի տարբեր ծայրերում ընք, բայց միասնականընք ու, հատկապես, Վերջին զանգի օրը հոգեպես ուրուր նհետ: Կարոտում ու սիրում ծեզ»։

Դավիթն իր մայրիկի՝ Լուսինե Շադյանի հետ

Դավիթ Ադամյան, թիվ 179 հիմնական դպրոց, 9-րդ դասարան

Եթե անկեղծ՝ Վերջին զանգի զգացողություն չեմ ապրում: Ես այն միայն իմ դպրոցում ու իմ դասարանի հետ եմ պատկերացնում: Տիրող աժիոտաժում միայն ֆիզիկական ներկայությունս է:
Աչքերիս առջև հիշողությունների ժապավենն է. ուսուցիչներս՝ ընկեր Ազիզյան, ընկեր Պողոսյան, ընկեր Ենգիբարյան, ընկեր Հովսեփյան: Ես նրանց միայն բարի ու հոգատար եմ հիշում: Դասընկերներս են՝ հետաքրքիր, չարաճճի, արկածասեր: Իմ մեծ դպրոցն է, որի ամեն անկյունն է հարազատ:

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների ռմբակոծությունից մեր դպրոցն ավերվել էր։ Որ պատերազմն ավարտվեց, սկսեցին նորոգել, ընթացքի մեջ էր, դեռևս չէին ավարտել: Դեռ նախորդ տարի փորձում էինք դպրոցի տնօրինության համաձայնությունը ստանալ մեր Վերջին զանգը նորակառույց մասնաշենքում կազմակերպելու համար: Աղջիկները, հատկապես, շատ էին ուզում վերջին զանգից գեղեցիկ լուսանկարներ ունենալ: Իսկ այսօր… դատարկություն է, մեր համար ձևական ինչ-որ բան:

Դպրոցից հետո, սովորաբար, ազատության սահմաններն ընդլայնվում են: Ես դեռ չգիտեմ՝ ինչպես այն ճիշտ ու շահավետ օգտագործել: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ չեմ կարողանում կողմնորոշվել: Գիտակցում եմ ինձ ու ընտանիքիս սպասվող դժվարությունները: Բայց և ունեմ կամք ու դիմադրողականություն դրանք հաղթահարելու համար:

Եվ թող Արցախի դպրոցներում նորից զանգեր ղողանջեն:

Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Լուսանկարները՝ հեղինակի

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/05/2024