Այսուհետ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հնարավոր է ազատության մեջ հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների։
Այս կենդանիների 3 առանձնյակ բաց է թողնվել բնություն հոկտեմբերի 14-ին, ինչին ականատես են եղել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Նախաձեռնությունն իրակացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ինը տարի շարունակ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել բնություն։
Ըստ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի՝ առաջին խմբի բաց թողումը կրում է էքսպերիմենտալ բնույթ։ Բնության մեջ ապրող եղջերուների շարժին կհետևեն հատուկ ռադիովսկապների և այլ սարքերի օգնությամբ՝ տեսնելու, թե ինչ խնդիրներ են առաջանում կենդանիների ապրելավայրերում, որպեսզի հաջորդ խմբաքանակը բաց թողնելուց առաջ հաշվի առնվեն և շտկվեն այդ խնդիրները։
«Հաջորդ տարվանից նախատեսում ենք 8-10 առանձնյակ բաց թողնել։ Որպեսզի առաջին խումբը հարմարվի բնությանը, նախքան բաց թողնելը նրանք երեք ամիս բնության մեջ առանձնացված ազատավանդակում են ապրել․ ոչ մի կեր չի տրվել, ոչ մի շփում մարդկանց հետ չի եղել», – ասում է Մանվելյանը։
Սույն ծրագրի մեկնարկը տրվել է 2013 թ․-ից WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ վերականգնել Հայաստանում ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան ներմուծված բազմացող առանձնյակներին և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։
Այս նպատակով էլ «Դիլիջանի» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերես ունեցող «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»։ Կառուցվել է նաև տնակ (առանց ֆունդամենտի) բազմացման կենտրոնի գրասենյակի համար:
«Այս տարիների ընթացքում ծախսվել է մոտ 500 հազար դոլար՝ կենդանիների ձեռքբերման, Հայաստան դրանց տեղափոխման և ազգային պարկում համապատասխան կենտրոնի համար ենթակառուցվածք ստեղծելու նպատակով։ Պետք է նշեմ, որ ազգային պարկում ենթակառուցվածքը ստեղծելիս ոչ մի ծառ չի հատվել», – կարևորում է Մանվելյանը։
Ազնվացեղ եղջերուի 14 առանձնյակ Հայաստան է տեղափոխվել 2018 թվականին։
«Առաջին խումբը՝ երեք առանձնյակ, նվիրատվություն էր Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, իսկ մյուս 11 կենդանիները ձեռք են բերվել յուրաքանչյուրը 5000 դոլարով», – ասում է WWF-Հայաստանի տնօրենը։
Հետևողական աշխատանքն արդեն տվել է իր պտուղները։ 2022 թ․-ի դրությամբ կենտրոնում արդեն իսկ ծնվել է 21 ձագ։
WWF-Հայաստանը ստեղծել է բնություն բաց թողնված եղջերուների կարևոր ապրելավայրերի քարտեզ, ինչն ըստ կազմակերպության տնօրենի, ընդգրկում է ոչ միայն «Դիլիջան» ազգային պարկը, այլ նաև Տավուշի և Լոռվա անտառները, որոնք հարմար են՝ դառնալու եղջերուների ապրելավայր։
«Մարդիկ պետք է սովորեն այս կենդանիների ներկայությանը։ Եվրոպայում եղջերուներ շատ կան, լինում է, որ գիշատիչներից փախչում, դուրս են գալիս ճանապարհ կամ մտնում են համայնքներ։ Բայց մարդիկ նրանց չեն վնասում։ Մեզ մոտ էլ բնակիչները պետք է զգույշ լինեն, եթե նկատեն նրանց երթևեկելի հատվածում, չվնասեն, ձեռք չտան։ Ընդամենը նայեն և վայելեն», – խորհուրդ է տալիս Կարեն Մանվելյանը։
Տեքստը՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Անի Միրիբյանի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/10/2022