Սոցիալական Տնտեսություն

ՏՏ ոլորտում մասնագետի դեֆիցիտը դառնում է խնդիր․ Ինչո՞ւ են հեռանում ավագ մասնագետները

Լուսանկարը՝ Renderforest.com կայքից

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն ստանում են տեղեկատվական ոլորտի մասնագետները։ Խոսքը միջին ամսական անվանական աշխատավարձի մասին է, որը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, կազմում է շուրջ 853,000 դրամ։

2021թ․ դեկտեմբերի տվյալներով՝ այսչափ գումար է ստանում ՏՏ ոլորտում աշխատող ավելի քան 23,000 մարդ։

Համեմատության համար նշենք՝ կրթության ոլորտի աշխատակցի միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ նույն աղբյուրի, 164,000 դրամ է։

Թեև ՏՏ ոլորտում աշխատողների թիվը բավականին բարձր է, այնուամենայնիվ, վերջին տարիներին ավագ մասնագետների խիստ պահանջարկ կա։

Loading...

Loading…

ՀՀ Ինտերնետ կառավարման խորհրդի անդամ Վահան Հովսեփյանն ասում է՝ ավագ մասնագետների պակասն ուղղակիորեն կապված է շուկայում առկա մրցակցության հետ: Հայաստանի ՏՏ մասնագետներին գրավում է միջազգային շուկան։

«ՏՏ-ի բարձր որակավորում ունեցող ներկայացուցիչները, ունենալով մասնագիտական պահանջված գիտելիքներ և անգլերենով հաղորդակցվելու կարողություն, հիմնականում նախընտրում են աշխատել օտարերկրյա ընկերությունների համար, քանի որ վերջիններս առաջարկում են մրցունակ աշխատավարձ և կարիերային աճ»,- բացատրում է Հովսեփյանը։

Նա նկատում է, որ միջազգային ՏՏ շուկայում նույնպես մասնագետների կարիք կա, ինչն էլ տեխնոլոգիական փոքր շուկա ունեցող երկրներում աշխատակիցների ճգնաժամի է հանգեցնում։

Մասնագետների խնդիրն առաջանում է դեռևս բուհերում։ Ոլորտի ընկերություններն ընտրում են հեռանկարային ուսանողներին և պատրաստում իրենց պահանջներին համապատասխան։ Վերջիններս էլ, հմտանալով մասնագիտության մեջ, կա՛մ տեղափոխվում են օտարերկրյա ընկերություններ, կա՛մ հիմնում սեփական սթարթ-ափերը։

Տեխնոլոգիական ընկերությունները բարձրաձայնում են, որ ակադեմիական կրթությունից բացի, իրենք տալիս են գործնական գիտելիքներ, սակայն, աշխատանքային ինչ-որ կարևոր պահի մնում են առանց մասնագետի։ Այս իրավիճակի պատճառով տեղական ընկերությունները ևս մասնագետներ են փնտրում այլ երկրներում։

ՏՏ ընկերություններից մեկի HR մասնագետ Աննան (անունը փոխված է տվյալ անձի խնդրանքով) իր խոսքում նշում է, որ վերջերս առավել հաճախ աշխատանքի են ընդունում ազգությամբ հնդիկների ու իրանցիների։

Վերջիններիս հայաստանյան շուկան գրավում է 2 հիմնական պատճառով․

  • Հայաստանում ՏՏ-ն զարգանում է մեծ թափով և առաջարկվող աշխատավարձն ավելի բարձր է, քան իրենց երկրում,
  • ԱՄՆ-ի կողմից սահմանվող պատժամիջոցներն անմիջական ազդեցություն են ունենում Իրանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա։

Կարևոր է նաև նշել, որ օտարերկրացիների համար Հայաստանը համարվում է տրանզիտ երկիր՝ մասնագիտական փորձ ձեռք բերելու, ապա այլ երկրներում աշխատելու համար։

Անկախ Հայաստանում ՏՏ ոլորտը կրկին թափ առավ 1990-ականների վերջերից, իսկ ընկերությունների մեծ մասը հիմնադրվեց 2000-ականներին։ Սկզբնական շրջանում արտադրանքի մեծ մասը ստացվում էր Outsourcing մոդելով․ երբ որևէ ընկերություն համագործակցում է այլ արտաքին ընկերությունների հետ՝ ստանալով տեխնիկական աջակցություն և ծրագրային ապահովում վերջինիս արտադրանքը տեղական շուկա բերելու համար։

2008-2009 թթ․ հետո Outsourcing-ի ցուցանիշը նվազել է՝ դիրքերը զիջելով Product Development եղանակին, որն էլ ամբողջովին նոր արտադրանք ստեղծելու գործընթացն է։

«Մասնագետը, երկար տարիներ աշխատելով Outsourcing-ում, հմտանում, կայանում և իր ուժերն է փորձում Product Development-ում։ Արդյունքում՝ լավ մասնագետը թողնում է հաստիքը, և կրկին փորձառուի որոնումն է սկսվում»,- բացատրում է HR մասնագետը։

Ավագ մասնագետների պակասի վերաբերյալ մտահոգություններին զուգահեռ` կանխատեսումներ կան սկսնակ մասնագետների պահանջարկի նվազման հետ կապված․ վերջիններիս աշխատանքային խնդիրները մասամբ լուծելու է արհեստական բանականությունը։


Կարդացեք նաև․ Թվայնացումը միայն սկիզբն է


Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում․ կրթությունն առանցքում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ էլ կարևորել է արհեստական բանականության դերը՝ ասելով՝ ժամանակակից աշխարհում առկա մի շարք խնդիրների լուծումն անհնար է առանց արհեստական բանականության։

Վահան Հովսեփյանն ընդգծում է՝ ՏՏ-ն տարածվել է ողջ աշխատաշուկայում ևդրա հաշվին անընդմեջ մասնագետների ներհոսք է լինում, սակայն ոչ բոլորն են գիտելիքների առումով բավականաչափ պատրաստված։

«Մասնագետների պակասը հանգեցնում է պրոդուկտների մեռնելուն, և գործատուն ստիպված փնտրում է այլ տարբերակներ՝ դիմելով ներկայումս տարածված օտարերկրյա աշխատուժին»,- ասում է Հովսեփյանը։

Աշխատանքի հայտարարությունների կայքն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել՝ ՏՏ ընկերություններն ամիսներ շարունակ պահանջում են նույն մասնագետներին։

Loading...

Loading…

Տեղական կազմակերպությունները շատ են, իսկ արտադրանքը հիմնականում արտերկրի համար է։ Սա նույնպես իր պատճառն ունի․ ՏՏ ոլորտի ներքին պատվերները քիչ են, իսկ առաջարկվող պրոդուկտները երբեմն ոչ կիրառելի։ Ներքին շուկան մեծացնելու լավագույն տարբերակն այլ շուկաների հետ երկխոսության գնալն է։

«Անհրաժեշտ է հասկանալ՝ գյուղատնտեսության կամ տուրիզմի ոլորտում ինչ նորարարությունների կարիք կա, և ինչպես դրանք օգտակար ու հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին»,- ընդգծում է Հովսեփյանն ու ավելացնում՝ «նպատակը ոչ թե ոլորտների կործանումն է, այլ նորարար մոտեցումը․ օրինակ՝ նորարար գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն»։

ՏՏ-ի դերը հատկապես արժևորվեց Քովիդ-19-ի ժամանակ։ Հատուկ ծրագրերի միջոցով քարտեզագրվում էր վարակի տարածումը երկրում, նոր հավելվածներ էին ստեղծվում բազմաթիվ ոլորտներում աշխատանքն ու կրթական գործընթացներն առցանց տեղափոխելու նպատակով։

Այնուամենայնիվ, որքան տեխնոլոգիաների առաջընթացը դրական է գնահատվում, այնքան էլ այն բացասական ազդեցություն կարող է թողնել մյուս մասնագիտությունների վրա։ Կա գերիշխող տեսակետ՝ որոշ մասնագիտություններ դուրս են մնալու շուկայից: Կտրուկ փոփոխությունների բացահայտ օրինակներն են՝ menu.am-ը, Yandex-ը, mobile banking-ի ծառայությունները, որոնք փոխակերպել են գնորդ-ծառայություն հաղորդակցվելու ձևը։

«Մենք 4-րդ թվային հեղափոխության մեջ ենք, և որպեսզի հաջողակ լինենք դրանում, անհրաժեշտ է փոխել պետության թվային մոդելը, կառավարման առաջնահերթությունները՝ ճիշտ դասակարգելով սոցիալական շերտերը, մարդկային մտածելակերպն ու սահմանափակ միջոցներով դառնալ առաջատար»,- ամփոփում է փորձագետը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/02/2022