Վերջին իրադարձությունները շատ ու շատ հարցադրումների, վերանայումների ու վերարժևորումերի պատճառ հանդիսացան: Սկսեցինք փնտրել ու հասկանալ, թե ինչն ենք սխալ կամ ոչ ճիշտ արել վերջին մոտ երեսուն տարիների ընթացքում: Այսօր, հետադարձ հայացք նետելով անցյալ, ակնհայտ է դառնում, որ սխալներ կային և կան, ու դրանք քիչ չեն: Դրանցից մեկը, որի մասին կցանկանայի խոսել, հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին է վերաբերվում:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար, հայ ժողովուրդն աշխարհում կայացած և հզոր սփյուռք ունեցող ազգերի թվին է դասվում: Ինչո՞ւ բարեբախտաբար. քանզի սփյուռքի իրական պոտենցիալը ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր կլիներ (նաև կլինի) գեներացնել ահռելի ռեսուրսներ՝ նյութական, մարդկային, սոցիալական, ազգային և այլն: Եվ դժբախտաբար, քանզի անցնող երեսուն տարիների ընթացքում մեր իշխող քաղաքական էլիտան հիմնականում կենտրոնացավ դրանցից մեկի՝ նյութականի վրա: Չէի ցանկանա այստեղ անդրադառնալ ասվածը հիմնավորող փաստերին։ Բավական է միայն նշել, որ արցախյան վերջին իրադարձություններով պայմանավորված՝ իրականացվող դրամահավաքին իշխանություններն ակնկալում էին գոնե մեկ միլիարդ ԱՄՆ դոլլարի հանգանակում, ինչը տեղի չունեցով: Իսկ թե ինչու, այս հոդվածը նվիրված է նաև դրան:
Խորհրդային Հայաստանում հայրենիք-սփյուռք կապերը տարբեր ձևաչափերով առկա էին. Հայաստանում տպագրվում և հազարավոր օրինակներով սփյուռք էր ուղարկվում մեծաքանակ գրականություն՝ գեղարվեստականից մինչև ակադեմիական ուսումնասիրություններ, հայրենիքում տպագրվում էին սփյուռքահայ հեղինակների երկերը, փոխադարձաբար այցեր էին կատարվում տարբեր նպատակներով՝ կրթագիտական միջոցառումներից մինչև զուտ զբոսաշրջային, և այս ամենը պետական լուրջ վերահսկողության ու հովանավորչության ներքո, ընդհուպ մինչև Մոսկվայի մակարդակով: Խորհրդային Միության փլուզումից հետո ակնկալվում էր նմանատիպ միջոցառումների ծավալի մեծացում, այդ թվում՝ հայրենադարձության մեծ ալիք: Սակայն այս ամենը տեղի չունեցավ սպասված ծավալով. պետական մակարդակով այս հարցերը չէին կարգավորվում մինչև 2009 թ-ը ներառյալ, երբ ստեղծվեց սփյուռքի նախարարությունը:
Սակայն Հայաստան-սփյուռք հարաբերությունների հիմքում ընկած են ավելի խորքային խնդիրներ՝ մշակութային ինքնության և փոխադարձ ճանաչողության հարցը: Հայաստանում բնակվող հայը չի ընկալում սփյուռքում ապրող իր հայրենակցին․ նույն հարցի շուրջ շատ հաճախ հայասատանաբնակ հայն ու սփյուռքահայն ունեն միմյանցից կատեգորիկ տարբերվող մոտեցումներ: Սա թերևս բնական, բայց և այնպես խանգարող հանգամանք է, քանի որ լուրջ խոչընդոտներ է հարուցում համազգային օրակարգի շուրջ համախմբման համար:
Սա շատ կարևոր խնդիր է, սակայն անլուծելի չէ, և վերջինիս լուծումն էլ հենց պետք է լիներ այսօր արդեն գոյություն չունեցող սփյուռքի նախարարության առաջնային գործառույթը, այն է՝ հայը հային ճանաչեցնելը: Հայաստանում և սփյուռքում գործող հայագիտական ոլորտի մասնագետները պետք է մոբիլիզացվեին այս հարցի լուծման շուրջ, և այնժամ ազգային միավորման դարավոր երազանքը կսկսեր իրականություն դառնալ: Սակայն սրա համար, նախ և առաջ, անհարժեշտ է վերականգնել ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ նոր օրակարգով և ուղղություններով գործելու և առաջ շարժվելու նպատակով:
Միաժամանակ անհրաժեշտ է գործարկել այլ պետական ծրագրեր ևս, որոնց միջոցով ոչ միայն կմեծանա հայրենիք-սփյուռք շփումների ծավալը, այլ նաև կամրապնդվի միմյանց միջև կապը այլ ոլորտներում: Այս նպատակով տեղին է ուսումնասիրել զարգացած սփյուռք ունեցող երկրների փորձը, մասնավորապես՝ Իսրայելի:
Գործարկվող մի շարք ծրագրերի միջոցով աշխարհասփյուռ հրեաները, զինվորական ծառայություն իրականացնելով Իսրայելում, վերադառնում են սփյուռքի իրենց համայնք: Արդյունքում ստեղծվում է անխզելի կապ հայրենիքի և սփյուռքի միջև: Մեկ այլ օրինակ է Լեհաստանում գործարկվող Karta Polaka համակարգը, ըստ որի՝ ամբողջ աշխարհում ազգությամբ լեհերին տրամադրվում է հատուկ քարտ՝ Karta Polaka, որի կրողները կարող են մեկնել Լեհաստան առանց որևէ վիզայի, օգտվել այն առավելություններից, որոնք ունեն Լեհաստանի քաղաքացիները և այլն: Նմանատիպ ծրագրերի օրինակները քիչ չեն, պարզապես պետք է փոխառել դրանք և ադապտացնել մեր իրողությանը:
Հեղինակ՝ Տիգրան Չանդոյան
Տիգրանը մասնագիտությամբ քաղաքագետ է, ներկայումս Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։
Կարդացեք նաև
- Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
- Տնտեսական իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները
#տեսակետ
Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/01/2021