Սոցիալական

Հանրային հեռարձակողի ինքնությունն ու ինքնուրույնությունը

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը կարծում է, որ պատերազմի հետևանքով փոխվել են հանրության վստահությունն ու սպասելիքները։

Նա նշում է, որ հիմա հանրությունն ընկճված է և արդարացիորեն կարող է որոշակի պահանջներ ներկայացնել հանրային հեռարձակողին, որը կբարձրացնի լսարանի ոգին կամ այլ բովանդակություն կունենա։

«Բայց դա կարող է ստեղծել ոչ շատ օբյեկտիվ իրավիճակ։ Հասկանում եք, եթե մենք հիմա սկսենք, ենթադրենք, շատ տուրք տալ հանրության սպասելիքներին, դա կարող է ևս մեկ ֆրուստրացիա առաջացնել։ Ի վերջո, բոլոր այն դժգոհությունները, որ ուներ մեր հանրությունը պատերազմի ժամանակ թեկուզ պատերազմական ամփոփագրերը ներկայացնելիս, ծագում են հենց այդ անհամապատասխանությունից՝ մարդկանց սպասելիքների, ընկալումների և պետական մարմինների աշխատանքի [անհամապատասխանությունից]», – նշում է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի (ՀՀԽ) նախագահը։

Միջազգային բազային ստանդարտներով և ցուցանիշներով կարելի է համարել, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոյի հեռարձակումը հանրային է։ Այսպես է կարծում Արա Շիրինյանը, քանի որ եթերում պահպանված են կրթական, մշակութային հաղորդումների համամասնությունը։

«Լրատվությունը հիմնական գծերով բալանսավորված է և այլն, բայց հանրությունը կարող է այդպես չհամարել», – նշում է նա։

Մրցանակակիր նյութ – «Հայաստանի հանրային հեռարձակողի ժողովրդավարացման» ծրագրի շրջանակներում հանրային հեռարձակողի դերի լուսաբանման համար People in Need-ի կողմից արժանացել է խրախուսական մրցանակի։ 

Հանրային հեռարձակողի կարևորությունը

Հանրայինը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դեկլարատիվ իմաստով պետք է գործի իշխանություններից անկախ։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ներկայացրած դասակարգմամբ՝ աշխարհում հանրային հեռուստատեսությունները ստանձնում են 4 հիմնական առաքելություն․

  • Լրատվական «գերիշխանություն»․ այս դեպքում հանրայինն է լինում լրատվության հիմնական միջոցը՝ առավելության հասնելով մասնավորների նկատմամբ,
  • Բացի լրացում․ հանրայինը լուսաբանում ու ներկայացնում է այն, ինչին մասնավորները չեն անդրադառնում, քանի որ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չէ (մշակույթ, հասարակություն և այլն),
  • Անկախ դիրքերից պետական, պաշտոնական մարմինների գործունեության լուսաբանում, ներկայացում,
  • Մարզերի իրավիճակի և քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանում, ինչը հիմնականում չի ներառվում համապետական սփռման ալիքներում։

Միաժամանակ, փորձագետի խոսքով, բնության մեջ այս առաքելությունները մաքուր տեսքով չեն հանդիպում․ ավելի հաճախ հեռուստատեսությունները ստանձնում են սրանցից մի քանիսը։

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Նավասարդյանը բացատրում է, որ հայկական Հանրային հեռուստատեսությունը տարբեր փուլերում տարբեր մոդելներ է ընտրել գործունեության համար։ Այսօր, ըստ Նավասարդյանի, Հանրայինը մոտենում է այն մոդելին, որ ապահովի քաղաքական հավասարակշռություն և բազմազանություն։

«Սակայն հաշվի առնելով, որ բավականին ծանր ավանդույթներ կան, և այդ ավանդույթները մեծ ընկերություններում շատ դժվար է հաղթահարել, նաև իրավիճակն է բավականին անկայուն, որը նույնպես հնարավորություն չի տալիս կառուցել երկարատև, կայուն գործող մոդելներ, դա անդրադառնում է այս խնդրի լուծման որակի վրա», – նշում է Նավասարդյանը։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի տեսակետն այս հարցում շատ ավելի լավատեսական է, քան Նավասարդյանինը։

«Հիմա եթե ասեմ, որ մենք 100 տոկոսով չորս առաքելությունն էլ կատարում ենք, կարող է զարմանաք։ Բայց սա կարծիքի հարց չէ։ Սա թվերով, փաստերով, ուսումնասիրություններով հիմնավորելու հարց է», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է Շիրինյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախկինում հրապարակում էր առաջատար հաղորդումների ռեյտինգները՝ ըստ ժանրերի։ Վերջին հրապարակումը, սակայն, վերաբերում է 2020-ի առաջին եռամսյակին։

Այս հրապարակումների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունն առաջատար հաղորդումներ ունի հատկապես «Վավերագրական ֆիլմեր» և «Թոք շոու, քաղաքական հաղորդումներ» անվանակարգերում։ Այլ անվանակարգերում Հանրայինը զիջում է դիրքերը։ Իսկ լրատվական հաղորդումների թվում Հանրայինի արտադրանքը միշտ առաջատար եռյակում է, բայց չի հասնում առաջին հորիզոնական։

Ֆինանսական անկախությունը

Կարո՞ղ է արդյոք անկախ լինել լրատվամիջոցը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Տեսականորեն կարող է, եթե իշխանությունները չփորձեն միջամտել նրա գործունեությանը կամ լինեն անկախության իրական երաշխիքներ։

Աշխարհում հանրային հեռուստաընկերությունների ֆինանսական անկախությունն ապահովելու համար մտածել են այլ մեթոդներ, ինչպիսիք են․

  • Ամեն տարվա պետական բյուջեից հանրային հեռուստաընկերությանը հաստատված տոկոսադրույքով ֆինանսավորում տրամադրելը,
  • Երկարաժամկետ՝ ոչ թե մեկ տարվա, այլ մինչև 5 և ավելի տարիների համար ֆինանսական երաշխիքներ տրամադրելը։

Այս «խոչընդոտները», սակայն, իշխանությունների մեծ ցանկության դեպքում հաղթահարելի են․ կարելի է հայտարարել ֆորս-մաժոր ու նվազեցնել ֆինանսավորումը։ Կամ չանել դա, եթե հանրային հեռարձակողը ենթարկվում է իշխանությունների հրահանգներին։

Միջազգային անկախ փորձագետ Ժուան Բարատան [Joan Barata] հայ լրագրողների հետ զրույցում անկախ ֆինանսավորման ևս 2-3 տարբերակ է առաջարկում։

Օրինակ՝ հանրայինի «գինը» ներառել վաճառվող հեռուստացույցների գների մեջ կամ էլեկտրաէներգիայի համար կոմունալ վճարումներից որոշակի տոկոս մասհանել հանրային լրատվամիջոց ունենալու համար։

Փորձագետի խոսքով՝ սրանք հնարավոր տարբերակներ են, բայց պետք է իսկապես հասկանալ, որ եթե իշխանությունները ցանկանան «հաղթահարել» դրանք, ապա կկարողանան գտնել նաև այս տարբերակները «հաղթահարելու» միջոցներ։

«Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է, որ ձևավորվի չմիջամտելու մշակույթ։ Իշխանությունները պետք է գիծ քաշեն և հայտարարեն, որ այսուհետ որևէ միջամտություն չի լինելու։ Եթե մի իշխանություն դա անի, հաջորդը կարող է հետևել նրան։ Այդպես է ձևավորվում այս մշակույթը», – համոզված է Բարատան։

Քաղաքական անկախությունը

Այլ երկրներում, ինչպես Գերմանիան է, իշխանության ապակառուցողական մղումները զսպելու համար գործում է հանրային հեռարձակողի գործունեությունը վերահսկող խորհուրդ, որտեղ ներգրավված են նաև կուսակցությունները, եկեղեցին, ՀԿ-ներ։ Սա որոշակի անկախություն է տալիս իշխանություններին։

Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության և ռադիոյի տնօրենների ընտրություններն իրականացվում են հետևյալ հաջորդականությամբ.

Սակայն այս սխեման հարափոփոխ է, և ներկայումս ՀՌՀ անդամների մի մասը նախկին կարգի համաձայն նշանակվել է դեռ նախագահի կողմից (մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը)։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի պնդմամբ՝ նախկինում Հանրային կոչված հեռուստաընկերությունը, ըստ էության, պետական էր, քանի որ և՛ ֆինանսավորումն էր պետական, և՛ խորհրդի անդամներն էին նշանակվում իշխանության կողմից՝ առանց որևէ սկզբունքի։ Իսկ հիմա, ըստ Շիրինյանի, Հանրային հեռարձակողի խորհուրդը, ինստիտուցիոնալ տեսանկյունից, ինքը դեռ պետք է գտնի  իր ձևաչափը։

«Ամեն ինչ կախված է քաղաքական իշխանության կամքից և, իհարկե, հանրության պահանջներից։ Այս երկուսի արանքում բալանս պետք է գտնվի։ Հիմա եթե ասեմ, որ այս պահին այդ բալանսը կա, ոչ մեկը չի հավատա, որովհետև շատ կանխակալ, իներցիայով եկող վերաբերմունք կա հանրային հեռարձակման նկատմամբ», – նշում է Շիրինյանը։

Բայց իշխանությունները միմյանց նման են ամբողջ աշխարհում։ Նրանք հակված են իրենց վերահսկողության տակ առնել, պահել լրատվամիջոցներին։

Այդ ճնշմանը «կուլ չգնալու» կողմնակից է նաև մեդիա խորհրդատու և պրոդյուսեր Ժան Միշել Դյուֆրենը [Jean-Michel Duffrene], ով երկարամյա աշխատանքային փորձ ունի BBC-ում։ Նա պատմում է, որ 1980-ականներին BBC-ն նույնպես բախվել է այս խնդրին։

Ֆոլկլենդյան պատերազմի այդ շրջանում բրիտանական մամուլն իրեն կարող էր թույլ տալ մինչև իսկ այլատյացության դրսևորումներ՝ կոչ անելով սպանել բոլոր «արգիներին» [խմբ․ արգենտինացիներին․ հակամարտության մի կողմում Բրիտանիան էր, մյուսում՝ Արգենտինան]։

Ըստ մեդիախորհրդատուի՝ BBC-ն զուսպ էր իր ձևակերպումներում և սառնությամբ ու առանց զգացմունքների էր լուսաբանում տեղի ունեցողը, ինչի համար էլ օրվա իշխանության և նաև հանրության որոշ մասի հալածանքի թիրախ էր դարձել։ Պատերազմող երկրում BBC-ն զերծ էր մնում հանրության պահանջած ռազմատենչ հռետորաբանությունից՝ տալով միայն օբյեկտիվ լրատվություն։ Այնուամենայնիվ, բրիտանական հանրային հեռարձակողին հաջողվեց դուրս գալ այդ փորձությունից՝ առանց սկզբունքներին դեմ գնալու։

Անկախությունը հանրությունից

Պարադոքսներից մեկն այն է, որ հանրային հեռարձակողի առաքելություններից մեկը հանրության կարծիքից անկախ լինելով՝ հանրության շահերով առաջնորդվելն է։ Այլ կերպ ասած՝ «Առաջին ալիքը» հանրային շահը պետք է պաշտպանի նաև հանրությունից։

Որոշ, մասնավորապես, եվրոպական երկրներում գործում է հանրային հեռարձակողի օմբուդսմենի ինսիտուտը։ Այս կառույցը կամ անձը դուրս է հանրային հեռարձակողի կառուցվածքից, սակայն ապահովում է հանրություն-հանրային վեճերի արդարացի լուծումները։

Էստոնիայի հանրային հեռարձակման ընկերության օմբուդսմեն Տարմու Տամմերկը (Tarmu Tammerk) «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ իր գործառույթների մեջ մտնում են հանրության կողմից Հանրայինին ներկայացվող բողոքների քննությունը և անհրաժեշտության դեպքում՝ ալիքի ղեկավարությանը դրանց մասին ահազանգելը։

«Օմբուդսմենն ամսական ստանում է 40-50 դիմում-բողոք։ Դրանք հաճախ վերաբերում են այս կամ այն լրագրողի աշխատանքին․ երբեմն ունեն օբյեկտիվ բնույթ, երբեմն՝ ոչ։ Սակայն օմբուդսմենի պարտականությունն է դրանք քննելը և ընկերության տնօրինությանը եզրակացություններ հայտնելը։

Տամմերկի խոսքով՝ եթե օմբուդսմենը որևէ խախտում է նկատում, ապա ընկերության տնօրինությունը կարող է պատժել կամ վերապատրաստման ուղարկել պատասխանատու լրագրողին, ծայրահեղ դեպքում՝ ազատել աշխատանքից։ Սակայն ինքը՝ օմբուդսմենը, նման լիազորություններ չունի և չի կարող միջամտել խմբագրության աշխատանքին։

Փորձագետը, որ ավելի քան 13 տարի այս պաշտոնում է, նշում է, որ երբեմն Հանրայինին պետք է պաշտպանել հանրության անհարկի ճնշումներից։ Մասնավորապես, դրանք այն դեպքերն են, երբ տարբեր հասարակական խմբեր փորձում են ճնշումներ գործադրել հանրայինի վրա։ Այս դեպքում օմբուդսմենն իր վրա է վերցնում «առաջին հարվածը» ու հետաքննում՝ արդյոք ճնշումը տեղի՞ն է։

Այս գործողությունները, ըստ մասնագետի, այնուամենայնիվ, թույլ են տալիս վստահություն ձևավորել հանրության և հանրայինի միջև։ Թեև միշտ չէ, որ որոշումները լինում են այնպիսին, ինչպիսին բողոք ուղարկողները կուզենային, սակայն հանրությունը վստահ է, որ իրեն հուզող հարցերը կարող է ուղղել և լսելի դարձնել հանրային հեռարձակողին։

Ամփոփեց՝ Գարիկ Հարությունյանը

Գրաֆիկը՝ հեղինակի 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/12/2020