Իրավունք Կրթություն

Կարիերա՞, ընտանի՞ք, թե՞ երկուսն էլ․ կանանց ներգրավվածությունը պետք է լինի նորմ, ոչ թե բացառություն

Գիտությամբ զբաղվող կանանց հանդեպ ընկալումները մեր հասարակության շրջանում սովորաբար երկբևեռ են։ Եթե կինն ու գիտությունը մարդկանց մի մասի համար անհամատեղելի են, ապա մյուս մասը դրանում արտասովոր ու զարմանալի ոչինչ չի տեսնում։

Բուլինգը ոլորտի՝ իգական սեռի ներկայացուցիչներին անծանոթ չէր ու չէ, բայց, ի տարբերություն շատերի, նրանց անցած ճանապարհը վկայում է՝ ձևավորված իմունիտետ ունեն ու կարողանում են դիմակայել հասարակության «հարվածներին»։

Կենսաբան, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, դասախոս Ռոքսանա Զախարյանը կատակում է՝ երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնելու և տանն անհամեմատ քիչ լինելու համար նախատողներ միշտ էլ գտնվում են, ու այդ կատեգորիայի մարդիկ, որպես կանոն, ասում են՝ երեխաներին թողած գնում ես կոնֆերա՞նս․․․

Ու այստեղ է, որ ինքնավստահությունն ու կայացած լինելն օգնում են հաղթահարել տարատեսակ ճնշումներն ու խոչընդոտները։

«Այս տարիներին նախատինքներ տարբեր մարդկանցից լսել եմ, բայց կարևորություն չեմ տվել։ Ես ունեմ իմ հստակ դիրքորոշումն  ու գիտեմ, որ ճիշտ ճանապարհով եմ գնում։ Բացի այդ, միջավայրը, որում մեծացել ու կայացել եմ, գիտական էր, ու երբևէ տարակուսելու առիթ չեմ ունեցել»,- ասում է Ռոքսանան ու հավելում՝ գիտությամբ զբաղվող կանանց բուլինգի ենթարկողները տարբերվում են իրենց արժեհամակարգով ու դաստիարակությամբ։

Ուսման ու առաջադիմության հարցում առաջինը լինելու մեր զրուցակցի ձգտմանը հեգնողներ կային նաև դպրոցում։ «Հո երկրորդ Կյուրի չես դառնալու» արտահայտությունը Ռոքսանան շատ է լսել որոշ դասընկերներից։ Նրանց հեգնական վերաբերմունքը գերազանց սովորող ապագա կենսաբանին որևէ կերպ, սակայն, ոչ կոտրել, ոչ էլ մտափոխել են։ Նրա համոզմունքը, որ մարդ իր կյանքի ընթացքում անընդհատ պետք է նոր գիտելիքներ ձեռք բերի ու դա է հաջողության հասնելու ճանապարհը, անխախտ է առայսօր։

Երիտասարդ գիտնականը ներկայումս երեք տեղ է աշխատում և ունի երեք անչափահաս երեխա՝ ընդ որում փոքրը դեռ երկու տարեկան չկա։

«Իմ ֆիզարձակուրդն ամենաշատը հինգ ամիս է տևել։ Ու սովորել եմ նաև բավարարվել 4-5 ժամ գիշերային քնով։ Թե ով ինչ կասի կամ կմտածի իմ՝ ավելի շատ աշխատավայրում, քան տանը լինելու վերաբերյալ, քիչ է հուզում ինձ։ Ինքս ինձ հետ եմ ավելի շատ անհաշտ լինում, ինքնաբուլինգի ենթարկում, որ չեմ հասցնում ամեն ինչ կատարյալ ձևով անել։ Անում եմ մաքսիմալը, որ կենցաղում ևս շատ բացթողումներ չունենամ, բայց ինքնադատափետման պրոցեսը պարբերաբար է լինում»,- ժպիտով ավելացնում է։

Ֆիզիկոս Աստղիկ Շահխատունու մոտ ևս ներքին պայքարն ավելի հաճախակի է դիտվում։

Աչքի առաջ ունենալով հոր օրինակը՝ երիտասարդ գիտնականը կենցաղային հարցերից մշտապես գերադասել է գիտությունը։ Աստղիկը նույնպես երեք երեխաների մայր է, բայց ֆիզարձակուրդում և ոչ մի անգամ երեք ամսից ավել չի մնացել։

«Իմ շրջապատում աշխատող, գիտությամբ զբաղվող մարդիկ են եղել, ու երբևէ չեմ էլ մտածել չաշխատելու մասին։ Բախտս բերել է նաև ամուսնուս առումով․ ինքը նույնպես խրախուսում էր, որ ես աշխատեմ»։

Մտերիմ մարդկանց աջակցությունը, Աստղիկի խորին համոզմամբ, ամենակարևորն է ընտրած ճանապարհը շարունակելու հարցում։

Աստղիկը վերջերս ընդգրկվել է «Կին ղեկավարների  առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024»-ի հաղթողների ցանկում․ նրա ներկայացրած ծրագիրը դրամաշնորհ կստանա։ Զուգահեռ՝ կշարունակվեն նաև գործուղումները։

Խոստովանում է՝ ավագ որդին ըմբռնումով է մոտենում իր՝ տնից հաճախակի բացակայելուն, որոշ դեպքերում էլ անթաքույց հպարտությամբ ասում, որ մայրը գիտությամբ է զբաղվում։

«Ամբողջությամբ կտրվել աշխատանքից չի ստացվում անգամ արձակուրդի ժամանակ, քանի որ թիմ եմ ղեկավարում, անավարտ գործեր են լինում, հոդվածներ․․․ Այդ դեպքում միակ սփոփիչ բանը տարբեր մարդկանցից լսելն է, որ երեխաներս հպարտությամբ են խոսում մայրիկի մասին»,- անկեղծանում է Աստղիկը։

Գիտական կյանքում անընդհատ սովորելու, ինքնակրթվելու միջոցով ներկա կարգավիճակին հասած Աստղիկի ու համալսարանական տարիների՝ ուսանող Աստղիկի միջև սար ու ձորերի տարբերություն կա։ Այն ժամանակ շրջապատն ու հանգամանքները նրան դարձրել էին ինքնամփոփ ու քչախոս։

Ընդունելության քննությունների ժամանակ ձեռք բերած բարձր միավորների հիման վրա Աստղիկին ընդգրկել են հատուկ խմբում, որի մյուս անդամները տղաներ էին։

Մի կողմից համակուրսեցիների՝ հիմնականում հեղինակավոր հաստատություններում սովորած լինելը, մյուս կողմից վերջիններիս թերահավատ վերաբերմունքն իր հանդեպ, հոգեբանորեն ճնշում էին նրան։

«Առաջին կուրսում անգամ երկու լիկվիդ մնացի․․․ »,- հիմա արդեն ժպիտով հիշում է զրուցակիցս։

Նրա կյանքի այդ դժվար շրջանը տևել է մոտավորապես երկու տարի։ Տղաներն Աստղիկին, ինքը՝ տղաներին բացահայտելու փուլի մեկնարկը տվել է դասախոսներից մեկը՝ աղջկան անսպասելի կանչելով գրատախտակի մոտ։

«Որ գնացի ու խնդիրը միանգամից լուծեցի, բոլորը զարմացան․ չէին սպասում, որ ես կարող եմ լուծել նման խնդիր։ Դրանից հետո համակուրսեցիներիս վերաբերմունքը միանգամից փոխվեց՝ սկսեցին հարգել ինձ ու շփվել հետս․․․ Այդտեղից սկսվեց մեր ընկերությունը, որ հետզհետե մտերմության վերածվեց»։

Զրուցակիցս նկատում է՝ առհասարակ, երիտասարդների նկատմամբ շատ անգամ թերահավատ են արդեն կայացած գործընկերները, կանանց նկատմամբ՝ է՛լ ավելի, բայց դա չպետք է կոտրի մարդուն ու հետ պահի իր նպատակներից։

Գիտական աշխարհ մուտք գործելուց հետո այն թողնելու մտքերը պարբերաբար այցելել են Աստղիկին, բայց հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։ Այդուհանդերձ, գիտությունից հեռացնել նրան ոչինչ ու ոչ ոք չի կարողացել։

Նույնն էլ խորհուրդ է տալիս իրենից երիտասարդ գիտնականներին՝ դժվարությունների առաջ չընկրկել, անդադար սովորել, ինքնակրթվել ու հաստատակամորեն գնալ նպատակների հետևից։

Ի վերջո, այս մարդկանց՝ մեր զրուցակիցներին, անգամ ընտանեկան հոգսերն ու երեք երեխաների մայր լինելու հանգամանքը չեն կարողացել ընկճել ու հետ պահել  գիտությամբ զբաղվելու չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելությունից։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ 

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/10/2024